ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Այս յօդուածների շարքին վերաբերող մեկնաբանութիւններում պարզորոշ երեւում է հետեւեալ հարցը. «Լաւ, հասկացանք, համաձայն ենք վերլուծութեան հետ, իսկ հիմա ի՞նչ անենք»: Այդ հարցի պատասխանին մօտենալու համար նախ եւ առաջ պէտք է հասկանալ՝ իսկ կարո՞ղ ենք ինչ որ բան անել: Եւ ո՞ւմ վրայ յոյս դնենք, ումի՞ց պահանջենք: Ուզո՞ւմ էք իմանալ: Դէ, գնացինք:
Էլիտայի (վերնախաւի-Խմբ.) մասին
Դուք երեւի լսել էք Նապոլէօն Բոնապարտի արտայայտութիւնը. «Այն ժողովուրդը, որ չի ցանկանում կերակրել իր բանակը, ստիպուած կը լինի կերակրել ուրիշինը»: Գրեթէ նոյն բանը կարելի է ասել էլիտայի մասին: Կարելի է նոյնիսկ վերափոխել. «Այն ժողովուրդը, որը ունակ չէ ստեղծել սեփական էլիտա, անխուսափելիօրէն կը դառնայ օտար էլիտայի ստրուկ»: Կարելի է նաեւ այլ կերպ ասել. «Այն էլիտան, որը ընդունակ չէ ապահովել իր ժողովրդի մրցունակութիւնը եւ կենսունակութիւնը, դատապարտուած է, որպէսզի այն ենթարկուի ստորացման եւ արհամարհանքի»:
«Էլիտա» հասկացութիւնը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, սակայն ոչ մէկը չի վիճարկում գլխաւորը. էլիտան է իր մէջ կենտրոնացնում փորձը, ինտելեկտը (իմացականութիւնը-Խմբ.), գիտելիքները, հոգեւոր արժէքները եւ ժողովրդի յիշողութիւնը: Տարբեր դարաշրջաններում եւ տարբեր հասարակութիւններում էլիտխմբերի ձեւաւորումը կարող է հիմնուել ծագման, իշխողների քմահաճոյքի, հարստութեան, անձնական վաստակի վրայ եւ այլն: Սակայն շատ սոցիոլոգներ ընդգծում են, իմ կարծիքով, գլխաւոր անհրաժեշտ յատկանիշը՝ էլիտայի իսկութիւնը: Անկախ էլիտար խմբի ծագումից, նրա իսկութիւնը որոշւում է շատ չափանիշների պրիզմայով, որոնցից գլխաւորը, անկասկած, հետեւեալն է. էլիտան հասարակութեան կամ նրա մասի այն շերտն է, որը տուեալ հասարակութեանը բնորոշ կարեւորագոյն արժէքների կրողն է: Իսկ այդ հասարակութիւնն իր հերթին ընդունում է էլիտայի անհերքելի գերակայութիւնը եւ կոմպետենտութիւնը (ձեռնհասութիւնը-Խմբ.) այս կամ այն ոլորտում՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, սոցիալական եւ այլն:
Ինչո՞ւ է ընդունում: Միայն այն պատճառով, որ պարզ տեսնում է՝ բոլոր այն որակները, որոնք բնորոշ են այդ սոցիալական խմբին եւ որոնցով տարբերւում է իսկական էլիտան, ծառայում են այդ հասարակութեանը առաւելագոյն օգուտ բերելուն՝ նուազագոյն կորուստներով: Հայ հասարակութիւնում լրագրողների եւ գովազդային գործակալների «թեթեւ ձեռքով» «էլիտա» բառը բոլորովին այլ իմաստ է ձեռք բերել: Առաջ են եկել «էլիտար» տներ, կանացի միջադիրներ, աւտոմեքենաներ, կահոյք, զուգարանակոնքեր, հան-գստեան տներ, սալիկներ եւ այլն: Իսկ «էլիտա» սկսել են անուանել միմիայն իշխանութեան ներկայացուցիչներին՝ նախարարներին, պատգամաւորներին, օլիգարխներին, դատախազերին, գեներալներին, որոնց համար էլ, ըստ երեւոյթին նախատեսուած են այդ տները, մեքենաները, զուգարանակոնքերը եւ այլն:
Իրականում էլիտան բոլորովին պարտադիր չէ, որ իշխանութիւն լինի: Իսկ մեզ մօտ էլիտայի դերում յայտնուել են նրանք, ովքեր եկել են փոխարինելու սովետական նոմենկլատուրան (վերադաս մարմինը-Խմբ.), այսինքն՝ նախկին սովետական կոմսոմոլ-ակտիւիստները, բեռնատար մեքենաների վարորդները, բուֆետապանները, թերուս ֆիզիկները, սովխոզի նախագահները, ցեխի պետերը, ճարպիկները եւ նախկին խոհանոցային շատախօսները, իսկ հիմա արդէն նաեւ նրանց երեխաները: Մի խօսքով՝ բարձրագոյն, բայց ոչ միջնակարգ կրթութիւն ունեցող զանգուած: Հէնց դա է այն անփոփոխ իշխանութեան հիմքը, որն արդէն երկու տասնամեակ է տարբեր ցուցանակների ներքոյ մնում է մեր քաղաքական բեմում: Նրա շուրջ եւ նրա ներքոյ ձեւաւորուել է օժանդակ մի շերտ, որը բաղկացած է բիզնես-հանրութեան ներկայացուցիչներից, քաղաքագէտ-«փորձագէտներից», բարձրաստիճան չինովնիկներից, շօումեններից, իշխող կուսակցութեան միջին օղակի ղեկավարներից, ԶԼՄերի սեփականատէրերից, էստրադայի եւ էկրանի ինքնակոչ «աստղերից» եւ, ցաւօք, նոյնիսկ որոշ հոգեւորականներից:
Իսկական գիտնականները, բանաստեղծները, երաժիշտները եւ նկարիչները պահանջուած չեն էլիտայի հայկական մոդելում: Նրանց փոխարէն օժանդակ էշելոնում են յայտնուել կեղծ գիտութեան եւ ռաբիս մշակոյթի ճարպիկ ներկայացուցիչները: Այդ ամբողջ խառնուրդը որոշ սոցիոլոգներ առանձնացնում են որպէս հասարակութեան առանձին շերտ՝ անուանելով այն կեղծ էլիտա: Այն կրում է էլիտայի միայն արտաքին որակները. նրա ներկայացուցիչների արժէքները դուրս չեն գալիս սեփական շահերի շրջանակից: Եթէ իսկական էլիտան ընդունակ է ճկուն փոխել աշխարհայեացքը՝ ինչպէս իր, այնպէս էլ ամբողջ սոցիումի, ելնելով վերջինիս պահանջներից, սակայն չոտնահարելով նրա շահերը, ապա կեղծ էլիտան խուսափում է ամէն նոր, անսպասելի բանից, ունակ չէ կողմնորոշուելու անսովոր իրադրութիւնում, սակայն միեւնոյն ժամանակ կարող է հեշտութեամբ կուլ տակ փայլփլուն խայծը՝ չնկատելով վտանգը: Էլիտան պատրաստակամ իր վրայ է վերցնում հայրենիքի համար պատասխանատուութիւնը: Կեղծ էլիտան սիրով իր ձեռքն է վերցնում իշխանութիւնը եւ դրա հետ կապուած արտօնութիւնները, սակայն ոչ մի դէպքում՝ պատասխանատուութիւնը: Եթէ իրական էլիտան իր առաքելութիւնը տեսնում է յանուն հասարակութեան շահերի ստեղծագործ աշխատանքի մէջ, ապա կեղծ էլիտան ձգտում է հասարակութեան հանդէպ լիարժէք գերակայութեան, ճնշման: Այդ պատճառով էլ իրական էլիտան ծառայում է հասարակութեանը, իսկ կեղծը ստիպում է հասարակութեանը ծառայել իրեն: Արդիւնքում իրական էլիտան իր սոցիալական որակներով, առաջին հերթին՝ ազգային շահերին նուիրուած եւ ինքն իր հանդէպ պահանջկոտ լինելով, արժանանում է յարգանքի, իսկ կեղծ էլիտան հասարակութեան վզին է փաթաթում իր հեղինակութիւնը ուժով եւ խորամանկութեամբ, գործի դնելով կեղծ հայրենասիրական հռետորիկա, արհեստական կարեւորութիւն եւ գերակայութեան արտաքին յատկանիշներ՝ շքեղ առանձնատներ, աւտոմեքենաներ, հագուստ, հաստավիզ թիկնապահների բանակ, բարդ բիւրոկրատական ընթացակարգեր եւ այլն:
Իրական էլիտայի՝ իր հանդէպ պահանջկոտ լինելը իրեն իրաւունք է տալիս պահանջկոտ լինել ժողովրդի հանդէպ, իսկ կեղծ էլիտան հասնում է նպատակին սուտ խոստումների միջոցով: Իսկական էլիտան կարող է եւ իշխանութիւն չլինել, իսկ կեղծն առանց դրա գոյութիւն ունենալ չի կարող: Եւ ամենակարեւորը՝ իրական էլիտայի ներկայացուցիչները կարողանում են զիջել եւ մի կողմ քաշուել, իսկ կեղծ էլիտան կը պնդի իրենն ամէն գնով: Դրա համար էլ իրական էլիտան ունակ է երազել եւ, ի տարբերութիւն կեղծ էլիտայի, երբեք չի դառնում լոկ պրագմատիզմի (գործնապաշտութեան-Խմբ.) գերի…
Այժմ համեմատենք նշուած բնութագրերը մեզ շրջապատող իրականութեան հետ: Կարծում եմ՝ տեսնում ենք բաւականին ճշգրիտ արտացոլում այն բաների, ինչ ունենք եւ ինչ չունենք: Մենք չունենք իրական էլիտա: Ինչու չունենք՝ դա առանձին եւ շատ բարդ հարց է. մենք դրան մէկ այլ յօդուած կը նուիրենք: Այն, ինչ մենք ունենք, կեղծ էլիտայի իշխանութիւն է: Եկէք դիտարկենք, թէ ինչպէս է դա անդրադառնում մեր հասարակութեան քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ մշակութային կեանքի վրայ: Ընթերցողին, անկասկած, յայտնի է «ոսկէ միլիարդ» հասկացութիւնը: Մանրամասն չեմ խորանայ այդ կոնցեպցիայի ակունքների եւ հիմնաւորման մէջ, որոնց հիմք են առնում Մալտուսի տեսութիւնից: Պարզ բացատրենք. աշխարհի ռեսուրսները սահմանափակ են եւ կարող են ապահովել միայն մէկ միլիարդ մարդու արժանավայել գոյատեւումը: Այդ «ոսկէ միլիարդը» կամ թէկուզ մէկուկէս միլիարդը կազմում են զարգացած եւրոպական, հիւսիսամերիկեան եւ մի քանի այլ երկրների բնակչութիւնները: Մնացածին, ըստ այդ տեսլականի, սպասւում է ընդմիշտ հազիւ գոյատեւող գաւառի դեր՝ էժան աշխատուժով, հումքով եւ երբեմն տուրիստական հրաշալիքներով: Ընդ որում՝ «ոսկէ միլիարդ»ի խումբը ամենեւին փակ խումբ չէ. նրա ներքին ժողովրդագրական խնդիրները տէրերին ստիպում են դուռը կիսաբաց պահել: Մուտքն իհարկէ ազատ չէ, ներս են թողնում ընտրովի: Օրինակ, հաճոյքով ներս են թողնում երիտասարդ, տաղանդաւոր ծրագրաւորողների, բժիշկների կամ տնտեսագէտների՝ Հնդկաստանից, Պակիստանից, Չինաստանից, Հայաստանից, Ռուսաստանից: Այդ երեւոյթն ընդունուած է անուանել «ուղեղների արտահոսք»: Հարուստ պոտենցիալ ներդրողներին նոյնպէս չեն մերժում, նոյնիսկ քրէական անցեալ ունեցողներին:
Շատ աւելի հազուադէպ, ելնելով քաղաքական շահերից եւ սեփական անվտանգութեան նկատառումներից, ներս են թողնում ամբողջ երկրներ եւ տարածաշրջաններ (Արեւելեան Եւրոպան, օրինակ), որոնց օգտագործում են վտանգաւոր հարեւաններից պաշտ-պանուելու համար: Սակայն ընդհանուր առմամբ, այնուամենայնիւ, ցուցաբերում են անհատական մօտեցում: Այդ պայմաններում հայկական կեղծ էլիտան անում է ամէն ինչ՝ իր համար դէպի այդ յարգի ակումբ մուտք ապահովելու համար, իսկ հայրենիքում մնացողների եւ աղքատութեան պատճառով աշխարհով մէկ սփռուածների ճակատագիրը կեղծ էլիտային ամենեւին չի հետաքրքրում:
Դա այն դէպքում, երբ իրական էլիտաները այն երկրներում, որտեղ նրանք գոյութիւն ունեն, պայքարում են այն բանի համար, որպէսզի «ոսկէ միլիարդ»ի մաս դառնան ոչ թէ իրենց առանձին հայրենակիցներ, այլ հասարակութիւնն ամբողջութեամբ: (Այդպէս է, ի դէպ, վարւում Թուրքիայի ղեկավարութիւնը, որը նախանձելի յամառութեամբ ձգտում է դէպի Եւրոպական միութիւն): Հայաստանում դեռեւս վերջնական չեն կողմնորոշուել եւրոինտեգրացիայի հարցում. ամէն դէպքում, ոչ դեկլարատիւ (յայտարարուող-Խմբ.), ռէալ քայլեր չեն երեւում: «Ռէալ քայլեր» ասելով՝ ես հասկանում եմ ոչ թէ բանակցութիւնները, այլ երկրի ներսում համապատասխան փոփոխութիւններ, որոնց սպասում է ողջ հայ ազգը՝ ինչպէս հայրենիքում, այնպէս էլ դրսում:
Ի հարկէ, յետինդուստրիալ զարգացումները կարող են «ոսկէ միլիարդ»ի տեսութիւնը ուղարկել արխիւ, սակայն այստեղ գլխաւորը հասկանալն է հասարակութեան վերնախաւի վերաբերմունքը այս խնդրին: Պատասխանատուութեան զգացողութեան ի սպառ բացակայութիւնը մեր կեղծ էլիտայի մօտ լաւ երեւում է մի զարմանալի օրինակի վրայ. մինչ օրս գրեթէ ոչ մի Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան չի բարեհաճել հայրենիք վերադառնալ ծառայութեան աւարտից յետոյ: Եթէ ինչ որ մէկը կարծում է, որ դա այնքան էլ կարեւոր չէ, եւ որ նման բանը կարող է աննկատ մնալ Ռուսաստանի կամ միւս երկրների դիւանագիտական շրջանակներում եւ չթողնել ամօթի դրոշմ երկրի քաղաքական վարկանիշի վրայ, նա խիստ սխալւում է: Իսկ մեր կեղծ էլիտայի պէտքն էլ չէ: Կարելի է բերել եւ ուրիշ օրինակներ, այլ երկրների հետ կապուած, բայց ինչի՞ համար: Չէ՞ որ խնդիրը չվերադարձած քաղծառայողներին չի վերաբերւում (նրանց կարելի է հասկանալ. արտասահմանում յարմարաւէտ ապրուստից յետոյ հայրենի անօրինականութիւնները այդքան էլ գրաւիչ չեն): Խնդիրը վերաբերում է այն եզրակացութիւններին, որոնք արել է (կամ չի արել) իշխանութիւնը: Սա սեփական հասարակութեանը անհաշուելի վնաս հասցնող կեղծ էլիտայի վարքի ընդամէնը մի օրինակ է: Միւս յօդուածում մենք կը դիտարկենք, թէ ինչպէս է արձագանքում հայկական կեղծ էլիտան կարեւորագոյն խնդիրներին, որոնք նրա առջեւ են դնում ժամանակը եւ հասարակութիւնը: