«Օրհներգի Փոփոխութիւնը Կեղծ, Բայց Աւելի Շատ Վտանգաւոր, Պառակտիչ Օրակարգ Է»
Օրհներգի փոփոխութիւնը կեղծ, բայց աւելի շատ՝ վտանգաւոր, պառակտիչ օրակարգ է, գուցէ եւ իրական խնդիրներից հասարակութեան տագնապները շեղելու փորձ կամ պոպուլիստական ակցիա (ժողովուրդ սիրաշահելու աժան քայլ-Խմբ.): Tert.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամաւոր Լիլիթ Գալստեանը: ««Մեր Հայրենիք»ի վերատեսութեան հեղինակներն պարզապէս չեն պատկերացնում մեր օրհներգի ուղերձը, կամ տարուած անցեալը մերժելու տոտալ (համընդհանուր-Խմբ.) մոլուցքով չեն գիտակցում, որ դա ոտնձգութիւն է մեր՝ հայ ժողովրդի հաւաքական իղձերին՝ անկախութեանն ու ազատութեանը», նշեց Լիլիթ Գալստեանը:
«ԹԵՐԹ».- Տիկին Գալստեան, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնեանն առաջարկում է հանրային քննարկման հարց դարձնել ՀՀ օրհներգը փոխելու եւ Արամ Խաչատրեանի գրած օրհներգին վերադառնալու հարցը: Կոմպոզիտորների միութիւնը եւս կողմ է արտայայտուել այս փոփոխութեանը: Դուք եւ Դաշնակցութիւնը ինչպէ՞ս էք վերաբերում հարցին:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Օրհներգը երաժշտագիտական կամ գեղագիտական քննարկման առարկայ չէ: Եւ ոչ էլ կարիք կայ Արամ Խաչատրեան համաշխարհային մեծութեան անունը շահարկել այս համատեքստում: Օրհներգը պետական խորհրդանիշ է, որի թիկունքում կայ անցեալ, կայ պատմութիւն, ազգային ճակատագիր եւ տեսլական: «Մեր Հայրենիք»ի վերատեսութեան հեղինակներն իմ տպաւորութեամբ պարզապէս չեն պատկերացնում մեր օրհներգի ուղերձը, կամ, տարուած անցեալը մերժելու տոտալ մոլուցքով, չեն գիտակցում, որ դա ոտնձգութիւն է մեր՝ հայ ժողովրդի հաւաքական իղձերին՝ անկախութեանն ու ազատութեանը: Քաղաքական կոնտեքստն (բնաբանը-Խմբ.) է խիստ կարեւոր. պէտք չի թաքնուել «մելիզմներ»ի կամ երաժշտագիտական այլ եզրոյթների յետեւում: Պարզապէս չի կարելի մերժել անցեալը, մենք գալիս ենք այդ անցեալից, «Մեր Հայրենիք»ի բովանդակային ուղերձով է կերտուել Հայաստան պետութիւնը, որի ժառանգորդն ենք, իրաւայաջորդը: Իսկ այդ ուղերձը սպառուած չէ. ազատութիւնն ու անկախութիւնը պետութիւնների համար յարատեւ ընթացք է. գործ արէք:
«ԹԵՐԹ».- Ի՞նչ նշանակութիւն ունի «Մեր հայրենիքը» ձեզ համար: Կարծիքներ կան, որ դուք դէմ էք փոփոխութեանը, քանի որ այն ընդունուել է Առաջին Հանրապետութեան ժամանակ, երբ իշխանութեան էին դաշնակցականները, բայց պէ՞տք է կուսակցականացնել օրհներգը, այն համապետական չպէ՞տք է լինի:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Միթէ՞ Առաջին Հանրապետութիւնը սոսկ դաշնակցականների հանրապետութիւնն է: Սա անթոյլատրելի, սխալական, նեղմիտ մօտեցում է: Այո՛, Դաշնակցութիւնը, որպէս քաղաքական ուժ, կարողացաւ, յաջողեց, խիզախեց իրականացնել ու նիւթականացնել հայ ժողովրդի դարաւոր երազանքը: Մեր պետականութեան աւելի քան վեց հարիւր դար ընդհատուած երակը նորոգուեց, որովհետեւ Դաշնակցութիւնը կարողացաւ առաջնորդել հայ ժողովրդի ազատագրական պայքարը եւ այն պսակել պետականութեամբ: Բայց այդ պետութիւնը հայ ժողովրդի պետութիւնն է: Ու, երբ Սարդարապատում կամ Վանի հերոսամարտում «Մեր Հայրենիք»ի ներքոյ ազատութեան եւ անկախութեան, ազգային արժանապատուութեան համար կռիւ էին տալիս, կուսակցական պատկանելութեամբ չէին առաջնորդւում: Դաշնակցութիւնը իրացրեց հայ ժողովրդի պետականութիւն ունենալու բարձրագոյն իղձը:
Եւ փորձէք օրհներգին նայել այդ իղձի, երազանքի իրականացման տեսանկիւնից, այդ համատեքստում: Օրհներգն իր ժանրով ձօն է, ուղերձ, խորհուրդ: Հէնց այնպէս չի այն պետական խորհրդանիշ համարւում: Այն ինստիտուցիոնալ (սահմանակարգային-Խմբ.) յիշողութիւն եւ խորհուրդ ունի եւ այդ իմաստով ոչ միայն համապետական է, այլ, նախեւառաջ, համազգային: «Մեր Հայրենիք»ին եւ եռագոյնին հէնց այս խորհրդով, յիշատակով ու սրբացուած ակնածանքով է մօտենում Սփիւռքը՝ ազատ, անկախ հայրենիքի համար նահատակուածների ժառանգները: Արդեօք այս կեղծ օրակարգի կնքահայրերը գիտակցո՞ւմ են, թէ Սփիւռքի հետ մեր հոգեւոր, զգացական միասնականութեան դաշտում ի՛նչ անջրպետ են առաջացնում:
«ԹԵՐԹ».- Պարբերաբար օրհներգի փոփոխութեան հարցը առաջ է գալիս, ձեր կարծիքով՝ արհեստական օրակարգ չէ՞ սա: Կարծում էք, որ օրհներգի փոփոխութիւնը այսօրէական հա՞րց է, թէ աւելի կարեւոր խնդիրներ կան լուծելու:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Սա իսկապէս կեղծ, բայց աւելի շատ՝ վտանգաւոր, պառակտիչ օրակարգ է, գուցէ եւ իրական խնդիրներից հասարակութեան տագնապները շեղելու փորձ կամ պոպուլիստական ակցիա, էմոցիա (յուզում-Խմբ.) գողացող PR ակցիա:
Մեր հասարակութիւնն այսօր այսպիսի պատուէր չի իջեցրել: Այսօր մեր ներքաղաքական, նաեւ արտաքին ճակատի մարտահրաւէրներն այնքան շատ են, այնքան մտահոգիչ եւ տագնապեցնող… Դժուար չի նկատել, թէ սպասելիքների եւ իրականութեան հակադրութիւնն ինչ յուսահատեցնող էներգիա է կուտակում ժողովրդի մօտ: Օրէնսդրական եւ գործադիր ոլորտներում, մեր պետականութեան բոլոր ինստիտուտներում մի քանի պետութեան գործ կայ անելու, եթէ ունէք այդ ինտելեկտուալ (իմացական-Խմբ.) ներուժը, լծուէք պետական շինարարութեանը, անկատար օրէնքների բարեփոխմանը, սոցիալական արդարութեան վերականգնմանը: Իսկապէս ամրապնդէք պառլամենտարիզմը մեր երկրում: Ի վերջոյ պառլամենտարիզմի (բարձրագոյն օրենսդիր մարմինի գլխաւորութեամբ ղեկավարութեանևԽմբ.) եւ կառավարման թեմաներով սեմինարներ կազմակերպէք խորհրդարանական համակարգի անցած երկրի պատգամաւորների եւ մարզպետների համար:
Չեմ յուսահատւում, հաւատացել եմ յեղափոխութեանը, նրա յաջողութիւնը մեր պետութեան յաջողութիւնն է: