ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
ՀՀ վարչապետի կողմից առաջադրուած ու նորանշանակ նախարարների գործունէութիւնից (օրինաչափօրէն՝ առաջին 100օրեակում) է կախուած լինելու նման առաջադրումների տրամաբանութիւնը: Մինչ այդ, սակայն, ողջունելին դա նախարարական կազմում երիտասարդ ուժերի ներգրաւման վարչապետ Փաշինեանի համարձակութիւնն է, որն ինքնստինքեան ապագայի հաշուին յոյսի նշոյլներ է արթնացնում:
Մեզ համար, սակայն, անմիջականօրէն զգայուն հետաքրքրութիւնների տեղիք է տալիս ՀՀ սփիւռքի նախարարութիւնը, որն օժտուել է ամենաերիտասարդ՝ 28ամեայ նախարարով…
Անկախ նորանշանակ նախարարի մասնագիտական ունակութիւններից, որոնք այսպէս թէ այնպէս ներդնելու է իր ղեկավարած ոլորտում, փաստը մնում է այն, որ դժուարագոյն հանգամանքների դէմ-յանդիման է կանգնելու ցանկացած նախարար, անկախ տարիքից, եթէ Սփիւռքի բազմոլորտ, բարդ, համընդգրկուն իրականութիւններին վերաբերուի լոկ վարչական նկատառումներից ելնելով կամ Սփիւռքը դիտարկի լոկ որպէս Հայրենադարձութեան մի սուբիեկտի, ինչպէս որ նոր նախարարն է յայտարարել իր առաջին հարցազրոյցներից մէկում…:
Հայրենադարձութեանը զուգահեռ՝ Սփիւռքն օժտուած է այլ ռազմավարական նշանակութեան ներուժ թէ ներգործօն կարողականութիւններով՝ քաղաքականից մինչեւ գիտական ու տնտեսականից մինչեւ քանակական այլեւայլ ռեսուրսներ, աշխարհագրական խայտաբղէտ պայմաններում, որոնք էլ անհրաժեշտաբար պէտք է նախ համահայկական հարթակների ու պատուանդանների վրայ ամրանալով՝ հունաւորուեն նախարարութեան միջոցով Հայրենիքի բարօրութեանն ու Հայաստանի պետականութեան կայացման-հզօրացմանը:
Ա՛յդ յոյսով է, որ սպասում ենք Նոր Հայաստանի նորակազմ կառավարութեան ու յատկապէս Սփիւռքի ծանրակշիռ նախարարութիւնը գլխաւորող նոր նախարարի յաջողութիւններին…