Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Յովհաննէս Քաջազնունու Ճակատագիրը Խորհրդային Հայաստանում

$
0
0

ՄԱՀՈՒԱՆ 81ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԻԹՈՎ

 

ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

0000KACHAZNUNI1Յովհաննէս Քաջազնունին լայն հասարակայնութեանը յայտնի է որպէս 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ, Բաքուի հայկական Սբ. Թադեւոս-Բարդուղիմէոս Մայր տաճարի ճարտարապետ եւ «Դաշնակցութիւնը Անելիք Չունի Այլեւս» հանրայայտ գրքի հեղինակ, սակայն քչերին է յայտնի, թէ ինչ ճակատագրի արժանացաւ մեծանուն հայը՝ հայրենիք վերադառնալուց յետոյ:  Ընթերցողին ներկայացնում ենք մեծ հայի կեանքի Խորհրդային Հայաստանում ապրած տարիների չլուսաբանուած էջերը:

1923թ. Ապրիլի 7ից մինչեւ Մայիսի 19ը Վիեննայի մէջ գումարւում է ՀՅԴ Արտասահմանեան մարմինների արտակարգ խորհրդաժողովը (կոնֆերանս): Խորհրդաժողովին հրաւիրւում է եւ Յովհ. Քաջազնունին, սակայն վերջին պահին նա հրաժարւում է մասնակցել եւ իր զեկուցումը, որը վերնագրուած էր «ՀՅ Դաշնակցութիւնը Անելիք Չունի», ուղարկում է փոստով: 1923թ. Յուլիսին Յովհ. Քաջազնունին իր զեկոյցը կուսակցական շարքային ընկերներին աւելի մատչելի դարձնելու նպատակով հրապարակում է առանձին գրքոյկով, ինչը մեծ աղմուկ է բարձրացնում թէ՛ ՀՅԴ կուսակցութեան մէջ եւ թէ Սփիւռքի գաղութներում: Նոյն թուի Օգոստոսի 15ին Յովհ. Քաջազնունին նամակ է գրում Կարպատների մեկուսի կոմիտէին (ՀՅԴ կուսակցութեան այն շրջանի ղեկավարութեանը, որի մէջ գտնւում էր Յովհ. Քաջազնունին), որով յայտնում է, որ դուրս է գալիս ՀՅԴ կուսակցութեան շարքերից: Այնուհետեւ Յովհ. Քաջազնունին 1924թ. Մարտի 15ին դիմում է Բերլինի Խորհրդային իշխանութեան ներկայացուցչութեան Անդրկովկասեան Խորհրդային Հանրապետութիւնների առեւտրական ներկայացուցչին՝ խնդրելով թոյլտուութիւն տալ վերադառնալ Խորհրդային Հայաստան: 1924թ. Սեպտեմբերի 25ին Անդրերկրկոմի խնդրանքով եւ Ալ. Միասնիկեանի զեկուցումով Համկ(բ)Կ կենտկոմի քաղբիւրօն թոյլտուութիւն տուեց եւ վերադարձի որոշում ընդունեց Յովհ. Քաջազնունու համար:  1924թ. Դեկտեմբերի վերջերին Յովհ. Քաջազնունին հասնում է Բաթում, որտեղից անցնում է Թիֆլիս, իսկ 1925թ. Յունուարի 19ին նա արդէն Երեւանում էր: Եւ իրապէս մեծ յոյսերով ու նպատակներով Յովհ. Քաջազնունին վերադարձաւ Երեւան:

Պատանեկան խանդավառութեամբ նա անցաւ գործի՝ իր մասնագիտական գիտելիքները ի նպաստ դնելու յանուն նոր Հայաստանի կերտմանը: Այդ տարիներին Հայաստանում ընթանում էին մեծ ծաւալի շինարարական աշխատանքներ եւ ճարտարապետների խիստ կարիք էր զգացւում: Եւ Քաջազնունու բարձր պրոֆեսիոնալիզմը (արհեստավարժութիւնը-Խմբ.) եւ խորը գիտելիքները մեծ դեր խաղացին երիտասարդ Հանրապետութեան հասարակական եւ ճարտարապետական կեանքում: 1925թ. Յովհ. Քաջազնունին, գալով Երեւան, ընտրւում է ՀՍՍՀ Պետպլանին կից Տեխնիկական խորհրդի անդամ եւ կարճաժամկէտ ծառայութիւնից յետոյ Մարտի սկզբից ստանձնում է Հայբամբակկոմիտէի շինարարական բաժանմունքի վարիչի պաշտօնը, որը զբաղեցնում է մինչեւ 1927թ. Մարտ ամիսը: Լինելով բարձրակարգ ճարտարապետ՝ նա յաճախ էր հրաւիրւում տարբեր յանձնաժողովների աշխատանքներին եւ տալիս նախագծերի եզրակացութիւններ: 1926թ. Յովհ. Քաջազնունին մասնակցում է կառուցուելիք ժողտան (օպերայի եւ բալետի շէնքի) յայտարարուած մրցոյթին (նախագիծը ցաւօք չի պահպանուել): 1927-29թթ. Քաջազնունու նախագծերով եւ նրա անմիջական ղեկավարութեամբ Երեւանում եւ Սարդարապատում կառուցուեցին բամբակամշակման գործարաններ (չեն պահպանուել), նոյն թուականներին կառուցում է ձէթ-օճառի գործարանը Երեւանում, իր բոլոր օժանդակ կառոյցներով, բնակելի աւան՝ աշխատողների համար:

Դրանք կառուցուեցին «Գրախտ» ընկերութեան կողմից եւ հանդիսացան Խորհրդային Հայաստանի առաջին արդիւնաբերական շինութիւնները: Իսկ բնակելի աւանի շինարարութիւնը գործարանի տարածքի մօտ Հայաստանում առաջին փորձերից է հանդիսանում: Այն հետապնդում է որոշակի նպատակ. աշխատողների բնակեցման շր-ջանները անմիջականօրէն աշխատավայրին մօտեցնելը: Այդ միտումը բնորոշ է 20ական թուականների հայկական ճարտարապետութեանը: 1926թ. Գիւմրու սարսափելի երկրաշարժից յետոյ Յովհ. Քաջազնունին մշտապէս գտնուել է այնտեղ, ուսումնասիրել քանդուած տների բնոյթը, առաջարկել շէնքերը ճիշդ կառուցելու ուղիներ: 1927թ. հանդէս է եկել զեկոյցով Լենինականում (այժմ՝ Գիւմրի-Խմբ.) իրականացուող վերականգնողական շինարարական աշխատանքների բնոյթի վերաբերեալ:

Յետագայում, 1935թ. Յովհ. Քաջազնունին Լենինականում նախկին Բուլվարնայա (Կիրովի) եւ 27րդ փողոցների խաչմերուկում կառուցում է բնակելի նոր շէնք: Այս կառոյցը, մինչեւ օրս կանգուն է եւ դիմակայել է անգամ 1988թ. աւերիչ երկրաշարժը, համարւում է Յովհ. Քաջազնունու լաւագոյն գործերից մէկը: 1927թ. Մարտից Յովհ. Քաջազնունին աշխատել է շինարարական նախագծերի հսկողութեան ոլորտում, սկզբում՝ Տնտխորհրդին կից Շինարարա-տեխնիկական կոմիտէում, ապա Պետպլանին ԵԿՕՍՕին կից Շինարարա-տեխնիկական կոմիտէի նախագահի տեղակալ (մինչեւ 1931թ.):

1932-37թթ. եղել է ՀՍՍՀ Կոմունալ տնտեսութեան ժողկոմիսարիատի խորհրդի գիտ. քարտուղարը: Միաժամանակ Յովհ. Քաջազնունին ակտիւօրէն մասնակցում է հասարակական գործունէութեան: Հայաստանի Տեխնիկական ընկերութեան նախագահութեան անդամ էր, ապա՝ նախագահ: 1928թ. Հ. Աճառեանի, Գ. Յակոբեանի, Ա. Տէրեանի հետ համահեղինակութեամբ Յովհ. Քաջազնունին իր տեխնիկական եւ գրական գիտելիքների մեծ պաշարով մասնակցում է «Շինարարական Կառոյցների Ռուս-Հայերէն Բառարան»ի ստեղծմանը: Այդ բառարանը բաղկացած էր 7560 բառ-յօդուածներից: 1929թ. Նոյեմբերի 1ից հանդիսանում էր «Կորչի անգրագիտութիւնը» ընկերութեան անդամ: 1926թ. աշնանից մինչեւ 1931թ. գարունը Յովհ. Քաջազնունին դասաւանդում է Երեւանի համալսարանի նոր կազմակերպուած տեխնիկական ֆակուլտետում՝ Շինարարական արուեստ, ապա Շինարարական ինստիտուտում՝ Ճարտարապետական նախագծում առարկաները: 1930թ. Փետրուարի 9ին ՀՍՍՀ Լուսժողկոմատի կոլեգիայի որոշմամբ Յովհ. Քաջազնունուն շնորհում են պրոֆեսորի գիտական կոչումը: 1930թ. Յովհ. Քաջազնունին կառուցում է Ապարանի շրջխորհրդի երկյարկանի շէնքը, որի ծաւալի մէջ ընդգրկուած են նաեւ ճաշարան եւ հիւրանոց, իսկ 1936թ. Մարտի 8ին նա «Աշխատանքային պայմանագիր» («Տրուդավոյէ Սագլասիյէ», ռուս.-Խմբ.) է կնքում Բերիայի անուան Բարձրագոյն կոմունիստական գիւղատնտեսական դպրոցի տնօրէն Ս. Խաչատրեանի հետ, որով պարտաւորւում է վերանախագծել եւ շարունակել այդ շինութեան կենտրոնական մասի եւ աջ թեւի կառուցումը: Այդ շէնքը այժմեան Տէրեան փողոցի վրայ գտնուող Պոլիտեխնիկական ինստիտուտի այժմեան ռեկտորատն(տնօրէնութիւնը-Խմբ.) է, որի առաջին նախագծային եւ շինարարական աշխատանքները սկսել են Ա. Թամանեանի յանձնարարութեամբ: Ըստ ճարտարապետ Լ. Դոլուխանեանի այդ շէնքի վերաբերեալ բացի յիշեալ «Աշխատանքային պայմանագրից» որեւէ փաստաթուղթ չի պահպանուել, եւ հեղինակի հարցը մտորումների տեղիք է տալիս:

Հասցրե՞լ է արդեօք Քաջազնունին իրականացնել այդ պայմանագիրը՝ մնացել է անյայտ: Միաժամանակ պէտք է նշել, որ Յովհ. Քաջազնունու կեանքը Խորհրդային Հայաստանում այնքան էլ հեշտ չի անցել: Հայրենիքում նա մշտապէս գտնուել է ՆԿՎԴի գործակալների մշտական հսկողութեան տակ, ենթարկուել զանազան ճնշումների, հասարակութեան կողմից յաճախ մեղադրւում էր իր լոյալութեան (հաւատարմութեան-Խմբ.) համար, պիտակաւորուելով՝ որպէս «ծպ-տուած յեղափոխական եւ սաբոտաժնիկ (խափանարար-Խմբ.)»:

1930թ. Յովհ. Քաջազնունին Խորհրդային Հայաստանի 10ամեակին նուիրուած մի յօդուած է պատրաստում տպագրել (որն այդպէս էլ չի տպագրւում), սակայն այս յօդուածը մեծ աղմուկ է բարձրացնում ուսանողութեան շրջանում, որոնք ծանօթանալով յօդուածի բովանդակութեանը Հայաստանի ինժեներ-տեխնիկների եւ գիւղատնտեսական մասնագէտների համագումարում, դիտարկում են օտար գաղափարախօսութեան առկայութիւն Յովհ. Քաջազնունու յօդուածի բովանդակութեան մէջ եւ ընդունում պարսաւանքի բանաձեւ: Այդ համագումարում ելոյթ է ունենում ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1ին քարտուղար Ա. Խանջեանը: «Խորհրդային Հայաստան» թերթը անդրադառնում է այդ համագումարի եւ Ա. Խանջեանի ճառին: Իր խօսքում Ա. Խանջեանը անդրադառնալով Յովհ. Քաջազնունուն մասնաւորապէս ասում է. «…քաղաքացի Քաջազնունին, չնայած իր ծերունի հասակին, երիտասարդի պէս ոգեւորւում է մեր շինարարութեամբ, մեր կուլտուրական (մշակութային-Խմբ.) վերելքով: Սակայն նա եւ նրա նմանները չեն ուզում կամ չեն կարողանում հաշտուել այդ շինարարութեան սոցալիստական իմաստի ու բովանդակութեան հետ, շարունակելով զարդարուած մնալ սոսկ լոյալութեան փետուրներով»: 1931թ. աշնանը Յովհ. Քաջազնունին չդիմանալով այդ աննախադէպ քննադատութեանը ու ճնշմանը դուրս է գալիս Շինարարական ինստիտուտից եւ այլեւս գիտա-կրթական գործունէութեամբ չի զբաղւում: Հետաքրքրական է, որ ականատեսնի վկայութեամբ Յովհ. Քաջազնունին հանդիպում է խնդրում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Սահակ Տէր Գաբրիէլեանի հետ եւ բողոքում, որ իրեն մեղադրում են որպէս հակայեղափախական, «ծպտուած Դաշնակցական, սաբոտաժնիկ, եւ անգամ Չեկան ստիպում է մամուլի մէջ դաշնակցութեանը վարկաբեկող յօդուածներ գրել, սակայն նա մերժում է՝ պատճառաբանելով, որ Դաշնակցութեան մասին իր ասելիքը արդէն ասել է արտասահմանում եւ անգամ խնդրում, որ եթէ իր ներկայութիւնը անբաղձալի է եւ վնասակար է հայրենիքում, կա՛մ թոյլ տալ վերադառնալ արտասահման, կա՛մ աքսորել Սիբիր: Իհարկէ Քաջազնունուն արտասահման վերադառնալ թոյլ տալ չէր կարող Սահակ Տէր Գաբրիէլեանը, բայց խոստանում է, որ նման ելոյթներ Քաջազնունու հանդէպ այլեւս չեն լինի: Այս խօսակցութիւնից յետոյ Սահակ Տէր Գաբրիէլեանը ափսոսանքով ասում է. «Մեր այս յիմար լրբերը փոխանակ գնահատելու եւ օգտուելու այս մեծ մարդուց եւ հայրենասէրից, իրենց ելոյթներով ցոյց են տալիս միայն իրենց տգիտութիւնն ու հոգու փոքրութիւնը»: Բնականաբար, Քաջազնունին ներքուստ վերաիմաստաւորելով իր Խորհրդային Հայաստանի հանդէպ վերաբերմունքը, ընդունում է, որ սխալուել է եւ այդ մասին խոստովանել է իր դստեր՝ Մարգարիտայի առջեւ:

1950թ. Մարգօ Քաջազնունին պատմաբան Դ. Մուրադեանի հետ ունեցած իր անկեղծ զրոյցում վկայել է. «Երբ 1936 թուին՝ Աղասի Խանջեանի սպանութիւնից յետոյ, սկսուեցին զանգուածային բանտարկութիւնները, հայրս խիստ շփոթուել էր եւ տխուր էր: Նա հաւատացած էր, որ իրեն եւս կը բանտարկեն: Մտերիմ ընկերներն ասում էին, որ չպէտքէ գար Հայաստան, բայց հայրս պատասխանում էր՝ պէտք է գայի, բայց այդ գիրքը չպէտք է գրէի: Նա ասում էր՝ ես խիստ զղջում եմ:   Խօսակցութեան վերջում Մարգօ Քաջազնունին աւելացրեց. «Հայրս շատ էր ափսոսում, որ գրել է այդ գիրքը»: Վերը յիշատակուած Յովհ. Քաջազնունու մեղադրական գործի եզրակացութեան ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ 1931թ. Յովհ. Քաջազնունու եւ մի խումբ մարդկանց նկատմամբ յարուցուել է քրէական գործ ՀՍՍՀ քրէական օրէնսգրքի 154րդ յօդուածի համաձայն եւ մեղադրուել անտնտեսվարութեան մէջ, սակայն յանցակազմ չգտնելով 1931թ. Փետրուարի 26ի որոշումով այդ գործը կարճւում է: 1937թ. որոշակի դադարից յետոյ Խորհրդային ՆԿՎԴն չէր կարող աննկատ թողնել Յովհ. Քաջազնունուն: 1937թ. Յուլիսի վերջերին Յովհ. Քաջազնունին հանգստանում էր Ստեփանաւանում եւ իր աղջկան՝ Մարգարիտային ուղղուած նամակում յիշատակում է, որ մտադիր է մնալ այնտեղ մինչեւ Օգոստոսի 6ը, սակայն Յովհ. Քաջազնունուն վիճակուած չէր երկար հանգստանալ, քանի որ Յուլիսի 28ին ՆԳ Ժողկոմիսար Խ. Մուղդուսու ստորագրութեամբ տրւում է օրդեր (հրաման-Խմբ.)՝ թիւ 6/41, Յովհ. Քաջազնունուն բնակարանը խուզարկելու եւ ձերբակալելու վերաբերեալ: Յուլիսի 29ին նա Ստեփանաւանում ձերբակալւում է ՀՍՍՀ ՆԿՎԴի կողմից:

Հետաքրքրական է, որ Յովհ. Քաջազնունուն ձերբակալելու եւ մեղադրանք ներկայացնելու հիմք հանդիսացել է նրա որդի Կարէն Քաջազնունու ցուցմունքը՝ մատնագիրը, որտեղ նա յայտնում է, որ իր հայրը՝ Յովհաննէս Քաջազնունին հանդիսանում է համոզուած դաշնակցական, «կատարեալ բուրժուա» է, «խորհրդային կառավարութեան թշնամի», բացի դա հիմք են հանդիսացել ձերբակալելու համար որոշ օպերատիւ (ազդու-Խմբ.) տուեալներ:  Ժամանակակիցները, ովքեր եղել են Չեկայի նկուղներում եւ տեսել են Յովհ. Քաջազնունուն եւ յետագայում հրաշքով կարողացել են դուրս գալ Խորհրդային կայսրութեան սահմաններից պատմել են, որ Յովհ. Քաջազնունին բանտարկուած է եղել թիւ 17 խցիկում եւ մեղադրուել «լրտեսութեան» մէջ, իբր «գողացել եւ օտար պետութեան է տրամադրել ինչ-որ գծագրեր»: Եւ որպէսզի ստիպեն նրան խոստովանելու իր արարքը Քաջազնունին ենթարկուել է զանազան կտ-տանքների եւ կուրացուել է 3500 մոմանոց էլեկտրական լամպերի միջոցով: Ի հարկէ դժուար է ասել որքանով են համապատասխանում ժամանակակիցների պատմածները, սակայն դրանք հեռու չեն իրականութիւնից, եւ բոլշեւիկները ընդունակ էին կտտանքների միջոցով ստանալ իրենց ուզած ցուցմունքը: Իրականութիւնն այն է, որ Յովհ. Քաջազնունու մեղադրական գործում միակ հարցաքննութիւնը կատարուել է 1937թ. Նոյեմբերի 16ին: Հարցաքննութեան ժամանակ Յովհ. Քաջազնունին չի հերքել, որ ինքը մինչեւ Խորհրդային կարգերի հաստատումը վարել է ակտիւ դաշնակցական գործունէութիւն, բայց միաժամանակ նշել, որ Խորհրդային Հայաստան վերադառնալուց յետոյ հակապետական գործունէութեամբ չի զբաղուել: Ընդ որում, առաջադրուած մեղադրանքներում Քաջազնունին իրեն մեղաւոր չի ճանաչել: Յովհ. Քաջազնունու մեղադրական գործը 2016թ. յայտնաբերել է յայտնի պատմաբան Արարատ Յակոբեանը եւ տպագրել «Վէմ» ամսագրի 2016 եւ 2017թթ. համարներում:  Իր յօդուածներում ուսումնասիրելով ողջ արխիւային գործը, պատմաբան Ա. Յակոբեանը գրում է. «Եռեակը 1937թ. Դեկտեմբերի 5ին մեղադրեալ Յովհ. Քաջազնունու հանդէպ կայացրել է գնդակահարութեան դատավճիռ՝ անձնական գոյքի բռնագրաւմամբ: Առողջական խնդիրների պատճառով նա պառկած է եղել Երեւանի բանտային հիւանդանոցում: Սակայն նախկին վարչապետի առողջական վիճակի յետագայ սրացումը (պաշտօնական վարկածով՝ ծերունական թուլութիւն, տուբերկուլէոզ եւ գրիպ) յանգեցնում է նրան, որ նա մահանում է բանտային հիւանդանոցում, 1938թ. Յունուարի 15ին, 70 տարեկան հասակում: Հազարաւոր այլ բռնադատուածների հարազատների նման իր հօրը արդարացնելու նպատակով Մարգօ Քաջազնունին 1955թ. Յունիսի 22ին ընդարձակ, հիմնաւորումներով լի դիմում-հայց է ուղղել Հայկ. ՍՍՌ ՊԱԿի նախագահ Գ. Բադամեանցին, սակայն այն մերժուեց: Արդարացման հարցը յետաձգուեց, եւ ի վերջոյ խնդիրը լուծուեց միայն ԽՍՀՄ փլուզումից եւ Հայաստանի անկախութեան հռչակումից յետոյ: Անկախ Հայաստանի դատախազութիւնը, ուսումնասիրելով Յովհ.Քաջազնունու քրէական գործը, ՀՀ գլխաւոր դատախազ Արտաւազդ Գէորգեանը 1992թ. Դեկտեմբերի 12ին՝ «որոշեց Յովհ. Քաջազնունու նկատմամբ քր. գործը կարճել յանցակազմի բացակայութեան պատճառով, նրան համարել արդարացուած եւ ռէաբիլիտացուած (վերականգնուած-Խմբ.)»:

Մինչեւ 1990ական թուերը հանրութեանը անյայտ էր, թէ որտեղ է ամփոփուած Յովհ. Քաջազնունու աճիւնը: Քաջազնունու մարմինը ամփոփուած է եղել ներկայիս ժամացոյցի գործարանի տարածքում գտնուող «Կոզերէ» կոչուող գերեզմանատանը, սակայն այդ տարածքում ժամացոյցի գործարան եւ դպրոցի շէնք կառուցելու նպատակով հողին է հաւասարեցւում ողջ գերեզմանատունը, իսկ Յովհ. Քաջազնունու եւ միւս երեւելի մարդկանց աճիւնները անհետ կորչում են: Հօր յիշատակը վառ պահելու նպատակով Մարգարիտա Քաջազնունին «Թոխմախեան լճի» գերեզմանատանը Յովհաննէս Քաջազնունու անունով յիշատակաքար է կանգնեցնում:

Անուրանալի է Յովհաննէս Քաջազնունու ծառայութիւնները Հայաստանի Առաջին Հանրապետութեան կերտման գործում, նա իր ողջ գիտակից կեանքը, կարողութիւնը եւ գիտելիքները նուիրեց յանուն Հայաստանի Հանրապետութեան բարօրութեանը:

 

ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ- ԵՊՀ Սփիւռ-քագիտութեան ամբիոնի ասիստենտ


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles