Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Թէ Ինչպէս Շուէյցարացի Զոյգը Հայոց Ցեղասպանութեան Ժամանակ Փրկեց 8000 Որբերի

$
0
0

0718elibeth

Հեղինակ՝ ՀԱՐՐԻ ՊՕՂՈՍԵԱՆ

Թարգմանեց՝ ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

 

Ինձ բախտ է վիճակուել լինել ականաւոր մի կնոջ՝ Էլիզաբեթ Կուենզլեր Մարշալի ընկերը: Նա ծնուել է 1917թ. Յունիսի 19ին, Ուրֆայում: Նա բժիշկ Ջէյքոբ Կուենզլերի աղջիկն է:

Բժիշկ Կուենզլերն ինձ յիշեցնում է Օսկար Շինդլերին, ով Հոլոքոսթի ժամանակ փրկել է մօտ 1200 հրեայի կեանք: Բժիշկ Կուենզլերը արել է ամէն ինչ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ Ուրֆայից, Մարդինից, Դիարբեքիրից, Հարփուրից, Քեմալիէյից, Արաբկիրից ու Մալաթիայից եղող 8000 հայ որբերի կեանքը փրկելու համար:

Բժիշկ Կուենզլերը շուէյցարացի բժիշկ էր, ով «Արեան Ու Արցունքի Երկրում» գրքի հեղինակն է: Այն ամփոփում է նրա կեանքի 23 տարիները որպէս բժշկական տեխնիկ Թուրքիայում (1899-1922): Նա աշխատում էր հայ քրիստոնեայ բնակչութիւն ունեցող Ուրֆայում ու ծառայութիւն մատուցում հիւանդներին, վիրաւորներին ու որբերին. դա շատ նման է նրան, որ այսօր կոչւում է բժիշկ առանց սահմանների:

Երբ բժիշկ Կուենզլերն ու նրա կինը որբերին Թուրքիայից տարել են Լիբանան ու Սիրիա, նա ասել է. «Մեզ համար ուրախութիւն էր դա, այն մեր կեանքի ամենալաւ փուլերից մէկն էր»: Իմ տատը՝ Սանդուխտը, եւս որբ էր մնացել: Նա տասը տարեկան է եղել, երբ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ կորցրել է իր ընտանիքը: Հնարաւոր է, որ նա եղել է այն որբերից մէկը, ում փրկել է բժիշկ Ջէյքոբը:

Ես հանդիպել եմ Ջէյքոբ Կուենզլերի աղջկան՝ Էլիզաբեթին ու նրա թոռ Փեթ Մարշալին Սան Դիէգոյի մեր հայկական եկեղեցում: Նրանք եկել էին Արա Գազարեանի ներկայացմանը: Վերջինս գրել է Կուենզլերի գրքի նախաբանը, ինչպէս նաեւ գրքի անգլերէն թարգմանութեան խմբագիրն է:

2010թ. Ապրիլին Էլիզաբեթն ինձ իր տուն հրաւիրեց: Ես շատ էի հետաքրքրուած հօր մասին նրա պատմութիւններով: Նա ասաց. «Ես յիշում եմ՝ երկու տարեկան էի եւ խաղում էի իմ հօր միսիոներական որբանոցում գտնուող որբերի հետ: Նրանք ինձ համար քրոջ ու եղբօր նման էին»:

Ես հարցրեցի նրան, թէ որքան կապուած է եղել Ջէյքոբ Կուենզլերի հետ: Նա պատասխանեց. «Ես նրա երեխաներից ամենափոքրն էի: Մենք մի եղբայր եւ չորս քոյր էինք եւ ունէինք հայ որդեգիր քոյր՝ Ռոզան, նրան որդեգրել էին մեր ծնուելուց առաջ:

Այդ օրերին այն որբերին ու երեխաներին, ում գիւղում չէին կարողանում խնամել, հիմնականում տանում էին եկեղեցի: Իմ ծնողները  իրենց տանը հայ սպասուհի ունէին, ով գտնւում էր եկեղեցում, այն ժամանակ, երբ այնտեղ տուն էին փնտռում այդ երեխաներից ոմանց համար: Նախարարը հարցնում է հաւաքուածներին. «Ո՞վ կը վերցնի այս երեխային, ո՞վ կը վերցնի այս միւս երեխային», նրանց բոլորին վերցնում են, բացի մի երեխայից, ով կեղտոտ էր, ոջլոտ մազերով ու հիւանդ աչքերով: Նա միայն մի վերնաշապիկ ունէր: Նա ընդամէնը չորս տարեկան էր: Մեր սպասուհին ասում է. «Ես կը վերցնեմ նրան: Մենք կը վերցնենք նրան»: Նախարարն ասում է նրան. «Ինչպէ՞ս կարող էք դուք խնամել աղջկան»: Դրանից յետոյ նա վազելով գալիս է իմ ծնողների մօտ եւ ասում. «Այնտեղ մի աղջնակ կայ, ով մենակ է, ոչ մէկը չի ցանկանում վերցնել նրան, նա փողոցում կը յայտնուի»: Իմ ծնողները գնում են նախարարի մօտ: Մայրիկս իր առաջին երեխային է սպասելիս լինում այդ ժամանակ: Երբ նրանք տեսնում են այդ երեխային, ասում են. «Իհարկէ, մենք անմիջապէս կը վերցնենք երեխային»: Նրանք տուն են բերում աղջկան, մաքրում, առողջացնում, ու նա դառնում է իմ աւագ քոյրը՝ Ռոզան: Կարճ ժամանակ անց, իմ մայրիկն ունենում է իր առաջնեկին. նա տղայ էր: Ես ամենափոքրն էի: Իմ ծնողները երկուսն էլ որբեր են եղել եւ միշտ ցանկացել են ընտանիք ունենալ ու հոգ տանել նրանց մասին: Նրանք կազմակերպել ու իրականացրել են մօտ 8000 հայ որբերի տեղափոխումը Թուրքիայից դէպի Սիրիա ու Լիբանան: Դուք կարդացե՞լ էք գիրքը: Նրանք հարիւր առ հարիւր տարել են այդ երեխաներին: Իւրաքանչիւր երեխայ իր հետ տանում էր իր վերմակը: Նրանք ունէին չոր սնունդ ճաշի համար: Նրանք ստիպուած էին անցնել բազմաթիւ անցակէտերով. քրդերը երբեմն փորձում էին կանգնեցնել նրանց՝ ասելով. «Մենք կարող ենք օգտագործել այս երեխաներից մէկին», բայց Ջէյքոբն ասում է. «Նրանք իմը չեն, ես ուղղակի տեղափոխում եմ նրանց, ահա մարդկանց ցուցակը»: Նա իւրաքանչիւր երեխայի անունն ունէր ցուցակագրուած: Մէկ առ մէկ նրանց հաշւում էին, այնուհետեւ՝ շարունակում էին ճամբան:

Ամէն օր իմ մայրը խմբից աւելի շուտ էր գնում եւ պատսպարանում պատրաստում բաւարար հաց: Հայրս հարիւրաւոր երեխաների հետ գալիս էր: Նրանք իրենց ամէնօրեայ ապուրն էին վերցնում ընթրիքի համար: Յաջորդ առաւօտ նրանց տալիս էին մի բաժակ կաթ ու հաց, ինչպէս նաեւ չրեր, ապա շարունակում ճամբան: Իմ մայրը կրկին առաջ էր գնում ու անում նոյնը ամէն օր, մինչեւ որ հասնում էին Լիբանանի սահմանին: Նրանք գտել էին մի հին վանք մինչ Ղազիր հասնելու ճանապարհին, որն օգտագործում էին որպէս որբանոց: Այն գտնւում էր Միջերկրական ծովից վերեւ:

Ծնողներս հոգ էին տանում բոլոր որբերի բարեկեցութեան համար: Եթէ լինում էր մի երեխայ, ով իրեն լաւ չէր զգում, բերում էին մեր տուն, մեր ընտանիքի մօտ: Նրանք մեզ հետ էին ապրում մի որոշ ժամանակ եւ երբ լաւանում էին, ուղարկում էին որբանոց, որն իրապէս դպրոց էր, քանի որ նրանք սովորում էին գրել ու կարդալ:

Երբ այդ երեխաները մեծանում էին, նրանց հրահանգւում էր սովորեցնել մէկը միւսին: Մայրիկս գիտէր, որ նրանք չէին կարող ընդմիշտ մնալ որբանոցում, ինչի պատճառով էլ նրանց սովորեցնում էր արհեստ՝ տնային տնտեսութիւն, կար ու ձեւ, խոհարարութիւն, դայակութիւն, կօշկակարութիւն եւ կարպետագործութիւն: Բոլոր երեխաները խելացի էին եւ նրանցից շատերը, մինչեւ պատերազմի սկիզբը, իրենց տներում սովորել էին որեւէ արհեստ: Մի օր մայրիկս ասում է, որ այս երեխաները գորգագործութեան շնորհք ունեն եւ առաջարկում է գորգագործարան բացել: Ջէյքոբ Կուենզլերը Լիբանանում որբերի համար հիմնադրում է գորգագործարան»:

Որբ հայ աղջիկները մի մեծ գորգ են գործել ԱՄՆի նախագահի համար: Գորգը 1925թ. Դեկտեմբերի 4ին ուղարկուել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին: Գորգի հակառակ կողմում առկայ է. «Ոսկէ կանոնի երախտագիտութիւնը նախագահ Քուլիջին» գրութիւնը: Այն որոշ ժամանակ ցուցադրուել է Սպիտակ տանը, որտեղ այն եղել է ամէնօրեայ խորհրդանիշ ի նշան աշխարհում բարի կամքի դրսեւորման:

2014թ. Մարտի 22ին Էլիբեթը, նրա աղջիկ Փոլլին ու ես նրա հիւրասենեակում գտնուող գորգը տեսանկարահանեցինք: Էլիբեթն ասաց. «Այս կարպետը գործել են այն հայ որբերը, ովքեր Լիբանանում աշխատում էին հայրիկիս համար»: Փոլլին ասաց. «Երբ երեխայ էինք, նստում էինք կարպետի վրայ եւ նայում էինք նրա վրայ գործուած բոլոր կենդանիներին, խաղում էինք գորգի վրայ»:

2014թ. Մայիսի 19ին Վաշինգտոնում ես պլանաւորել էի հանդիպել կոնգրեսմեն Տիմոտի Բեգրինի հետ, ով կոնգրեսմենի աշխատակազմի ղեկավարն էր: Ես ցոյց տուեցի այն սկաւառակը, որտեղ տեսանկարահանուած էր Էլիբեթի գորգը, Ջէյքոբ Քուենզլերի «Արեան Ու Արցունքի Երկրում» գիրքը, Էլիբեթի հետ ուեցած լուսանկարս: Տիմոտին վերցրեց նկարը. այդ ժամանակ ես ասացի. «Խնդրում եմ, ցոյց տուէք սրանք կոնգրեսմեն Ադամ Շիֆին, մենք կ՛ուզենանք տեսնել հայ որբերի կողմից գործուած օրիգինալ գորգը»: 2014թ. Նոյեմբերին այդ գորգը ցուցադրուել է Սպիտակ տան այցելութիւնների կենտրոնում:

Ամերիկեան Մերձաւոր Արեւելքի օգնութեան կազմակերպութիւնը հիմնադրել էր մի որբանոց, որն օգնութեան եկաւ այն ժամանակ, երբ գերմանացիները, ֆրանսիացիներն ու դանիացիները, ովքեր գումար էին տալիս այս ծրագրերն իրականացնելու համար, սնանկացել էին: Այսպիսով՝ Ամերիկեան Մերձաւոր Աեւելքի օգնութեան կազմակերպութիւնը եկաւ ու փրկեց ամէն ինչ:

«Իմ ծնողները եւս կազմակերպում էին հայկական հարսանիքներ: Ամերիկայում ու այլ երկրներում բնակուող մարդիկ գրում ու ասում էին. «Մենք մի լաւ աղջիկ ենք ուզում մեր տղայի համար: Կա՞յ որեւէ մէկը», նամակագիրներին պատասխանում էին. «Այո՛, մի քանի հոգի կայ», ապա մէկ ուրիշ նամակ էր գալիս. «Խնդրում ենք՝ ուղարկէք մէկին մեր տղայի համար»: Մայրս ասում էր. «Մենք չենք կարող աղջիկ ուղարկել ձեզ, նրանք նախ պէտք է ամուսնանան, այնուհետեւ կարող են գալ ձեզ հետ»: Բայց շատ յաճախ տղան չէր կարողանում գալ, քանի որ հնարաւորութիւնները չէին ներում, այդ ժամանակ նրանք նկար էին ուղարկում: Դուք էլ գիտէք, որ հայկական հարսանիքների ժամանակ զոյգի գլուխները միացնում են իրար: Հիանալի է տեսնել դա: Իմ ծնողներն այնքան էին ուրախանում, երբ տասը կամ աւելի տարի անց նամակ էին ստանում՝ ուղղուած հայր Կուենզլերին, Բէյրութ, Լիբանան: Փոստատարն էլ գիտէր, թէ ով է նա: Հայրս շնորհակալական նամակ էր ստանում  նրանց այդ հիանալի աղջկան տալու համար. աղջիկ, ով նրանց երեխաներ է պարգեւել եւ հիանալի կին է: Դա տեղի է ունեցել մի քանի անգամ: Ոմանք գնացել են Հարաւային Ամերիկա, ոմանք՝ Միացեալ Նահանգներ: Այնքան երեխաներ կային, ովքեր որդեգրուել են եւրոպացիների կողմից՝ Գերմանիայում ու Ֆրանսիայում: Ես խաղացել եմ այդ երեխաների հետ, նրանք իմ ընկերներն էին:

Իմ հայրը մի նկար ունի որբ տղաների հետ, Բէյրութում: Այն իմ ամենասիրելի նկարն է: Դա մօրաքոյր Այդայի գրքում է. «Հայր Կուենզլերն Ու Հայերը»՝ Այդա Ալամուդդինի կողմից: Նա սիրում էր երեխաներին: Նրանք միշտ նրա գիրկն էին գնում: Երեխաներն ուղղակի սիրում էին նրան, նա միշտ այնտեղ էր լինում ու խնամում նրանց:  Նրանք նաեւ խաղում էին նրա հետ, քանի որ վերջինս ասում էր. «Ես 7 տարեկանից որբ եմ եղել»: Նա սիրում էր երեխաներին»:

Էլիբեթ Կուենզլեր Մարշալը հիանալի կին էր: Նա սիրում էր այգեգործութեամբ զբաղուել, լողալ, գլուխկոտրուկներ հաւաքել եւ գնալ լողափ: Նա հաւանում էր վարդերը, որոնք նրան էի բերում ամէն ամիս: Ես հումուս էի պատրաստում նրա համար, նա մատը տանում էր դէպի հումուսը, հանում ու դնում բերանը: Նա ինձ առաջակում էր միասին թէյ խմել: Մենք նշեցինք նրա 95ամեակը: Ծննդեան տորթ էինք պատրաստել եւ նրա համար անակնկալ նուէրներ արել: Մենք նստեցինք ու լսեցինք նրա պատմութիւնները իր հօր առաքելութեան մասին, բաներ, որ մենք երբեք չենք ապրել մեր կեանքում: Նա նաեւ կարդացել է իմ յօդուածը, որը ես ներկայացրել եմ Կալիֆորինայի պետական կապիտոլիումի անդամների առջեւ:

1949թ. Յունուարի 15ին Ջէյքոբ Կունեզնլերը մահացաւ Ղազիրում. նա յայտի դարձաւ որպէս հայ որբերի հայր: Նա հիանալի մարդ էր, ով ուրիշներին լոկ տալիս էր եւ փոխարէնը ոչինչ չէր սպասում: Թուրքիայում գտնուելու ժամանակ նա ապրել է հայերի հետ 20 տարի ու ականատես եղել, թէ ինչպէս են հայերը տանջանքների ենթարկուել 1895-1923թթ., թէ ինչպէս են հայ տղամարդիկ, կանայք ու երեխաները ենթարկուել անասելի տանջանքների: Նրանք աքսորուել են իրենց տներից, սպանուել, կոտորուել, ստրկացուել եւ այլն առանց խղճի կամ մեղքի զգացումի: Նրանց մէջ են եղել նաեւ իմ տատն ու պապը:

Բժիշկ Կուենզլերը իր ու իր ընտանիքի կեանքը վտանգի է ենթարկել, որպէսզի փրկի հազարաւոր վիրաւոր ու հիւանդ մարդկանց: Նա սէր է տուել այն հազարաւոր մարդկանց, ովքեր անսահման տանջանքների են ենթարկուել: Ես երբեք չեմ մոռանայ այն անզուգական հրաշքներն ու լաւ գործերը, որոնցմով նա մեզ օրհնել է: Նա բացառիկ մարդ էր: Մենք պէտք է միշտ յիշենք այս հիանալի մարդուն, նրա ընտանիքին եւ այն ամէնը, ինչ նրանք արեցին 8000 կեանքեր փրկելու համար:

2017թ. Ապրիլի 17ին Էլիբեթի աղջիկը՝ Փոլլին, զանգահարեց ինձ եւ ասաց, որ Էլիբեթը մահացել է նախորդ օրը՝ 2017թ. Ապրիլի 16ին, Զատկի Կիրակի օրը:

Մինչ նրա մահը ես մի քանի անգամ այցելել եմ նրան: Նա ճանաչեց ինձ, եւ մենք խօսեցինք մի քանի րոպէ: Յետոյ ես շոյեցի նրա ձեռքը: Նա իմ երկու ձեռքը բռնեց ու ասաց. «Դու ինչքա՜ն բարի ես իմ նկատմամբ: Ես չգիտեմ՝ ինչո՞ւ»: Նա անընդհատ կրկնում էր դա: Այնուհետեւ նա բարձրացրեց իմ ձեռքերն ու համբուրեց, նախ՝ ձախը, ապա՝ աջը, եւ ասաց. «Ես սիրում եմ քեզ», ես էլ պատասխանեցի. «Ես էլ քեզ եմ սիրում»: Նա երկար ժամանակ բռնած պահեց ձեռքերս: Մօտ 20 րոպէ անց ես ասացի, որ պէտք է գնամ, բայց նա չէր ցանկանում բաց թողնել ձեռքս: Վիկին՝ բուժքոյրը, մեզ մօտ էր, ես խնդրեցի նրան օգնել ինձ ազատել ձեռքերս: Ես ասացի. «Ես շուտով էլի կը գամ, ու մենք միասին թէյ կը խմենք», նա պատասխանեց. «Այո՛, շատ լաւ կը լինի», ապա աւելացրեցի. «Ես կ՛այցելեմ քեզ յաջորդ շաբաթ կամ երկու շաբաթ անց»:

Դա իւրայատուկ պահ էր մեզ համար, քանի որ գիտէինք, որ չենք ունենալու շատ ժամանակ միասին անցկացնելու համար: Սիրոյ վերջին թանկագին պահն էր, որն այլեւս չէր կրկնուելու:

Անհնար է անտեսել նրա անկրկնելի պատմութիւնը, որը յաւերժ կ՛ապրի մեր սրտերում:

 

«ԱԿՈՒՆՔ»

 

 


 

 

ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ

 

 

VREJ PASTRY

 

 

1074 N. Allen Ave.,

Pasadena

626-797-2331

 

 

11148 Balboa Blvd.,

Granada Hills

818-366-2526

 


 

 

GASKA

 

Property Management/Investment

 

100 West Broadway, Suite 950

Glendale, CA 91210

TEL: 818-956-7599

FAX: 818-546-8549

 

 


 

 

SIDON TRAVEL

 

 

428 S. Central Ave.

Glendale, CA 91204

818-553-0777

 


 


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles