Հայաստանում ժողովրդի ուժով բռնատիրական վարչակարգի տապալումից յետոյ կարծես համընդհանուր համաձայնութիւն կայ այն մասին, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխութիւններ: Ներկայիս քաղաքական դաշտում գերիշխող են Հայաստանում օրինականութեան եւ ժողովրդավարական հաստատութիւնների կայացմանն ուղղուած բարեփոխումների առաջարկներն ու խոստումները: Խօսւում է ընտրական նոր օրէնսգրքի որդեգրման, կուսակցութիւնների մասին օրէնքի վերանայման, դատական համակարգի բարեփոխման, կոռուպցիայի (կաշառակերութեան-Խմբ.) բացառման, պետական կառավարման ոլորտ բիզնեսի ներթափանցումն արգելելու եւ նմանատիպ գործողութիւնների մասին, որոնք մենք համարում ենք անհրաժեշտ, անյետաձգելի, բայց ոչ բաւարար:
Համակարգային փոփոխութիւնները ենթադրում են ոչ միայն քաղաքական ինստիտուտների, այլեւ տնտեսական կարգի եւ յարաբերութիւնների վերանայում: Ռեսուրսների անարդար բաշխման արդիւնքում առաջացած տնտեսական եւ սոցիալական խնդիրներն առաւելագոյնս են ազդում մարդկանց ամէնօրեայ կեանքի վրայ, ուստի այս խնդիրների խորքային քննարկումն ու յատկապէս դրանք ծնած սոցիալական ու տնտեսական համակարգերի քննադատութիւնն ու վերաձեւակերպումը չպէտք է շարունակեն մնալ քաղաքական օրակարգի ծայրամասում:
Առանց խնդրականացնելու Հայաստանի նախորդ կառավարութիւնների իրականացրած տնտեսական ու քաղաքական ռեֆորմների (բարեփոխումներու-Խմբ.) էութիւնը՝ ներկայիս ժամանակաւոր կառավարութիւնն ու նրա շուրջը համախմբուած գործարարներն ու հասարակական կազմակերպութիւնները երկրի սոցիալ-տնտեսական (ընկերային-տնտեսական-Խմբ.) խնդիրների լուծումը տեսնում են՝ ազատ ընտրութիւնների, տնտեսական մենաշնորհների եւ ներկրումների արգելքների վերացման, մր-ցակցութեան եւ ստեղծարարութեան խթանման, արտաքին ներ-դրումների ապահովման մէջ: Այս առաջարկներն ու խոստումները, սակայն, շարունակում են Հայաստանում անկախութիւնից ի վեր հաստատուած տնտեսական կարգի տրամաբանութիւնը՝ պարզապէս օրինական դաշտ բերելով այն: Աղքատութեան, արտագաղթի, տնտեսական մենաշնորհների եւ միւս խնդիրների լուծման համար այսօր առաջարկուող դեղատոմսը նէոլիբերալիզմն (նոր-ազատականութիւն-Խմբ.) է: Բազմաթիւ են, սակայն, նէոլիբերալ-կապիտալիստական երկրների օրինակները, որտեղ թէեւ ընտրութիւնները չեն կեղծւում, չկան ներկրումների արգելքներ, պետբիւջէն աւելի քան հարուստ է, բայց եւ կայ հարստութեան խտացում փոքրամասնութեան ձեռքերի մէջ, դասակարգային բեւեռացում, աղքատութիւն ու շահագործուող աշխատաւորական խաւ:
Խոստացուող ներդրումային կապիտալի (դրամագլուխի-Խմբ.) ներհոսքը դեռեւս չի նշանակում այդ կապիտալի հաւասար ու արդար բաշխում: Ներդրումների արդիւնքում խոստացուող աշխատատեղերի ստեղծումը դեռեւս չի նշանակում արժանապատիւ, արդար ու բաւարարող աշխատանքի ապահովում: Իրականում ներդրումը բիզնեսի ծախսային կողմն է միայն, որը բնաւ բարեգործութիւն չէ, քանի որ ծառայում է բիզնեսի միւս՝ շահոյթի կողմին, որին անդրադարձ չի արւում ներդրումները փառաբանող մերօրեայ քննարկումներում: Չափազանց կարեւոր է, թէ ի՛նչ եղանակներով եւ ի՛նչ պայմաններում է ստացուելու այդ շահոյթը, ի՛նչ բացասական ազդեցութիւններ է թողնելու շահոյթի ստացումը մարդկանց ու բնութեան վրայ: Տակաւին, խոստացուող վարկային տոյժ-տուգանքների բեռի թեթեւացումը դեռեւս չի նշանակում յետագայ վարկային ստրկացման բացառում, քանի դեռ հարցականի տակ չի դրուել ներկայիս ֆինանսա-վարկային քաղաքականութիւնն ընդհանուր առմամբ: Մեծահարուստ գործարարների պետական ոլորտում ներկայացուածութեան բացառումը դեռեւս չի նշանակում, որ նրանք չեն ունենայ վճռորոշ քաղաքական ազդեցութիւն, քանի դեռ չկան բիզնեսի շահերը սպասարկող լոբինգը զսպելու մեխանիզմներ: Խոստացուող տնտեսական աճն ու բիւջետային եկամուտների աւելացումը նոյնիսկ ինքնըստինքեան չեն նշանակում աղքատութեան վերացում ու սոցիալական արդարութեան հաստատում, քանի չկան հարստութեան հաւասար բաշխումն ապահովող մեխանիզմներ (մեքենակառոյցներ-Խմբ.):
Վերջապէս, իրաւունքի գերակայութիւնն ու ժողովրդավարութիւնը նոյնիսկ կարող են խաթարուել, եթէ համակարգում առկայ տնտեսական դասակարգերը շարունակեն մնալ բեւեռացուած յարաբերութիւններում: Քաղաքական ժողովրդավարութիւնը մնում է վերաշրջելի, հակայեղափոխութեան ենթակայ, քանի չկայ տնտեսական ժողովրդավարութիւն: Սանձարձակ կապիտալը միշտ էլ ձգտելու է իշխանութեան, որ ապահովի աւելի շատ կապիտալ, ինչն իր հերթին կ՛ապահովի աւելի շատ իշխանութիւն:
Մեկնելով վերոյիշեալից՝ հարկ ենք համարում ազդարարել, որ յեղափոխութիւնը չպէտք է սահմանափակել քաղաքական ժողովրդավարացման ու տնտեսական աճի տեսլականով, այլ պէտք է անպայման աշխատել ի շահ սոցիալական արդարութեան ու տնտեսական ժողովրդավարութեան:
Աւելի կոնկրետ՝ (յստակ-Խմբ.) կառավարութիւնից եւ հասարակութիւնից ակնկալում ենք՝
Մշակել, թելադրել ու հաստատել գիտութեան, առողջապահութեան, կրթութեան, սոցիալական ապահովութեան, կենսաթոշակային ոլորտներում այնպիսի քաղաքականութիւն, որը հիմնուած է սոցիալական արդարութեան, համերաշխութեան ու փոխօգնութեան, այլ ոչ՝ մրցակցութեան, մասնաւորի կողմից հանրային կապիտալի շրջանառութեան ու բիզնես շահոյթի գաղափարների վրայ: Մենք նոր Հայաստանում ակնկալում ենք բիւջէի համաչափ ու արդար բաշխում, սոցիալական ապահովութեան հանրային համակարգերի ուժեղացում եւ այս համակարգերի մասնաւորեցման գործընթացի յետմղում:
Բանկային եւ վարկային ոլորտում մշակել եւ ներդնել ներկայիս վաշխառուական գործելակերպը բացառող, փողի կուտակման ու բաշխման անդամակցային, արդար ու ժողովրդավարական մեխանիզմներ:
Մշակել, թելադրել ու տնտեսութեան մէջ ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կ՛ապահովեն կապիտալի արդար բաշխումը եւ կը վերացնեն սոցիալական բեւեռացումը, այդ թւում՝ աճող հարկային քաղաքականութեան, բազային համընդհանուր եկամտի, կոլեկտիւ (հաւաքական-Խմբ.) սեփականութեան խթանման մեխանիզմների միջոցով:
Ուժեղացնել ու արդիւնաւէտ դարձնել աշխատաւորների իրաւունքների պաշտպանութեան մեխանիզմները, այդ թւում՝ հզօրացնելով արհմիութիւններն ու խթանելով նրանց ինքնակազմակերպումը, ինչպէս նաեւ օրէնսդրօրէն ամրագրելով պետութեան կողմից աշխատաւորներին պաշտ-պանելու պարտականութիւնը: Տեխնոլոգիական մեր դարաշրջանում անհրաժեշտ է նաեւ արմատապէս վերանայել այնպիսի նորմեր, ինչպիսիք են 19րդ դարից ժառանգուած 8ժամեայ աշխատանքային օրը, աշխատանքի եւ հանգստի յարաբերակցութիւնը, աշխատաւոր-գործատու անհաւասար երկատումը եւ այլն:
Բնապահպանութեան ոլորտում ընդունել մի պարզ սկզբունք, որ բնութեան պահպանումը պէտք է լինի անշահախնդիր ու չնուազեցուի մարդու պահանջմունքների բաւարարմանը: Սրանից կը բխեն առօրեայ կեանքի եւ տնտեսութեան կազմակերպման մէջ մարդու՝ էկոհամակարգի (բնապահպանական համակարգի-Խմբ.) մասնիկ լինելու, ոչ թէ էկոհամակարգերի նկատմամբ գերակայ, վերադաս ու վերահսկող լինելու գործելակերպեր: Հանրային վերահսկողութեան բացակայութեան, մասնաւորի գերիշխանութեան պաշտպանութեան, վերահսկող օրէնքների եւ նորմատիւների (օրինաչափութեան-Խմբ.) թուլացման, վերացման կամ ձեւական դարձնելու, վերահսկող տեսչութիւնների լուծարման կամ թուլացման պարագայում՝ բացի մասնաւոր ընկերութիւններից եւ նրանց ֆինանսաւորողներից, այդ թւում՝ օտարերկրեայ ներդրողներից, պարտւում են մնացած բոլորը, զուգահեռ քայքայւում է բնութիւնը:
Քաղաքական ու տնտեսական յարաբերութիւնները կառուցելիս՝ վերացնել անտեսանելի, այդ թւում՝ մշակութային արգելքները, որոնք որպէս կանոն սահմանափակում են հանրութեան տարբեր շերտերի՝ կանանց, էթնիկ ու կրօնական խմբերի, սեռական կողմնորոշման ու գենդերային (սեռային-Խմբ.) ինքնութեան բազմազան խմբերի, աշխատունակութեան տարբեր աստիճաններ ունեցող անձանց հնարաւորութիւնները՝ լիարժէքօրէն ու հաւասար կերպով մասնակցելու այդ յարաբերութիւններին:
Գիտակցում ենք, որ բարձրացուած հարցերի ցանկը սպառիչ չէ, ու որ դրանք պահանջում են աւելի խորքային քննարկում:
Ուստի կոչ ենք անում այս մտահոգութիւնները կիսող անձանց՝ վերը նշուած սոցիալական արդարութեան եւ տնտեսական ժողովրդավարութեան հաստատման հրամայականը դարձնել լայն հանրային քննարկման թեմա, որի արդիւնքում կը ձեւաւորուի համապատասխան քաղաքական օրակարգ: Որպէս նախնական քայլ մենք նախաձեռնում ենք քննարկումների առցանց հարթակի ստեղծում, որի կայացմանն ու զարգացմանը կարող են մասնակցել վերը նշուած մօտեցումները կիսող բոլոր անձինք:
ԱՆՆԱ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
ԱՐՓԻՆԷ ԳԱԼՖԱՅԵԱՆ
ԶԱՌԱ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
ՀՐԱԿ ՓԱՓԱԶԵԱՆ
ՍՈՖԵԱ ՄԱՆՈՒԿԵԱՆ
ՎԱՀՐԱՄ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ