
Հայկ Յարութիւնեան
Նա Շատ Բան Կարող Էր Պատմել Քոչարեանի Մասին
ՍԱՐԳԻՍ ԱՐԾՐՈՒՆԻ
Այսօր յայտնաբերուել է 1999-2008 թուականներին Հայաստանի ոստիկանութեան պետի պաշտօնը զբաղեցրած Հայկ Յարութիւնեանի դին՝ գլխի շրջանում հրազէնային վնասուածքով: Ոստիկանութեան նախնական վարկածով՝ տեղի ունեցածը ինքնասպանութիւն է: Յարութիւնեանը Մարտի 1ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով:
Հարկ է յիշեցնել, թէ ինչպիսի ընթացք է ունեցել Հայկ Յարութիւնեանի կենսագրութիւնը: Նա ներքին գործերի նախարար է դարձել Հոկտեմբերի 27ի ոճրագործութիւնից յետոյ, երբ այդ պաշտօնում նշանակում անելու շուրջ անհամաձայնութիւններ ու վէճեր կային Ռոբերտ Քոչարեանի ու վարչապետ Արամ Սարգսեանի միջեւ: Ի վերջոյ, բազմաթիւ թեկնածուների շարքից Քոչարեանը համաձայնեց նշանակել Հայկ Յարութիւնեանին, ու նա, մեծ հաշուով, չէր սխալուել, որովհետեւ Յարութիւնեանը մարմնաւորում էր վերադասի հրամանները անվերապահ կատարող »սալդաֆոնի« (հրեշտակապետ մը-Խմբ.) կերպարը:
Հայկ Յարութիւնեանը ու նրա գլխաւորած ոստիկանութիւնը ռեպրեսիւ (զսպող, ճնշիչ-Խմբ.) գործիք դարձան 2000թ.ին, երբ Ռոբերտ Քոչարեանը դաժանօրէն ճնշեց գործարար Արկադի Վարդանեանի նախաձեռնած ընդդիմադիր շարժումը: Հայկ Յարութիւնեանի անմիջական պատասխանատուութեամբ 2003-04թթ. ոստիկանութիւնն իսկական մարդաորս էր կազմակերպել Ստեփան Դէմիրճեանի ու նրա աջակիցների հանրահաւաքների ժամանակ՝ շրջափակելով մարզերից Երեւան բերող բոլոր ճանապարհները: Հայկ Յարութիւնեանի ծառայամտութեան հերթական դրսեւորումներից մէկը դարձան 2004թ.ի Ապրիլի 12ի իրադարձութիւնները, որոնց նախորդեցին ու յաջորդեցին ընդդիմադիրների զանգուածային ձերբակալութիւնները:
Իհարկէ, Հայկ Յարութիւնեանը Ռոբերտ Քոչարեանի կողմից բարոյապէս ոչնչացուեց 2008ի դրամատիկ իրադարձութիւնների ժամանակ, քանի որ ոստիկանութիւնն էր դարձել այն հիմնական ռեպրեսիւ մահակը, որը Քոչարեանի կողմից օգտագործւում էր հազարաւոր ցուցարարների դէմ:
Հայկ Յարութիւնեանը բազմաթիւ մանրամասների էր տիրապետում Ռոբերտ Քոչարեանի արածների վերաբերեալ, որովհետեւ այն բացառիկ պաշտօնեաներից մէկն է, որը պաշտօնավարել է Քոչարեանի նախագահութեան գրեթէ ողջ ընթացքում՝ դառնալով վերջինիս անձնակենտրոն ու մարդակուլ իշխանութեան հաստատման անմիջական մասնակիցը:
Յարութիւնեանը յատկապէս կարեւոր ասելիք ունէր Մարտի 1ի գործում, ու դժուար չէ ենթադրել, թէ ում դէմ էր ուղղուած լինելու նրա խօսքը: Կոնկրետ (յստակ-Խմբ.) փաստեր չունենք, թէ ինչու կամ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել Հայկ Յարութիւնեանի սպանութիւնը կամ ինքնասպանութիւնը, սակայն ակնյայտ է, որ նրա լռութիւնը ձեռնտու է նախկին համակարգին, Ռոբերտ Քոչարեանին ու նրա շրջապատին: Հայկ Յարութիւնեանը շատ բան կարող էր պատմել, ու այդ պատմութիւնները միայն ամբողջացնելու էին Քոչարեանի յանցագործութիւնների շարքը:
Բացի այդ՝ նախկին համակարգի ձեռագիրն է երկրում անվստահութիւն սերմանելը, քաոս առաջացնելը՝ յեղափոխութեան իշխանութեան վարկանիշն ու հեղինակութիւնը սասանելու համար: Հայկ Յարութիւնեանի սպանութիւնը կամ ինքնասպանութիւնը կարծես թէ այդ շարքից է՝ նպատակ ունենալով յաւերժ լռեցնել Քոչարեանի արիւնոտ տասնամեակի կենդանի վկաներից մէկին…
«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»