ՄԻԳԱՆՈՒՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Այսօր փորձում էի գտնել, թէ քանի՞ տարի է արդէն, որ «Ֆէյսբուք»ը մասն է դարձել իմ առօրեայի:
Image may be NSFW.
Clik here to view.Գտայ, թէ ես միացել եմ այս ցանցին 2011 թուին: Իհարկէ ես չեմ միացել: Ամուսինս է ինձ համար բացել մի էջ, քանի որ յոգնել էր այն փաստից, որ ես իր էջն էի դիտում հաւատարմօրէն՝ սկսեալ 2007ի Դեկտեմբերից: Չորս տարի շարունակ ես պայքարում էի, կասկածանքով մօտենում, թէ արդեօք պէ՞տք է ինձ իմ առանձին էջը, փոստեր դնելու, մտքերով ու նորութիւններով կիսուելու, մարդկանց «լայք»ելու եւ քոմենթներ գրելու պատասխանատւութիւնը, թէ՞ ոչ (ի միջայլոց ունեմ մի ընկերուհի, ով դեռ մինչեւ այսօր այդ կարգավիճակում հանգիստ ապրում է: Ամուսնու անունով էջ ունի, վայելում է բոլոր նորութիւնները եւ հմտօրէն խուսափում ֆէյսբուքեան յանձնառութիւններից):
Բայց ինձ մօտ դա չստացուեց: Յաճախ իմ ու ամուսնուս կարծիքները չէին նոյնանում այս կամ այն լուրի ու նիւթի, նկարի կամ ստատուսի մասին ու երբ ես սխալմամբ գովում էի ընկերուհուս վերջին լողազգեստը, սակայն ամուսնուս էջում, գեղեցիկ բան չէր ստացւում:
Ուրեմն 2011ին իմ անունն էլ միացաւ «Ֆէյսբուք»ին: Արի ու տես բարդ որոշումներ պէտք էր կայացնել: Փրոֆայլի համար յարմար նկար, ոչ շատ հին որ ժամանակավրէպ լինի, ոչ շատ նոր որ բացայայտիչ լինի: Գրե՞մ մանրամասնութիւններ իմ մասին, թէ՞ ոչ: Դեհ ես ընդհանրապէս շատ էլ չեմ սիրում միշտ լինել հասանելի իմ մտքերով, գտնուած վայրս բացայայտելով, անգամ հեռախօսազանգերին անմիջապէս պատասխանելով, էլ ուր մնաց գրելով ու ի լուր աշխարհին յայտարարելով, թէ ի՞նչ եմ անում, մտածում, զգում, ուտում ցանկացած պահի…
Վերջապէս այդ հարցերն էլ մի կերպ լուծեցինք որոշ զիջումների գնալով, չարեաց փոքրագոյն նկարներն ու տեղեկութիւնները ընդգրկելով ու հրապարակ իջնելով:
Այժմ պահն էր առաւել եւս խրթին ու նրբին մի հարցի: Ո՞ւմ ընտրել որպէս ընկեր: Ո՞ւմ ընկերութեան առաջարկն ընդունել կամ ուղղակի բարիացակամ լռութեամբ ձեւանալ թէ չես նկատել:
Այսօր շատ աստղեր, մշակութային, հասարակական կամ քաղաքական գործիչներ գնահատւում են իրենց սոսցանցերում ունեցած «ընկերներ»ի ու հետեւորդների քանակով: Եթէ ընդունենք այդ սկզբունքը պէտք է ոչ միայն ընդունել այլ որսալ ֆէյսբուքեան կամ ինստագրամեան «ընկերներ»: Որքան շատ այնքան լաւ:
Իսկ չպատկանելով վերոնշեալ խաւերին ու լինելով պարզ մի հայուհի, այսօր ունեմ մօտ 300 ֆէյսբուքեան ընկերներ: Ամուսինս ունի հազարից աւելի ու նրանց ովքեր իմ ընկերը չեն ես դեռ ունեմ ձեռնահասութիւն: Սովորել եմ նաեւ զգուշաւոր լինել նրա էջում կարծիքներ չդնելով:
Image may be NSFW.
Clik here to view.Ահա եօթը տարի է ինչ ունեմ ընկերական վիրտուալ այս աշխարհը, վկան եմ եղել իմ հեռաւոր ընկերների ու բարեկամների կեանքի ուրախ ու տխուր պահերին, նրանց զաւակների մեծանալուն, տեսել եմ, թէ ինչպե՞ս է մեր սերունդը հասակ առնում, երէկուայ իմ սեւահեր ընկերները ալեհեր կամ ճաղատ են դառնում, բոլորը ակնոցներ են օգտագործում ինձ պէս: Քանի քանիսն են կիսուել իրենց մասնագիտական թէ անձնական կեանքի ձեռքբերումները ու այն ամէն ինչը, որ լուսաւոր եւ յիշատակելու արժանի է նրանց կեանքում:
Եւ այդպիսով թէեւ հեռու, սակայն իրազեկ ենք մնացել իրար կեանքից: Դեհ ամէն տեղ էլ կան աշխոյժ եւ ինձ պէս ոչ-շատ աշխոյժ ընկերներ, որոնց փոստերի շնորհիւ դու իրազեկ ես մնում անգամ նրանց մասին ովքեր ֆէյսբուքեան էջ չունեն, բայց աշխոյժ ու ջանասէր ընկերներ ունեն:
Մօտիկ միջավայրում ապրող ընկերների, ընտանեկան պարագաների ու գործակիցների պարագային «Ֆէյսբուքն ունի այլ ֆունկցիա: Դա աւելի փաստեր արձանագրելու, իրար լուրեր եւ տեղեկատւութիւն փոխանցելու, ժամադրուելու, իրար առանց բառերի հաստատելու եւ քաջալերելու միջոց է: Սմայլիկներն էլ իրենց անմնացորդ դերն ունեն այս համընդհանուր իրարհասկացողութեան մէջ: Ֆէյսբուքում չկայ «դիսլայք» սմայլիկ, բայց դէ երբ ուշանում են «լայք»երը գիտես որ «դիսլայք»ի ես արժանացել: Իսկ կան «հասկացողաց բարեւ» «լայք»երն ու սրտիկները: Ես ունեմ մի ընկեր ով շատ հազուադէպ է «լայք»ում իմ «փոստինգ»ները, սակայն երբ «լայք»ում է ես ինձ լաւ եմ զգում, նախ որովհետեւ գիտեմ որ ինքն էլ է ինձ հետեւում ու հետաքրքրւում իմ մտքերով եւ յետոյ այն որ մենք սիրում ու հաւանում ենք նմանատիպ թեմաներ:
Կան նաեւ պարագաներ, որ վախենում ես նախանձ աչքերից ու խուսափում լաւագոյն ասելիքներդ ու արածներդ պատմել: Մի ընկերուհի ունեմ, որ ամէն անգամ, երբ մի լաւ բան եմ գրում անմիջապէս յուշում է՝ մի հատ էլ կապոյտ սիրտ կամ ադամանդ դիր էլի՛: Չար աչքերից հեռու մնալու համար… Ես սնա-հաւատ չեմ, բայց վերջերս տեսել եմ մարդկանց անզգոյշ «փոստինգ»ների գլխներին բերած չարիքները… ու ես՝ ոչ-սնահաւատս, գոնէ մի երկու հոգու «ոչ-ընկեր» եմ արել: Նաեւ տասնեակ ընկերների էջերին այլեւս ոչ-հետեւորդ եմ դարձել… ուղղակի հոգեկան անդորրս պահպանելու եւ ոչ-օգտակար, անտեղի վէճերից զերծ ու հեռու մնալու համար: Այսօր հոգեբաններն էլ են ասում որ հեռու մնանք բացասական էներգիաից…
Աշխատանքային ոլորտում սակայն չար աչքը նկատի պէտք չէ առնել: Ժամանակին ասում էինք մէ՛կ գործը հազա՛ր խօսք արժէ: Իսկ հիմա հազար գործը եթէ չներկայացնես համապատասխան ցանցերում ուշագրաւ ու խօսուն «փոստինգ»ներով ապա շատ յոյս չունենաս որ մարդիկ կ՛իմանան դրա մասին: Ուրեմն առանց կապոյտ սրտիկների ու ադամանդների՝ անդադար «փոստինգ»: Դա է յաջող աշխատանքի մասին լուրեր եւ ինչու ոչ փաստեր տարածելու մեր օրերի միջոցը:
Կարեւոր է նաեւ թէ փոստ անողն ո՞վ է: Մի հարազատ ունեմ, շատ յարմար ու գեղեցկադէմ թեկնածու է ամուսնութեան համար: Բաւական է որ իր եփած (խաշած կամ խորված չի տարբերւում) սմբուկի (բադրիջանի) նկարը դնի «ֆէյսբուք»ում: Անմիջապէս հաւանական թեկնածուներից գոնէ 20-30ը քոմենթներ են շարադրում, իսկ արդէն ամուսնացած, ընտանիքի տէր ու ոչ-հետաքրքիր տղամարդու սեփական ձեռքերով պատրաստած խաշի նկարի համար գրում են չե՞ս վախենում խոլեստերոլից: Ուրեմն այս նոր հաղորդակցութեան աշխարհում էլ փաստը մնում է այն, որ կարեւոր չէ, թէ ի՞նչ է ասւում, այլ ո՞վ է ասում այն:
Հեռաւոր, մօտակայ ընկերների, աշխատանքային ոլորտի, ֆէսբուքեան հրամայականների, օգտաշատութեան ու հաւանական վնասների մասին արդէն խօսեցինք:
Այժմ պահն է վերլուծելու ֆէյսբուքեան գաղափարական եւ բնականաբար քաղաքական դաշտը:
Մեր նախագահը նախագահ է դարձել ու նոյն թուով համակիրներ ու թշնամիներ է շահում ամէն օր իր թուիթըրեան փոսթինգներով:
Այս կամ այն աստղը իր մէկ գրանցումով աւելի մեծ ուշադրութիւն է սեւեռում Ցեղասպանութեան ճանաչման հարցում քան տասնամեակներով աշխատող յանձնախմբերը:
Միայն պատկերացնենք եթէ Չէ Կեվարան ակտիւ լինէր սոսցանցերում… Իր հմայիչ տեսքով, իր բերետ գլխարկով, յեղափոխական տենչով ու ամրակուռ կամքով, ինչե՜ր-ինչե՜ր որ չէր անի: Մեր սերունդը միայն իր մէկ նկարով սիրահարուած էր իրեն: Իսկ եթէ ամէն շաբաթ մի նոր նկար, մի նոր լօզունգ, մի նոր միտք արտայայտէր…
Այո, «Ֆէյսբուք»ը եւ առհասարակ սոսցանցերը անմնացորդ դեր ունեն գաղափարական եւ քաղաքական դաշտում: Ինչպէս ժամանակին ունեցել են պատմիչները, երգասաց աշուղները, բանաստեղծները, ռադիօն, կինօն եւ հեռուստացոյցը: «Ֆէյսբուք»ով կարելի է ու տարածում են նոր գաղափարներ ու առաջնորդում մարդկանց: Հէնց մեր հայրենիքում, վերջին ամիսներին մենք վկան էինք այդ փաստի: Շարժման մասին տեղադրուած իւրաքանչիւր լուր վայրկեանապէս բռնկում էր սոսցանցերը եւ ոչ մի փշալար չկարողացաւ փոխել այդ փաստը: Ուրեմն ոչ մի ղեկավար կամ գաղափարական գործիչ չի կարող անտեսել մեր օրերի այս կարեւոր հաղորդամիջոցը:
Իսկ գաղափարական եւ քաղաքական դաշտում կարեւոր է նաեւ ֆէյսբուքեան համեստ խաւերի դիրքորոշումը: Կարելի՞ է «լայք»ել: Կարելի՞ է «շեր» անել, կարելի՞ է գովել կամ քաւ լիցի քննադատել այս կամ այն գաղափարախօսութիւնը, շարժումը, գործիչը: Դեհ չես կարող մէկ ու մէջ «լայք»ել ու «դիսլայք»ել, չէ որ դա էլ է ի լուր աշխարհի բացայայտում քո ապակողմնորոշումը: Պէտք է հաւատարիմ մնալ ընտրածդ կողմին: Կամ «լայք»ել մինչեւ վերջ կամ «դիսլայք»ել, կամ վախկոտի պէս չկողմնորոշուել:
Իսկ երբ արդէն գիտես, թէ ո՞ւմ է ապահով «լայք»ելը, ապա կարելի է լեզուն առնել շալակը ու գրել գասպարեանական շարադրութիւն, դէսից-դէնից գողացուած բառերով ու գաղափարներով, ֆէյսբուքեան վիրտուալ յեղափոխութեանը քո բերած նուիրական լումայով: Ու դեռ մարդիկ էլ կարող են ասել գիտես ի՞նչ քաջ տղայ/աղջիկ է, «ֆէյսբուք»ում էնպես էր թուք ու մուր արել այսինչին կամ այնինչին…
«Ֆէյբուք»ի թոյլ տուէք ասել բնակիչներս Սփիւռքում բոլորից աւելի շուտ իրազեկ դաձանք Թաւշեայ յեղափոխութեանը: Փոխելով մեր ժամանակացոյցը քնում ու արթնանում էինք շարժման լուրերով: Ոչ միայն սպասում ու լսում էինք շարժման ղեկավարների ուղիղ ու «լայվ» «փոստինգ»ները այլ նաեւ արագ-արագ կարդում յաճախ անկապ քոմենթները ու անգամ դատում այդ քոմենթներով: Էլ գող փիսօ էլ քեաչալ շուն, էլ Աստծոյ պարգեւ, էլ երկնային ուժերի առաջնորդութիւն, էլ համերգ ու պար փողոցում, յուզում, լաց, երջանկութիւն եւ յոյս, վրէժ ու վախ, արդարութեան վերականգնման սպասելիք ու մի ագամ եւս չհիսթափուելու սարսափ…
Թափանցիկ քաղաքականութիւն, ֆէյսբուքեան հաշուետուութիւն, ֆէյսբուքեան անազատութիւն, կաշկանդում եւ անկաշկանդութիւն, ինչու չէ ֆէյսբուքեան գրաքննութիւն, դոնկիխոտեան քաջութիւն, սանչոյական հեզութիւն…
Ու այս բոլորը մեր այս «ֆէյսբուք»ում…