Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ի՞նչ Է Տալու Մաքսային Միութիւնը Ղարաբաղին

$
0
0

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Մաքսային միութեանը միանալու մասին՝ Սերժ Սարգսեանի յայտարարութիւնից առաջ ռուսական փորձագիտական, քաղաքագիտական շրջանակները յամառօրէն այն միտքն էին զարգացնում, թէ ստորագրելով ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ՀՀ նախագահը Ադրբեջանին է յանձնում Լեռնային Ղարաբաղը, այլ կերպ ասած՝ դաւաճանում է Հայաստանի ազգային շահերին: Հիմնական փաստարկն այն էր, որ ԵՄ մաքսային ընդհանուր տարածքին Հայաստանի միանալու պարագայում ՀՀն յստակ սահմանազատուելու է ԼՂՀից, Երեւանը զրկուելու է Ստեփանակերտի վրայ ունեցած ազդեցութիւնից, իսկ ԼՂՀն՝ արտաքին բոլոր շուկաներից:
Սերժ Սարգսեանը ընտրեց Մաքսային միութիւնը: Եւ չնայած նոյն շրջանակները չեն պնդում, թէ ՀՀ նախագահը հայրենանուէր քայլ կատարեց ու փրկեց ԼՂՀն կործանումից, սակայն նաեւ չեն խօսում այն մասին, թէ ինչ է տալու ԼՂՀին Մաքսային միութեանը Հայաստանի անդամակցութիւնը եւ ինչպէս է դա ազդելու, ընդհանրապէս, Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի վրայ: Ամենակարեւոր հարցը, որի պատասխանը չեն ուզում տալ ո՛չ Մոսկուայում եւ ոչ էլ Երեւանում, այն է, թէ Մաքսային միութեանը միանալու պայմանագիրը ստորագրելուց յետոյ արդեօք Հայաստանի եւ ԼՂՀի միջեւ սահմանազատում տեղի չի ունենալու, այսինքն՝ Մաքսային միութեան սահմանը չի՞ անցնելու ԼՂՀի եւ Հայաստանի միջեւ: Եթէ անցնելու է, ապա, ռուսական տրամաբանութեամբ, ի՞նչ տարբերութիւն՝ Սերժ Սարգսեանը Բրիւսելի՞ ձեռքով է յանձնում Ղարաբաղը Ադրբեջանին, թէ՝ Մոսկուայի: Եթէ ոչ, ապա դա նշանակում է, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ անդամ պետութիւնները նախ պէտք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, ապա նրան ՄՄի մէջ ներառեն Հայաստանի հետ միաժամանակ: Մինչդեռ յայտնի է, որ դրան կտրականապէս դէմ են թէ՛ Ղրղզստանը, թէ՝ Մաքսային միութեան մաս կազմող Ղազախստանն ու Բելառուսը:
Բայց ամենագլխաւորն այն է, որ դրան այս պահին պատրաստ չէ նաեւ Ռուսաստանը: Նախ՝ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրներից մէկն է, որը Ֆրանսիայի եւ ԱՄՆի հետ միասին մի քանի անգամ նախագահի մակարդակով յայտարարել է, թէ պաշտպանում է ներկայումս բանակցութիւնների սեղանին դրուած եւ հակամարտութեան կարգաւորման բանալի համարուող, այսպէս կոչուած, Մադրիդեան սկզբունքները: Իսկ վերջիններս խարսխուած են ԵԱՀԿ Հելսինկեան եզրափակիչ ակտի երեք յայտնի սկզբունքների վրայ՝ տարածքային ամբողջականութեան, ազգերի ինքնորոշման իրաւունքի յարգման եւ ուժի կիրառումից ու դրա սպառնալիքից հրաժարման: Սա նշանակում է, որ, լինելով միջնորդ երկիր, Ռուսաստանը չի կարող միակողմանիօրէն ճանաչել Լեռնային Ղարաբաղը, հետեւաբար՝ այն, որպէս ինքնուրոյն սուբյեկտ (ենթակայ-Խմբ.), անգամ լաւագոյն ցանկութեան դէպքում չի կարող ներգրաւուել Մաքսային միութեան շրջանակում:
Երկրորդ՝ ԼՂ հիմնահարցի վերջնական կարգաւորումը երբեք չի բխել եւ առաւել եւս հիմա չի բխում Ռուսաստանի շահերից: Մի կողմից՝ դա Ադրբեջանի վրայ ազդելու միակ ուժեղ լծակն է, իսկ միւս դէպքում՝ Գիւմրիում իր ռազմակայանի գոյութիւնը Հայաստանի անվտանգութեան պաշտպանութեան անուան տակ արդարացնելու միակ միջոցը: Միով բանիւ՝ դա Հարաւային Կովկասը վերջնականապէս չկորցնելու Ռուսաստանի եզակի փրկօղակն է: Միակ տարբերակը, որի պարագայում Մոսկուային ձեռնտու է լինելու ԼՂ վերջնական կարգաւորումը, այն է, որ հենց Ռուսաստանը դառնայ շփման գօտում խաղաղարար առաքելութիւն իրականացնող երկիրը, որի լեգիտիմ մանդատը (օրինական յանձնարարագիրը-Խմբ.) նրան թոյլ կը տայ էլ աւելի մեծացնել իր ռազմական կոնտինգենտը (քանակակազմը-Խմբ.) մերձաւորարեւելեան տարածաշրջանի անմիջական հարեւանութեամբ:
Բայց դրան կտրականապէս դէմ է Արեւմուտքը: Սիրիայում ստեղծուած միջազգային պայթիւնավտանգ իրավիճակը մեծացնում է հետաքրքրութիւնը Հարաւային Կովկասի նկատմամբ՝ պայմանաւորուած, առաջին հերթին, Իրանի գործօնով: Մաքսային միութեանն անդամակցել պարտադրելով, դրանով Հայաստանին ինքնուրոյնութիւնից զգալիօրէն զրկելով՝ Մոսկուան այս փուլում փորձում է լուծել հարաւկովկասեան տարածաշրջանում լիարժէք ազդեցութիւն ունենալու խնդիրը՝ շատ լաւ հասկանալով, որ Արեւմուտքի նպատակը նաեւ այս տարածաշրջանում իր շուրջ բուֆերային (արգելակող-Խմբ.) գօտի ստեղծելն է: Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կիսով չափ լուծելու էր այդ խնդիրը, եւ հենց այս հեռանկարից Մոսկուան զրկեց իր ստրատեգիական մրցակիցներին՝ ԵՄին եւ ԱՄՆին:
Մոսկուան հետեւողականօրէն ջանքեր է գործադրում՝ վերականգնելու յարաբերութիւնները Իրանի հետ, որը խարխլուել էր թէ՛ C300 զենիթահրթիռային համալիրների վաճառքից հրաժարուելու եւ թէ Պուտինի՝ Իրան կատարելիք այցը ձախողելու պատճառով: Յայտնի է, որ Ռուսաստանը համաձայնել է Իրանին յատկացնել A-2500 զենիթահրթիռային համալիրների 5 դիվիզիոն (սա C300ի կատարելագործուած տարբերակն է), եթէ Թեհրանը հրաժարուի «Ռոսօբորոնէքսպորտ»ի դէմ ներկայացրած 4 միլիարդ դոլարի փոխհատուցման հայցից: Մոսկուան նաեւ պատրաստակամութիւն է յայտնել ստանձնել Իրանի Բուշերի ատոմակայանի կառուցման աշխատանքները: Եթէ այս հարցերում կողմերը համաձայնութեան գան, ապա սիրիական ճգնաժամի խորապատկերին կարող է ստեղծուել Ռուսաստան-Իրան տանդեմը (համագործակցութիւնը-Խմբ.)՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Իսկ դրանում Հայաստանի դերակատարումը դառնում է ոչ երկրորդական, որովհետեւ նրան փաստացի երկու կողմերի միջեւ խողովակի դեր է վերապահուելու: Եւ ահա այս ամէնի ֆօնին, հաշուի առնելով նաեւ Հայաստանին ՌԴ ազդեցութիւնից գոնէ մասամբ դուրս քաշելու ԵՄի պլանների ձախողումը, ԱՄՆը որոշում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահին եւ այդ պարտականութիւնները դնում է Աֆղանստանում եւ Պակիստանում ԱՄՆի յատուկ ներկայացուցչի նախկին տեղակալի՝ Ջէյմս Ուորլիքի վրայ, ով, ի դէպ, եղել է Աֆղանստանի հետ երկկողմանի անվտանգութեան համաձայնագրի մշակման ու ստորագրման գլխաւոր բանակցողը: Ակնյայտ է, որ այսպիսի բարձրակարգ դիւանագէտի ընտրութիւնը պատահական չի արուած: ԱՄՆը զգալիօրէն ուժեղացնում է ԼՂ կարգաւորման գործընթացում իր դերակատարութիւնը, փորձում Ռուսաստանի ձեռքից վերցնել նախաձեռնողականութիւնը եւ պրոցեսը դուրս բերել փակուղային, նախապատերազմական իրավիճակից: Պատահական չէր, թերեւս, որ Ուորլիքը հակամարտութեան գօտի առաջին այցը կատարելիս իր հետ բերել էր նաեւ ԱՄՆի նախագահ Բարաք Օբամայի ուղերձը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին, որոնցում խօսւում է Հելսինկեան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրայ կարգաւորմանն ուղղուած «նոր» ջանքեր գործադրելու անհրաժեշտութեան եւ այդ հարցում ԱՄՆի նախանձախնդրութեան մասին:
Փաստօրէն, Հայաստանի՝ Մաքսային միութեանը միանալուց յետոյ Ղարաբաղեան հիմնահարցը դառնում է այն հիմնական լծակը, որով ԱՄՆը կարող է խանգարել Ռուսաստանին: Վաշինգտոնին անհրաժեշտ է, որպէսզի յատկապէս այս փուլում եւ տեսանելի ապագայում հարաւկովկասեան ճակատը լինի կատարեալ վերահսկելի եւ կայուն վիճակում, ինչը հնարաւոր չէ Ռուսաստանի ներկայիս ագրեսիւ ձեռնարկումների պարագայում: Եւ չի բացառւում, որ նոր խթան տալով ԼՂ կարգաւորմանը՝ ԱՄՆը ցանկանում է կա՛մ շուտափոյթ կարգաւորման մղել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ աւելորդ գլխացաւանքից, իր թիրախի անմիջական հարեւանութեամբ նոր պատերազմական օջախի առաջացումից խուսափելու համար, կա՛մ, նախաձեռնողականութիւն ցուցաբերելով, զրկել Ռուսաստանին Իրանի սահմանագծին ռազմական կոնտինգենտ տեղակայելու գայթակղութիւնից, ինչի առումով ԼՂՀի տարածքն ամենայարմարն ու գրաւիչն է:
Իսկ նման միակողմանի քայլ ձեռնարկելու համար Ռուսաստանին որոշակի փուլում ընդամէնը պէտք կը լինի անգամ մէկ փոքրիկ պրովոկացիոն (խռովարար-Խմբ.) ընդհարումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծին՝ Հայաստանի անվտանգութեան երաշխաւորի եւ ՀԱՊԿ ստրատեգիական գործընկերոջ կարգավիճակն օգտագործելու միջոցով դա իրականացնելու համար: Այնպէս որ՝ ՄՄին Հայաստանի միանալը ոչ այնքան Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգութեան ապահովման, որքան գոնէ կարճաժամկէտ կտրուածքով իրավիճակի ապակայունացման եւ ստատուս քուոյի (վիճակի-Խմբ.) փոփոխութեան պոտենցիալ է պարունակում, որովհետեւ Մոսկուայի այս քայլերը սրում են տարածաշրջանի համար մղուող մրցակցութիւնը:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles