Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Արծուիկ Մինասեանը՝ Իր Հասցէին Հնչած Մեղադրանքների Մասին

Image may be NSFW.
Clik here to view.
Արծուիկ Մինասեան

Արծուիկ Մինասեան

ՏԱԹԵՒ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

«Թող տպաւորութիւն չլինի, որ ես խուսափում եմ պատասխանատուութիւնից: Ես ոչ այդ մարդն եմ, ոչ էլ իմ անցած ճանապարհով նման ենթադրութիւնների տեղ եմ տուել: Այնտեղ, որտեղ ես համոզուած եմ եղել, համոզուած կերպով ասել եմ՝ այո, օրէնսդրութիւնը պահպանուած է Հայաստանի շրջակայ միջավայրի ազդեցութեան փորձաքննութեան արդիւնքում, բայց արդեօք սա նշանակում է, որ Ամուլսարը ենթակայ է շահագործման, թէ ոչ՝ սա բնապահպանութեան նախարարութեան իրաւասութիւնից դուրս հարց է», Aravot.am-ի հետ զրոյցում յայտարարեց ՀՀ բնապահպանութեան նախկին նախարար Արծուիկ Մինասեանը:

Յիշեցրինք, թէ Ամուլսարի վերաբերեալ ՀՅԴ յայտարարութիւնից յետոյ ոմանք մեղադրեցին Դաշնակցութեանը՝ յիշեցնելով, թէ նախարար եղած ժամանակ Արծուիկ Մինասեանն ինչ յայտարարութիւններ էր անում: Մեր հարցին՝ նոյն կարծիքի՞ն է մնացել, որ ինչպէս ինքն էր նախարարի պաշտօնում յայտարարել՝ Ամուլսարի շահագործման իրաւական գործընթացները համապատասխանում են օրէնսդրական կարգաւորումներին, որ ՀՀ բնապահպանութեան նախարարութեան կողմից իրականացուած փորձաքննութեան արդիւնքներով Ամուլսարի հանքավայրում օրէնքի խախտումներ չեն արձանագրուել եւ այլն, Արծուիկ Մինասեանն արձագանքեց, որ ընկալելի է համարում, երբ ՀՅԴ յայտարարութիւնը նման քննարկման առարկայ է դառնում եւ յաւելեց. »Թող ամպագոռգոռ չհնչի, բաց ամենահիմնաւոր մօտեցումը հէնց Դաշնակցութիւնն է յայտնել. դրա համար շատերը, որոնք ի սկզբանէ փորձում են Դաշնակցութեան գործողութիւններում կամ մօտեցումներում հակասութիւններ տեսնել, ուզում են փորձել հարուածել Դաշնակցութեանը կամ նրան տեսնում են այն հիմնական այլընտրանքային ուժը, որն այսօրուայ իշխանութեան կամ քաղաքական ուժերի մրցակիցն է: Դրա համար նրանք փորձում են չակերտաւոր հակասութիւններ գտնել Դաշնակցութեան յայտարարութիւնների մէջ«:

Նա պնդեց, որ իրենց մօտեցումներում ոչ թէ հակասութիւն, այլ հետեւողականութիւն կայ: Այնուհետեւ նշեց՝ դեռեւս 2005-2006ին ՀՀ կառավարութիւնը գործող օրէնսդրութեան շրջանակում տուել է հանքի ուսումնասիրութեան թոյլտուութիւն: Յետագայում ուսումնասիրութեան արդիւնքներով, դրանք հաստատուել են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան կողմից: Ըստ գործող օրէնսդրութեան՝ թոյլտուութեան տրամադրման իրաւասութիւնը վերապահուած է եղել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեանը:

Ըստ Արծուիկ Մինասեանի՝ բնապահպանութեան նախարարութիւնը եղել է այս շղթայի մի օղակ, որը պատասխանատու է շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան գնահատման՝ օրէնսդրութեամբ նախատեսուած ընթացակարգերը պահպանելու հարցում. »Ամբողջական թոյլտուութիւնը տրուել է 2014ին, երբ ոչ միայն Դաշնակցութիւնը ընդդիմութիւն էր, այլեւ մենք յամառ կերպով պնդում ու պահանջում էինք, որ օրէնքի դրոյթները պահպանուեն: Յետագայում բարելաւուած շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան կամ ՇՄԱԳ փաթեթը ներկայացուել է բնապահպանութեան նախարարութիւն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան միջնորդութեամբ եւ վերանայուել ու դրական եզրակացութիւն տրուել է այս ծրագրին 2016ի Ապրիլին: Ես որպէս բնապահպանութեան նախարար նշանակուել եմ 2016ի Սեպտեմբերի 27ին: Ակնյայտ է, որ ինձնից առաջ բոլոր այս գործընթացները իրականացուել են«: Արծուիկ Մինասեանը թուարկեց, թէ ինչ գործողութիւններ է իրականացրել, երբ նշանակուել է նախարար. »Ստեղծել ենք ներքին աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է արդեօք շրջակայ միջավայրի ազդեցութեան վրայ փորձաքննութեան գնահատման իրականացումը եւ դրական եզրակացութեան տրամադրումը եղե՞լ է գործող օրէնսդրութեան պահանջներին համապատասխա՞ն, թէ՞ ոչ: Ուսումնասիրութիւններով՝ այստեղ խախտումներ չենք յայտնաբերել: Հրաւիրել եմ նախարարութիւն քննարկումների բոլոր կողմերին, նախարարին կից հասարակական խորհրդում մի քանի անգամ Ամուլսարի թեման քննարկուել է: Նոյն ժամանակահատուածում Յարութ Բրոնոզեանը, որը հանդէս էր գալիս ընդդէմ Ամուլսարի շահագործման, իր միջոցներով հրաւիրել էր միջազգային փորձագէտների, որոնք այս փաթեթի հիման վրայ տուել էին եզրակացութիւն: Այս եզրակացութիւնը, որը հակադրւում էր »Լիդիանի« կողմից իրականացուած հետազօտութեանը, դրա համար հրաւիրեցինք մեզ մօտ քննարկման երկու փորձագէտների: Սակայն պարոն Բրոնոզեանը առողջական խնդիրների պատճառով հրաժարուեց իր փորձագէտներին հրաւիրել Հայաստան«:

Ըստ Արծուիկ Մինասեանի՝ 2018ի յայտնի քաղաքական իրադարձութիւնների պատճառով բոլոր իրենց պայմանաւորուածութիւնները մնացին օդից կախուած: Արծուիկ Մինասեանը նշեց, որ դեռ Նիկոլ Փաշինեանի ղեկավարած կառավարութեան անդամ լինելով՝ զգուշացրել է, որ չի կարելի տուրք տալ էմոցիաներին, ձգձգել որոշման կայացումը: Կրկին անդրադառնալով իր եւ ՀՅԴի հասցէին հնչող քննադատութիւններին՝ Արծուիկ Մինասեանն ասաց. »Այսքանից յետոյ մարդիկ կանխամտածուած կամ թիւրիմացաբար փորձում են մեղադրել մեզ, իբր փոխել ենք մեր տեսակէտները: Ին՞չ տեղի ունեցաւ անցեալ տարուայ ամպագոռգոռ յայտարարութիւններից յետոյ, երբ գործող կառավարութիւնը ձեւաւորեց հսկայական սպասումներ հասարակութեան տարբեր շերտերի մօտ. մարդիկ աշխարհացունց բացայայտումների էին սպասում, բայց տեսանք, որ »Էլարդի« հրապարակումից յետոյ դժգոհութիւնը ոչ միայն չմարեց, այլեւ վարչապետի »լայուից« յետոյ էլ աւելի թէժացաւ այս թեման«:

Ըստ Արծուիկ Մինասեանի՝ անհրաժեշտ է այս հարցը վճռահատել հանրաքուէի միջոցով: Մեր հարցին՝ իսկ ինչու՞ ՀՅԴն հանրաքուէի մասին չէր ակնարկում, երբ դուք նախարար էիք, Արծուիկ Մինասեանը պատասխանեց. «Այն ժամանակ մենք մեր ներքին աշխատանքի միջոցով փորձում էինք յստակութիւն մտցնել ներկայիս ռիսկերի (վտանքներու-Խմբ.) մէջ: Մենք որեւէ անգամ չենք բացառել, որ ժամանակի ցանկացած պահին, եթէ բացասական է շեղումը, սա հիմք է եզրակացութեան անվաւեր ճանաչելու համար: Այսօր փոխուել է ուղղութիւնը: Այսօր հասարակութիւնը, այդ թւում ՀԱԿ ակտիւիստները (գործիչները-Խմբ.), որոնց օրօք է սկսել ՀՀ ներքին եւ արտաքին հարստութեան կազմաքանդումը, յանկարծ դարձել են հրեշտակներ ու մարդկանց փորձում են մեղադրանքներ ներկայացնել: Առաջին մեղադրանքը իրենց պէտք է հնչեցնել: Իրենց ժամանակուայ օրէնսդրութեան պատճառով է, որ այս վիճակն է ստեղծուել»:

Պատասխանելով այն պնդումներին, թէ մարդիկ մասնագէտներ չեն, որ հանրաքուէի միջոցով հանքի շահագործման հարց որոշեն, Արծուիկ Մինասեանը նկատեց. «Սահմանադրական հանրաքուէի ժամանակ բոլորը իրաւագէտնե՞ր են կամ ցանկացած հարց, որը հանրաքուէ է դրւում, բոլորը ընկալում ու ըմբռնու՞մ են ինչ հարց է դրուած հանրաքուէի: Սա սնանկ փաստարկ է: Այն պատգամաւորները, որոնք դէմ են արտայայտւում հանրաքուէին, ակնյայտօրէն փորձում են խուսափել այս հարցով յստակ դիրքորոշում յայտնել, քանի որ իրենք պէտք է քուէարկեն»:

Մեր հակադարձմանը՝ նշում էք, որ հանրաքուէին դէմ պատգամաւորները խուսափում են յստակ դիրքորոշում յայտնելուց, բայց ժամանակին Դուք էլ յստակ պատասխան չտուեցիք հարցին՝ արդեօք թոյլատրելի՞ է Ջերմուկի առողջարանի կողքին հանք շահագործելը, Արծուիկ Մինասեանն արձագանքեց. «Իսկ Դուք ի՞նչ էիք կարծում՝ բնապահպանութեան նախարարը, որ նշանակուած է եղել թոյլտուութիւնից յետոյ, եթէ ասում է՝ դէմ եմ, տրամաբանութիւնը ո՞րն է: Նոյն կառավարութեան մէջ եղած նա պէտք է առնուազն կամ հրաժարական տար, որ ասէր դէմ եմ, կամ ներսից ինչ-որ ձեւով քայլեր իրականացնէր այդ բոլոր հնարաւոր ռիսկերը բացայայտելու համար: Ես գնացել եմ երկրորդ տարբերակով: Եւ այս ամէնից յետոյ փորձել քաւութեան նոխազ գտնել ի դէմս ինձ կամ Դաշնակցութեանը, առնուազն այդ մարդիկ կամ կոյր են կամ կանխամտածուած փորձում են սեւով ներկայացնել ճերմակ էջերը»:

Արծուիկ Մինասեանը շեշտեց՝ ես չեմ էլ պաշտպանել ամբողջ շահագործումը. »Նոյնիսկ լինելով էկոնոմիկայի նախարար՝ ես մշտապէս կարեւորել եմ այդ հարցը, քանի որ ինձ համար պարզ ու յստակ էր առանց շրջակայ միջավայրի վրայ բացասական ազդեցութեան նուազեցման կամ չէզոքացման, մարդկանց առողջ կեանքի սպառնալիքները վերացնելու հնարաւոր չէ ունենալ տնտեսական զարգացում եւ առաջընթաց: Ես սովոր եմ եւ իմ սկզբունքն է առաջնորդուել գործող օրէնսդրական պահանջների խստիւ պահպանմամբ եւ երբեք Հռոմի պապից աւելի կաթոլիկ չլինել«: Այս օրերին նաեւ յիշեցնում են, թէ 2016ի Դեկտեմբերին »Ջերմուկ ազգային պարկի« ստեղծման մտադրութիւնների յուշագիրը ստորագրել են ՀՀ բնապահպանութեան նախարար Արծուիկ Մինասեանը եւ »Լիդիան Արմէնիա« ընկերութեան գործադիր տնօրէն Հայկ Ալոյեանը:

Հարցին՝ չի՞ փոշմանել, Արծուիկ Մինասեանը պատասխանեց. «Իհարկէ չեմ փոշմանել, այլ բան, որ չիրականացաւ, քանի որ կազմալուծուել է աշխատանքը: Ազգային պարկ ստեղծելու նախաձեռնութեան համար փոշմանե՞լ է պէտք: Մի քանիսը վեր կացել, հրապարակել են, թէ իբր ես այդ 5.7 միլիոն դոլարի ծրագրում անձնական շահ եմ ունեցել»: Արծուիկ Մինասեանը պնդում է, որ եթէ անգամ որոշում կայացուի Ամուլսարի շահագործման համար, ապահովագրական ամբողջական փաթեթը պէտք է լինի, մոնիտորինգի, վերահսկողական համակարգերը լիարժէք պէտք է աշխատեն: Հասարակութիւնն իր այոն կամ ոչը պէտք է ասի:

Ըստ Արծուիկ Մինասեանի՝ փոխանակ այս հարցերի շուրջ բանավիճելու, փորձում են անհասկանալի քաւութեան նոխազների մեխանիզմներ գտնել, մինչդեռ ինքն էլ պնդում է. «Ամուլսարի հարցում ամենաքիչը կարող են այսօր մեղադրել ինձ կամ Դաշնակցութեանը ի տարբերութիւն այն մարդկանց, որոնք այսօր մեծ-մեծ խօսում են, ներառեալ ՀԱԿ ակտիւիստներից շատերի, ներառեալ այն մարդկանց, որոնք ոչ միայն ժամանակին իրենք են խրախուսել Հայաստանի հարստութեան ոչնչացումը, աւարտուած նրանցով, որոնք նոյն ժամանակահատուածում եղել են խորհրդարանում եւ ջուրը բերաններն առած՝ ձայն չեն հանել: Այս մարդիկ չգիտես ինչու այսօր դարձել են բլբուլ, սոխակ: Նոյն ՀԱԿի պատգամաւորներից շատերը, այսօրուայ կառավարութեան անդամները, որոնք եղել են նաեւ խորհրդարանում՝ ի տարբերութիւն մեզ, որ փորձել ենք ինչ-որ քայլեր իրականացնել ռիսկերը բացայայտելու, նուազեցնելու ուղղութեամբ, կառավարութիւնում կռիւ ենք տուել՝ իրենք ձայն չեն հանել: Դաշնակցութիւնն իր հետեւողականութիւնը մշտապէս պահել է եւ հիմա էլ ենք ասում՝ այսպիսի պայմաններում հարցի վճռահատումը ժողովրդի վստահութեամբ պէտք է կատարուի, դրա լաւագոյն տարբերակը հանրաքուէն է: Սա այն նուազագոյն հնարաւորութիւնը կարող է տալ հարցին, թէ իբր միջազգային արբիտրաժ… ՀՀի միջազգային ներդրումային հեղինակութիւնն արդէն վտանգուել է: »Լիդիան«ը որեւէ ձեւով չի կարողանում մասնակցել, ինչն արդէն մէկ տարի բացասական ազդեցութիւն է թողնում: Փոխանակ սրա մասին մարդիկ մտածեն, մտածում են՝ ինչպէս գտնել քաւութեան նոխազներ: Վստահաբար նոյնիսկ եթէ փորձեն գտնել, այնտեղ մենք չկանք»:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles