ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Այս օրերին ականատես ենք թէ ինչպէս մի կողմից բացայայտւում են 30 տարիներ մեր երկրում տիրած զեղծարարութիւններն ու կողոպուտները, քննարկւում սոցիալական բարձիթող վիճակները, օրէնքներ են մշակւում այն բարելաւելու ուղղութեամբ, վերջապէս ժողովուրդը զգում է իրեն իր երկրի տէրը, ժամ-առ ժամ էլ աւելի մեծ սիրով է կապւում իր ընտրեալ վարչապետին, իսկ միւս կողմից կաշկանդւում է ազատ, անկախ մտածելակերպը, լինի դա հայրենիքում, թէ հայրենիքից դուրս:
Համացանցում կամ նոյնիսկ ընկերային խօսակցութիւնում պարտադրւում է միակարծիքութիւնը այնքան, որ շատերը ոտնատակ չգնալու համար լռում են, անտարբեր ձեւանում նոյնիսկ իրենց ճակատագրին վերաբերող հարցերում:
Համատարած միակարծիքութիւնը իրեն է պարտադրում եւ ստացւում է, որ սովետական մտածողութիւնը՝ բոլորը միակերպ, նոյն ուղղութեամբ դիտելու, նոյնը տեսնելու, ընկալելու, վերլուծելու, դատելու, քանի որ ղեկավարը այդպէս է պահանջում, դեռ չի վերացել, նոյնիսկ նոր զարթօնք է ապրում:
Ղեկավարութեանը իրենց հաւատարմութիւնը հաստատելու համար ժողովուրդը իրար դէմ պատնէշներ է ստեղծում, մինչեւ իսկ անվայել անձնական վիրաւորանքներ հասցնում միմեանց:
Միատեսակ մտածելու վնասները մեր երկիրը մէկ անգամ արդէն ապրել է երկար տարիներ 35թ. սկսած, երբ մարդիկ վախից իրար են մատնել իրենց կեանքը փրկելու յոյսով: Թաքուն հետեւել են արտայայտուող ընդհանուրի կարծիքը չկիսող իւրաքանչիւրի բառին ու մտքին եւ քանի որ համացանց չկար, իրար վարկաբեկելով հանգստանային, գաղտնի նամակներ (մատերիալներ, այդպէս էին անուանում մատնիչ գրութիւններին), են յղել բարձրագոյն բաժանմունքներին ազգին «ազատելով այդ դաւաճաններից»: Այդ համատարած ախտի հետեւանքով մենք կորցրեցինք ազգի արժանաւոր զաւակներին եւ հարիւր հազարաւոր անմեղ հայերի:
Վստահաբար այդ ախտը դեռ մնացել է մեր ժողովրդի մէջ, դարձել ազգային նկարագիր: Դա է վկայում նաեւ ՀՅԴ դէմ համացանցում սկսուած ատելութեան արշաւը, սովետական քարոզչութեան «դաշնակ շներ» արտայայտութեամբ:
Ցաւալի է, տեսնել մեր ժողովրդի միակողմանի, մակերեսային, քարոզչութեան ազդեցութեամբ ծնունդ առնող մտածողութիւնը: Չէ՞ որ նոյն՝ ՀՅԴ կուսակցութեան ջանքերով փրկուած այդ փոքրիկ հողակտորն ենք Հայրենիք անուանում եւ ինչպէ՞ս են իրենց թոյլ տալիս, նոյն այդ հողակտորից հայհոյանքներ տեղալ այդ երկիրը ստեղծած կուսակցութեանը: Ինչպէ՞ս կարելի է 100ից աւել տարիներ ազգի պահպանման մէջ ներդրում ունեցող ժողովրդային կուսակցութեան ոտնատակ տալ մի քանի ղեկավարների սխալ քայլերի համար:
Իսկ ինչու՞ նոյն մարդիկ լռում են այլ կուսակցութիւնների մասին, երբ այդ կուսակցութիւնները այս էլ որերորդ անգամ սովետական կարգերից սկսած մինչեւ օրս, հաւատարմօրէն ծառայել են բոլոր տեսակի իշխանութիւններին եւ դեռ աւելին՝ պառակտել ժողովրդին: Պատասխանը մէկն է, որովհետեւ դրանք միշտ լինելով իշխող կուսակցութեան թիկունք, դրանց դէմ սովետական քարոզչութիւնը ատելութիւն չի սերմանել:
Տեսնելով այսօրուայ մեր ժողովրդի միատարր մտածելու պարտադրանքը, փորձում եմ արդարացման եզրեր գտնել: Գուցէ ժողովուրդը իր հին փորձից ելնելով կարծում է, որ նոր յեղափոխութեանը չխանգարելու համար պէտք չէ քննադատի, եթէ նոյնիսկ այլ կարծիք ունի՝ չյայտնի, որ չմեղադրուի որպէս հակառակորդ տիրող իրավիճակին, կամ չմեղադրուի անվստահութեան մէջ: Ի վերջոյ մեր նոր վարչապետի յենարանը ամբողջովին ժողովուրդն է:
Ինչպէս էլ վերլուծենք եւ արդարացնենք իրավիճակը, միայն այն փաստը, որ ժողովուրդը միակարծիք է լինելու, անհանգստացնում է ինձ որպէս մտածողի, ստեղծագործողի, խօսքի ազատութիւնը յարգողի: Ի վերջոյ խօսքի ազատութեան շնորհիւ մեր նոր վարչապետը ճանաչուեց ու ժողովրդականութիւն ձեռք բերեց, որն այսօր խախտում է հէնց ինքը՝ ժողովուրդը:
Ինքս լինելով ազատ մտածող եւ իմ համարձակ կարծիքը յայտնող, այսօր էլ ուզում եմ իմ մտածումները կիսել ձեզ հետ, ձեր ուշադրութեանը յանձնել հարցեր, որոնք անհրաժեշտ են մեր ապագան կերտելու, մեր երկրի, մեր սերունդների համար եւ որոնք ընդհանուր առօրեայ պահանջների հեղեղում ազգովին մոռացութեան ենք մատնել:
Բոլորի հետ միասին գրկաբաց ընդունելով եւ ողջունելով մեր երկրում կատարուած մեծ փոփոխութիւնները, կիսելով ժողովրդի սէրն ու յարգանքը հանդէպ մեր նոր վարչապետի, հասկանալով այն դժուարին ուղին, որ ապրելու եւ յաղթահարելու ենք ազգովին, ուզում եմ նաեւ շեշտել այն բացթողումները, որոնք շարունակում ենք անտեսել, որոնք անտեսուած են եղել ոչ միայն սովետական տարիներից, այլ աններելիօրէն, մեր անկախութեան վերջին 30 տարիներում:
Աշխարհով մէկ յայտարարում ենք, որ թաւշեայ յեղափոխութիւն ենք արել, ողջ հայութեան ինքնակամ ջանքով, սակայն հին արգելքների փլուզումը (որը յեղափոխութեան հիմնական նախապայմաններից է) մեր ազգային հարցերում, որը պիտի որ առաջնակարգ, հրատապ խնդիր համարուէր, մինչեւ օրս նոյնիսկ չի շօշափւում:
Եթէ խաղաղ իշխանափոխութիւն է, որը աւելի ճիշդ սահմանումն է մեր երկրում կատարուածի, կրկին պիտի փլուզէր, չեղեալ համարէր նախկին իշխանութիւնների կողմից որդեգրուած ազգային հարցերի լուծումները, նոյն ակտիւութեամբ եւ համազօրութեամբ, ես կ՛աւելացնէի նաեւ աւելի հրատապօրէն, ինչ կողոպուտի, զեղծարարութեան, օրինազանցութեան դէմ պայքարն է:
Այսօր, այն տպաւորութիւնն ենք ստանում, որ մեր անկախացման այս 30 տարիներում երկիրը դէպի կործանում տանելու եւ այդ երկարատեւ տարիներում միայն 10 զոհեր տալու համար մէկ նախագահ է պատասխանատու, այն էլ երկրորդ՝ Ռ. Քոչարեանը: Բայց չէ՞ որ մենք ուզում ենք վերացնել նախկին անօրինութիւնները, կատարուած եւ կոծկուած անարդարութիւնները եւ օրինաւոր, արդարադատ երկիր ստեղծել: Ուրեմն որքան էլ թշնամանքի հասնող ատելութեամբ լեցուած լինենք երկրորդ նախագահի հանդէպ, մեր առաջնահերթ խնդիրը պիտի լինի արդարադատութիւնը օրինական հիմք դարձնելը: Իսկ դրա համար քննութեան ենք ենթարկելու այն ամէնը ինչ տեղի է ունեցել անցած 30 տարիների ընթացքում, սկսելով մեր անկախութեան հէնց առաջին տարուց: Մինչ այդ 10 անմեղ զոհերը, մեր անկախութեան առաջին տարիներում մենք ունեցել ենք տասնեակ այլ զոհեր, չլուսաբանուած սպանութիւններ, պարտադիր անձնասպանութիւններ, երկրի առաջին նախագահի կողմից անօրինական կերպով ջրի եւ էլեկտրականութեան կտրուկ կասեցում, որի հետեւանքով հարիւրաւոր քաղաքացիներ մահացան, քաղաքամերձ անտառները հատուեցին, ոչնչացան, անօրինականութիւնն ու տեռորը դարձաւ երկրի օրէնքը, Արցախը չընդ-գրկուեց հայրենի կազմում այլ ստիպողական-վնասակար բանակցութիւնների մէջ մխրճուեց: Այս ամէնից յետոյ ինչպէ՞ս է լինում, որ առաջին նախագահի՝ ԼՏՊի անունն իսկ չի շօշափւում ոչ ժողովրդի, ոչ էլ արդարադատութեան ջատագով մեր վարչապետի կողմից:
Մինչ մեր ժողովրդային պաշտելի Սայաթ Նովան յիշեցնում է մեզ ասելով՝ «Արդար դատէ, չէ՞ որ թագաւոր իս դուն»:
Ինձ զարմացրեց մեր վարչապետի 100 օրուայ հաշուետուութեան հրապարակային հանդիպման ընթացքին, ժողովրդի ուշադրութիւնը կենտրոնացնելով կրկին երկրորդ նախագահի անօրէն գործունէութեան դէմ վերջնական միջոցներ ձեռնարկելու, ժողովրդի ատելութիւնը էլ աւելի բորբոքելով, անօրինութեան դէմ պայքարի իր կեցուածքը շեշտելը:
Պատմութեան դասերը մեզ սովորեցրել են, երբ ժողովրդի ատելութիւնն են բորբոքում այն վերածւում է ամբոխի, ընդունակ միայն հրամաններ կատարելու: Յիշեցնեմ թէկուզ մէկը, այդ ատելութեան քարոզով մեծ գիտնական Ջորդանօ Բրունոյին այրեցին:
Չէ՞ որ հաւաքուած այդ հսկայածաւալ մարդկային ծովի մէջ մեր մատաղ սերունդը, մեր երիտասարդութիւնն էր հրավառ հայեացքով կլանում իր սիրելի վարչապետի իւրաքանչիւր արտայայտութիւնը: Ի՞նչ պատգամ էինք փոխանցում նրանց, միայն այն, որ երկրի եւ իրենց ճակատագիրը խաթարողը եղել է երկրորդ նախագահը եւ մի քանի տասնեակ աւազակ կողոպտիչներ, որոնց դէմ անողոք պայքա՞ր է ծաւալւում, որն արդէն փաստ էր:
Ես սպասում էի, որ վարչապետը կ՛անդրադառնայ այնպիսի յոյժ կարեւոր հարցերին, որոնք իշխանափոխութեան հապճեպ օրերին գուցէ չէր հասցրել կիսել ժողովրդի հետ, կամ դեռ իր վերջնական ձեւաւորումը չէր գտել: Այն հարցերի, որոնք այդ հաւաքուած երիտասարդութեան ճակատագրին էր վերաբերւում: Չէ՞ որ ի վերջոյ մենք յարատեւել ենք «ո՛չ միայն հացիւ կեցիւ» խորհուրդով:
Այդ երեկոյ մեր վարչապետը թռուցիկ անդրադարձաւ Արցախի հարցին, այն էլ միայն Քոչարեանի նախկին օրուայ հարցազրոյցում իրեն դէմ ուղղուած մեղադրանքի սուր պատասխանով:
30 տարիներ մենք լսում ենք նոյն կարգախօսը, որ Արցախի ժողովրդինն է վերջին խօսքը: Սակայն չէ՞ որ այդ նոյն երեկոյ մի քանի անգամ շեշտուեց թաւշեայ յեղափոխութիւն արտայայտութիւնը: Եթէ յեղափոխութիւն է տեղի ունեցել ինչո՞ւ Արցախի հարցը դեռ մնում է ժողովրդից թաքուն նոյն մութ համատեքստում, առանց փոփոխութեան:
Չէ՞ որ այս յեղափոխութիւնը պայքարում է նախկին բոլոր տեսակի անօրինականութիւնների դէմ: Եթէ այդպէս է հապա ինչո՞ւ խօսք չկայ Ստալինեան անօրինականութիւնը չեղեալ համարելու, Արցախը հայրենի հողի ամբողջական մասը նկատելու: Կամ առաջին նախագահ ԼՏՊի սեւ գործարքի մասին, որը յաղթանակից յետոյ անգամ Արցախի հարցը թշնամու ոհմակի նպատակակէտը դարձրեց: Չէ՞ որ 1989թ. Դեկտ. 1ի Հայաստանի Գերագոյն խորհուրդը միջազգային բոլոր օրինական իրաւասութիւններով որոշում է ընդունել ԼՂն Հայաստանին միաւորելու, յայտարարուել անկախ, Ադրբեջանի իրաւասութիւնից դուրս:
Ես մեծ յոյսով սպասում էի, որ նոր յեղափոխութիւնը կը յեղափոխի նաեւ Արցախի հարցը: Յոյս ունէի նաեւ լսել Ապրիլեան քառօրեայ պատերազմում թշնամուն զիջած մեր 800 հ. տարածքի նոր բացայայտումների մասին, չէ՞ որ դա էլ նախկին իշխանութեան գործարքների մասն է կազմում եւ հիմնականում Արցախի ճակատագրին է վերաբերւում: Ինչպէ՞ս կարելի էր, Արցախեան այս թէժ օրերին այդ մասին չխօսել:
Հրապարակում հաւաքուած երիտասարդ սերունդը միթէ՞ արժանի է միայն առօրեայ կողոպուտի դէմ պայքարի մասին լսելու: Չէ՞ որ հայրենի տարածքները իր ապագան են:
Այն հսկայածաւալ բազմութիւնը, որը կիլոմետրեր էր կտրել, արեւի տակ ժամեր սպասել, որ նոր աւիւն, սնունդ ստանայ իր սիրելի վարչապետից, անշշուկ կախուած նրա բերանից կլանում էր նրա իւրաքանչիւր բառը, որ տանի իր հետ, ապրեցնի ու զարգացնի իր հետ:
Ես ցաւ զգացի, որ բազմութիւնը հեռացաւ առանց ազգային ապագայի պատգամի: Միթէ՞ հայրենիքը սահմանափակւում է այն տարածքում, ուր ժողովուրդը անմիջական ապրում ու քուէարկում է եւ միթէ՞ ժողովուրդը յարատեւման լուրջ հարցեր չունի:
Յանկարծ մտովին յիշեցի Մարթըն Լիւթեր Քինկի «Ես երազանք ունեմ» հանրայայտ ճառը ուղղուած իր հալածուած, ստրկացած ժողովրդին, այն էլ օտար հողում, օտար տիրապետութեան տակ, իրենց դէմ ուղղուած անմարդկային հալածանքի թէժ օրերին, ուր պատգամում էր՝ ձգտել իրենց իրաւունքներին տիրանալու:
Իսկ միթէ՞ իմ ժողովուրդը այլեւս երազանք ու ձգտում չունի, որ այդ մասին չխօսուեց ոչ 30 տարիների ընթացքում, ոչ իշխանափոխութեան 100 օրերի ընթացքին եւ ոչ էլ յետոյ:
Լինելով արեւմտահայ թափառական սերունդից, Ցեղասպանութիւնից մազապուրծ փրկուածների շառաւիղ, դեռ մանկուց երդուել եմ մեր կորուստների համար մեծ մօրս 40 երկար տարիների թափած իւրաքանչիւր արցունքի կաթիլի համար պատասխան պահանջել ցեղասպանից, պահանջատէր լինել, երբեք չզիջել մեր սերունդների յափշտակուած իրաւունքները:
Չկասկածելով մեր վարչապետի բնածին հայրենասիրութիւնը, կ՛ուզէի յատկապէս այդ օր լսել նրանից մեր փոքրիկ հողի մեծ երազանքի մասին: Չէ՞ որ հազարամեակներ յարատեւել ու անդադար ստեղծել ենք մեր երազանքների փշրանքների վրայ: Կանգուն ենք մնացել ոչ թէ մեր զօրքերի ուժով, այլ մեր երազանքները վառ պահելով: Այդ օրուայ ժողովրդի հոծ ներկայութիւնը դրա փայլուն ապացոյցներից էր եւ ես կ՛ուզէի, ի լուր հայութեան վարչապետը յայտարարեր, որ երկիրը ներքին ապականութիւնից մաքրելը չէ միայն իր ժողովրդի նպատակը: Մեզ պարտադրել են սեղմուել հայրենի հողի մի փոքրիկ հատուածում, իսկ մեր տարածքները, մեր սերունդների իրաւունքները, մեր յափշտակուած դարաւոր երկրները ու խլուած հարստութիւնները Ցեղասպանի սերունդներն են վայելում: Մեր հազարամեայ կոթողներն ու յուշարձաններն են ախոռների վերածւում, մինչեւ իսկ մեր գերեզմանները արտաքնոցի հիմք են դառնում:
Մենք ազգովին ձգտում ունենք եւ այդ ձգտումը մենք ենք իրականացնելու: Կ՛ուզէի լսել յատկապէս բանտուած Մասիսների հայեացքի տակ հաւաքուած երիտասարդութեան երդումը՝ մեր պահանջատիրութեան անժամկէտ պայքարի հաստատումը, խօսքով լինի, զօրքով լինի, թէ՝ գրչով:
Ինչո՞ւ մի Հրանտ Տինք կարող էր, կամ Կարօ Փայլան կարող է, թուրքերի որջում, համարձակօրէն պայքարի ելնել, խօսել ու արդարութիւն պահանջել մեր կողոպտուած իրաւունքների համար, իսկ մենք մեր երկրում չենք կարողանում բարձրաձայնել, հրապարակաւ ազգային ծրագիր դարձնել: Միայն ձեռնունայն դեռ շարունակում ենք խոնարհուել մեր միլիոնաւոր զոհերի յուշարձանին, անտեսելով, որ ազգովին պարտք ունենք նրանց հանդէպ եւ այդ պարտքը դեռ չենք կատարել:
Այսօր չունենք բանտուած Մասիսը մեզ յիշեցնող մեծ բանաստեղծ Շիրազին, բայց կայ նրա անմիջական շնչով սնուած մի սերունդ, որի ներկայացուցիչը նաեւ մեր վարչապետն է: Ուրեմն իրաւունք չունենք անտեսելու մեր բանտուած Մասիսի կանչը, իրաւունք չունենք այլեւս միայն բանաստեղծութիւն ու երգ դարձնելու, միայն հաւաքոյթներում դրանցով ոգեւորուելու:
Քաղաքական դարում ենք ապրում եւ քաղաքական հարց է դառնալու մեր պահանջատիրութիւնը, որն անտեսեցին նախկին երեք նախագահները:
Այսօր մեր վարչապետի ուսերին բացի երկրի ներքին հարցերից, արեւմտահայութեան թափառական սերունդի պարտադրանքը կայ՝ մեր պահանջատիրութիւնը դարձնել մեր երկրի օրինագծի կարեւորագոյն խարիսխը: