Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Քաղաքացիական Եւ Քաղաքական Հասարակութիւններ

$
0
0

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԴՐՕՇԱԿ»Ի

Քաղաքացիական եւ քաղաքական հասարակութիւնները մեզանում յաճախ ներկայացւում են, որպէս միանգամայն տարբեր եւ գրեթէ հակոտնեայ հասկացութիւններ:
Սրանցից առաջինի մասին յաճախ այնպիսի յափշտակութեամբ է խօսւում կարծես խօսքը միայն վերջերս ի յայտ եկած երեւոյթի է վերաբերում: Որպէս այդպիսին նկատի է առնւում յատկապէս անկախութեան տարիներին եւ յատկապէս նոր հազարամեակում ձեւաւորուած երիտասարդութիւնը:
Խորհրդային տոտալիտար համակարգի մտակաղապարներից զերծ եւ ժամանակակից աշխարհում ծաւալուող հասարակական ու քաղաքական գործընթացներներին առաւել ընկալունակ սերունդը, բնականաբար պէտք է օժտուած լինի ազատութեան եւ առաջընթացի գաղափարները կրողի նոր որակներով:
Սրանով հանդերձ ներկայ սերունդը անմիջական յաջորդն է այն սերնդի, որը ակտիւ դերակատար դարձաւ խորհրդային կայսրութեան վերջալոյսին՝ դէմ դուրս գալով բռնապետական համակարգին, ինչպէս եւ իր ուսերին կրելով Արցախեան ազատագրական պայքարի առաքելութիւնը:
Մարդկային ու հասարակական ազատութիւններին ու իրաւունքներին հետամուտ, պատմական հեղաբեկումներին յընթացս ձեւաւորուող քաղաքացիական հանրոյթը, թեւակոխելով պայքարի առաւել համակարգուած փուլ, ճշգրտելով մօտակայ ու հեռահար նպատակները, ձեւակերպեց ու յստակեցրեց քաղաքական անելիքը: Իսկ որպէս դրանք հետապնդելու միջոց կամ գործիք, ինչ էլ ստեղծէիր եւ ինչ անուն էլ դնէիր էութեամբ այլ բան չէր կարող դառնալ քան կուսակցութիւնը:
Իհարկէ այն օրերի հայ երիտասարդութեան եւ ընդհանրապէս հասարակութեան ակտիւ հատուածի երազանքը նոյնպէս կուսակցական դառնալը չէր, այլ յանուն որոշակի նպատակների պայքարը, բայց հէնց այդ պայքարի բիւրեղացումն ու վերջնական նպատակի որոնումը շատերին մղեց դէպի կուսակցական հաւաքականութիւններ: Քաղաքացիական պայքարը ձեռք բերեց գաղափարական ու քաղաքական տարազ:
Իհարկէ սա չի կարող նշանակել, թէ քաղաքական կուսակցութեան անդամը դադարեց մաս կազմել քաղաքացիական հասարակութեանը ու օտարուեց նրա խնդիրներից: Թէեւ ժամանակի հետ, նման տեսակէտ ձեւաւորուեց ու արմատացաւ:
Թէ ինչո՞ւ՝ պատճառները ենթակայական են ու առարկայական:
Բանն այն է, որ հասարակական-քաղաքական կեանքը հեշտօրէն չձերբազատուեց անցեալի իրողութիւններից, ինչը վարկաբեկեց թէ նրա դերակատարներին, թէ քաղաքական, վարչական այն ինստիտուտները, որոնք կոչուած էին լուծելու նոր խնդիրները:
Մեր երկիրը ամբողջատիրական (տոտալիտար) բռնապետութիւնից անցում կատարեց ոչ թէ երազած ժողովրդավարութեանը, այլ մեր վզին փաթաթուած անցումային միջանկեալ համակարգի՝ հեղինակապետութեան (աւտորիտարիզմի):
Ձգտելով կայանալ ու ամրապնդուել, միաժամանակ ունենալով երերուն հիմք, այս համակարգի ինքապահպանման ռազմավարութիւնը դարձաւ այլընտրանքային քաղաքական անկախ ուժերին իր սայլին կապելը, իսկ անհնազանդներին՝ վարկաբեկելը:
Փաստ է, որ անկախութիւնից երկու տասնամեակ անց ունենք իրաւականօրէն չամրապնդուած քաղաքական յեղյեղուկ դաշտ եւ միւս կողմից ժողովրդի խիստ թերահաւատ վերաբերմունքը այդ դաշտի նկատմամբ: Նման պայմաններում, քաղաքական ուժերի համար խիստ դժուար է իրենց գործառոյթների արդիւնաւէտ իրականացումը եւ որոշիչ ազդեցութիւնը քաղաքական զարգացումների վրայ: Հեղինակապետական իրարայաջորդ վարչակազմերը իրականում քաղաքական ուժերի դէմ մրցակցութեան դուրս բերեցին վարչական հզօր մեքենան՝ միաժամանակ քարոզչութեան մակարդակի վրայ ստեղծելով հաւասար մրցակցութեան պատրանք: Նրանք արեցին ու անում են ամէն ինչ՝ մարդկանց գիտակցութիւնից դուրս մղելու համար քաղաքական այլընտրանքներին ապաւինելու, նրանց հետ յոյսեր կապելու ձգտումը:
Միւս կողմից վարչակարգերը ոչ պակաս մտահոգ են եղել, որ երկրում չկայանան ու չամրապնդուեն հասարակական ինստիտուտները:
Զուրկ լինելով նիւթական հիմքից եւ ժողովրդավար կառավարման շրջանակում իրեն վերապահուած գործառոյթներ իրականացնելու հնարաւորութիւնից, անկախ հասարակական միաւորումները նոյնպէս չկայացան: Քիչ թէ շատ ոտքի կանգնած երկու-երեք տասնեակ հասարակական կազմակերպութիւններից շատերը կա՛մ դարձան իշխանութիւնների կցորդը, կա՛մ սնման աղբիւրներ դարձրեցին դրսից հոսող զանազան դրամաշնորհները:
Այսպիսով հասարակական կազմակերպութիւնները եւս չդարձան այն բնական հողը, որի վրայ կարող էր ծլարձակել ու տարածուել հասարակական-քաղաքացիական ազատ մտածողութիւնը:
Իրենց հերթին քաղաքական ու հասարակական ինստիտուտների դաշինք կազմելուն խոչընդոտեցին թէ՛ իշխանութիւնները, թէ՛ դրսի ուժերը:
Եթէ առաջինների վախը այլընտրանքի հզօրացումը եւ դրան ի հետեւանք իշխանութիւնը կորցնելն էր, երկրորդների մտավախութիւնը իրենց հետ առնչուող կառոյցների կողմից ազգային օրակարգերի որդեգրումն է, ինչը նրանց կը դարձնէր ինքնուրոյն եւ դուրս կը բերէր ուղղորդման եւ վերահսկողութեան դաշտից:
Այնինչ պարզ հայեացքով իսկ տեսանելի է, որ «դրամաշնորհային» հասարակական միաւորումները շրջանցում են ազգային խնդիրները եւ իրենց բնոյթով ունեն, այսպէս ասած այլախոհական-հակաիշխանական բնոյթ:
Տարաբնոյթ հասարակական ուժերին մէկ շաղախով շաղախելու եւ ընդհանուր օրակարգի մէջ մնալու հարցում լուրջ դերակատար դարձան սոցիալական ցանցերը:
Որպէսզի սխալ տպաւորութիւն չստեղծուի, թէ մեր այս գրութեան նպատակը Հայաստանում ուժ հաւաքող քաղաքացիական հասարակութեանը սեւացնելն է, շտապենք պարզաբանել, որ փորձեցինք ներկայացնել մինչ ներքաղաքական-ներհասարակական հոսանքների վրայ ազդել փորձող հիմնական մի քանի գործօնները:
Միաժամանակ համոզուած ենք, որ իր երկրին տէր զգացող նոր հանրոյթը քայլ առ քայլ առաւել ընդգծելու է ազգային հիմնահարցերին ու նպատակներին տէր լինելու իր էութիւնը: Եւ սա ոչ թէ բարի ցանկութիւն է, այլ զարգացման մի հոլովոյթ, որն արդէն իսկ դրսեւորւում է: Ի դէպ, վերը ներկայացուածը անխուսափելի է ինչպէս եւ՝ անհրաժեշտ: Հակառակ պարագայում գործընթացը կարող է կտրուել իրական ենթահողից եւ դառնալ շարժում յանուն շարժման: Իսկ դրա վտանգաւոր հետեւանքները ոչ միայն մեզ շրջապատող արաբական աշխարհում են, այլեւ դրա դառը պտուղները ճաշակել ենք 70 տարի:
Քաղաքացիական հասարակութիւնը քայլ առ քայլ ընդլայնելով քաղաքական իր յաւակնութիւնների սահմանները ոչ միայն կը կայանայ, այլեւ վճռորոշ ազդեցութիւն ձեռք կը բերի քաղաքական գործընթացների վրայ: Այստեղ նա դաշնակից կը դառնայ քաղաքական այն կուսակցութիւններին, որոնք իրապէս կը հետապնդեն երկրի համար կենսական կարեւորութիւն ունեցող հիմնախնդիրներ: Նոյն գործընթացի ժամանակ այն կը զուլալուի՝ առանձնանալով իր ջրերին խառնուել փորձող այնպիսի պղտոր հոսանքներից, ինչպիսիք աղանդներն են, բարոյական այլասեռութեան եւ ապազգային մտածողութեան դրսեւորումները, որոնք ձգտում են իրենց «ծախել» որպէս անկախութեան ու ազատութեան առողջ պտուղներ:
Քաղաքացիական հասարակութիւնը մեզ անհրաժեշտ է երկիրը ներքնապէս հզօրացնելու համար, այլ ոչ թէ հակառակը: Եթէ կոմունիստական հասարակարգի պայմաններում աճեց մի սերունդ, որը փայտերով ու ձողերով Երեւանի կենտրոնում դուրս եկաւ խորհրդային զօրքի ու տանկերի դէմ եւ առանց վարանելու անդամագրուեց ազատագրական զինուած պայքարին, ապա կասկած չկայ, որ նոր օրերում մաքուր ազգային մտածողութիւնը կը յաղթանակի, որպէս համընդհանուր հասարակական գիտակցութիւն: Դրա ծիլերն արդէն առկայ են եւ հնարաւորութիւն են ընձեռում տարբերելու ցորենը որոմից:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles