ԽՄԲԱԳՐԱԿԱն «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Իլհամ Ալիեւը տարածաշրջանում դանդաղ գործողութեան ական է տեղադրում:
Մամուլը, եւ ոչ միայն հայկական, քննադատական լոյսի ներքոյ լայնօրէն լուսաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Փետրուարի 8ին «Ենի Ազերբայջան» կուսակցութեան համագումարին հնչեցրած արտայայտութիւնները: Այն ժամանակ նա յայտարարել էր բառացիօրէն հետեւեալը. «Իրեւանը մեր պատմական հողն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պէտք է վերադառնանք այդ պատմական հողերը: Դա մեր քաղաքական ու ռազմավարական նպատակն է, եւ մենք պէտք է աստիճանաբար մօտենանք այդ նպատակին»:
Պէտք է ասել՝ Ալիեւի խօսքերը, որոնք Փետրուարի 17ին Միւնխենի անվտանգութեան համաժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը դիպուկ կերպով ցնդաբանութիւն է անուանել, առանց ուշադրութեան չթողեցին նա եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆն, որոնք Իլհամին կոչ արեցին ձեռնպահ մնալ սադրիչ յայտարարութիւններից, որոնք շիկացնում են իրադրութիւնը: Բայց, ինչպէս դա եղել էր եւ նախկինում, Նապոլէոնի յաւակնութիւններով քաղաքական այս գաճաճը հերթական անգամ անտեսեց միջազգային միջնորդների նախազգուշացումը: Մէկ ամիսից քիչ աւելի անց՝ Մարտի 19ին, Ալիեւը Նովրուզի տօնի առթիւ իր ելոյթի ժամանակ կրկներգի պէս հոլովեց նոյն այդ միտքը. «Այսօրուայ Հայաստանի մեծ մասն Ադրբեջանի պատմական, բնիկ հողն է»:
Ինչպէս հեշտութեամբ կարելի է նկատել՝ մէկ ամսից քիչ աւել ժամանակի ընթացքում Ալիեւի զաւթողամոլական ախորժակը չափազանց գրգռուեց, եւ նա արդէն տարածքային նկրտումներ է ներկայացնում ոչ միայն իր կողմից «հինաւուրց ադրբեջանական հող» անուանուող Արցախի նկատմամբ, անգամ ոչ միայն «Իրեւանի, Զանգեզուրի ու Գեյչա»յի նկատմամբ, այլեւ՝ արդէն «Հայաստանի մեծ մաս»ի: Եւ որպէս ապացոյց նա վկայակոչում է «բազմաթիւ գրքեր ու քարտէզներ»: Կարծում ենք, պատմական թեմաներով Ալիեւի հետ վէճի բռնուելը բացարձակապէս իմաստ չունի: Այն պարզ պատճառով, որ իրական, ոչ թէ Ադրբեջանի «կրէատիւ» (ստեղծագործ-խմբ.) կեղծ գիտնականների մոգոնած պատմութիւնը նա հաւանաբար գիտի: Գիտի, որ Երեւան քաղաքը, որին նա յաւակնում է, հին է անգամ յաւերժական Հռոմից, եւ Մեծ Հայքը պատերազմել է Հռոմի կայսրութեան հետ այն ժամանակներում, երբ Ադրբեջանը դեռ գոյութիւն չունէր: Որ Արցախը՝ որպէս պատմական Հայաստանի բաղկացուցիչ մաս, յիշատակւում է դեռեւս անտիկ հեղինակներ Ստրաբոնի, Պլինիուս Աւագի, Կլաւդիոս Պտղոմէոսի, Պլուտարքոսի եւ այլոց աշխատութիւններում, ովքեր, ըստ երեւոյթին, տառապում էին քրոնիկական ամնեզիայով (զառամախտով-Խմբ.), եթէ իրենց տրակտատներում (աշխատասիրութեանց մէջ-Խմբ.) մի անգամ էլ չեն յիշատակել «հին Ադրբեջանը»: Ալիեւին՝ որպէս «բազմաթիւ գրքերի ու քարտէզներ»ի գիտակի (ադրբեջանցի վայ-գիտնականների գործերը, ովքեր ջերմեռանդօրէն կատարել են «Ադրբեջանի պատմութիւն» ստեղծելու իր թանկագին հայրիկի պատուէրը, հաշուից դուրս են ու պիտանի են գուցէ միայն որպէս թղթի թափօն), պէտք է յայտնի լինի նաեւ, որ ոչ մի քարտէզի վրայ՝ ընդհուպ մինչեւ 19րդ դարը, անգամ մանրադիտակի տակ չես յայտնաբերի Ադրբեջան անունով պետութիւն:
Ալիեւի պատմական բառավարժանքներն իրականում պատմութեան հետ բացարձակապէս ոչ մի առնչութիւն չունեն: Դա զուտ քաղաքականութիւն է, աւելի ճշգրիտ՝ պանթիւրքիզմի քաղաքականութիւն, որն այսօր Թուրքիայի կողմից անուանւում է նէոօսմանիզմ, եւ որի իրագործողը Հարաւային Կովկասում Ադրբեջանն է: Այս քաղաքականութեան նպատակն է թրքալեզու երկրների միաւորումը եւ Թուրքիայի գերիշխանութեան ներքոյ միասնական թիւրքական պետութեան ստեղծումը, որի սահմանները պէտք է տարածուեն Բալկաններից մինչեւ Սիբիր: Այս համատեքստում էլ պէտք է դիտարկել Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ալիեւի տարածքային յաւակնութիւնները, որոնց կարելի է տարբեր կերպ վերաբերուել, բայց ոչ մի դէպքում‘ մակերեսօրէն, թեթեւամտօրէն:
Միջազգային հեղինակաւոր կառոյցները եւ, առաջին հերթին, Ռուսաստանը, ԱՄՆն եւ Ֆրանսիան՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ եւ ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամներ, պէտք է կոշտ կերպով կանխեն պաշտօնական Բաքուի նման յայտարարութիւնները, քանզի դրանք լուրջ սպառնալիք են պարունակում: Ալիեւի «Մենք՝ ադրբեջանցիներս, պէտք է վերադառնանք այդ պատմական հողերը, դա մեր քաղաքական ու ռազմավարական նպատակն է» խօսքերը, ոչ մէկի մօտ չպէտք է կասկած թողնեն, որ նրա կողմից հեռանկարում դանդաղ գործողութեան ական է տեղադրւում: Ամենեւին էլ պատահական չէ նա յայտարարել, թէ «ամէնագլխաւորը՝ այդ մասին թող իմանայ ադրբեջանական երիտասարդութիւնը»: Նոյն այն երիտասարդութիւնը, որի հոգում Բաքուի ներկայ ռեժիմն արդէն ատելութեան սերմեր է հիմնաւորապէս ցանել հայ ժողովրդի եւ հայկական ամէն ինչի հանդէպ: Այլ խօսքով՝ ստեղծել է հակամարտածին ներուժ, որը թուրք¬ադրբեջանական տանդեմի համար յարմար պահին կարող է գործի դրուել: Չի կարելի բացառել, որ Ալիեւն իր նմանատիպ սադրիչ յայտարարութիւններով միջազգային հանրութեան, նրա հնարաւոր արձագանգի իւրատեսակ զոնդաժ (փորձաքննութիւն-Խմբ.) է անցկացնում: Ու եթէ այսօր չկանգնեցուի ադրբեջանական ագրեսիւ (յարձակողապաշտ-Խմբ.) ռազմամոլութիւնը, որն սպասարկում է պանթիւրքիզմի քաղաքականութեան շահերը, 2016թ. ապրիլեան պատերազմը, որի համար Բաքուն գործնականում անպատիժ մնաց, գալիք ռազմական գործողութիւնների համեմատ ընդամէնը անմեղ զուարճանք կը թուայ: Հէնց միջազգային հանրութեան պատշաճ գնահատականի ու արձագանգի բացակայութիւնն է Ադրբեջանի ղեկավարութեանը խթանում շարունակել իր յանցաւոր քաղաքականութիւնը: Ագրեսորին մեղմ ձեւով յորդորելու ժամանակները վաղուց են անցել: Եկել է գործողութիւնների ժամանակը, ընդ որում՝ կոշտ գործողութիւնների, քանի որ սպառնալիքի տակ է ողջ տարածաշրջանի ճակատագիրը: