ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Վերջերս այցելել էի Լոս Անջելեսի դպրոցներից մէկը, որտեղ բաւականին մեծ թուով հայ աշակերտներ են ուսանում միւս բազմաթիւ ազգերի աշակերտների հետ միասին: Ամերիկեան դպրոցներում իւրատեսակ աւանդոյթ է դարձել դպրոցի մուտքի մօտ մի անձ ունենալ որ այցելուների դիմաւորի, ստուգի փաստաթղթերը. սովորաբար այդ անձը ծնողական կոմիտէի կամաւոր անդամներից մէկն է: Այս դպրոցն էլ բացառութիւն չէր, ինձ դիմաւորեց բարեացակամ մի կին, կոտրուած անգլերէնով, եւ խնդրեց անձս հաստատող վկայականը տրամադրեմ, նաեւ հարցրեց, թէ ի՞նչ գործով եմ այցելել դպրոց: Անձը հաստատող վկայականը ներկայացնելուց յետոյ նրան տեղեկացրի, թէ դպրոցի ղեկավարութեան հետ հանդիպում ունէի: Կինը ժպտաց, եւ շատ բարեացակամ կերպով անունս գրանցեց իր մատեանում, ապա ետ վերադարձրեց վկայականս: Դպրոցական օրուայ վերջն էր, մնացել էր 8 րոպէ: Դռան մօտ մարզական համազգեստով երկու տղաներ զրուցում էին: Հայ երիտասարդներ են, մտածեցի: Առնական, գեղեցիկ ու անհոգ կեցուածքով կարծես թէ ինչ որ բան էին ծրագրում: Կտրուկ շարժուեցին ելքի դռան ուղղութեամբ: Կինը, որ արդէն վերջացրել էր իմ գրանցումը, չափազանց բարեացակամ, բայց դարձեալ կոտրուած անգլերէնով տղաներին հարցրեց. «…ժամանակից շուտ դպրոցից դուրս գալու թոյլտուութիւն ունէ՞ք»: Կարգն այդպէս է. բարձր դասարանի աշակերտներից ոմանք իրենց անձը հաստատող դպրոցական վկայականի վրայ յատուկ տեղ ունեն, որտեղ տարբեր գոյների տարբերանշաններ են փակցուած, եւ ըստ դրանց՝ որոշ աշակերտներ իրաւունք ունեն մինչեւ դպրոցական օրուայ աւարտը դուրս գալ շէնքից: Նրանցից ոմանք քոլեջ են յաճախում, ոմանք էլ աշխատում են օրուայ երկրորդ կէսին: Տղաներից մէկը միւսի թեւից քաշեց ու բարձր հայերէնով ասաց. «Արա դէ էսսսս ովա, արի դուրս գանք»: Միւսը ձեռքը մտցրեց գրպանն ու կնոջը մեկնեց դպրոցական վկայականը: Իր նկարի կողքին յատկացուած տեղում դպրոցից դուրս գալու թոյլտուութեան գունաւոր կտրօնը բացակայում էր: «Տղաներ, հինգ վեց րոպէ է մնացել, դուրս չէք կարող գալ», հաստատուն, բայց էլի բարեացակամ ձայնով դիմեց դրան մօտ կանգնած մեքսիկացի կինը։
«Դէ ապուշ, որ 5 րոպէ ա մնացել, էլ ի՞նչ ես բազառ անում», հայերէնով սրտնեղեց տղաներից մէկը: Նրանց մտքով անգամ չէր անցել, որ ես հայ եմ:
«Տղերք ջան, մի բան կարելի՞ է, ես էլ ասեմ», մօտեցող փոթորիկը ցրելու նպատակով չափազանց բարեացակամօրէն դիմեցի նրանց:
«Վայ հոպար ջան, քո ցաւ՛ն էլ տանեմ, ասա», ուրախացած պատասխանեց տղան: Այստեղ ստիպուած էի կանգ առնել մի պահ ու վերահաստատել համոզմունքս, թէ ինչ հրաշագործ բան է լեզուի տիրապետումը, մեր ոսկեղէն հայոց լեզուն ինչպիսի մոգական ուժ ունի…
«Տեսա՞ք թէ ինչ բարի ձայնով ձեզ դիմեց այս կինը, նա իր գործն է անում, անպատուելու
կարիք չկայ, ընդամէնը մնացել է 5 րոպէ, զանգը կը տայ, դուրս կը գաք»:
«Ախր հոպար ջան, զանգը որ տայ, լիքը մեքենաներ են հաւաքւում, ճանապարհ ընկնելը դժուար կը լինի», ասաց բարձրահասակը, հետն էլ չարաճճի քմծիծաղ տուեց։
«Գիտեմ, ես էլ եմ նման կացութեան մէջ, բայց կարգը դա է, ուրեմն բոլորի պէս եկէք մենք էլ հետեւենք օրէնքին, որ անախորժութիւն չլինի», ասացի:
«Հոպար ջան, քու ցաւն էլ մե՛նք տանենք. որ ասում ես, ո՞նց չլսենք, 5 րոպէ ա, կը սպասենք», պատասխանեց տղան եւ ընկերոջ հետ դրան հակառակ ուղղութեամբ շարժուեցին։
Փառք Աստծոյ, այնքան էլ անբարտաւան չեն, մտածեցի: Մեքսիկացի կինը շնորհակալութիւն յայտնեց տղաներից, ապա շրջուեց իմ ուղղութեամբ ու ինքնաբերաբար՝ իսպաներէնով ինձ դիմեց՝ Gracias: De nada, նրան պատասխանեցի. Իսպաներէն խօսո՞ւմ էք, արդէն անգլերէնով ինձ հարցրեց:
Մի քիչ, ժպտացի: Կինը անկեղծ հրճուեց: Դարձեալ յիշեցի մօրս խօսքերը. «Դուն լեզուն սորվէ, շատ փակ դռներ կը բանաս»: Իմ բարի մայրիկ…
Զանգը տուեց: Հայ տղաները առաջինը մօտեցան դրանը: «Տղերք ջան, շնորհակալ եմ որ խօսքս լսեցիք», ասացի: «Հոպար ջան, աչքիս վրայ», պատասխանեց նրանցից մէկն ու լայն ժպտաց: Հիմա պատկերացրէք մէկ այլ տարբերակ: Տղաները մօտենում են դրանը, ուզում են դուրս գալ, ու ինչ որ մի դպրոցական պաշտօնեայ մօտաւորապէս հետեւեալ ձեւով է նրանց դիմում: «ԷՍ ՈՒ՞Ր ԷՔ ԳՆՈՒՄ, ի՞նչ է, առաջին անգա՞մն է դպրոցից դուրս էք գալիս, չգիտէ՞ք որ յատուկ թոյլտուութիւն է պէտք: ԱՆՄԻՋԱՊԷ՛Ս գնացէք ձեր դասարանը»: Ի՞նչ էք կարծում, տաքարիւն տասնվեցամեայ պատանին ինչպէ՞ս կը պատասխանի նման իրավիճակում։
Ես միշտ կրկնում եմ, որ անչափահասը սխալուելու իրաւունք ունի, ու մեր, մեծերիս պարտականութիւնն է նրանց ուղղելը, ճիշդ ճանապարհ ցոյց տալը: Բայց աւելի կարեւոր է, թէ ի՞նչ ձեւով ենք դիմում անչափահասին, ինչպիսի՞ հնչերանգ ունի մեր ձայնն այդ պահին, ինչպիսի դէմքի արտայայտութիւն ու մարմնական շարժում ունենք, երբ նկատողութիւնը մատուցում ենք: Արդեօք այդ նկատողութիւնը նպատակ ունի ուղղելո՞ւ, թէ՞ ցաւեցնելու: Ու բնաւ կապ չունի, որ արարքը շտկելու մի քանի փորձ արդէն արուել է անցեալում. անչափահասը իր աշխարհով է ապրում, եւ այդ աշխարհում սխալ արարքները ուղղելու համար բազմաթիւ անգամ պէտք է նոյն պատգամները կրկնուեն մեծերի կողմից, տարբեր ժամանակ, տարբեր ձեւով։ Մասնագէտների վկայութեամբ, մինչեւ 25 տարեկան անձը չափահասի մակարդակով չի գիտակցում իր արարքների իսկական հետեւանքները: Այս վկայակոչումը կենսափորձի բացակայութեան հետ մէկտեղ ունի նաեւ ֆիզիոլոգիական պատճառներ: Մարդու ճակատամասում գտնուող այն օրգանը, որ պատասխանատու է այս կամ այն արարքի հետեւանքները գիտակցելու դործում, մինչեւ 25 տարեկան լիովին չի ձեւաւորուել: Հաւանաբար դա է պատճառը, որ Միացեալ Նահանգների մի վիճակագրական վարչութեան տուեալի համաձայն, ինքնաշարժի արկածների գերակշռող մեծամասնութիւնը բաժին է ընկնում 17ից 25 տարեկանների շրջանում: Ուրեմն իմանալով այս ամէնը, մենք պարզապէս պարտաւոր ենք գիտակցել, թէ ինչ եւ ինչպէս ենք սովորեցնում երեխաներին: Յաճախ ենք նեարդայնանում, երբ անչափահասները սխալւում են: Միգուցէ մե՞նք ենք ինչ որ բան սխալ անում, կամ էլ պարզապէս անհամբե՞ր ենք, քանի որ նուազագոյն ներդրումով առաւելագոյն արդիւնք ենք ակնկալում։
Այսօրուայ պէս յիշում եմ, երբ Հոլիվուդի դպրոցներից մէկի մաթեմատիկայի ուսուցիչը ինչպէս էր տրտնջում հայ տղաների վարքի համար: «Չեն լսում, հակաճառում են, այ իսկ աղջիկները շատ լաւն են», իր րոպէական գնահատականն էր կիսւում ինձ հետ: Ինչո՞վ կարող եմ օգնել, ասացի նրան: «Պարզապէս առանց յայտարարելու մի օր մտէք դասարանս ու ինքներդ կը համոզուէք», ասաց: Այդ օրը եկաւ: Դասարանները հիմնականում երկու դուռ ունեն: Յետեւի դռնից ծածուկ ներս մտայ: Վերջի նստարաններին նստած 4 հայ տղաներն ինձ չնկատեցին: Խիստ զբաղուած էին թղթախաղով: «Սիրտը 8», ասաց մէկը: «Խաչը 10», պատասխանեց հակառակորդը: «10 չես հանի, տակ կը տաս», ասացի նրան: Անմիջապէս թաքցրեց թղթերը, միւսներն էլ կարծես կայծակնահար էին եղել: Դիւահարի պէս երեսիս էին նայում: «Խնդրում եմ դուրս եկէք դասարանից, երկու բառ ունեմ ձեզ հետ զրուցելու», շատ ցածր ձայնով նրանց դուրս հրաւիրեցի: Շարժւում էինք իմ սենեակի ուղղութեամբ: Ձայն չէին հանում: Երբ ներս մտանք, նրամց խնդրեցի որ նստեն: Զարմացան դիմումիս առումով, գուցէ կարծում էին, որ պիտի գոռգոռա՞մ, բողոքե՞մ: Նրանցից երկուսը մի քանի ամիս առաջ էին ժամանել Լոս Անջելես: «Բա դա եղաւ հայերէ՞ն», ասացի, «Մաթեմատիկայի փոխարէն բլոտ է՞ք սովորում, ինչպէ՞ս պիտի յանձնէք աւարտական քննութիւնները»: Քար լռութիւն: «Հիմա ի՞նչ ասեմ ձեր ծնողներին»: «Մելիքեան ջան, խնդրում եմ ծնողիս մի ասա, ինչ ուզես, կանեմ քեզ համար»: «Յետո՞յ, ինչպէ՞ս նայեմ հայրիկիդ աչքերին», հարցին հարցով պատասխանեցի, «…խաբե՞մ իրեն»: «Մելիքեան ջան, մի խաբիր, բայց մի էլ ասա թէ ինչ եղաւ էսօր», թախանձագին խնդրում էր տղան: Մի բան կարող եմ խոստանալ, ասացի: Հայրիկիդ կը հեռաձայնեմ, կը պատմեմ եղելութիւնը, բայց խոստանում է խնդրել, որ թոյլ տայ ի՛նձ, աշխատել քեզ հետ: Այսինքն՝ արարքիդ համար ի՛նձ ես պատասխան տալու, ոչ թէ հայրիկիդ»: «Չի համաձայնուի», ասաց տղան: «Տեսնենք», ասացի: Հայրիկի հետ ունեցած 10 րոպէանոց խօսակցութիւնն իր արդիւնքը տուեց, նա համաձայն էր, որ ես բացատրական աշխատանքով զբաղուէի որդու հետ: «Ես իմ խոստումը կատարեցի, հիմա քո հերթն է: Տեղը որ գայ, կ՛ասես մենք հա՛յ ենք, մենք աշխարհի ամենահի՛ն քաղաքակրթութիւներից մէկի ժառանգորդներն ենք. ինչպէ՞ս ես ապացուցում խօսքդ», մեղմ ձայնով յանդիմանեցի նրան: «Հայրդ օր ու գիշեր աշխատում է որ գլխիդ վերեւը տանիք լինի, իսկ դո՞ւ ինչով ես իրեն օգնում»: «Ինչո՞վ օգնեմ, ինձ աշխատանքի չեն ընդունի», ասաց: Քո աշխատանքը դպրոցում սովորելն է, տղաս. արա այնպէս, որ դպրոցից որէեւէ՛ բողոք չստանաք»: Գլուխը կախեց. կարծես թէ խօսքս տեղ էր հասել: «Եթէ միւս անգամ դասի ժամանակ բլոտ խաղաս, ինձ այլեւս բարեւ չտա՛ս», արդէն խիստ ձայնով եզրափակեցի: Միւս ծնողների հետ էլ մօտաւորապէս նոյնանման երկխօսութիւն ունեցայ: Մաթեմատիկայի ուսուցչի հետ զրուցելիս նրան տեղեկացրի թէ ինչ զարգացում ունեցաւ միջադէպը: «…ընդամէնը զրո՞յց ունեցաք հետները, ու ոչ մի պատի՞ժ», խէթ խէթ նայեց վրաս: «Իսկ ո՞րն է ձեր նպատակը, պատժե՞լը, թէ՞ աշակերտի վարքն ուղղելը»: Պատասխան չստացայ: «Խորհուրդ կը տամ աշակերտների հետ շփուելիս հետաքրքրութիւն ցոյց տաք իրենց մշակոյթի, առօրեայի, նիստ ու կացի նկատմամբ», ասացի: Անցաւ որոշ ժամանակ: Մաթեմատիկայի ուսուցիչը իր հայ աշակերտների հետ մասնակցել էին Լոս Անջելեսի թրքական հիւպատոսարանի մօտ կազմակերպուած ապրիլքսանչորսեան բողոքի ցոյցին: Յուզուած նայում էի նրանց նկարներին. «Երբեւիցէ չհաւատաս, որ այս աշակերտներիցդ որեւէ՛ մէկը քեզ անարգի, չենթարկուի. դու ապահովել ես քո դասաժամի սահուն ընթացքը. այս աշակերտները քեզ յարգում են, քանի որ յարգանքը փոխադարձ է»:
Շատ անգամ ցանկալի արդիւնքի հասնելու համար պարտաւոր ենք վերծանել անչափահասի հոգեբանութիւնը խորութեամբ, թէ տուեալ պահին ինչո՞վ է նա հետաքրքրուած, եւ մենք, մեծերս, ինչպէ՞ս կարող ենք գործի դնել մեր կենսափորձն ու գիտելիքները, որպէսզի աւելի սահուն դարձնենք երեխային կրթելու, մարզելու ճանապարհը: Արդեօք կը բղաւե՞նք ինչ որ մէկի վրայ, եթէ նա լողանալ չգիտի, կը պահանջե՞նք նրանից, որ լողի գերազանց արդիւնք ցոյց տայ: Լողալ է պէտք սովորեցնել, շարունակաբար, հետեւողականօրէն…
Մօտ 10 տարի առաջ հայաշատ մի դպրոց էի այցելել։ Զանգը հնչեց, բայց մի խումբ հայ տղաներ չէին շտապում դասարան գնալ: Գարնանային օրն այնքան հրապուրիչ էր, որ ակամայից մարդ ուզում էր դրսում մնալ, ըմբոշխնել բնութեան հրաշքը: Տղաները նստած էին խոտերին ու ինչ որ թեմայով զրուցում էին: Մօտեցայ: «Բարեւ մեր լաւ տղերքին», ասացի: Ինձ չէին ճանաչում, բայց յարգանքով պատասխանեցին բարեւիս: «Է, ի՞նչ կայ, ի՞նչ չկայ», ասացի: «Ի՞նչ պիտի լինի, ջանսաղութիւն», հոգոց հանեց նրանցից ամենատարիքովը: Նայեցինք իրար, ու բոլորս փռթկացինք, ասես մի խումբ ծերունիներ էինք այդ պահին, որ իրար հանդիպել ու զրուցում էինք աշխարհի լաւից ու վատից: Պահը որսացի. «Տղերք ջան, հիմա որ ուշացած գնաք դասարան, ի՛նձ են մօտենալու ու ասեն տե՞ս, քո հայերը միշտ ուշանում են դասից»: «Միշտ չենք ուշանում, բայց էսօր լաւ օր է», ասաց կարճահասակ, կապոյտ աչքերով շիկահերը: «Գուցէեւ ճիշդ ես ասում, բայց ինձ կարող են ասել, թէ միշտ էք ուշանում», պատասխանեցի ժպտալով: «Վե՛ր կացէք, ուղի՛ղ դասարան», հրամայեց տարիքով աշակերտը: Բոլորը մի մարդու պէս արագ վազքով շարժուեցին դէպի դպրոցի մասնաշէնքը:
Լինում են նաեւ պարտութիւններ, երբ անկախ հնարքներից կամ մօտեցման ձեւերից, արդիւնքը տխուր է լինում: Կարծում եմ, որ այսպիսի դէպքերում մասնագիտական խոր միջամտութիւն է հարկաւոր… Բայց վհատուելու կարիք չկայ, պարզապէս պէտք է առաջ շարժուել, ու նորից փորձել երիտասարդին օգնելու
Մէկ այլ ճանապարհ գտնել: Առնուազն կարող ես ինքդ քեզ սփոփել, որ բոլոր միջոցներն ու ճանապարհները սպառել ես: Շատ անգամ տուեալ երիտասարդը մէկ ուրիշ մեծահասակի խօսքի կարիքն ունի, ոչ թէ հէնց տուեալ անձի, որ փորձել է աշխատել նրա հետ, բայց չի ստացուել: Սա պարտութիւն չէ, պարզապէս հնարաւոր չէ որ մի անձնաւորութիւնը կարողանայ բոլորի հետ լեզու գտնել:
Երբ Հայաստանի սահմանամերձ գիւղերից մէկի դպրոցում անգլերէն էի դասաւանդում, մտքովս անգամ չէր անցնի, որ մի օր երկնքից շնորհակալութիւն կը յայտնեմ, որ ինձ հնարաւորութիւն է ընձեռնել երեխաների հետ աշխատել: Պարտաւո՛ր ենք խոստովանել, թէ որքան մենք ենք պէտք երեխաներին, այդքան, ու գուցէ աւելի շատ նրա՛նք են մեզ պէտք, որպէսզի յիշեցնեն մեզ, թէ պէտք է պատշաճ, պարկեշտ, օրինակելի կեանքով ապրել, այլապէս հունից դուրս գալը շատ հեշտ է այս աշխարհում: