Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Նոր Համընդհանուր Համախոհութիւն Եւ Վճռական Բարեփոխումներ՝ Յանուն Պետական Շահի

$
0
0

0712aranranian

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

 

ՆԷՕԼԻԲԵՐԱԼԻԶՄԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԵՐՋԸ

 

Բազմիցս տարբեր առիթներով տարիներ շարունակ նշել ենք, որ Հայաստանի Հանրապետութիւնում Անկախութիւնից յետոյ փաստացի իրագործուել է «թոյլ պետութեան» մոդել (տեսակ-Խմբ.): Նէոլիբերալ գաղափարախօսութիւնը տասնամեակների ընթացքում դառնալով իշխող մտածելակերպ հասարակութեան բացարձակ մեծամասնութեան համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, նիւթական եւ սոցիալական վիճակից, ձեւաւորեց մի նոր հասարակութիւն, որտեղ խառնուել են ճիշդն ու սխալը, արդարն ու անարդարը, իրականն ու արհեստականը: Հասարակութեան միայն մի փոքր հատուածն ունի պետութեան զարգացման բոլորովին այլ պատկերացում, որը համահունչ է իրական պետութիւն կառուցելու սկզբունքներին ու ձեւերին: Սակայն աբսուրդը (անհեթեթը-Խմբ.) կայանում է հէնց նրանում, որ իրական պետութեան կառուցման գաղափարախօսութիւնը դարձել է մարգինալ՝ կեղծ գաղափարների եւ դատողութիւնների համատարած տարածուածութեան պայմաններում:

1991 թուականից յետոյ Հայաստանը որպէս պետութիւն գրեթէ ամբողջութեամբ կորցրեց տնտեսութեան պետական հատուածը, տնտեսութեան վրայ ազդելու պետական լծակները, ինքն իրեն զրկեց արտաքին տնտեսական քաղաքականութիւնից, պետական մարմինները զրկեց կառավարման կարեւորագոյն լծակներից, հրաժարուեց բիւջետային եւ հարկային քաղաքականութեան կարգաւորիչ դերից (նոյնիսկ կենսաթոշակային համակարգը փաստացի մասնաւորեցուեց), նիւթականացրեց հանրային կեանքի բոլոր ոլորտները, որի արդիւնքում նոյնիսկ սոցիալական վիճակի բարելաւումը չյանգեցրեց համերաշխ հասարակութեան ձեւաւորմանը, քանի որ բարոյական եւ հոգեւոր արժէքների համընդհանուր արժէզրկման պայմաններում ահռելի ծաւալների հասաւ հէնց հոգեւոր աղքատութիւնը: Այս ամէնը յանգեցրեց կառավարման նոր տեսակի սուբյեկտների (ենթականերու-Խմբ.) ի յայտ գալուն, որոնք, ըստ էութեան, ոչ միայն չէին կայացնում որոշումներ, այլ նաեւ իրենց տեսակով եւ գաղափարական կաղապարուածութեան պատճառով պարզապէս ի վիճակի չէին կայացնել որոշումներ: Նման «կառավարման» համակարգի պայմաններում անհասկանալի դարձան եւ ըստ էութեան վերացան նաեւ կառավարման oբյեկտները (նիւթերը-Խմբ.): Սա իր հերթին բերեց այնպիսի վիճակի, որ նոյնիսկ ցանկութեան դէպքում պետական մարմիններն այլեւս չեն կարող որեւէ հարց լուծել՝ չկան կառավարիչները, չկայ համապատասխան գործիքակազմը եւ իրաւական մեխանիզմը, չկան ազդեցութեան լծակները, իսկ հասարակութիւնը տրամադրուած է ինքն իրեն: Հասարակութիւնը սկսեց կառավարուել ոչ թէ պետութեան կողմից իրականացուող յստակ նպատակային ռազմավարութիւնների, այլ հանրային «լայն կոնսենսուս (համաձայնութիւն-Խմբ.)»ի միջոցով:

 

«ԼԱՅՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ»Ի ԷՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԴՐԱ ՀԵՏԵՒԱՆՔԸ. «ԱՆՊԵՏՈՒԹԻՒՆ» ՊԵՏՈՒԹԻՒՆ

 

Անկախութիւնից յետոյ, տարիների ընթացքում ձեւաւորուած «համերաշխութեան» բանաձեւը հիմնուած էր չգրուած, սակայն փաստացի գործող հանրային «լայն կոնսենսուս»ի վրայ: Այդ բանաձեւը կայանում էր հետեւեալում. «հասարակութեան իւրաքանչիւր անհատ ստանում է երկրից օգտուելու սեփական փայը»: Արդիւնքում մի մասը ստացաւ անտառները անխնայ կտրելու, միւս մասը՝ Սեւանի պաշարներն անխնայ օգտագործելու, երրորդը՝ ամէն մի անտառ, ափ կամ թուփ սեփականի տեղ օգտագործելու եւ հայրենակիցներին այնտեղ բնութիւնը այլանդակելու համար վարձով տալու կամ ապօրինի որս իրականացնելու, հասարակութեան մի հատուած՝ կասկածելի պայմաններով երրորդ կարգի երկրներից ցածրորակ ապրանքներ ներկրելու, հազարաւոր մարդիկ՝ մետաղի ջարդոնը մեքենայի անուան տակ երկիր մտցնելու եւ հայրենակիցների վրայ ծախելու, մէկ այլ խումբ էլ՝ աշխատաւոր մարդու ձեռքից շահումով խաղերի կամ տոտալիզատորների (հաւասարապէս բաժնուած գրաւ-Խմբ.) միջոցով վերջին գումարը վերցնելու, հազարաւոր մարդիկ՝ անսարք ու ոչ անվտանգ փոխադրամիջոցներով տաքսի քշելու, ներքաղաքային, մերձքաղաքային, միջքաղաքային եւ նոյնիսկ միջպետական փոխադրումներ իրականացնելու արտօնութիւն եւ այլն: Այս պայմաններում հասարակութեան մի փոքր հատուած էլ ստացաւ մի քիչ այլ մակարդակի արտօնութիւններ՝ մենաշնորհային կարգով ներկրել ապրանքներ, չնչին գումարներով սեփականաշնորհել խոշոր օբյեկտներ (կառոյցներ-Խմբ.), տիրապետել տնտեսութեան ամենահամեղ եւ մեծ պատառներին, խլել միւսների ունեցուածքը եւ այլն: Աւելորդ է ասել, որ այս բոլոր տեսակի «կարգաւորումները» որեւէ աղերս չունէին պետութեան համակարգուած եւ նպատակային զարգացման հետ, հասարակութիւնը գործում էր կասկածելի հարկման համակարգում, որեւէ մէկը չէր կրում հասարակական պատասխանատուութիւն:

Ըստ էութեան հասարակութեան գրեթէ բոլոր հատուածները այս կամ այն չափով ներգրաւուած էին պետութեան առաջընթացի զարգացման տեսակէտից կասկածելի ստուերային գործունէութեան մէջ. մէկը՝ քիչ, միւսը՝ շատ, իսկ երրորդը՝ աւելի շատ չափով: Եւ այս ամէնը ունէր իր «հզօր» բացատրութիւնը՝ բոլորը «մի կոպեկ փող էին աշխատում՝ ընտանիք պահում»: Իսկ որտե՞ղ է այս ամէնի մէջ պետութիւնը: Ու՞ր է պետութիւնը եւ վերջինիս կարգաւորիչ դերը: Հայաստանը դարձաւ «անպետութիւն» պետութիւն: Պետութիւն, որպէս այդպիսին՝ կայ, սակայն պետական հատուած, պետական կառավարում, պետական կառավարիչներ եւ պետութեան կողմից իրականացուող ռազմավարութիւններ՝ չկան:

 

ԻՆՉՈ՞Ւ ԽԱԽՏՈՒԵՑ «ԿՈՆՍԵՆՍՈՒՍ»Ը ԵՒ Ո՞ՐՆ Է ՆՈՐ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒԸ

 

Տարիներ շարունակ հազարաւոր քաղաքացիների մօտ կասկածներ էին առաջանում, որ «բաշխումը» այնքան էլ «արդար» չէ: Եթէ ինքը ապօրինի թալանում է անտառները, լիճը կամ առանց հարկերի, կամ քիչ հարկերով տնտեսական գործունէութիւն իրականացնում, ապա պատկերացնել կարելի է, թէ որքան են թալանում վերեւներում:

Այս ամէնը տարիների ընթացքում տարբեր միջոցներով ներարկւում էր հասարակութեան մէջ, իսկ այդ անարդարութեան զգացումը աւելի էր ուժեղանում երկրի «տէրեր»ի արհամարհական, անհամեստ եւ անբարտաւան կեցուածքի պատճառով: Հասարակութիւնը որոշեց խախտել «կոնսենսուսը», փոխել «ստատուս-քուոն» եւ վերականգնել «արդարութիւնը»: Եւ քանի որ հասարակութեան իւրաքանչիւր անհատ ունէր փոփոխութիւններից սեփական ակնկալիքը, «նոր» Հայաստանի սեփական պատկերացումը, ապա ունեցանք այն պատկերը, որը ունենք:

Իւրաքանչիւր քայլ, որն ուղղուած է երկրում առկայ բարքերի հատուածական փոփոխութեանը, հանդիպում է հասարակութեան տարբեր շերտերի դիմադրութեանը կամ բողոքին:

Ցանկացած հարկային փոփոխութիւն, ցանկացած օրէնսդրական նախաձեռնութիւն դիտարկւում է բացառապէս նեղ անձնական շահերի կամ քաղաքական կոնիւնկտուրայի (չարաշահման-Խմբ.) տեսանկիւնից: Այս մթնոլորտում խառնւում եւ կորչում են ճիշդն ու սխալը, կորչում է օբյեկտիւութիւնը եւ ճիշդ լուծումներ գտնելու մշուշոտ յոյսը: Եւ ընդհակառակը՝ հասարակութեան ցանկացած քննադատութիւն իշխանութեան հասցէին նախկինում առկայ բարքերի կրկնութեան կամ գործող նոր սխալների համար, առաջացնում է իշխանութեան ցաւոտ արձագանքը:

Հին «լայն կոնսենսուսը» այլեւս չի գործում, իսկ նորը դեռ չկայ: Անհրաժեշտ է ձեւաւորել հանրային նոր լայն կոնսենսուս, սակայն արդէն ոչ թէ պետութիւնում «փայաբաժինները» կիսելու, այլ նոր պետութիւն կառուցելու եւ պետութեանը ծառայելու գաղափարի շուրջ: Ամենահեշտ լուծումը նաեւ ամենաողբերգականն է՝ իր հետեւանքներով: Խօսքն այն մասին է, որ հասարակութիւնը որոշի շարունակել հին սկզբունքների հիման վրայ իր կենսագործունէութիւնը:

Այսինքն՝ որոշուի պահպանել Անկախութիւնից յետոյ ձեւաւորուած «լայն կոնսենսուսը», այն է՝ շարքային քաղաքացին անի ինչ ուզում է եւ պետութիւնը որեւէ յաւելեալ պահանջ նրա առջեւ չդնի, իսկ իշխանութիւնը իր հերթին ինչ ուզենայ անի՝ առանց իր եւ հասարակութեան առջեւ նոր խնդիրներ դնելու: Այս տարբերակը թէեւ կարող է լինել ամենահաւանականը, սակայն չենք ուզում դրան անդրադառնալ հասկանալի պատճառներով:

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ՆՈՐ ԲԱՆԱՁԵՒ ԵՒ ՎՃՌԱԿԱՆ ՌԵՖՈՐՄՆԵՐ՝ ՅԱՆՈՒՆ ՅԱՋՈՐԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ

 

Հայաստանը կանգնած է բոլոր ոլորտներում համակարգային փոփոխութիւնների մարտահրաւէրի առջեւ: Այդ փոփոխութիւնները կարող են եւ պէտք է լինեն բացառապէս յեղափոխական, կտրուկ եւ վճռական:

Բնապահպանական, ֆինանսա-տնտեսական, սոցիալական (ընկերային-Խմբ.), տրանսպորտային (փոխադրամիջոցներու-Խմբ.), էներգետիկ, առողջապահական, կրթական, մշակութային… չկայ ոլորտ, որն այսօր համապատասխանում է զարգացած պետութեան եւ զարգացած հասարակութեան ամբիցիաներին (տենչին-Խմբ.): Հայաստանը պէտք է իրականացնի յեղափոխական շրջադարձ դէպի իր համար նոր տեսակի պետութեան կառուցումը, այն տեսակի, որը կարող է երկիրը դարձնել ժամանակակից, մրցունակ եւ իր առջեւ կանգնած բոլոր խնդիրները լուծելուն ունակ: Եւ այստեղ առաջնային պէտք է լինի պետական շահը, որի սահմանումը դեռ չունենք: Առաջարկում ենք «պետական շահ» գնահատականը տալ բացառապէս յաջորդ սերունդների շահերի տեսանկիւնից: Այսինքն, մեզ համար պետական շահը դա յաջորդ սերունդների շահն է:

Հասարակութեան մէջ խորացել է պետութեան նկատմամբ սպառողական մտածելակերպը. ոչ թէ մենք՝ յանուն պետութեան, այլ պետութիւնը՝ մեզ համար: Հայաստանի համար այդ բանաձեւը կործանարար է, ինչը ապացուցեցին անկախութիւնից մինչ օրս տեղի ունեցած զարգացումները: Նոր համընդհանուր կոնսենսուսը պէտք է հիմնուած լինի իւրաքանչիւր անձի պատրաստակամութեան վրայ. գնալ անհրաժեշտութեան դէպքում զիջումների, զոհողութիւնների, հրաժարուել նախկին սեփական վարքագծից, վերցնել պատասխանատուութեան սեփական բաժինը եւ դառնալ յաջորդ սերնդի ու երկրի ապագայի համար պատասխանատու: Եթէ յանուն յաջորդ սերունդների եւ յանուն երկրի ապագայի Սեւանի նկատմամբ ճիշդ պետական մօտեցումը պէտք է լինի ափերի ապաառեւտրայնացումը, անհրաժեշտութեան դէպքում տարածքների վերադարձը պետութեանը, լճի էկոհամակարգից մասնաւորի օգտուելու սահմանափակումը, այն իրական արգելոցի վերածումը, անտառների պարագայում՝ անխնայ անտառահատման դադարեցումը, տրանսպորտի պարագայում՝ մետաղի ջարդոնով փոխադրումների դադարեցումը, մեքենաների իրական եւ ամբողջական զննումը, դրանց մի մասի շահագործման դադարեցումը, հարկային դաշտում՝ բոլորի գրանցումը եւ պետութեան առջեւ հարկային պարտաւորութիւնների կատարումը, թանկարժէք գոյքի հարկման բարձրացումը, Աշխատանքային օրէնսգրքի յարգումը, փողոցում տարրական կարգուկանոնի սահմանումը, վատ սովորողներին բուհերից հեռացումը, առողջապահութիւնից բիզնես-մտածելակերպի վերացումը եւ այլն (ցանկը կարելի է անսահմանափակ շարունակել՝ ներառելով ցանկացած ոլորտ, այդ թւում՝ պետական քաղաքականութեան արտաքին հատուածը, անվտանգութեան համակարգը եւ այլն), ապա հասարակութիւնը պէտք է որոշի. կամ գնում է նոր կոնսենսուսի յանուն երկրի ապագայի եւ յաջորդ սերնդի, կամ շարունակում է պետութեան հանդէպ սպառողական մօտեցումը՝ կորզել, պոկել, տանել ամէն ինչ յանուն «ընտանիք պահելու»:

Բայց եթէ ենթադրում ենք, որ ցանկացած քաղաքացի ինքը կամաւոր կարող է եւ կը գնայ փոփոխութիւնների սեփական վարքագծում կամ գործունէութեան մէջ, ապա առնուազն իրատես չենք: Համընդհանուր կոնսենսուսը ընդամէնը ենթադրում է նպաստաւոր միջավայր արմատական բարեփոխումների՝ իշխանութեան բոլոր մակարդակներում եւ օղակներում վճռական, յեղափոխական եւ լայնամասշտաբ ռեֆորմների (բարեփոխումներու-Խմբ.) համար: Պետական կառավարիչները, կաշկանդուած չլինելով նախկինում «Օւերտօնի պատուհաններ»ի միջոցով իշխող դարձած եւ իրական պետութեան կառուցման հետ աղերս չունեցող ներկրուած կեղծ գաղափարներով, յստակ գիտակցելով իրենց նպատակները, պետութեան այն մոդելը, որն անհրաժեշտ է կառուցել, ունենալով անհրաժեշտ կամքը, վճռականութիւնը, գիտելիքը եւ հմտութիւնները, շատ արագ եւ կտրուկ պէտք է մոբիլիզացնեն (տեղաշարժեն-Խմբ.) առկայ բոլոր ներքին ռեսուրսները եւ իրականացնեն ցաւոտ, սակայն խիստ անհրաժեշտ ռեֆորմները: Այս ամէնն ունի իր խնդիրներն ու խոչընդոտները:

Տասնամեակներ շարունակ էգոիզմի (անձնասիրութեամբ-Խմբ.) եւ պետութիւնից մի բան պոկելու սկզբունքով դաստիարակուած հասարակութեանը դժուար է դրդել ինքնազոհողութեան եւ վերափոխման: Նոյնիսկ տեսականօրէն ընդունելով այդ ամէնի անհրաժեշտութիւնը, հասարակութեան իւրաքանչիւր անհատ չի ուզում, որ այդ նոր խստութիւնը, նոր կարգուկանոնը վերաբերի հէնց իրեն: Արդեօ՞ք կարող է պետութիւնը հասարակութեան իւրաքանչիւր անդամին հասցնել իր նպատակները, սեփական ծրագիրը եւ քայլերը, որոնք պատրաստւում է իրականացնել: Եւ այս ամէնի համար առաջնային պայմաններից է ոչ միայն լայն հասարակական, այլ նաեւ քաղաքական կոնսենսուսը՝ զսպուածութեամբ եւ յստակ ժամանակացոյցով կարտ-բլանշը իրագործելու համար: Ի վերջոյ կարեւորագոյն հարցերից է պետութեան կառավարման արդիւնաւէտութեան բարձրացումը եւ նախկին նախապաշարմունքներից զերծ իրական պետութիւն կառուցելու ունակութիւնը: Հարկաւոր է «անպետութիւն պետութիւնից» անցնել «իրական պետութեան» կառուցմանը:

Պետական կառավարումը նոյնպէս մասնագիտութիւն է, ինչպէս ցանկացած այլ յատուկ պատրաստուածութիւն պահանջող լուրջ մասնագիտութիւն: Պետութեան կառավարումը ունի սեփական կանոնները, ձեւերը, այն նոյնպէս իր հերթին պահանջում է համապատասխան գիտելիքներ, անհրաժեշտ փորձառութիւն, յստակ պատկերացում, կառավարման մեխանիզմներին տիրապետում եւ այլն: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները եթէ ոչ հասարակութեան իւրաքանչիւր անդամ, ապա գոնէ մտաւորական հատուածը եւ հանրութեան վերնախաւը կոչուելու յաւակնութիւններ ունեցող քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական եւ այլ տեսակի էլիտաները (վերնախաւերը-Խմբ.) պէտք է գտնեն: Այսինքն, հասարակական լայն կոնսենսուսին հասնելու համար առնուազն հասարակութեան որոշակի հատուած այնուամենայնիւ գոնէ ինքն իր մէջ այդ համախոհութիւնը պէտք է գտնի, որի պարագայում հնարաւոր կը լինի հասարակութեան լայն համախմբում՝ ապագայի հանդէպ հաւատի եւ համերաշխութեան նոր մթնոլորտի, ինչպէս նաեւ հռչակուած քաղաքականութիւնները իրագործող կառավարիչների շուրջ:

 

«ԱՌԱՒՕՏ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles