ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Հայկական սովորոյթ կամ օրէնք է, մանաւանդ Սփիւռքում, հարել որեւէ կուսակցութեան, միութեան, եկեղեցական յարանուանութեան, կազմակերպութեան, ընկերակցութեան՝ կամաւոր, նաեւ որպէս պաշտօնեայ: Եւ այդ սովորութիւնը դառնալով սկզբունք (կամ էլ հակառակը) շարունակւում է երկար ժամանակ՝ սերունդներ: Ընտանիքում լինում են երբեմն նոյնիսկ երկու եղբայրներ ընտրում են լրիւ տարբեր հոսանքներ (ունենք յայտնի «Սարոյեան եղբայրներ» ֆիլմը):
Փոխւում են ժամանակները: Քարացած աւանդոյթները հալւում են, մեղմանում են լարուածութիւնները, մեզ՝ հայերիս համար շատ մեծ նշանակութիւն է ունենում Հայաստանի քաղաքական դիրքորոշումը, ըստ որի էլ սփիւռքեան կառոյցները շարժում են իրենց կողմնացոյցների սլաքները:
Իսկ անհատնե՞րը. եթէ լինում ես այն տեղում, ուր օգտագործւում են քո հնարաւորութիւնները, կարողանում ես բացայայտել քո մտայղացումները, կատարում ես ազգային պարտաւորութիւններ, արդէն ոչ թէ փոխում ես սկզբունքներդ կամ «պատկանում» ես գտնուած տեղիդ, այլ տրամաբանօրէն ընտրում ես քեզ ընտրողին, ով եւ արժեւորում է քեզ:
«Պատկանելիութիւնդ» դառնում է այն գործը, որը ոչ թէ ում, այլ բոլորի համար է: