ԱՐԱՐԱՏ ՅԱԿՈԲԵԱՆ
Կը հրատարակենք հայրենի պատմաբան Արարատ Մ. Յակոբեանի հեղինակած եւ Գէորգ Խուտինեանի կողմէ խմբագրուած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ 1918-1920 ԹԹ.: Անկախութեան 100 Ամեակի Առթիւ» (516 էջ) գիրքէն հատուած մը:
2.1. Բաթումի Պայմանագիրը
Ինչպէս արդէն ասուեց, Մայիսեան հերոսամարտերի ահեղ օրերին Անդրկովկասեան սէյմը (պառլամենտը) ցրուեց, ու կազմալուծուեց Անդրկովկասեան Հանրապետութիւնը: Դա ենթադրում էր, որ իր անկախութիւնը հռչակած իւրաքանչիւր հանրապետութիւն պէտք է ինքը առանձին լուծէր Թուրքիայի հետ պատերազմի ու խաղաղութեան հարցը: Հէնց այդ առաքելութեամբ նորանկախ Հայաստանի պատուիրակութիւնը Ալ. Խատիսեանի գլխաւորութեամբ մեկնեց Բաթում՝ թուրքերի հետ բանակցելու եւ հաշտութիւն կնքելու: Մի քանի օր տեւած բանակցութիւնների արդիւնքում 1918թ. Յունիսի 4ին հայերի համար շատ ծանր պայմաններով կնքուեց Բաթումի հաշտութեան պայմանագիրը Հայաստանի Հանրապետութեան եւ Օսմանեան Թուրքիայի միջեւ:
14 յօդուածից բաղկացած պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ունենալու էր սահմանափակ թուով զօրք՝ ընդամէնը մէկ դիվիզիա: Երկաթուղիների վերահսկողութիւնն անցնելու էր Թուրքիային, որպէսզի իբր կարողանայ Հայաստանի վրայով զօրք տեղափոխել Ադրբեջան՝ խորտակելու Բաքուի կոմունան: Դրանից զատ՝ Հայաստանը պարտաւորւում էր կազմալուծել հայկական անկանոն զօրախմբերը եւ այլն:
Տարածքային առումով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արեւմտեան Հայաստանը, այլեւ Արեւելեան Հայաստանի զգալի մասը՝ Կարսի մարզը եւ երկաթուղու երկայնքով ձգուող շուրջ 5 գաւառ: Հայ-թուրքական սահմանագիծը սկսւում էր Ախալքալաքի սահմանից, իջնում էր հարաւ՝ Աղբուլաղ կայարան, այնտեղից ուղիղ գծով դէպի Արագածի ամենաբարձր գագաթը, որտեղից իջնում էր Էջմիածնից 7 կմ. արեւմուտք եւ շրջանցելով քաղաքը՝ երկաթուղուն զուգահեռ 6 կմ. բացուածքով ձգւում էր մինչեւ Շարուր-Նախիջեւան՝ Արփայի դաշտը: Հայաստանի Հանրապետութեանը փաստօրէն մնում էր ընդամէնը 12 հազ. քառ. կմ. տարածք, որն ընդգրկում էր Սեւանայ լճի աւազանը եւ Արարատեան դաշտի մի մասը: Այս կապակցութեամբ տեղին է յիշեցնել, որ Լէօն (Առաքէլ Բաբախանեանը), նկատի ունենալով նորահռչակ հանրապետութեան անձուկ տարածքը, այն համարում էր ոչ թէ ապրելու համար տեղ, այլ ընդամէնը գերեզմանոց: Այդուհանդերձ, այս կապակցութեամբ գլխաւորն անկախութեան փաստի արձանագրումն ու ընդունումն էր բիրտ թշնամու՝ Թուրքիայի կողմից: Ընդհանուր հաշուով՝ Թուրքիան Արեւելեան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ. տարածք: Բաթումի պայմանագիրը, որը չի վաւերացուել ո՛չ Հայաստանի եւ ոչ էլ Թուրքիայի կառավարութիւնների կողմից, իր ուժը պահպանեց մինչեւ Համաշխարհային պատերազմի աւարտը:
Հարց է ծագում. եթէ հայ ժողովուրդը յաղթանակ էր տարել Մայիսեան հերոսամարտերում, ապա ինչո՞ւ էր նման կողոպտիչ պայմանագիր կնքում: Բանն այն էր, որ չնայած Մայիսեան յաղթական հերոսամարտերին՝ այդուհանդերձ, պահպանւում էր թուրքական մահացու վտանգը: Բաքու շտապող թուրքական զօրքը մտադիր էր այն գրաւելուց յետոյ հետ դառնալ: Սակայն, ինչպէս ասում են, Ուրբաթն աւելի շուտ եկաւ, քան Շաբաթը: Յետագայ իրադարձութիւնները զարգացան այնպէս, որ հայկական կողմը մեծ զիջումների գնով հնարաւորութիւն ունեցաւ դադար վերցնել ու որոշ ժամանակ շահել այն իմաստով, որ երբ 1918թ. Սեպտեմբերի 15ին՝ Բաքուն գրաւելուց յետոյ, թուրքերը հետ դարձան ու ներխուժեցին Արցախ, գրաւեցին Շուշին, սակայն խրուեցին այնտեղ, իսկ Հոկտեմբերի 18ին անգամ պարտութիւն կրեցին: Մինչ այդ անգլիացիները յաղթել էին նրանց Արարայում, ու փլուզուել էր թուրքական գլխաւոր՝ Պաղեստինի ճակատը, ուստի եւ Հոկտեմբերի 30ի Մուդրոսի զինադադարով թուրքերը հարկադրուած էին հեռանալ Անդրկովկասից:
Ճակատագրի հեգնանքով, Բաթումի պայմանագիրը անկախ Հայաստանի միջազգային առաջին փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինն էր պաշտօնապէս ճանաչում Հայաստանի անկախութիւնը: Դա պատերազմից դուրս գալու եւ հայ ժողովրդին վերջնական բնաջնջումից ազատելու միակ հնարաւոր ելքն էր այդ ժամանակ: Վարչապետ Քաջազնունու կառավարութիւնը, բարդութիւնների եւ թիւրիմացութիւնների տեղիք չտալու համար մինչեւ Առաջին Աշխարհամարտի աւարտը աշխատում էր հաւատարիմ մնալ այդ պայմանագրին:
Բաթումի պայմանագրի շնորհիւ ձեռք բերուած դադարը հնարաւորութիւն տուեց սկսելու պետականաշինութեան գործընթացը:
2.2. Պետական Իշխանութեան Մարմինների Ձեւաւորումը
ա) Կառավարութեան Ստեղծումը
Հայաստանի անկախութեան հռչակումից յետոյ շատ աւելի դժուար ու տեւական էին լինելու պետականութեան կայացումը եւ երկրի դինամիկ զարգացումը: Պետականաշինութեան առաջին քայլը բնականաբար սկսուեց կառավարութեան ձեւաւորումից:
Հայաստանի անկախութեան հռչակումից եւ Բաթումի հաշտութեան պայմանագրի կնքումից յետոյ առաջնային խնդիր դարձաւ պետական իշխանութեան երեք հիմնական՝ գործադիր, օրէնսդիր եւ դատական մարմինների ձեւաւորումը: Այդ համատեքստում անուրանալի է ՀՅԴ կուսակցութեան դերակատարութիւնը: Նա է եղել հայոց պետական մեքենան առաջ շարժող քաղաքական գլխաւոր ուժը, հիմնականում իր ուսերին է կրել անկախ պետականութեան, ժողովրդի ու հայրենիքի անվտանգութեան ամբողջ պատասխանատուութիւնը:
Ցարական երբեմնի նահանգի կառավարման համակարգի փոխարէն, այն էլ՝ պատերազմներից խարխլուած վարչակարգի ու կիսաւէր տնտեսութեան պայմաններում, պէտք էր ստեղծուէր եւրոպական արժեհամակարգով հանրապետական-ժողովրդավարական կառավարման ձեւ ընդունած պետական ապարատ՝ նոր գաղափարախօսութեամբ, պետաիրաւական ու տնտեսավարման, կրթամշակութային նոր համակարգերով:
Բաթումի պայմանագրից յետոյ Թիֆլիսում ստեղծուեց անդրանիկ ոչ-լիակազմ կառավարութիւնը, որի նախագահ (վարչապետ) ընտրուեց Յովհաննէս Քաջազնունին (1868-1938): 1918թ. Յուլիսի 17ի վաղ առաւօտեան կառավարութեան եւ Հայոց Ազգային խորհրդի անդամները Թիֆլիսից մեկնեցին դէպի Աղստաֆա, այնտեղից էլ գերմանական երկու աւտոմեքենայով Յուլիսի 19ին ժամանեցին մայրաքաղաք Երեւան եւ անմիջապէս անցան գործի:
Յուլիսի 24ին Թիֆլիսի եւ Երեւանի ազգային խորհուրդների համատեղ նիստում հրապարակուեց անդրանիկ կառավարութեան կազմը՝ Յովհաննէս Քաջազնունի (նախարար-նախագահ կամ վարչապետ), Ալեքսանդր Խատիսեան (արտ. գործ նախարար), Արամ Մանուկեան (ներք. գործ. նախարար), Խաչատուր Կարճիկեան (ֆինանսների նախարար), Յովհաննէս Հախվերդեան (զինուորական նախարար) եւ մի փոքր ուշ՝ Յուլիսի 28ին, Գրիգոր Պետրոսեան (արդարադատութեան նախարար): Վերջին երկուսը անկուսակցական էին: Հայոց Ազգային խորհրդի եւ կառավարութեան Հայաստանի մայրաքաղաք փոխադրումով Երեւանը վերածուեց հայոց հասարակական-քաղաքական, տնտեսական եւ կրթամշակութային կեանքի կենտրոնի:
Իշխանութեան ղեկը ստանձնած կառավարութեան գլխաւոր խնդիրներն էին՝ ստեղծել պետական գործուն մեքենայ, պետական իրաւակարգ, հաստատել կարգուկանոն, երկիրը դուրս բերել քաոսից ու անիշխանութիւնից, պայքարել սովի ու համաճարակների դէմ, գաղթականութեանը սնունդ, բնակարան ու աշխատանք տալ, կարգաւորել պարէնաւորումը եւ ֆինանսները, ոտքի կանգնեցնել տնտեսութիւնը, առաջ տանել կրթամշակութային գործը, ստեղծել կանոնաւոր բանակ, հնազանդեցնել ներքին խռովութիւնները, լուծել սահմանային վէճերը, հաստատել դիւանագիտական կապեր, հասնել Հայաստանի միջազգային ճանաչման եւ այլն, մի խօսքով՝ ստեղծել կազմակերպուած պետութիւն: Եւ այդ բազում խնդիրները լուծելու նպատակով կառավարութիւնը լծուեց գործի եւ հանրապետութեան գոյութեան 2.5 տարիների ընթացքում տարաւ պետականաշինութեան իր հասանելիք բեռը:
Խօսելով բարձրագոյն գործադիր իշխանութեան (կառավարութեան) մասին՝ հարկ է փաստել, որ իր գոյութեան 2.5 տարուայ ընթացքում հանրապետութիւնն ունեցել է չորս վարչապետ, որոնք բոլորն էլ ՀՅԴ գործիչներ էին՝ Յովհաննէս Քաջազնունի (1918թ. Յունիսի 7ից մինչեւ 1919թ. Օգոստոսի 7ը, իսկ գործնականում՝ մինչեւ Ապրիլ, երբ Հայաստանի խորհրդի որոշմամբ նա գործուղուեց Եւրոպա եւ ԱՄՆ՝ օգնութիւն ստանալու համար), Ալեքսանդր Խատիսեան (1919թ. Օգոստոսի 7ից մինչեւ 1920թ. Մայիսի 5ը), Համօ Օհանջանեան (1920թ. Մայիսի 5ից մինչ եւ նոյն տարուայ Նոյեմբերի 23ը) եւ Սիմոն Վրացեան (Նոյեմբերի 23ից մինչեւ Դեկտեմբերի 2ը): Ընդ որում, ՀՅԴն երկու անգամ՝ 1918թ. Նոյեմբերի 4ից 1919թ. Յունիսի սկիզբը՝ ՀԺԿի, իսկ 1920թ. Նոյեմբերի 23ից Դեկտեմբերի 2ը՝ «Էս.էռ»ների հետ կազմել է կոալիցիոն (խառը) կառավարութիւն:
Հարկ է նշել, որ առանձնապէս կշռելի է եղել ՀՅԴ-ՀԺԿ կոալիցիոն կառաւարութիւնը: Հ. Քաջազնունու գլխաւորած կառավարութեան աշխատանքների արդիւնավետութիւնը բարձրացնելու նպատակով ՀՅԴ ընդառաջ գնաց ՀԺԿ ցանկութեանը, եւ 1918թ. Նոյեմբերի սկզբին ձեւաւորուեց կոալիցիոն կառավարութիւն՝ դարձեալ Հ. Քաջազնունու գլխաւորութեամբ: Բանն այն է, որ Թուրքիայի պարտութիւնը դարձել էր օրերի հարց, իսկ Հայաստանում նշմարւում էին կայունացման որոշ միտումներ, ուստի իշխանութեան հակումներ ցուցաբերող ժողովրդականները ցանկութիւն յայտնեցին մտնել կառավարութեան մէջ եւ ՀՅԴի հետ միասին կիսել պատասխանատուութիւնը ժողովրդի, հայրենիքի ու պետութեան առաջ: Այդ նպատակով Թիֆլիսից Երեւան ժամանեցին ՀԺԿ ԿԿի անդամներ Մինաս Բերբերեանը, Գէորգ Մելիք-Ղարագէօզեանը, Սամսոն Յարութիւնեանը, Լեւոն Ղուլեանը եւ ուրիշները: Բանակցութիւնների արդիւնքում ձեւաւորուեց ՀՅԴ-ՀԺԿ կոալիցիոն կառավարութիւն, որի մէջ մտան 4 դաշնակցական, 4 ժողովրդական եւ 1 անկուսակցական՝ նախարար-նախագահ (վարչապետ) Հ. Քաջազնունու գլխաւորութեամբ: Կոալիցիոն համատեղ աշխատանքը դրսեւորուեց նաեւ խորհրդարանում, եւ ձեւաւորուեց ՀՅԴ-ՀԺԿ խորհրդարանական մեծամասնութիւն:
Հարկ է նկատել, որ հանրապետութեան ֆինանսատնտեսական, վարչա-իրավական բնոյթի գործառոյթների իրականացման համար ՀԺԿ շարքերում կային բարձր կրթութիւն ու որակաւորում ստացած մեծ թուով հմուտ մասնագէտ կադրեր, որոնց կարիքը մեծապէս զգացւում էր: Սակայն ժողովրդական նախարարները առանձնապէս մեծ ձգտում չէին ցուցաբերում լծուելու պետական նաւին: Նրանց չէին բաւարարում Թիֆլիսի համեմատ Երեւանի ոչ այնքան յարմարաւէտ պայմանները, եւ, բացի այդ, վախենում էին համաճարակներից վարակուելուց: 1919թ. Յունուարին միայն Երեւանում կար 21,000 բծաւոր տիֆով հիւանդ: Բայց եւ այնպէս, չնայած երկու կուսակցութիւնների մէջ առկայ երբեմն տարբեր դիրքորոշումներին ու ներքին մի շարք անհամաձայնութիւններին՝ ՀՅԴ-ՀԺԿ կոալիցիան գործեց շուրջ 7 ամիս:
Բերուած փաստը հաստատում է, որ Առաջին Հանրապետութեան հիմնական կառավարող կուսակցութիւնը՝ ՀՅԴն, չի ձգտել միակուսակցական ամբողջատիրական (տոտալիտար) կառավարման վարչաձեւին, ինչն այդքան բնորոշ էր ԽՍՀՄ կոմունիստական-բոլշեւիկեան աւելի քան 70ամեայ բռնավարչակարգին:
Ընդհանուր առմամբ, տալով Առաջին Հանրապետութեան կառավարութեան պետականաշինութեան ամփոփ բնութագիրը, այն կարելի է բաժանել երեք փուլերի: Առաջին՝ Հ. Քաջազնունու նախագահութեան շրջանը՝ պետական-կազմակերպական, երկրորդ՝ Ալ. Խատիսեանի՝ քաղաքացիական-ստեղծագործական եւ երրորդը՝ Հ. Օհանջանեանի ու Ս. Վրացեանի՝ արտաքին ու ներքին թշնամիների դէմ կռուի շրջան, որը, ինչպէս յայտնի է, աւարտուեց 1920թ. Դեկտեմբերի 2ին Հայաստանի Հանրապետութեան անկմամբ ու նրա խորհրդայնացմամբ:
բ) Արամ Մանուկեանի քաղաքական դերակատարութիւնը
Խօսելով ՀՀ անդրանիկ կառավարութեան մասին՝ հարկ է յատուկ անդրադառնալ Արամ Մանուկեանի քաղաքական դիմանկարին: Մինչ նորակազմ կառավարութիւնը Թիֆլիսից կը ժամանէր մայրաքաղաք եւ գործի կ՛անցնէր, տեղում պետական կառոյցներ ստեղծելու եւ կարգուկանոն հաստատելու ուղղութեամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր իրականացրել Երեւանի Ազգային խորհրդի փաստացի ղեկավար, ժողովրդի կողմից դիկտատոր ճանաչուած Արամ Մանուկեանը (Սարգիս Յովհաննիսեան, որին իրաւամբ կարելի է համարել Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր: Այդ պատուանունին Արամն արժանի է այն իմաստով, որ նախ Մայիսեան յաղթական հերոսամարտերը մեծապէս կերտուեցին նրա անձնական կամքի ու կազմակերպական ջանքերի շնորհիւ եւ նաեւ այն բանի համար, որ մինչ Հ. Քաջազնունու անդրանիկ կառավարութիւնը կը ժամանէր Հայաստան, նա արդէն վիթխարի աշխատանք էր տարել պետութեան կազմակերպական կառոյցներ ստեղծելու ուղղութեամբ:
Արամի քաղաքական վաստակը գնահատելու համար բաւական է միայն մատնանշել, որ նա կազմակերպեց ու ոգեշնչեց ժողովրդին երկու յաղթական հերոսամարտերում՝ 1915թ. Վանի ինքնապաշտպանութեան, 1918թ. Սարդարապատի ու Բաշ Ապարանի ճակատամարտերի ժամանակ: Եթէ առաջինի դէպքում փրկուեց շուրջ 150 հազար վան-վասպուրականցի, ապա երկրորդի արդիւնքում արեւելահայութիւնը փրկուեց երիտթուրքական նոր եղեռնից, եւ դրուեց Հայաստանի անկախութեան հիմքը, մի անկախութիւն, առանց որի դժուար կը լինէր խօսել մեր ժամանակների Հայաստանի մասին: Արամի յուշագիրներից Օ. Մխիթարեանը այսպէս է բնութագրել Վանի եւ Սարդարապատի հերոսին. «Արամի կազմակերպչական ուժը այնքան տիրական էր, որ ոչ ոք կարող էր ընդդիմանալ: Երբ անիկայ կը խնդրեր, կարծես կը հրամայէր, երբ անիկայ կը բանաձեւեր, կարծես անյեղելի օրէնքներ կը գծէր, կարծես ոչ թէ ծրագիր էր այդ այլեւս, այլ արդէն վաղուց գործադրուած իրողութիւն»:
1918թ. սկզբներից Արամը Երեւանում ստեղծել էր տեղական կառավարութիւն՝ «Վարիչների մարմին», որը կառավարում էր նահանգը: Նա գլխաւորում էր այդ մարմինը, նաեւ նրա զինուորական բաժանմունքը: Արամի տարերքն էր ե՛ւ պաշտպանելը, ե՛ւ կառուցելը: Նրա գլխաւորած վարչութիւնն ունէր ներքին գործերի, զինուորական, պարէնաւորման, ֆինանսների, գաղթականութեան եւ այլ բաժանմունքներ: Վարիչ մարմնում ընդգրկուած էին ճանաչուած հեղինակութիւններ Մ. Մուսինեանը, Հ. Մելիքեանը, Ս. Թորոսեանը, Ա. Շահխաթունին եւ ուրիշներ:
Հ. Քաջազնունու կաբինետում ՆԳ նախարարութիւնը, որը գլխաւորում էր Արամը, համարւում էր բարձրագոյն վարչական մարմինը: Կառավարչական իրաւասութիւնների ծաւալի մեծութեան առումով ՆԳՆն ամենախոշոր կառոյցն էր: Նա էր տնօրինում ու համակարգում նահանգային ու գաւառային մարմինների, քաղաքային ինքնավարութիւնների, գաղթականութեան, կրթութեան, առողջապահութեան, ոստիկանութեան եւ այլ ոլորտների աշխատանքները: Յետագայում այդ նախարարութիւնից տրոհուեցին ու առաջացան մի շարք նոր նախարարութիւններ: Բայց մինչ այդ՝ մինչեւ իր մահը, այդ աշխատանքները օրնիբուն տնօրինում եւ անսպառ եռանդով ու անձնազոհ նուիրումով վարում էր Արամը: Նա ամէն տեղ էր: Հէնց ժողովրդի, գաղթականութեան, որբերի հետ շփումների հետեւանքով Արամը վարակուեց բծաւոր տիֆով եւ 1919թ. Յունուարի 29ին կնքեց իր մահկանացուն: Ասում են, որ անգամ ծանր հիւանդ վիճակում նա հրաժարուել է դեղ ընդունել՝ խորհուրդ տալով այդ դեղերով փրկել որեւէ գաղթականի: Ժամանակագիրները նշում են, որ նրա թաղումը վերածուեց բազմահազարանոց սգոյ միջոցառման, որպիսին դեռ չէր տեսել Երեւանը: Արամը պետական այն ազնիւ ու անկաշառ բարձրաստիճան ծառայողներից էր, որ անգամ յուղարկաւորութեան համար խնայած որեւէ միջոց չի ունեցել, եւ ստիպուած այդ նպատակով խորհրդարանն է մի փոքր գումար յատկացրել: Կարելի է վստահաբար ասել, որ 20րդ դարի հայոց ճակատագրական երկու տասնամեակներին Արամ Մանուկեանը իր ժողովրդի համար, հարկաւ, խաղաց աստուածաշնչեան Մովսէսի դերը, իսկ վերջում, տակաւին չորս տասնամեակը չբոլորած, իր կեանքն էլ զոհաբերեց յանուն նրա փրկութեան:
Յիրաւի, անհնար է պատկերացնել Հայոց անկախ պետականութեան վերականգնումը առանց Արամ Մանուկեան գործչի: Մէկդարեայ հեռաւորութիւնից տալով Արամ Մանուկեանի խաղացած վիթխարի դերի գնահատականը՝ տեղին է մէջբերել գրաքննադատ, պետական գործիչ Նիկոլ Աղբալեանի արտասանած հրաժեշտի սրտառուչ խօսքերը. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը եւ խօսեցէք ձեր խղճի հետ եւ ըսէք, արդեօք աշխատէ՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամ, տուե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը»:
գ) Օրէնսդիր մարմնի՝ խորհրդարանի ձեւաւորումը եւ օրինաստեղծ աշխատանքը
Առաջին խորհրդարան՝ Հայաստանի խորհուրդ: Ի սկզբանէ խնդիր դրուեց հայոց պետականութիւնը կերտել եւրոպական երկրների քաղաքական եւ պետական կառուցուածքի օրինակով՝ իհարկէ, հաշուի առնելով տեղական պայմանները եւ մեր երկրի ու ժողովրդի առանձնայատկութիւնները: Պէտք է հիմնուէր պառլամենտական դեմոկրատական (ռամկավար) հանրապետութիւն: ՀՀն որդեգրեց պառլամենտական (խորհրդարանական) կառավարման համակարգը (մոդելը): Դա նշանակում էր, որ բարձրագոյն իշխանութիւնը համարւում էր օրէնսդիր մարմինը, իսկ բարձրագոյն գործադիր մարմինը՝ կառավարութիւնը, որի նախագահը (վարչապետը) համարւում էր հանրապետութեան ամենաբարձր պաշտօնատար անձը: Վերջինս կառավարութեան հետ միասին ընտրւում էր խորհրդարանի կողմից, հաշվետու էր միայն նրա առաջ եւ անվերապահ ենթակայ էր նրա որոշումներին: Այսինքն՝ նրան վստահութիւն կամ անվստահութիւն յայտնելու հարցը լսում էր խորհրդարանը:
Պետութեան կառուցուածքի յստակեցման առումով ծրագրւում էր Հայկական հարցի լուծումից՝ Միացեալ Հայաստանի ստեղծումից յետոյ հրաւիրել Սահմանադիր ժողով, ընդունել Սահմանադրութիւն, մտցնել ՀՀ նախագահի ինստիտուտ եւ այլն, ինչը, սակայն, ժամանակի սղութեան եւ հանգամանքների աննպաստ ընթացքի հետեւանքով չկենսագործուեց:
Այդ նպատակադրումների իրագործման ճանապարհին՝ եւրոպական բնորդի վրայ հիմնուած կառավարման համակարգի ստեղծումից յետոյ, պետականաշինութեան երկրորդ կարեւոր խնդիրը դարձաւ ոչ միայն բարձրագոյն օրէնսդիր մարմնի, այլեւ հանրապետութեան բարձրագոյն իշխանութեան ձեւաւորումը, որը պաշտօնապէս կոչուեց Հայաստանի խորհուրդ:
Քանի որ անկախութեան հռչակումից յետոյ ժամանակը, քաղաքական յանգամանքները եւ ֆինանսական միջոցները թոյլ չէին տալիս միանգամից խորհրդարանի ընտրութիւններ անցկացնելու, ուստի Թիֆլիսի եւ Երեւանի Ազգային խորհուրդների խառը նիստում որոշուեց Հայոց (կենտրոնական) Ազգային խորհրդի անդամների թուի (15), կուսակցական համամասնութեամբ եռապատկելու (բացի 3 անկուսակցականներից), ինչպէս նաեւ հանրապետութիւնում ապրող ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ հրաւիրելու միջոցով կազմել Հայաստանի մէկպալատանի առաջին օրէնսդիր մարմինը՝ Հայաստանի խորհուրդը (խորհրդարանը): Ահա այս ճանապարհով խորհրդում պատգամաւորական տեղեր զբաղեցրին ՀՅ Դաշնակցութիւնը՝ 18, Հայ ժողովրդական կուսակցութիւնը (ՀԺԿ)՝ 6, Սոցիալ-դեմոկրատները՝ 6 (5 մենշեւիկ եւ 1 բոլշեւիկ), Սոցիալիստ-յեղափոխականները («Էս.էռ»ները)՝ 6, անկուսակցականները՝ 2 (երրորդը՝ Տիգրան Բեկզատեանը, մեկնեց դիւանագիտական աշխատանքի), ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչները՝ 6 թուրք, 1 ռուս եւ 1 քուրդ (եզդի) համամասնութեամբ բոլորը միասին՝ ընդամէնը 46 պատգամաւոր:
Գործնականում Հայաստանի խորհրդում ներկայացուած էին երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերն ու ազգութիւնները: Հայաստանում ազատ գործում էին շուրջ մէկ տասնեակի հասնող քաղաքական կուսակցութիւններ, այդ թւում՝ իրենց հայեացքներով ու գործելակերպով առաւել ծայրայեղական համարուող բոլշեւիկները: Վերջիններից շատերը նոյնիսկ պաշտօնավարում էին հանրապետութեան պետական զանազան նախարարութիւններում ու հիմնարկութիւններում՝ լուսաւորութեան, պարէնաւորման, կապի եւ այլն:
Հանրապետութեան տարածքում եւ առհասարակ հայ իրականութեան մէջ գործող ամենախոշոր ու ամենաազդեցիկ քաղաքական ուժը ՀՅ Դաշնակցութիւն կուսակցութիւնն էր, որը եւ հիմնականում իր ուսերի վրայ կրեց անկախ պետականութեան քաղաքական ամբողջ պատասխանատուութիւնը: Այդ շրջանում կովկասահայ հասարակական-քաղաքական կեանքում ՀՅ Դաշնակցութիւնից յետոյ երկրորդ քաղաքական ուժը 1917թ. գարնանը Թիֆլիսում հիմնուած եւ ազատական գաղափարներ դաւանող Հայ Ժողովրդական կուսակցութիւնն էր (ՀԺԿ), որին յաճախ կոչում են նաեւ Հայ կադետներ անունով՝ ռուսական Սահմանադրական դեմոկրատների նմանութեամբ: Այս կուսակցութեան կենտրոնը (Կենտկոմը) գտնւում էր Թիֆլիսում եւ առանձնապէս մեծ խանդավառութիւն չէր ցուցաբերում հայրենիքում աշխատելու համար: Հանրապետութեան պետական եւ հասարակական կեանքում համեստ դեր էին խաղում «Էս.էռ.»ները, Սոցիալ-դեմոկրատները՝ մենշեւիկ եւ բոլշեւիկ, Սպեցիֆիկները (Սոցիալ-դեմոկրատական բանուորական հայ կազմակերպութիւնը) եւ ՍԴ Հնչակը, ինչպէս նաեւ Հայ Սահմանադրական ռամկավարները եւ ոչ ազդեցիկ միւս կուսակցութիւնները: Հայ սահմանադրական ռամկավարները, ՍԴ Հնչակը, Սպեցիֆիկները, Արշակ Զուրաբեանի (Զուրաբով) գլխաւորած Անկախ սոցիալիստները եւ այլն համարւում էին արտախորհրդարանական կուսակցութիւններ, պատգամաւոր չունէին խորհրդարանում եւ իշխանութիւններին քննադատում էին խորհրդարանից դուրս:
Հարկ է ընդգծել, որ Հայաստանի խորհուրդը կամ խորհրդարանը աչքի է ընկել ուժեղ ընդդիմութեամբ: Յայտնի է, որ իւրաքանչիւր խորհրդարանի շարժիչ ուժը նրանում առկայ ընդդիմութիւնն է: Խորհրդարանում գործել են չորս կուսակցական խմբակցութիւններ՝ էլ չխօսելով ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչների մասին: ՀՅԴ խմբակցութիւնը անդրանիկ խորհրդարանում բացարձակ մեծամասնութիւն չի ունեցել: Այնտեղ ներկայացուած են եղել հանրապետութեան քաղաքական դաշտի փաստօրէն բոլոր երեք թեւերը աջ՝ ՀԺԿ, կենտրոն՝ ՀՅԴ եւ ձախ՝ Սոց.-դեմ. եւ «Էս.էռ.» խմբակցութիւնները: Վերջիններս դաւանում էին ձախամէտ, ծայրայեղական-յեղափոխական հայեացքներ, որն էլ իր դրոշմն էր թողնում խորհրդարանի ընդունած շատ օրէնքների ու որոշումների վրայ: Խորհրդում յարաբերական մեծամասնութիւն կազմող ՀՅԴ խմբակցութիւնը աւելի յաճախակի գործակցել է աջակողմեան-ազատական հայեացքներ դաւանող ՀԺԿ խմբակցութեան հետ: Եւ պատահական չէ, որ 1918թ. Նոյեմբերի սկզբներին ՀՅԴ-ՀԺԿ կուսակցութիւնները կազմեցին կոալիցիոն կառավարութիւն, որը շարունակեց գործել մինչեւ 1919թ. Յունիսի սկիզբը:
Հայաստանի խորհրդի նստաշրջանի պաշտօնական բացումը կատարուեց 1918թ. Օգոստոսի 1ին՝ կէսօրին, Երեւանի քաղաքային ակումբի շէնքում: Այն բացեց Հայոց Ազգային խորհրդի փոխնախագահ, տարիքով աւագագոյն, մասնագիտութեամբ գիւղատնտես Աւետիք Սահակեանը: Հէնց նա էլ յետոյ ընտրուեց խորհրդարանի նախագահ: Խորհրդարանի բացման օրը՝ ժամը 12ին, «Մեր Հայրենիք» օրհներգի հնչիւնների ներքոյ խորհրդարանի շէնքի գլխին բարձրացուեց Հայաստանի պետական դրօշը՝ Եռագոյնը: Յուշագիր բժիշկ Հ. Մելիքեանի նկարագրութեամբ ժողովուրդը խռնուել էր քաղաքային ակումբի շէնքի առջեւում գտնուող կենտրոնական այգում եւ մայթերին: Նա այդ օրը համարում է Երեւանի տարեգրութեան ամենայիշարժան օրերից մէկը: Խորհրդարանի հանդիսաւոր բացմանը ներկայ էին Գերմանիայի, Աւստրո-Հունգարիայի, Թուրքիայի, Պարսկաստանի եւ Ուկրաինայի պատուիրակները:
Դահլիճում պատգամաւորական խմբակցութիւնները տեղեր էին զբաղեցրել՝ ըստ իրենց քաղաքական դիրքորոշման. աջ կողմում՝ ՀԺԿ, կենտրոնում՝ ՀՅԴ, ձախ թեւում՝ Սոց.-դեմ. եւ «Էս.էռ» պատգամաւորները: Անկուսակցական 2 պատգամաւորները եւ ազգային փոքրամասնութիւնների 8 պատուիրակները տեղեր էին զբաղեցրել դահլիճի աջ կողմում:
Դահլիճի օթեակներից մէկը յարմարեցուած էր կառավարութեան անդամների համար: Առանձին տեղ էր պատրաստուած նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի համար: Խորհրդի նիստերին ներկայ էին լինում հասարակայնութեան ներկայացուցիչներ, որոնց համար դահլիճի հետեւի մասում յատկացուած էին տեղեր:
Առաջին օրը հաստատուեցին պատգամաւորների մանդատները եւ խորհրդի աշխատակարգը՝ ռեգլամենտը, ընտրուեց նախագահութիւն: ՀՅԴ խմբակցութեան խօսնակ Սմբատ Խաչատրեանի առաջարկով Հայաստանի խորհրդի (խորհրդարանի) նախագահ է ընտրւում Աւետիք Սահակեանը (1865-1933): Խորհրդարանի փոխնախագահներ են ընտրւում Գրիգոր Տէր Խաչատրեանը (ՀԺԿ), Դաւիթ Զուբեանը («Էս.էռ.), իսկ աւագ քարտուղար՝ անկուսակցական Պետրոս Զաքարեանը:
Հանդիսաւոր նիստի աւարտից յետոյ դրսում՝ հրապարակում, տեղի ունեցաւ ՀՀ առաջին զօրահանդէսը, որն ընդունեց Հայկական կորպուսի հրամանատար, զորավար Թ. Նազարբէկեանը: Ականատեսը պատմում է, որ երբ զօրքը շարքեշարք անցնում էր իրենց առջեւից, այդ պահին յուզմունքից հազարաւոր հանդիսականների աչքերից հոսում էին արտասուքի կաթիլներ:
Յաջորդ երկու նիստերում լսուեց եւ ձայների մեծամասնութեամբ հաւանութեան արժանացաւ Հ. Քաջազնունու կառավարութեան յայտագիրը: Վերջինս Հայաստանի վիճակը բնութագրում էր որպէս «անձեւ քաոս եւ աւերակների կոյտ»: Կառավարութիւնն իր գործունէութեան հիմքում դնում էր հետեւեալ հիմնական խնդիրները՝ կասեցնել երկրի քայքայման գործընթացը, հաստատել տարրական իրաւակարգ եւ կատարել դատաիրաւական բարեփոխումներ, բացել հաղորդակցութեան ուղիները, վերականգնել կապի միջոցները, մեղմել պարէնային ճգնաժամը եւ գաղթականութեան վիճակը, ստեղծել սեփական դրամական համակարգ, վերակառուցել երկրի զինուժը, դրացիական յարաբերութիւններ հաստատել հարեւան երկրների հետ եւ այլն: Հ. Քաջազնունու կաբինետի ծրագրում ուղիներ էին մատնանշւում ստեղծուած իրավիճակից դուրս գալու եւ երկրի կացութիւնը կայունացնելու ուղղութեամբ:
Դարձեալ կուսակցական համամասնութիւնը պահպանելու սկզբունքով կազմուեցին խորհրդարանի 14 մշտական յանձնաժողովները, որոնց մէջ գերիշխում էին սոցիալ-տնտեսական բնոյթի խնդիրներով զբաղուող ոլորտները: Հայաստանի խորհրդի առաջին ամիսների գործունէութեան ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ այն ոչ միայն բարձրագոյն օրէնսդիր մարմին էր, այլեւ ունէր նաեւ գործադիր իշխանութեան գործառոյթներ: Խորհուրդը յաճախ իր յանձնաժողովների՝ կարգադրիչ, պարէնաւորման, գաղթականութեան, բժշկասանիտարական, դպրոցական եւ այլն միջոցով փաստօրէն տնօրինում էր կառավարչական բնոյթի գործեր, ինչպիսիք էին՝ խոլերայի, բծաւոր տիֆի եւ այլ վարակիչ հիւանդությունների դէմ պայքարի, ժողովրդի պարէնաւորման, գաղթականների խնամատարութեան, անօրինական զէնքի բռնագրաւման, կենսականօրէն կարեւոր ապրանքների պետական մենաշնորհի ապահովման ու բռնագրաւումների իրականացման եւ նոյնիսկ ժողովրդական կրթութեան գործերը:
Խորհրդարանը յաճախ օրէնքների անուան տակ հրապարակում էր վարչական հրահանգներ ու որոշումներ:
Խորհրդարանին կից գործում էր Պետական վերահսկողութեան մարմինը՝ շուրջ 100ի հասնող աշխատակիցներով, որը օրէնսդիր իշխանութեան կողմից գործադիր իշխանութեան ֆինանսատնտեսական գործունէութեան, պետբիւջէի (ելեւմտի) կատարման եւ այլնի վրայ վերահսկողութեան իրականացման, պաշտօնական զեղծումների, չարաշահումների ու կոռուպցիայի բացայայտման ու պայքարի կարեւոր լծակներից մէկն էր: Ընդսմին, Պետական վերահսկիչը միանգամայն անկախ էր գործադիր իշխանութիւնից՝ կառավարութիւնից, եւ ենթակայ ու պատասխանատու էր միայն խորհրդարանի առաջ: Պետական վերահսկիչը չէր կարող լինել կառավարող կուսակցութեան անդամ: Նա ընտրւում էր ընդդիմադիր կուսակցութիւնից կամ էլ անկուսակցական էր: Առաջին Հանրապետութեան Պետական վերահսկիչ մարմնի նշանաւոր դէմքերից էր ՀԺԿ անդամ, հասարակական եւ պետական ճանաչուած գործիչ, իրաւաբան ու ֆինանսիստ Մինաս Բերբերեանը (1871-1919): Սակայն, ցաւօք, շատ հայ մեծերի պէս նա եւս վախճանուեց համաճարակից: Համեմատական առումով կարելի է ասել, որ Առաջին Հանրապետութեան Պետական վերահսկիչ մարմինը յիշեցնում է մերօրեայ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը, իսկ փոխուած նոր սահմանադրութեամբ՝ Հաշուեքննիչ պալատը:
Համապատասխան օրէնքներով սահմանուեցին պատգամաւորների իրաւասութեան շրջանակները, մի հանգամանք, որն ուսանելի է նաեւ Հայաստանի մերօրեայ Ազգային ժողովի համար: Այսպէս, օրինակ, նիստերից անյարգելի բացակայութեան դէպքում պատգամաւորի աշխատավարձը պահւում էր՝ բացակայած օրերի հաշուով: Սահմանուած էր նաեւ, որ պատգամաւորը չէր կարող վարել որեւէ այլ պետական կամ վճարովի հասարակական պաշտօն: Այդ պաշտօնների տեսակն ու քանակը որոշում էր ինքը՝ խորհրդարանը (բացառութիւն էր արուած համալսարանի դասախօսին եւ դիւանագիտական ներկայացուցիչ նշանակուած պատգամաւորին) եւ այլն: Նիստերը գումարւում էին շաբաթական երկու անգամ՝ Երեքշաբթի եւ Ուրբաթ օրերին՝ սովորաբար երեկոյեան ժամերին, որոնք երբեմն աւարտւում էին կէսգիշերին, անհրաժեշտութեան դէպքում հրաւիրւում էին արտահերթ նիստեր, քուէարկութիւնները անցնում էին ձայների պարզ մեծամասնութեամբ, փակ քուէարկութիւնները կատարւում էին քուէաշարերի միջոցով եւ այլն:
Այսպիսով, երբ ձեւաւորուեց Հայաստանի խորհրդարանը, այն բովանդակում էր երկրի գերագոյն իշխանութիւնը: Նախագահական համակարգի բացակայութեան պայմաններում բարձրագոյն գործադիր իշխանութիւնը՝ կառավարութիւնը, ենթակայ էր խորհրդարանին, այսինքն՝ Հայաստանը պառլամենտական գերակայութեան հանրապետութիւն էր: Այդ իմաստով յատկանշական է, որ ՀՀ 2015թ. փոփոխուած Սահմանադրութեամբ դարձեալ նախապատուութիւն է տրուել խորհրդարանական կառավարման մոդելին, ինչը ընդգծում է իրաւայաջորդական կապը Հայաստանի առաջին եւ ներկայիս հանրապետութիւնների միջեւ:
Հայաստանի առաջին գումարման ոչ ընտրովի խորհրդարանի գործունէութեան հիմնական առանցքը բնականաբար օրինաստեղծ աշխատանքն էր, երկրի բնականոն կենսագործունէութեան համար անհրաժեշտ իրաւական դաշտի ստեղծումը: Հայաստանի խորհուրդը մի կողմից փորձում էր ստեղծել իր սեփական, ազգային բովանդակութեամբ օրէնքները, իսկ միւս կողմից՝ ժամանակի սղութեան եւ արհեստավարժութեան պակասի հետեւանքով՝ ընդօրինակում ու յարմարեցնում էր դրսի օրէնքները:
Անկախութեան հռչակումից յետոյ, չնայած հանրապետութեան տնտեսական եւ քաղաքական դժնդակ պայմաններին, այնուամենայնիւ, նորակազմ խորհրդարանն ու կառավարութիւնը առանձին ճիգեր գործադրեցին եւրոպական ժողովրդավարական երկրների օրինակով կազմակերպելու եւ քիչ թէ շատ բնականոն հունի մէջ դնելու Հայաստանի պետական եւ հասարակական կեանքը:
Քանի որ ՀՀ՝ որպէս պետական միաւոր, անջատուել էր նախկին Ռուսական կայսրութիւնից, ուստի 1918թ. Դեկտեմբերի 6ին հաստատուած օրէնքով նպատակայարմար գտան ՀՀ տարածքի վրայ ժամանակաւորապէս պահպանել նախկինում գործող ռուսական օրէնքները՝ որոշ փոփոխութիւններով ու լրացումներով:
Մի շարք օրէնքներով քայլեր ձեռնարկուեցին դատական իշխանութեան ձեւաւորման ուղղութեամբ: Հանրապետութիւնում օրինականութեան վերականգնման եւ կարգուկանոն հաստատելու նպատակով ներքին գործերի նախարար Արամի ներկայացմամբ ընդունուեց անօրինական զէնքի բռնագրաւման եւ պետականացման մասին օրէնքը, որով կառավարութիւնը հետամուտ էր ամրապնդել երկրի ներքին կայունութիւնը, իսկ միւս կողմից՝ բռնագրաւուած զէնքով զինել նորաստեղծ հայկական բանակը:
Խորհրդարանի գործունէութեան կարեւոր ոլորտներից էին պետական բիւջէն, կառավարութեան ֆինանսավարկային քաղաքականութիւնը: Հանրապետութեան իշխանութիւնները մեծ ձգտում ունէին ստեղծելու սեփական ֆինանսական համակարգ, հանգամանք, որն անկախ պետականութեան կարեւոր երաշխիքներից է: Սկզբում շրջանառութեան մէջ էր Անդրկովկասեան դրամը՝ բոները, որը երեք հանրապետութիւնների փոխադարձ համաձայնութեամբ ժամանակ առ ժամանակ լրացուցիչ թողարկւում էր: Արդէն 1919թ. կէսերից շրջանառութեան մէջ են մտցւում արտասահմանում տպուած հայկական չէկերը, որոնք համարժէք էին Անդրկովկասեան բոներին: Բայց քանի որ բոները եւ հայկական չէկերը պետութեան կողմից ոսկու ֆոնդով եւ համապատասխան ապրանքային զանգուածով ապահովուած չէին, ուստի դրանք շարունակական էմիսիաների հետեւանքով մեծ արագութեամբ արժէզրկւում էին:
Պետբիւջէի եկամտի հիմնական աղբիւրը հարկերն ու տուրքերն էին, որոնք եւս սահմանւում էին խորհրդարանի կողմից: Ֆինանսական ոլորտը սովորաբար այն գլխաւոր լծակն էր, որով խորհրդարանը ազդում էր կառավարութեան վրայ:
Իւրացնելով եւրոպական ժողովրդավարական երկրների ֆինանսավարկային քաղաքականութեան սկզբունքները՝ Հայաստանում եւս սկսեցին աստիճանաբար արմատաւորուել այդպիսիք: Պետական ծախսերը սկզբնապէս կատարւում էին նախահաշիւների համաձայն, որոնք կազմում էր կառավարութիւնը, եւ քննարկում ու հաստատում էր խորհրդարանը: Նախատեսուող վարկային յատկացումները ստանում էին օրէնքի տեսք: Խորհրդարանի կողմից հաստատուած տարեկան նախահաշիւների ամբողջութիւնն էլ փաստօրէն կազմում էր հանրապետութեան տարեկան պետբիւջէն (ելմտացոյցը):
Այնուհետեւ՝ 1919 թուականից, սահմանուեց պետբիւջէի կազմման յատուկ կանոնակարգ, համաձայն որի՝ տուեալ տարուայ աշնանը իւրաքանչիւր նախարարութիւն կազմում էր եկամուտների ու ծախսերի իր նախահաշիւները, որոնք ներկայացւում էին ֆինանսների նախարարութիւն: Այնտեղ իւրաքանչիւր նախարարութեան ելեւմտի նախահաշուի նախագիծը ենթարկւում էր նախնական քննութեան միջգերատեսչական նախահաշուային յանձնաժողովում: Վերջինս բաղկացած էր տուեալ նախարարութեան, ֆինանսների նախարարութեան եւ Պետական վերահսկիչ մարմնի լիազօրի ներկայացուցիչներից: Յիշեալ երեք գերատեսչութիւնների ներկայացուցիչների՝ փոխզիջումներով համաձայնութեան գալու դէպքում նախահաշիւների նախագիծը ի մի էր բերւում ֆինանսների նախարարութիւնում եւ համապատասխան եզրակացութեամբ ուղարկւում նախարարների խորհուրդ: Վերջինս, քննարկելով ու հարթելով վիճելի հարցերը, հաւանութիւն էր տալիս նախահաշիւների նախագծին եւ դրանք կրկին վերադարձնում ֆինանսների նախարարութիւն, որպէսզի այդ համահաւաք տուեալների հիման վրայ կազմուի պետական տարեկան եկամուտների եւ ծախսերի (բիւջէի) ամբողջական նախագիծ: Բիւջէի նախագիծը նախարարների խորհրդում հաւանութեան արժանանալուց ու Պետական վերահսկիչի համապատասխան եզրակացութիւնից յետոյ մտցւում էր խորհրդարան քննարկման ու հաստատման համար: Ընդ որում, նախապատրաստական այդ բոլոր աշխատանքները պէտք է կատարուէին մինչեւ տուեալ տարուայ Նոյեմբերի 10ից մինչեւ Դեկտեմբերի 20ը: Բիւջետային տարին հաշուըւմ էր նոր տարուայ Յունուարի մէկից: Եթէ խորհրդարանը ինչ-ինչ պատճառներով չէր հասցնում քննարկել եւ հաստատել տարեկան բիւջէն, ապա ուժի մէջ էր մնում նախորդ տարուայ ելմտացոյցը: Դրուատելի է, որ միջազգայնօրէն ընդունուած եւ Հայաստանի Հանրապետութիւնում սկզբնաւորուած այս կարգը (օրէնքը) տեղ է գտել նաեւ մեր երկրի ներկայ Սահմանադրութեան մէջ, որի հիման վրայ էլ կազմւում է երկրի գլխաւոր ֆինանսական փաստաթուղթը:
1919թ. գարնանը Հայկական հարցի լուծման ուղիների շուրջ լուրջ տարաձայնութիւններ առաջացան կառավարախորհրդարանական կոալիցիա կազմած երկու ազդեցիկ՝ ՀՅԴ եւ ՀԺԿ կուսակցութիւնների միջեւ: Դրա համար առիթ հանդիսացաւ այն հանգամանքը, որ Հայաստանի անկախութեան առաջին տարեդարձի օրը՝ 1919թ. Մայիսի 28ին, կառավարութիւնը, մինչ այդ խորհրդարանի կողմից մէկ ամսով իրեն տրուած յատուկ լիազօրութիւնների հիման վրայ, ձայների մեծամասնութեամբ, առանց խորհրդարանի գիտութեան ու ՀԺԿ գաղափարակից Արեւմտահայ Ազգային պատուիրակութեան ղեկավար Պօղոս Նուբար փաշայի (1851-1930) համաձայնութեան, պաշտօնական յայտարարութիւն արեց Միացեալ եւ Անկախ Հայաստանի հռչակման եւ Հայաստանի խորհուրդը արեւմտահայ 12 ներկայացուցիչներով համալրելու մասին:
Իսկապէս, այդ օրը տեղի ունեցած հանդիսաւոր նիստում՝ օտար դիւանագէտների մասնակցութեամբ, վարչապետի պաշտօնակատար Ալ. Խատիսեանը հայերէնով եւ ֆրանսերէնով հրապարակեց Միացեալ եւ Անկախ Հայաստանի մասին ակտը, ուր մասնաւորապէս ասւում էր. «Հայաստանի ամբողջութիւնը վերականգնելու եւ ժողովրդի լիակատար ազատութիւնն ու բարգաւաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարութիւնը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի եւ ցանկութեան, յայտարարում է, որ այսօրուանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտնջենապէս միացած են իբրեւ անկախ պետական միութիւն»:
Այս յայտագրի գերնպատակը մէկ ազգ, մէկ հայրենիք, մէկ կառավարութիւն գաղափարի՝ որպէս պետական քաղաքականութեան, աստիճանական իրագործումն էր: Այլ խօսքով՝ խնդիր էր դրւում հասնել Հայաստանի երկու հատուածների միաւորմանը եւ Միացեալ, Անկախ Հայաստանի ստեղծմանը: Նախատեսւում էր բանակցելով արեւմտահայ քաղաքական շրջանակների հետ՝ կազմել Միացեալ Հայաստանի կառավարութիւն եւ Միացեալ խորհրդարան: Սակայն այդ ակտին դէմ արտայայտուեցին ոչ միայն ձախակողմեան սոց.-դեմոկրատները եւ էսէռները, որոնք առհասարակ չէին ընդունում Միացեալ եւ Անկախ Հայաստանի գաղափարը, այլ նաեւ կոալիցիա կազմած ՀԺԿ կուսակցութիւնը: Վերջինս դէմ չէր Միացեալ եւ Անկախ Հայաստանի գաղափարին, այլ դրա տակ հասկանում էր ոչ թէ ՀՀ եւ Արեւմտեան Հայաստանի միաւորումը, այլ Արեւմտեան Հայաստանի ու Կիլիկիայի 4 սանջակների միաւորումով՝ ծովից ծով Հայաստանի ստեղծումը: ՀԺԿն գաղափարաքաղաքական առումով համերաշխ էր Հայ սահմանադրական ռամկավար կուսակցութեան եւ նրա առաջնորդ Պօղոս Նուբար փաշայի հետ:
Սակայն Միացեալ եւ Անկախ Հայաստանի մասին կառավարութեան հռչակագիրը խորհրդարանում եւ նրանից դուրս կուսակցութիւնների միջեւ առաջ բերեց սուր տարաձայնութիւններ: Մի շարք կուսակցութիւններ բողոք արտայայտեցին, իսկ ՀԺԿն հեռացաւ կառավարութիւնից: Դրանով քայքայուեց առաջին կոալիցիան: ՀՅ Դաշնակցութիւնը միայնակ ստանձնեց երկրի կառավարման ամբողջ պատասխանատուութիւնը: 1919թ. Յունիսի 5ին լուծարուեց խորհրդարանը, դրա հետ միասին քայքայուեց նաեւ կոալիցիոն կառավարութիւնը, եւ կազմակերպուեցին խորհրդարանական նոր ընտրութիւններ:
Երկրորդ խորհրդարան (պառլամենտ): 1919թ. գարնանը, երբ ՀՀ վիճակը նկատելիօրէն կայունացել էր, սահմաններն ընդարձակուել էին, մի փոքր մեղմուել էր սովը, շինականն անցել էր խաղաղ աշխատանքի, օրակարգի հարց դարձաւ նշանակովի խորհրդարանի արձակումը եւ համաժողովրդական ընտրութիւնների միջոցով նոր, ընտրովի խորհրդարանի ձեւաւորումը: Երեք օր տեւողութեամբ՝ Յունիսի 21-23ը, տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնները տարբեր պատճառաբանութիւններով ու հիմնաւորումներով բոյկոտեցին Հայ ժողովրդականները, Ս. ռամկավարները, Հայ սոցիալ-դեմոկրատ մենշեւիկները, բոլշեւիկները եւ այլք:
Համաձայն ընտրութիւնների մասին օրէնքի՝ (բաղկացած տասը գլխից եւ 111 յօդուածներից) դրանք անցան համամասնական՝ կուսակցական սկզբունքով, ընդհանուր, հաւասար, ուղղակի եւ գաղտնի քուէարկութեան միջոցով, որի արդիւնքով բացարձակ յաղթանակ տարաւ ՀՅԴ կուսակցութիւնը: Կանոնակարգով նախատեսուած 80 պատգամաւորական տեղերից 72ը զբաղեցրեց ՀՅԴ կուսակցութիւնը, 4ը՝ «Էս.էռ.», 2ը՝ թուրք, մէկը՝ քուրդ՝ եզդի Իւսուֆ-բէկ Թէյմուրովը եւ մէկը՝ անկուսակցականի անուան տակ ծպտուած բոլշեւիկ, կարբեցի Արտաշէս Մելքոնեանը: Բնութագրական է, որ ընտրութիւնների ժամանակ նախապատուութիւնը տրւում էր համամասնական-կուսակցական սկզբունքին:
Ինչ վերաբերում է Առաջին Հանրապետութեան խորհրդարանի ընտրութիւններում ՀՅԴ տարած յաղթանակին, ապա դա կարելի է բացատրել մի քանի յանգամանքներով՝ նախ՝ դա խօսում է ՀՅԴ ունեցած ազդեցութեան ու քաղաքական կշռի մասին, եւ յետոյ՝ մի շարք կուսակցութիւններ՝ ՀԺԿ, Սոց.-դեմ. մենշեւիկները, Ս. ռամկավարները եւ այլք տարբեր պատճառներով բոյկոտեցին ընտրութիւնները: Տուեալները ցոյց են տալիս, որ մասնաւորապէս, եթէ ՀԺԿ մասնակցէր ընտրութիւններին, ապա նա կը ստանար 15ից մինչեւ 20 պատգամաւորական տեղ: Բացի այդ՝ ընտրութիւնների ընթացքում թոյլ են տրուել զանազան խախտումներ եւ զեղծարարութիւններ, մի երեւոյթ, որից այդպէս էլ չենք կարողանում ազատուել 100 տարի անց եւս:
Այդուհանդերձ, հարկ է փաստել, որ ՀՅԴ յաղթանակը խորհրդարանական ընտրութիւններում միանգամայն օրինաչափ էր: Ժողովրդի մէջ ՀՅԴի կշռի ու հեղինակութեան մասին էին հաւաստում նաեւ ՏԻՄերի՝ քաղաքային ու գաւառային ինքնավարութիւնների ընտրութիւններում դարձեալ տարած ջախջախիչ յաղթանակները: Այսպէս, օրինակ, 1918թ. Դեկտեմբերին կայացած Երեւանի քաղաքային դումայի ընտրութիւններում 60 իրաւասու տեղերից (չորս կուսակցութիւնների մասնակցութեամբ) ՀՅԴ շահել էր 42 տեղ: ՀՅԴն իր լայն ժողովրդականութիւնը ապացուցել էր դեռեւս 1917թ. Նոյեմբերին Համառուսաստանեան Սահմանադիր ժողովի ընտրութիւններում, երբ բնաւ էլ իշխանութիւն չէր եւ համառուսաստանեան ընտրութիւններում չէր կարող խօսք լինել պաշտօնական դիրքը չարաշահելու մասին: Այդ ընտրութիւնների ժամանակ ՀՅ Դաշնակցութիւնը ստացել էր 558,400 քուէ, որը կրկնակի շատ էր, քան հայ քաղաքական կուսակցութիւնների հաւաքած ձայները միասին վերցրած: Ուրիշ խօսքով՝ իրողութիւնն այն է, որ լայն հասարակաշերտեր գնում էին ՀՅԴ գաղափարների ու առաջնորդների յետեւից:
Երկրորդ գումարման ընտրովի խորհրդարանի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ 1919թ. դարձեալ Օգոստոսի 1ին: Խորհրդարանի նախագահ ընտրուեց գրող, հրապարակախօս Աւետիս Ահարոնեանը (1866-1948): Փոխնախագահներ ընտրուեցին Լեւոն Շանթը (1869-1951) եւ Սարգիս Արարատեանը: 1919թ. սկզբներին Փարիզ մեկնած ՀՀ պատուիրակութեան նախագահ Ա. Ահարոնեանը ընտրուեց խորհրդարանի պատուաւոր նախագահ, որպէսզի Փարիզի հաշտութեան կոնֆերանսում նրա գլխաւորած հայկական պատուիրակութեանը տրուէր քաղաքական աւելի մեծ կշիռ, թէեւ ամբողջ ընթացքում նա չի վարել խորհրդարանի եւ ոչ մի նիստ:
Միջանկեալ նշենք, որ խորհրդարանի 12 մշտական յանձնաժողովներում ընդգրկուած են եղել ընդդիմութեան բոլոր 8 անդամները, ընդ որում, առանձին ներկայացուցիչներ՝ միաժամանակ նոյնիսկ երկու տարբեր յանձնաժողովում:
1919թ. Օգոստոսի 15ին լսուեց եւ հաւանութիւն տրուեց նորընտիր վարչապետ Ալ. Խատիսեանի կառավարութեան յայտագրին: Նրանում ներկայացուած էին նոր կաբինետի ներքին ու արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւնները եւ մօտեցումները: Յայտագրում պաշտպանւում էին Միացեալ Հայաստանի անկախութեան, օտար ներդրումների խրախուսման, կալուածատիրական հողերի ազգայնացման, ընդհանուր, պարտադիր եւ ձրի սկզբնական կրթութեանն անցման եւ այլ գաղափարներ ու պահանջներ:
Քաղաքական ընդդիմութեան տեսակէտից, անշուշտ, երկրորդ խորհրդարանը զիջում էր առաջինին, որովհետեւ 8-հոգիանոց ընդդիմութիւնը չէր կարող դիմակայել 72 հոգիանոց ՀՅԴ խմբակցութեանը: Սակայն դրա փոխարէն կառավարող կուսակցութիւնը լայն ընդդիմութիւն ունէր խորհրդարանից դուրս, որն իր դրոշմն էր թողնում օրէնսդիր մարմնի աշխատանքների եւ ընդունած օրէնքների վրայ: Հանրապետութիւնում ազատ եւ ակտիւօրէն գործում էին բոլշեւիկները, հայ ժողովրդականները եւ ռամկավարները, մենշեւիկները, անկախ սոցիալիստները, սպեցիֆիկները եւ այլն: Բացի այդ՝ երկրորդ խորհրդարանի ընդդիմութեան պակասը լրացւում էր ՀՅԴ խմբակցութեան ներսում առկայ տարբեր թեւերով ու հոսանքներով: Պարզւում է, որ ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան ներսում գոյութիւն են ունեցել ազգային, ընկերվարական, պետաիրաւական, յեղափոխական եւ այլ հակումներ ունեցող թեւեր ու հոսանքներ, որոնք ժամանակ առ ժամանակ սուր քննադատութեան տակ էին առնում իրենց իսկ ձեւաւորած կառավարութեանը եւ մի քանի անգամ նոյնիսկ դրել են Խատիսեանի, իսկ յետագայում նաեւ Հ. Օհանջանեանի կաբինետի վստահութեան հարցը:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան գործունէութեան ուսանելի փորձն այն է, որ նա շարժափոկի դեր է կատարել կուսակցութեան բարձրագոյն ղեկավար գործադիր մարմնի՝ Բիւրոյի եւ կառավարութեան միջեւ, ինչպէս որ սահմանուել էր 1919թ. աշնանը գումարուած ՀՅԴ 9րդ Ընդհանուր ժողովում: Խորհրդարանական խմբակցութիւնն էր այն գլխաւոր խողովակը, որով կուսակցութիւնն անցկացնում էր իր քաղաքականութիւնը, այսինքն՝ պահպանում պառլամենտարիզմի ժողովրդավարութեան սկզբունքները: Անշուշտ, արձանագրուել են նաեւ դէպքեր, երբ ՀՅԴ Բիւրօն ուղղակի միջամտել է ՀՅԴ խմբակցութեան, խորհրդարանի եւ նոյնիսկ կառավարութեան ներքին գործերին: Իսկ 1920ին՝ բոլշեւիկների Մայիսեան ապստամբութեան եւ թուրք-թաթարական խռովութիւնների ուժգնացման շրջանում, խորհրդարանը ժամանակաւորապէս ուղարկուեց հարկադիր արձակուրդի, եւ ՀՅԴ Բիւրօն ամիսներ շարունակ ամբողջ գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնը վերցրեց իր ձեռքը:
Ինչ վերաբերում է Երկրորդ գումարման խորհրդարանի օրէնսդրական աշխատանքների արդիւնաւէտութեանը, ապա առաջին խորհրդարանի համեմատ այն աւելի հասուն էր ու արհեստավարժ: Ընտրովի խորհրդարանը ընդունել է աւելի որակեալ իրաւաօրէնսդրական ակտեր ու փաստաթղթեր: Նա, օրինակ, յատուկ ուշադրութիւն է դարձրել քաղաքների, մասնաւորապէս մայրաքաղաք Երեւանի յատակագծման, վերաշինութեան ու կառուցապատման հարցերին:
1919թ. Դեկտեմբերի 26ին խորհրդարանի փոխնախագահ Լ. Շանթի վաւերացմամբ հաստատուեց «Պետական լեզուի մասին» օրէնքը: Համաձայն այդ օրէնքի՝ հայերէնը դառնում էր պարտադիր պետական եւ հասարակական բոլոր հաստատութիւններում: 1919թ. Սեպտեմբեր-Դեկտեմբերին ընդունուեցին օրինագծեր ազգագրական-մարդաբանական թանգարան, պետական հանրային գրադարան, թատերական վարժարան, երաժշտական դպրոց (կոնսերվատորիա) հիմնելու մասին, որոնք դրուեցին հանրային կրթութեան եւ արուեստի նախարարութեան իրավասութեան տակ: 1920թ. Յունուարի 3ին ընդունուեց օրէնք եկեղեցին պետութիւնից անջատելու մասին: Ապրիլի 3ին հաստատուեց մէկ այլ օրինագիծ՝ ծխական-եկեղեցական դպրոցները պետական աշխարհիկ դարձնելու մասին: Միաժամանակ յայտարարւում էր խղճի ազատութիւն: Թոյլատրւում էր հիմնել ինչպես պետական, այնպէս էլ ոչ-պետական դպրոցներ: Օրէնքում պահանջ էր դրուած դպրոցը հեռու պահել քաղաքականութիւնից եւ այլն: Ուստի միանգամայն կեղծիք է խորհրդային պատմակուսակցական գրականութեան մէջ տարածում գտած քարոզչական այն վարկածը, թէ իբր «դաշնակցական Հայաստանում» ոչինչ չի ստեղծուել, իսկ ինչ էլ որ ձեռք է բերուել, վերագրուել է բոլշեւիկներին ու Խորհրդային Հայաստանին:
Հարկ է նշել, որ խորհրդարանում ընդունուած օրէնքներն աւելի շատ ունեցել են սոցիալական ուղղուածութիւն: Դրամի արագ արժեզրկման պայմաններում ժամանակ առ ժամանակ կատարւում էին ոչ միայն նուազագոյն աշխատավարձի պարբերական բարձրացումներ, այլեւ կենսաթոշակների ու այլ նպաստների շարունակական ինդեքսաւորում: 1920թ. ամեանը թանկացումների դէմն առնելու նպատակով ընդունուեց օրէնք գների բարձրացման մասին: Օրէնքով նախատեսւում էր մինչեւ 2 տարուայ բանտարկութիւն կամ 1 մլն. ռուբլու տուգանք այն անձանց նկատմամբ, որոնք շահադիտական նպատակով առաջնահերթ անհրաժեշտութեան ապրանքները (պարէն, վառելանիւթ, դեղորայք եւ այլն) կը վաճառեն տնտեսապէս չհիմնաւորուած չափազանց բարձր գներով:
ՀՀ խորհրդարանն ու կառավարութիւնը նիւթական ու ֆինանսական մասնահանումներ էին անում նաեւ հանրապետութեան սահմաններից դուրս գտնուող հայ ազգաբնակչութեանը: Այսպէս, օրինակ, 1919թ. Դեկտեմբերին խորհրդարանի հաստատմամբ կառավարութիւնը Ախալքալաքի հայ ազգաբնակչութեան կարիքների համար յատկացրեց 10 մլն. ռուբլի, իսկ 1920թ. Փետրուարին հանրապետութեան օգնութեան ֆոնդից նոյն գաւառի հայ բնակչութեանը բաց թողնուեց 30 հազար փութ հացահատիկի սերմացու:
Խորհրդարանը իրաւասու էր հաստատելու միջպետական պայմանագրեր ու կոնվենցիաներ, լիազօրել կառավարութեանը ուրիշ պետութիւնների հետ բանակցութիւններ վարելու, պայմանագրեր ու համաձայնագրեր կնքելու, դիւանագիտական միսիաներ (ներկայացուցչութիւններ) ու պատուիրակութիւններ հաստատելու եւ այլն:
Պատգամաւորների գործունէութիւնը չի սահմանափակուել միայն խորհրդարանի շրջանակներում: Ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ խորհրդարանում պատգամաւորները անհատապէս կամ պատգամաւորական յանձնախմբերով գործուղուել են տարբեր շրջաններ, տեղերում ծանօթացել ազգաբնակչութեան, գաղթականութեան, զօրքի վիճակին ու կարիքներին եւ իրենց օգտակար առաջարկութիւններով ու դիտողութիւններով նպաստել կառավարութեան եւ տեղական իշխանութիւնների աշխատանքների բարելաւմանը, յաճախ էլ տեղերում հարթել են բազում վէճեր եւ այլն:
Հանրագումարի բերելով Հայաստանի երկու գումարման խորհրդարանների օրենսդրական աշխատանքի արդիւնքները՝ կարելի է արձանագրել, որ խորհրդարանն իր կարճատեւ ու ընդհատումներով գործունէութեան ընթացքում ընդունել է 300ից աւելի օրէնք եւ իրաւաօրէնսդրական առումով ապահովել նկատելի տեղաշարժեր երկրի սոցիալ-տնտեսական եւ կրթամշակութային ոլորտներում:
1920թ. յետ-մայիսեան ժամանակաշրջանում բոլշեւիկների ապստամբութիւնը եւ թուրք-թաթարական ուժգնացող խռովութիւնները հնազանդեցնելու նպատակով Խորհրդարանն ուղարկուեց հարկադիր արձակուրդ, պատգամաւորները մեկնեցին ապստամբական թէժ կէտեր: Արտակարգ իրավիճակի թելադրանքով ամբողջ գործադիր ու օրէնսդիր իշխանութիւնը ստանձնեց ՀՅԴ Բիւրօն, որն էլ սկսեց խորհրդարանի անունից ընդունել օրէնքներ եւ օրէնսդրական ակտեր, որոնք, իհարկէ, հետագայում պէտք է հաստատուէին խորհրդարանում: Դրանով տեղի ունեցաւ պետական կառավարման համակարգի կուսակցականացում, որը հարկադիր նահանջ էր ժողովրդավարական գործընթացներից:
Ամփոփելով Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան ու խորհրդարանի գործունէութիւնը՝ կարելի է արձանագրել, որ պետական այդ երկու կառոյցներն իրենց կարճատեւ գոյութեան ընթացքում ընդունել են 1200ից աւելի օրէնքներ: Դրանց ճնշող մեծամասնութիւնը կառավարող կուսակցութեան՝ ՀՅԴի ընկերվարական ոգուն համապատասխան ունեցել է սոցիալական ուղղուածութիւն, միտուած է եղել չքաւոր (կարիքաւոր) խմբերի ու գաղթականութեան սոցիալական պաշտպանուածութեան, անվճար կրթութեան ու բուժսպասարկման, մարդկանց զբաղուածութեան ապահովման, զոհուածների ընտանիքներին օգնելու եւ համանման խնդիրների լուծմանը: Բաւական է միայն այն փաստի յիշատակումը, որ կէս միլիոնից աւելի կարիքաւոր բնակիչ արեւմտահայ գաղթականների ու որբերի հետ միասին պետութիւնից որպէս նպաստ օրական ստանում էր կէս ֆունտ հաց, որը ամսական պետգանձարանի վրայ նստում էր աւելի քան 25 մլն. ռուբլի: Հայաստանի կառավարութեան վարած քաղաքականութեան սոցիալական ուղղուածութեան մասին է վկայում նաեւ այն փաստը, որ երկրի թիւ մէկ պաշտօնատար անձի՝ վարչապետի աշխատավարձը (1919թ. Յունուարին՝ 1300 ռուբլի) Հայաստանում սահմանուած նուազագոյն աշխատավարձին (200 ռուբլի) գերազանցում էր ընդամէնը 5.5 անգամ: Սա մի ցուցանիշ է, որը համեմատելի չէ մեր ժամանակների առաւելագոյն եւ նուազագոյն աշխատավարձերի չափերի հետ, որոնց մկրատը հասնում է մի քանի տասնապատիկի:
ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
100 տարի առաջ, Ցեղասպանութենէն վերապրած մեր ամբողջ ժողովուրդը՝ հոգեւորական, քաղաքական ու զինուորական առաջնորդները, ֆետային ու գիւղացին, կինն ու պատանին միասնաբար ծառացան մեր հայրենիքն ու հայութիւնը վերջնականապէս բնաջնջելու ելած ոճրագործ թշնամիին դէմ։ Սարդարապատի հերոսամարտով, մեր ժողովուրդը ապահովեց
ազատ ու անկախ հայրենիքը եւ ոչինչէն արարեց
Հայաստանի անկախ Հանրապետութիւնը։
Փա՜ռք մեր անկախ հանրապետութեան կերտիչներուն,
որոնք ո՛չ միայն վերականգնեցին աւարայրեան ոգին,
այլ նաեւ ամբողջական Հայաստանի քաղաքական կտակը
ամրագրեցին մեր նորագոյն պատմութեան մէջ,
ուղեցոյց եղան Հայաստանի անկախութեան վերականգնումին
ու Արցախի մէջ մինչեւ օրս շարունակուող՝ հայրենի հողերու ընդարձակման ձգտող պայքարին։
Ապրող սերունդները բարձրաճակատ կը կանգնին
Սարդարապատով բացուած երթի ճամբուն,
ու պիտի մնան ուխտապահ՝ Ամբողջական Հայաստանը իրականացնելու կտակին։
Մուշեղ Արք. Մարտիրոսեան
Առաջնորդ Կրօնական Ժողով
Եւ Ազգային Վարչութիւն
ACF Trust Fund
Ի Յիշատակ Գրիգոր Եւ Նուարդ Ուխտենցներուն
Զաւակը՝ Դոկտ. Մուրատ եւ Տիկ. Ֆլորա Ուխտենցներ
Հայաստանի Անկախ Հանրապետութիւնը Պիտի Դարձնենք
Հզօր, Արդար եւ Բարգաւաճ Պետութիւն մը
The Great Carpet Co.
Kaprielian Flooring
4524 Brazil St #A
Los Angeles, CA 90039
818.247.2990
Նաթալի Սավուլեան
Վահան եւ Անուշ Շամլեան Ազգային վարժարանի Աշակերտուհին կը հովանաւորէ «Ասպարէզ»ի այս փոքրիկ անկիւնը
Դոկտ. Տիրան
եւ Շաքէ Արոյեան
ARARAT ADHC
Management, Employees and Participants
Տնօրէնութիւն, Պաշտօնէութիւն
եւ Տարեց Մասնակիցներ
VICTORY ADHC
Management, Employees and Participants
Տնօրէնութիւն, Պաշտօնէութիւն
եւ Տարեց Մասնակիցներ
Tchakerians of Yozgat
KITSINIAN LAW FIRM
Congratulate
the First Republic of Armenia
on its 100 years of independence and wish our #NewArmenia
continued peace and prosperity.
www.KitsinianLaw.com
818.786.5777
Աբրահամ Եւ Անթառամ
Աճէմեան Եւ Ընտանիք
Dr. Garo and Sylvie Tertzakian
David, Taleen and Lucine Bozanich
Aram Tertzakian
ԿլԵնտէյլ
ՀՅԴ
«Ահարոնեան» Կոմիտէն
Կը շնորհաւորէ Հայաստանի
անկախութեան 100ամեակը
Sarkis Pastry
3 locations to serve you
1111 S. Glendale Ave., Glendale, CA
818-956-6636
1776 E. Washington Blvd., Pasadena, CA
626-398-3999
2424 Ball Rd., Anaheim, CA
714-995-6663
ARARAT FOUNDATION
Ani Mgrdichian Garikian
Engaged exclusively
in the practice of Family Law
Consultation – Litigation
– Collaborative Law – Mediation
818-291-6340
Նոր Յաղթանակներու
Ձգտումով
Փառք Հարիւրամեայ Փառաւոր Յաղթանակին
Հայ Քոյրերու Վարժարան