ՍԵՐԳԷՅ ԼԵՌՆԱՅԻՆ
Սովորական գիշեր էր, ինչպէս տասնեակ գիշերները՝ դիրքերում: Հարթագողի ճանապարհը կախուել էր բոցկլտուն ծածկոցի պէս:
Անքնութիւնը վաղուց սովորական էր դարձել: Արդբեջանական զինուժն անընդհատ գնդակոծում էր առաջապահ դիրքերը: Դիպուկահարներն առանց աչք թարթելու հետեւում էին հայ զինուորներին եւ, հնարաւորութեան դէպքում, կրակում:
Գիշերը համեմատաբար անվտանգ էր: Զինուորները կատակում էին, որ ազերիները գիշերը կրակել են՝ աւելի շուտ վախից՝ վախենալով, որ մեր հետախուզութիւնը կը թափանցի իրենց մօտ: Բայց ամէն դէպքում պէտք էր զգոյշ լինել: Առաւել եւս՝ հիմա, երբ արեւելքում արեւն արդէն ծագել է: Վատ ժամ է:
– 9 ամիս է մնացել ծառայութեանս եւ վերջ «քաղաքացիական» եմ: Կը քնեմ՝ ինչքան ուզեմ, եւ ոչ մի հրամանատար չի լինի, – մտածեց ու ժպտաց:
– Քնած չե՞ս, զինուոր, – հրամանատարի ցածր ձայնը լսեց անմիջապէս կողքին:
– Ոչ մի կերպ, հրամանատար, – շշնջաց նա՝ նահանջող խաւարի մէջ շարունակելով նայել եւ լսել գիշերային ձայները:
Այստեղ՝ առաջապահ դիրքում, ընդունուած չէ սովորականի պէս հրամանատարին պատիւ տալը:
Մշտական լարուածութիւնն ու զգուշաւորութիւնը իրենց հետքն են թողել փոխյարաբերութիւնների վրայ:
Այնպէս չէ, թէ տնավարութիւն է եղել, հրամանատարը մնում է հրամանատար: Բոլորը գիտեն, որ վայրկենական սխալը կարող է կեանք արժենալ:
– Հանգի՞ստ է ամէն ինչ: Ոչինչ չի՞ լսւում:
– Ճիշդ այդպէս: Ինչպէս միշտ:
– Դէ ես առաջ եմ գնում: Քեզ շուտով կը փոխարինեն, – ուսին թփթփացրեց հրամանատարը եւ կորաւ խաւարի մէջ:
Հրամանատարի հարցում նրա բախտը բերել է: Զինուորները նրան յարգում էին: Նա երբեք չէր բարձրացնում ձայնը եւ կարող էր երկար բացատրել ու ցոյց տալ, թէ ինչպէս պէտք է գործել այս կամ այն իրավիճակում: Զինուորների հերթափոխ է արել, երբ տեսել է, որ չեն կարողանում շարունակել հսկողութիւնը:
Ոչ ոք չգիտէր, թէ երբ է նա քնում: Միշտ ոտքի վրայ էր: Քայլում է, նայում, սթափեցնում:
Ահա եւ հիմա նա լուռ շարժուեց առաջ՝ դիրքերի ուղղութեամբ եւ ոգեւորում հերթապահութիւն իրականացնող զինուորներին:
Շուոց… պայթիւն…
Պայթիւնի ալիքը նրան խրամատի խորքը շպրտեց:
Մինչեւ հասկանար, թէ ինչ պէտք է անել, արագ վերցրեց ինքնաձիգը, իջեցրեց ապահովիչը եւ ձգեց փակաղակը:
Նայեց շուրջը:
Աջից բղաւելով վազում էր հրամանատարը: Բայց աղմուկի մէջ հնարաւոր չէր նրան լսել: Արկերը ծածկել էին դիրքը: Դրանցից մէկն ընկել էր կացարանի վրայ: Փառք Աստծոյ, զինուորները հասցրել էին դուրս պրծնել այնտեղից:
Հրամանատարը հանգիստ, ինչպէս զօրավարժութիւնների ժամանակ, հրամայեց.
– Բոլորը զբաղեցնեն իրենց դիրքերը: Գլուխներդ չհանէք: Հակառակորդը գրոհելու է: Հատ-հատ էք կրակում:
Հրամանատարութեանը հաղորդել այն մասին, որ մենք գնդակոծութեան տակ ենք:
Արկերի պայթիւնները շարունակում էին ողողել մեր դիրքերը: Սարսափելի է:
– Տէր Աստուած, պահիր ու պահպանիր:
Հրամանատարը, պահը որսալով, խրամատից դուրս նայեց:
– Գրո~հ: Ձեր մերը… Կրա~կ:
Ոտնաձայները չեն լսւում: Ցանկութիւն չկայ խրամատից դուրս գալու: Այստեղ անվտանգ է: Պայթիւններ: Դրանք ծածկւում են ալիքով, հողով: Շուրջը փոշու ամպ է:
Ծխի եւ փոշու միջով նա տեսաւ հրամանատարի դէմքը:
– Առա՜ջ, որդիս: Նրանք գալիս են: Յետոյ կը վախենանք:
– Ես քեզ ի՞նչ որդի: Ընդամէնը ութ տարով ես մեծ ինձանից, – հազիւ էր հասցրել մտածել, երբ հրամանատարի ձեռքը հրեց նրան դէպի խրամախորշ:
Տանկերը նա անմիջապէս նկատել էր: Լուսադէմի մշուշի մէջ դրանք մի տեսակ անսովոր էին:
Ամէն ինչ, ասես, ֆիլմ լինէր: բայց ֆիլմ չէր…
– Կրա՜կ: Կրա՜կ:
Պայթիւնների ձայների մէջ նա լսեց ինքնաձիգերի եւ գնդացիրների կրակոցները:
– Ինչո՞ւ իմ ինքնաձիգը չի կրակում, – նա շարունակում էր սեղմել ձգանը, բայց չէր կրակում:
– Գրողը տանի: Փամփշտակալը դատարկ է:
Երկու րոպէում նա դատարկել էր ամբողջ փամփշտակալը: Մոռացել էր հատ-հատ կրակոցների վրայ դնել:
– Կեցցես, զինուոր: Ճզմի դրանց, – հրամանատարը մի զինուորի մօտից միւսի մօտ էր վազում՝ ոգեւորելով նրանց:
Տանկերը կրակ էին թափում միաժամանակ: Դիրքերը պայթիւնների տակ էին:
Վայրկենական դադար ու կրկին կրակոցներ:
– Առա՜ջ, տղերք: Օգնութիւնը հիմա կը հասնի: Կրա՜կ, Կրա՜կ:
Արդէն սարսափելի չէ: Չէ, ստում եմ. սարսափելի է: Բայց նրանց համար աւելի սարսափելի է: Նրանք վախենում են:
Հակառակորդի հետեւազօրն արդէն չի երեւում: Նրանք պառկած են: Տանկերի շուրջ պայթիւնների սիւներ են բարձրանում: Ուռա՜: Պատերազմի աստուածները: Հրետանին սկսել է հարուածել թշնամուն:
Թշնամու հրետանին չի լռում, կրակում է մեր դիրքերի վրայ: Տանկերը շարունակում են առաջ շարժուել: Գոնէ մէկը ոչնչացրէք:
Նրա մտքերը կարծես կարդացին. տանկերից մէկը կորաւ ծխի մէջ:
Վրիպեց, – նա հազիւ էր մտածել, երբ նկատեց, որ տանկի աշտարակը թռել է:
«Ուռա՜» լսուեց խրամատներով մէկ: Եւ, միանալով այդ ձայնին, երկրորդ տանկն էլ կանգնեց ու կորաւ ծխի մէջ:
Թշնամին շարունակում էր հարուածել բոլոր զինատեսակներից: Չնայած կորուստներին՝ առաջ էր շարժւում:
Ինքնաձիգերն ու գնդացիրները տաքացել էին: Հազարաւոր մահաբեր փամփուշտներ թռչում էին թշնամու ուղղութեամբ:
– Առա՜ջ, գնդացրի մօտ, գնդացրորդը զոհուել է, – հրամանատարը գոռաց նրա ականջին եւ զբաղեցրեց իր տեղը:
Ենթարկուելով՝ զինուորը նետուեց գնդացրի մօտ: Բայց, տեսնելով սպանուած գնդացրորդին, կանգ առաւ:
– Վա՜յ, – վախը կրկին գլուխ բարձրացրեց: – Հնարաւոր է ես է՞լ մեռնեմ: Այդ դէպքում ի՞նչ կը լինի հօրս ու մօրս հետ:
– Զինուոր, մի՛ վախեցիր: Մենք պէտք է կանգնեցնենք թշնամուն: Այլապէս բոլորս կը սպանուենք: «Դաւա~յ», ցաւդ տանեմ: Լոխ լեաւա իննան, – հրամանատար, հասկանալով զինուորի վիճակը, յայտնուեց նրա կողքին, – Դաւա՜յ, կանգնեցրու նրանց:
Թշնամին նկատելով, որ գնդացիրը լռել է, կրակի ուղղութիւնը փոխեց:
Ստուգելով պահեստատուփը՝ զինուորը շոյեց ձեռքի գնդացիրը եւ նայեց զոհուած գնդացրորդին:
– Լոխ լեաւա իննան: Ես կը լուծեմ քո վրէժը, եղբայր:
Գնդակներն ուղղուեցին թշնամու վրայ, որ կրկին գրոհել էր:
Գնդացիրը հարուածում էր ուղիղ նրանց դիմաց: Պայթիւնի ալիքը ետ էր շպրտել նրան:
Գլխում ամէն ինչ հանգիստ է:
Ինչ-որ մէկը խփեց նրա ուսին: Զինուորը բացեց աչքերը: Նրա առաջ մէկը գլուխ խոնարհեց:
Տարիքով տղամարդ էր՝ անթրաշ դէմքով: Տարօրինակ համազգեստ ունէր հագին: Նրանց գնդում նման համազգեստ չկայ:
– Միթէ՞ ազերիները ճեղքել են պաշտպանութիւնը, – մտածեց նա եւ վախեցած նայեց տղամարդու դէմքին: Վերջինս ժպտաց: Այդ ժպիտի մէջ ինչ-որ ծանօթ բան կար: Չի կարող պատահել:
– Արմէն քեռի՞, – անվստահ հարցրեց նա:
– Հա, տղաս, ես եմ,- ժպտաց տղամարդը եւ գրկեց զինուորին:
– Բայց ինչպէ՞ս: Չէ՞ որ դու 24 տարի առաջ զոհուել ես: Ես է՞լ եմ զոհուել, – սարսափահար մտածեց նա եւ կրկին յիշեց մօրն ու հօրը:
– Ոչ, տղաս, դու ողջ ես:
– Այդ ինչպէ՞ս է, որ դու այստեղ ես:
– Կանգնի՛ր, – Արմէն քեռին բարձրացրեց նրան, – նայի՛ր ինձ:
Շուրջը բոլոր պայթիւնի ամպ էր բարձրացել, լսւում էր արկերի եւ ռումբերի սուլոցը: Չորս կողմում, խելագարուածի պէս, թափւում էին փամփուշտները: Երեք տանկ վառւում էր հէնց խրամատների առաջ: Զինուորներն առանց աւելորդ իրարանցման եւ զարմանալի հանգստութեամբ պաշտպանւում էին: Այնպիսի զգացողութիւն է, որ նրանք նորակոչիկներ չեն, այլ մի քանի մարտ տեսած տղամարդիկ:
Նա պարզ տեսաւ թշնամուն՝ անմիջապէս կողքին: Զինուորը զգաց նրանց: Նրանք սարսափում էին:
– Նայի՛ր:
Նա նայեց ծխի ամպի, փոշու միջով…
Տասնեակ տղամարդիկ՝ տարօրինակ համազգեստով, քաղաքացիական հագուստով, յոգնած աչքերով, կանգնեցին դիրքերում՝ զօրակոչուածների կողքին:
Ուխ, այս ե՞րբ է հասցրել հասնել օգնութիւնը:
– Արմէն քեռի, նա…նա, ախր, մեր հարեւանն է: Նա զոհուել է Շուշիի ազատագրման ժամանակ:
– Այո, տղաս: Դա նա է: Բոլորն ասյտեղ են: Բոլորը եկել են: Բոլորը, որ այն ժամանակ զոհուել են, բոլորն այստեղ են, իրենց որդիների, թոռների կողքին, նրանց կողքին՝ յանուն որոնց զոհուել են: Քանի դեռ մեզ յիշում էք, մենք ձեզ հետ ենք: Քանի դեռ մեր տղաներն ու աղջիկները ապրում եւ կռւում են՝ յանուն Հայրենիքի, մենք ձեզ հետ ենք, չենք մեռնի: Յիշո՞ւմ ես՝ ինչ է ասել Մոնթեն: «Եթէ մենք կորցնենք Արցախը, կը շրջենք մեր պատմութեան վերջին էջը»: Այնտեղ՝ երկնքում, ես ուզում եմ հպարտանալ քեզանով եւ բոլոր մեր տղաներով, ինչպէս դուք էք հպարտանում մեզանով: Այնպէս որ՝ ի մարտ: Ոչնչից մի՛ վախեցիր: Ես քեզ հետ եմ, տղա՛ս:
Կրկին պայթիւն…
Զինուորը նետուեց դէպի գնդացիրը: Փամփուշտները կուլ էին տալիս թշնամուն: Իսկ իր կողքին, թիրախային կրակ վարելով, պառկած էր քեռին:
Թշնամին թողեց զոհերին ու վիրաւորներին եւ սկսեց նահանջել: Իսկ խրամատներն արդէն լցուել էին զինուորներով եւ կամաւորներով՝ տագնապ տալուն պէս:
Լռութիւն է:
Բոլորը, ովքեր պատերազմ են տեսել, գիտեն, թէ որքան թանկ է այդ լռութիւնը: Անգամ ճանճի տզզոցն այդ ժամանակ տարօրինակ է թւում: Ուրախ տագնապային է…
Լռութիւն է:
Նա մի կողմ դրեց գնդացիրը եւ յենուեց հողապատնէշին: Ձեռքերը դողում էին: Ոտքերի տակ գլորւում էին դեռեւս չմարած պարկուճները:
Նա նայեց շուրջը: Ոչ ոք չկար:
Հարեւան խրամախորշի մօտ նստած էր հրամանատարը: Զինուորը մօտեցաւ նրան:
Հրամանատարը ծերացել էր ուղիղ 20 տարով:
– Ապրենք բոլորս: Հպարտանում եմ ձեզանով:
– Պարոն հրամանատար… ուզում եմ ասել… ես տեսել եմ… տեսել եմ:
Հրամանատարն անհասկանալի հայեացքով նայեց նրան: Գրկեց:
– Գիտեմ: Մենք բոլորս տեսել ենք… Զոհուած հայրս էլ էր կռւում ինձ հետ…