ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ամէն տարի, Ադրբեջանում, կարելի է ասել, Արցախի Հանրապետութեան յիշարժան տարեթուերի օրացոյցին համապատասխան՝ սկսւում են հեծեծանքներ պետական մակարդակով:
Օրինակ, մենք հանդիսաւորութեամբ նշում ենք Արցախի հինաւուրց կենտրոն Շուշի քաղաքի ազատագրումը, Բերձորի ազատագրումն ու Հայաստանի հետ միջանցքի բացումը, Խոջալու աւանի կրակակէտերի ոչնչացումը, որը պատերազմի տարիներին մահ էր սփռում շուրջբոլորն ու ահաբեկում մերձակայ հայկական բնակավայրերը, իսկ Ադրբեջանում այդ նոյն ժամանակ կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ կապուած, ինչպէս իրենք են ինքնավստահօրէն անուանում՝ «բնիկ ադրբեջանական հողերը» «կորցնելու» հետ: Օրերս, Բաքուն հեծեծալու հերթական ա-ռիթն ունեցաւ՝ ադրբեջանական օկուպացիայից (գրաւումէն-Խմբ.) Արցախի Հանրապետութեան Մարտակերտի շրջանի ազատագրման 25ամեակը:
Յուլիսի 7ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութեան (ԱԳՆ) մամուլի ծառայութեան ղեկավար Հիքմեթ Հաջիեւն այս տարեթուի կապակցութեամբ տարածեց յայտարարութիւն: Լրիւութեամբ չենք ներկայացնի այս՝ թոյլ տրուի ասել՝ փաստաթուղթը, որը համարձակօրէն կարելի է պատմադիւանագիտական կազուիստիկայի (երկդիմութիւն-Խմբ.) գլուխ գործոց անուանել, քանի որ դրանում այնքան կեղծիք ու անհեթեթութիւն կայ շաղախուած, որ այն ոչ թէ անգամ քաղաքագէտների, այլ հոգեբոյժների մանրակրկիտ ուշադրութեանը եւ ուսումնասիրութեանն է արժանի: Այստեղ ե՛ւ Արցախի պատմութեան նենգափոխումն է, որի բնիկ հայկական բնակչութիւնը ներկայացւում է որպէս եկուոր, ե՛ւ միջազգային ամենատարբեր կոնվենցիաների (համա-գումարի-Խմբ.) ու պակտերի (ուխտերու-Խմբ.), ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի յայտնի 4 բանաձեւերի վկայակոչումը, որոնք, ի դէպ, խախտւում են հէնց Ադրբեջանի կողմից, նոյնիսկ տարածքների կենսաբազմազանութիւնն ու հողերի կառուցուածքը փոփոխութեան ենթարկելու մէջ հայերին ուղղուած մեղադրանքներ: Մի խօսքով՝ մեղադրական իւրատեսակ խառնուրդ՝ կոչուած միջազգային հանրութեան շրջանում ստեղծելու հայ ժողովրդի դիւային կերպարը: Կրկնենք, այս ամէնը թողնենք հոգեբոյժների ուսումնասիրութեանը, իսկ մենք կանգ առնենք Հիքմեթի ընդամէնը մէկ թէզի վրայ, եւ ահա՛ թէ ինչու:
Ինչպէս յայտնի է, ադրբեջանական իշխանութիւններն արդէն վաղուց պատմութիւնը դարձրել են իրենց կեղտոտ քաղաքականութեան գործիք: Ձգտելով ապացուցել Արցախի պատմական պատկանելիութիւնն Ադրբեջանին՝ պաշտօնական Բաքուն պետական մակարդակով երկրամասի պատմութիւնը նենգափոխելու քաղաքականութիւն է վարում: Այդ քաղաքականութեան առանցքային տարրերն են՝ պատմական գիտութեանը հակառակ Արցախի հայերին ներկայացնել որպէս եկուոր ժողովուրդ, իսկ հայ ժողովրդի կողմից ստեղծուած մշակութային ժառանգութիւնը, եւ ամէնից առաջ եկեղեցական ճարտարապետութեան յուշարձանները՝ որպէս աղուանական: Պէտք է ասել, Ադրբեջանի կեղծ գիտնականները դեռեւս խորհրդային տարիներին մի շարք նմանօրինակ «գիտական աշխատութիւններ» էին լոյս աշխարհ բերել, ինչն առանձնակի թափ էր ստացել Ադրբեջանի նախկին ղեկավար Հէյդար Ալիեւի՝ ներկայիս նախագահի հօր օրօք: Այս ստայօդ տեսութիւնն էլ, ինչպէս արդէն նշուեց, հիմք հանդիսացաւ Ադրբեջանի պետական քաղաքականութեան համար, որին էլ հետեւում են տարբեր մակարդակի նրա պետական պաշտօնեաները:
Բնականաբար, խօսելով Մարտակերտի շրջանի ու նրա յուշարձանների մասին՝ պատմութեան աղաւաղումներից չէր կարող խուսափել եւ Հաջիեւը: Մոլեգնութեան մէջ նա յայտարարեց, որ «ի թիւս այլոց, արհեստական հայկականացման նպատակով խեղաթիւրող վերականգնման է ենթարկուել աղուանական քրիստոնէական ժառանգութեան գոհարը հանդիսացող Գեանջասարի 13րդ դարու վանական համալիրը»: Ինչպէս հեշտութեամբ կարելի է կռահել, խօսքն Արցախի Հանրապետութեան Մարտակերտի շրջանի Վանք գիւղում գտնուող Գանձասարի վանքի մասին է, որի անուանումը թիւրք քոչուորների յետնորդը միտումնաւոր աղաւաղել է: Ըստ երեւոյթին, ենթագիտակցական մակարդակով Հիքմեթն ըմբռնել է, որ «Գանձասար» (գանձերի սար) բառի արմատը նոյնն է, ինչ «Գանձակ» (գանձարան) բառինը, որը մի ժամանակ հայկական քաղաքի անուն էր՝ ներկայումս ադրբեջանցիների կողմից խեղաթիւրօրէն վերանուանուած ու Գեանջա դարձած: Յընթացս նշենք, որ Կովկասեան Աղուանքի հետ եկուոր թիւրք ցեղերը, որոնք այժմ ադրբեջանցիներ են կոչւում ու յաւակնում նրա մշակութային ժառանգութեանը, որեւէ՛ կապ չունեն:
Ուշագրաւ մի հանգամանք: Ուղիղ մէկ տարի առաջ՝ 2017թ. Յուլիսին, նոյն Հիքմեթ Հաջիեւը, վրդովուած Գանձասարի վանական համալիրի մէջ մտնող եւ հեղինակաւոր գիտնականների կողմից հայկական եկեղեցական ճարտարապետութեան գլուխգործոց անուանուող Սբ. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու օծման 777ամեակի տօնակատարութեամբ, յայտարարել էր. «…Ադրբեջանի Քեալբաջարի (Քարվաճառ-հեղ.) շրջանում գտնուող աղուանական քրիստոնէական եկեղեցին որեւէ առնչութիւն չունի Հայ Լուսաւորչական եկեղեցու հետ»: Ադրբեջանի ինքնիշխանութեան այս պաշտպանին այն ժամանակ խորհուրդ էինք տուել նախ աշխարհագրութիւն ուսումնասիրել, ապա միայն իրեն թոյլ տալ պատմութեան յուշարձանների վերաբերեալ խորիմաստ դատողութիւններ անել: Բայց արդեօք Հիքմեթին ու նրա տէրերին հետաքրքրո՞ւմ են գիտական նրբութիւնները: Այս կապակցութեամբ միանգամայն օրինաչափ են հետեւեալ հարցերը՝ եթէ Գանձասարը պատկանում է Ադրբեջանին, ապա Բաքուի պետական պաշտօնեաներն ինչո՞ւ եկեղեցու իսկական տեղն անգամ չգիտեն: Եւ, երկրորդ՝ ինչո՞ւ պատերազմի տարիներին ադրբեջանական աւիացիան հրթիռակոծութեան էր ենթարկում այն: Քաղաքակիրթ ժողովուրդները, ինչպէս յայտնի է, ոչ թէ պարզապէս իրենց, այլ նաեւ ուրիշ էթնոսների մշակութային ժառանգութիւնը չեն ոչնչացնում: Բարեբախտաբար, Գանձասարը կանգուն մնաց, ինչը չես ասի Հին Ջուղայի (Նախիջեւան) հազարաւոր միջնադարեան հայկական խաչքարերի մասին, որոնք ադրբեջանական վանդալների (բարբարոսներու-Խմբ.) կողմից անխղճօրէն ոչնչացուել են՝ նախագահ Ալիեւ-Կրտսերի ուղղակի ցուցումով:
Ի հարկէ, պաշտօնական Բաքուի ներկայացուցիչների՝ այդ թւում նախագահ Ալիեւի պատմական թեմայով բառավարժանքները, ով արդէն յաւակնութիւններ էր ներկայացրել Երեւանի ու Հայաստանի տարածքի մեծ մասի նկատմամբ, իրականում պատմութեան հետ որեւէ աղերս չունեն: Դա Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից վարուող պանթիւրքիզմի քաղաքականութեան տեսանելի դրսեւորումն է՝ տարածաշրջանի բնիկ ժողովուրդների տարածքների ու մշակութային ժառանգութեան իւրացման նպատակով. ժողովուրդներ, որոնք, նորելուկ պանթիւրքիստների կարծիքով՝ խանգարում են Անկարայի ու Բաքուի զաւթողական ծրագրերի իրագործմանը: Այդ իսկ պատճառով, միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւնները, ինչպէս նաեւ Ռուսաստանը, ԱՄՆն եւ Ֆրանսիան՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ու ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամներ, իրաւունք չունեն աչք փակել պաշտօնական Բաքուի նմանատիպ խօսքերի ու գործողութիւնների վրայ, քանի որ դրանք իրենց մէջ լուրջ սպառնալիք են պարունակում: