Clik here to view.

ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆ
ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆ
Արդէն վաղուց Վրաստանում երրորդ ուժերը հանրութեան մէջ աշխատանք են տանում հակահայկական տրամադրութիւններ ստեղծելու ուղղութեամբ: Հիմնականում այդ ուժերն են Ադրբեջանն ու Թուրքիան, սակայն յաճախ նման տրամադրութիւններ ստեղծելու համար աշխատանք է տանում նաեւ Ռուսաստանի Դաշնութիւնը, ադրբեջանցիների հետ համատեղ:
Դրա վերջին ու վառ ապացոյցներից է ռուս վերլուծաբան ու քաղաքագէտ Մաքսիմ Շեւչենկոյի այն յայտարարութիւնը «Էխօ Մոսկուա» ռադիոյի ուղիղ եթերում, որ ահա իբր հայկական լոբբին Ռուսաստանում ԱԳՆի միջոցով ազդել է Սիրիական իշխանութիւնների վրայ եւ վերջիններս ճանաչել են Վրաստանի բռնագրաւուած տարածքների անկախութիւնը: Վերլուծաբանը դա պարզաբանում է նրանով, որ Հայաստանին այդ քայլը անհրաժեշտ էր յեղափոխութիւնից յետոյ Ռուսաստանի ուշադրութիւնը իր վրայից շեղելու համար:
Ինչքան էլ անհեթեթ թուայ ռուս վերլուծաբան Մաքսիմ Շեւչենկոյի տուեալ արտայայտութիւնը, Վրաստանում արագ գտնուեցին մարդիկ ովքեր հաւատացին կասկածելի աղբիւրներից սնուող տուեալ հակահայ անձնաւորութեանը եւ նման ոճով հակահայկական տրամադրութիւններ սկսեցին տարածել Վրաստանի սոցիալական ցանցերում: Խօսքը մասնաւորապէս այն մասին է, որ ոմն Դաւիթ Նեմսաձէն, ով Վրացական բանակի նախկին սպայ է եւ այժմ ղեկավարում է «Զինուած ուժերի հասարակական վերահսկողութեան խմբ» կազմակերպութիւնը Յունիսի 14ին «Ֆէյսպուք»ի ուղիղ եթերում կոչ է արել Թբիլիսիում բնակուող հայերին ցոյց անցկացնել ՀՀ դեսպանութեան դիմաց, քանի, որ Յունիսի 12ին Հայաստանը ՄԱԿում դէմ է քուէարկել վրաց փախստականների Աբխազիա ու Հարաւային Օսիա վերադարձի բանաձեւին:
Տուեալ տեսաուղերձում Դաւիթ Նեմսաձէն յիշեցնում է հայ ժողովրդին, որ նրանք պայքարել են աբխազների կողմից եւ կրկնել է Մաքսիմ Շեւչենկոյի հակահայ միտքը, որ իբր հայկական լոբբիի ազդեցութեան ներքոյ է Սիրիան ճանաչել Վրաստանի բռնագրաւուած տարածքների անկախութիւնը: Տուեալ տեսաուղերձը բաւական մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում եւ առաջացրել հակահայկական նոր ալիք Վրաստանում:
Արդէն Յունիսի 18ին Դաւիթ Նեմսաձէն ցոյց է կազմակերպել ՀՀ դեսպանատան առջեւ իր բողոքը յայտնելով Յունիսի 12ին ՄԱԿում Հայաստանի քուէարկութեան դէմ, որի ընթացքում սադրանք է տեղի ունեցել: Այդ ամէնը ակտիւ լուսաբանել ու տարածել է ադրբեջանական փողերով ստեղծուած եւ մինչեւ օրս ֆինանսաւորուող «Կաւկազ Պլուս» լրատուական կայքը:
Անկեղծ ասած դժուար է այս պահին դատել հասարակական ակտիւիստ Դաւիթ Նեմսաձէի ելոյթների ու հանրահաւաքների անկեղծութեան մասին, սակայն պէտք է նշել, որ ցանկացած հակահայկական դրսեւորումների յետեւում շատ յաճախ կանգնած են ադրբեջանական ուժերը, որոնք մեծ գումարներ են ներդնում հակահայկական քարոզչութիւն իրականացնելու համար: Եւ այս համատեքստում պատահական չէ նաեւ Մաքսիմ Շեւչենկոյի մտքերի կրկնութիւնը Դաւիթ Նեմսաձէի վիդէօուղերձում:
Ամէն ինչ ոչինչ, եթէ հայկական լրատուամիջոցներում չտարածուէր այն տեղեկատուութիւնը, որ ծնունդով սիրիացի ՀՀ քաղաքացիներին Վրաստանը այլեւս չի թոյլատրում մուտք գործել իր երկիր: Դա վկայում է այն մասին, որ Վրաստանի իշխանութիւնների մէջ ոմանք (ինչքան էլ տխուր է դա փաստել) Ռուսաստանում ու սեփական երկրում գտնուող ադրբեջանական քարոզչամեքենայի «կուտը կերել են»:
Սակայն դա եւս դեռ ոչինչ: Խնդիրը նրանում է, որ վրաց հասարակութեան մէջ տուեալ ապատեղեկատուութիւնը նոր հակահայ ալիք է բարձրացնում, ինչը սկսում է վտանգել հայ-վրացական եղբայրական յարաբերութիւնների ապագան:
Այս հակահայկական քարոզչութեան ալիքի ներքոյ Ախալցխայում ազգային ատելութեան հենքի վրայ խուլիգանական արարք է տեղի ունեցել: Խօսքը նրա մասին է, որ Յունիսի 23ի ուշ գիշերին Սամցխէ-Ջավախքի հակահետախուզական բաժանմունքի նախկին տեղակալ Գոչա Գելաշվիլին, ով նոր իշխանութիւնների ժամանակ ազատուել էր աշխատանքից, հարբած վիճակում դուրս է եկել Կլդէաշվիլի փողոց որսորդական հրացանը ձեռքին եւ հայերի հասցէին հայհոյանքներ հնչեցրել:
Հետաքրքրական է այն փաստը, որ իր հայհոյանքները հայերի նկատմամբ տուեալ անձնաւորութիւնը սկսել է հետեւեալ արտայայտութիւնից. «Հայեր ով որ չի ճանաչում Վրաստանի անկախութիւնը…», եւ յետոյ երկար ժամանակ հայհոյանքներ հնչեցրել, զգուշացնելով իր հայ հարեւաններին, որ այլեւս նրանց չտեսնի իր փողոցում:
Խօսակցութիւններ են պտտւում, որ 2012 թուականին աշխատանքից ազատուելուց յետոյ Գոչա Գելաշվիլին աշխատել է «Փարվանա» ՀԵԿ-ում, որպէս ադրբեջանական ընկերութեան անվտանգութեան բաժնի ղեկավար:
Հարեւանների վկայութեամբ տուեալ անձը նոր էր վերադարձել եկեղեցական մեկուսարանից եւ կրկին պատրաստւում էր մեկնել եկեղեցի: Չափազանց ցաւալի է նաեւ այն փաստը, որ վրացական եկեղեցում տուեալ անհատին հոգեւորականները չէին կարողացել բացատրել, որ զայրոյթը, հարբեցողութիւնը եւ ատելութիւնը լրջագոյն մեղքերի շարքին են պատկանում ըստ քրիստոնէական դաւանանքի եւ պէտք է սիրել մերձաւորին, ինչպէս դու սիրում ես քո անձը: Այդ գաղափարին հետեւելով միայն կարելի է դառնալ իսկական քրիստոնեայ ճգնաւոր:
Ինչ որ է թողնենք եկեղեցականների քարոզը եկեղեցուն եւ վերադառնանք մեր աշխարհիկ խնդիրներին: Կատարուածից մէկ անգամ եւս կարելի է փաստել, որ Վրաստանում հակահայկական ատելութիւնը ու քարոզչութիւնը իրականում շատ վտանգաւոր դրսեւորումներ են ստանում եւ անկասկած ուղղորդւում են երրորդ երկրների կողմից: Եթէ վրացական իշխանութիւնները, ինչպէս նախկինում մատների արանքով նայեն այս ամէնին եւ երբեմն խայծը կուլ տան, ինչպէս դա եղաւ սիրիացի հայերի դէպքում, ապա այս ամէնը կարող է բերել լուրջ հետեւանքների:
Բոլորս միասին պէտք է հասունանանք եւ հասկանանք, որ սա այն հարցը չէ թէ ով է աւելի հին, կամ ով աւելի լաւ մշակոյթ ու գինի ունի: Հարցը շատ աւելի լուրջ է քան երբեւէ մենք պատկերացնում էինք: Երրորդ կողմը օգտուելով մեր դարերից եկող միամիտ վէճերից թէ ով է աւելի լաւը այս աշխարհում, սկսել է այդ միամիտ «վէճը» քաղաքական հարթակ տեղափոխել ու լարել եւ թունաւորել մեր դարաւոր յարաբերութիւնները: Այդ իսկ պատճառով առաջին հերթին պէտք է սթափուեն մեր երկու եղբայրական պետութիւնների իշխանութիւնները եւ միմեանց նկատմամբ քուէարկութիւններ անցկացնելով ՄԱԿում կամ այլուր, հաշուի առնեն նաեւ մէկ հողի վրայ ապրող երկու ժողովուրդների շահը եւ երրորդ կողմի առկայութեան խնդիրը, որը առիթ է ման գալիս սեպ խրելու հայ-վրացական յարաբերութիւնների մէջ:
Ոչ մէկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ահռելի գումարներ է ծախսում Վրաստանում վառ պահելու բռնագրաւուած Աբխազիայի կողմից Վրաստանի դէմ տեղացի հայերի պատերազմելու հարցը: Սակայն ոչ ոք հայկական կողմից չգիտես ինչու չի խօսում այն մասին, որ Վրաստանի կողմից հարիւրաւոր հայեր մասնակցել են Աբխազիան հետ վերադարձնելու վրացական բանակի գործողութիւններին: Նրանց թւում անշուշտ շատ կան անհետ կորածներ, զոհուածներ եւ հաշմանդամ մնացածներ: Ինչպէս նաեւ յանուն Վրաստանի միասնութեան կռուած ու հերոսացած հայեր: Ինչո՞ւ չի խօսւում դրա մասին եւ այդ մարդկանց մենք ինչո՞ւ հանրային կերպով չենք մեծարում, որպէսզի իսպառ փակենք այդ հակահայկական քարոզչութեան բերանը:
Եթէ Հայաստանը ու Վրաստանը պետական մակարդակով աշխատանք չտանեն նման վտանգաւոր երեւոյթներին հակազդելու համար, որոնք իրականացւում են պետական մակարդակով Ադրբեջանի կողմից, ապա դժուար է պատկերացնել յաջորդ հակահայկական դրսեւորումները ինչ առիթով են գլուխ բարձրացնելու եւ ինչ հետեւանքների են բերելու: Նման դաւադրութիւնները կործանարար են հայ-վրացական հասարակութեան համար, որից շահելու են մեր մէջ խնդիրներ ստեղծող ուժերը:
Իւրաքանչիւր հայրենասէր քաղաքացի պէտք է հասկանայ տուեալ փաստը, հակառակ պարագայում իր «հայրենասիրական» դրսեւորումները կօգտագործուեն սեփական երկրի շահերին դէմ:
ՍԱՄՑԽԷ-ՋԱՒԱԽՔ ՄԵԴԻԱ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ