ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ
Երբ պայքարի են դուրս գալիս դեռահասներն ու երիտասարդները, ապա դա եւ վտանգաւոր է պայքարի, ինչպէս նաեւ պայքարողների համար, եւ յատկանշական: Յատկանշական, որովհետեւ պայքարող երիտասարդութիւն նշանակում է վառօդի արկղ, ինչը կարող է ցանկացած պահի պայթել՝ վերածուելով հասարակական ամենալուրջ բռնկման, քանի որ երիտասարդները, որպէս կանոն, դասակարգային, սոցիալական շերտաւորումների մէջ չեն մտնում, հետեւաբար, երբ պայքարում են երիտասարդները, ուրեմն պայքարում են բոլոր դասակարգերը:
Բայց սա նաեւ վտանգաւոր է, որովհետեւ երիտասարդական պայքարը որպէս կանոն լինում է առանց առաջնորդի, հետեւաբար աւելի շատ անկազմակերպ, ցաքուցրիւ եւ անկանոն: Իսկ նման պայքարը հեշտ է ճնշելը, եւ անկազմակերպ պայքարողներին հեշտ է յաղթելը: Ուրեմն երիտասարդական այս պայքարը յաջողութեան հասնելու համար էլ աւելի պէտք է կազմակերպուած բնոյթ ստանայ, ընդգծենք՝ ինքնակազմակերպուած, ոչ թէ քաղաքական այս կամ այն ուժի, կամ ուժերի կողմից:
Այլ հարց է, թէ որքանով է ճիշդ ցանկացած իշխանութեան համար՝ յաղթել սեփական երկրի ու ժողովրդի երիտասարդութեանը, եւ յաղթանա՞կ է դա արդեօք:
Այն, ինչ կատարւում է այս օրերին մայրաքաղաքի կենտրոնական կանգառներում, արդէն յաղթանակ է: Կանգառում «հարիւր դրամ» մակագրութեամբ պաստառ բռնած երիտասարդը, ով բղաւում է այն, ինչ գրուած է իր բռնած պաստառին եւ ընդգծում. «Ժողովուրդ, մի վախեցէք» եւ աւտոբուսում նրան տեսնող ու նրան ժպտացող ու նրա կողքին, փաստօրէն, չվախեցող տարեց կնոջ ու վերջինիս կողքին նստած տղամարդու հետ միասին են, համախմբուած, համակարծիք: Նրանց հետ համակարծիք են ու նրանց հետ պայքարում են նաեւ այն «մակնիշաւոր» մեքենաները, որոնք գալիս կանգնում են կանգառներում ու անվճար մարդկանց տեղափոխում: Նրանց կողքին են նաեւ այն աւելի շքեղ մեքենաները, որոնք թէեւ չեն կանգնում, որպէսզի մարդկանց տեղափոխեն, բայց բացուած պատուհաններից նայում ու ժպտում են, ու հաւանութիւն են տալիս: Մեր երկրում, փաստօրէն, քիչ բնակչութիւն է մնացել, բայց մարդիկ դեռ շատ կան: Նրանց կողքին՝ բառիս բուն իմաստով կողքին են նաեւ ոստիկանները, ովքեր չեն թոյլատրում, որ սեփական իրաւունքների համար պայքարի ելած այս երիտասարդները հասարակական անդորրը խախտեն:
Ըստ էութեան վարորդներն էլ՝ նրանց կողքին են, չհաշուած մի քանիսին, ովքեր աւելի լաւ, որ նրանց կողմից չեն, ու եթէ լինէին, ապա նրանք միայն իրենց անարգուած պէտք է զգային:
Սա կատակ բան չէ, սա սովորական բողոք չէ, սա փողոցում բողոքող երեխաներ են, սա լրջագոյն բան է, բողոքի ու ժողովրդական ցասման եթէ ոչ վերջնակէտը, ապա դրան շատ մօտ գտնուող մի բան:
Ու այս պայքարը, թէեւ արդէն իսկ յաղթել է, քանի որ կայ ու այսպէս կայ, բայց, միեւնոյն է, պէտք է յաղթի նաեւ արդիւնքով: Հակառակ պարագայում այս երիտասարդները, երեխաները պէտք է կոտրուեն, նրանք այլեւս չեն բղաւի՝ «Մի վախեցէք, ժողովուրդ», որովհետեւ իրենք եւս կը համալրեն այդ ժողովրդի շարքերը: Նրանք այլ պետութիւն են ուզում, այլ վերաբերմունք, նրանք արդէն այսօր այլ քաղաքացի են եւ այլ երկիր են կառուցում, եւ դա հրաշալի է:
Իսկ հրաշալին չեն կործանում, այն էլ յիսուն դրամի համար: