Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Մեծ Եղեռնի Ոգեկոչման Միջոցառումները Դարձնենք Միասնականութեան Խորհրդանիշ

$
0
0

ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐԵԱՆ

 

0406robertmarkarian

Լոս Անջելըս փոխադրուելուց յետոյ ապրիլքսանչորսեան ոգեկոչման հանդիսութիւններին մասնակցելու իմ առաջին փորձը խիստ հետաքրքիր ստացուեց:

ԱՄՆ փոխադրուելով մի համայնքից որտեղ Մեծ Եղեռնի ոգեկոչման կենտրոնական ձեռնարկները այն եզակի առիթներից էին, որոնք իրար շուրջ համախմբուելու հնարաւորութիւն էին ստեղծում կուսակցական, ազգային ու հասարակական տարբեր հարցերում բազում տարաձայնութիւններ ունեցող խմբաւորումների ու անձանց համար, Լոս Անջելըսի հայաշատ համայնքում Ապրիլի 24ի օրը մի քանի ժամերի տարբերութեամբ եւ մի քանի փողոցների հեռաւորութեամբ ոգեկոչման ու պահանջատիրութեան երկու հանրահաւաքների ու երթերի կազմակերպման ականատես լինելը չափազանց զարմանալի ու մոլորեցնող թուաց ինձ: Իհարկէ այդ կապակցութեամբ իմ զարմանքը սկիզբ էր առել դեռ նախորդ օրը՝ Ապրիլի 23ի երեկոյեան, երբ Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցում նահատակների յիշատակին մատուցուած հոգեհանգստեան ա-րարողութեանը մասնակցելիս տեղեկացայ, որ գրեթէ նոյն պահին մի քանի փողոցների տարբերութեամբ ոգեկոչման ու մոմավառութեան մէկ այլ միջոցառում է անցկացւում:

Բարեբախտաբար, յաջորդ տարի՝ 2015 թուականին, Մեծ Եղեռնի 100ամեակի առիթով կազմակերպուած եւ ժամերով Լոս Անջելըսի գլխաւոր փողոցները փակած միասնական շքեղ ու ոգեւորիչ երթը ապացուցեց, որ ցանկութեան, կամքի ու հանդուրժողականութեան գոյութեան դէպքում հնարաւոր է Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման առիթը հայ ժողովրդի միասնական պահանջատիրութեան դրսեւորման միջոց ու խորհրդանիշ դարձնել: Բայց ցաւօք սրտի, կարծես թէ միայն կլոր թուականներին է, որ այդ կամքն ու ցանկութիւնը մեզ մօտ դրսեւորման հնարաւորութիւն է գտնում:

Այս օրերին ֆէյսբուքեան պրպտումների ընթացքում կրկին հանդիպեցի Ապրիլ 24ին կազմակերպուելիք երկու զուգահեռ հանրահաւաքների յայտարարութեան՝ առաւօտեան ժամը 10ին՝ երթ եւ հանրահաւաք Լոս Անջելեսի Փոքրիկ Հայաստանում, իսկ երկու ժամ անց՝ 12ին՝ «Pan Pacific Park»ից բողոքի երթ դէպի Թուրքիայի հիւպատոսութիւն: Այն որ յիշեալ միջոցառումներից ո՞րն է ծառայում իր բուն նպատակին կարող է լայն քննարկման նիւթ դառնալ, սակայն որպէս համայնքում ապրող պարզ քաղաքացի, որ տարիներ մասնակցելով այդ միջոցառումներին նկատել է երկու գրեթէ զուգահեռ միջոցառումների անյարմարութիւնն ու նաեւ այն իրողութիւնը, որ ճանապարհի հեռաւորութեան, ժողովրդի երթեւեկութեան համար նկատի առնուած միջոցների ու բազում այլ պատճառներով ժողովրդի մեծամասնութիւնը դրանցից միայն մէկին մասնակցելու հնարաւորութիւն է ունենում, անհրաժեշտ եմ համարում ընթերցողի հետ կիսել իմ անձնական դիտողութիւնը:

Մեծ Եղեռնի տարելիցին կազմակերպուող միջոցառումները բիւրաւոր նահատակների յիշատակը ոգեկոչելուց բացի նաեւ քարոզչութեան ու պահանջատիրութեան նպատակ են հետապնդում: Ինչ վերաբերում է Մեծ Եղեռնի կապակցութեամբ քարոզչութեանն ու համայնքի իրազեկմանը կարելի է յաւակնել, որ տարիներ շարունակ նոյն երթը նոյն ուղղութեամբ կազմակերպուելու շնորհիւ առնուազն Փոքրիկ Հայաստանում քարոզչական մեծ աշխատանք իրականացնելու կարիք չի զգացուում: Դա ի տես այն բանի, որ բողոքի բազմամարդ երթը Փոքրիկ Հայաստանի սահմաններից դուրս բերելով ու այն Լոս Անջելեսի գլխաւոր փողոցներ փոխադրելով քարոզչական աշխատանք իրականացնելու առաւել մեծ առիթ կարող է ստեղծուել: Իսկ ինչ վերաբերում է պահանջատիրութեանը, կարծում եմ ընթերցողն էլ ինձ կը հաստատի, որ իրական պահանջատիրութիւնը ուղղուած պիտի լինի իր իսկական հասցէատիրոջը՝ Թուրքիայի պետութեանն ու Լոս Անջելեսում այդ պետութիւնը ներկայացնող հիւպատոսութեանը:

Մեր պահանջատիրութեան իրագործումն առաջին հերթին պայմանաւորուած է մեր ներքին միասնականութեամբ: Միասնականութիւն, որ մէկ անգամ իր գեղեցիկ ու հիացմունք պատճառող դրսեւորումը գտաւ 2015 թուականին՝ Մեծ Եղեռնի 100ամեայ տարելիցին, իսկ  կամքի, ցանկութեան ու հանդուրժողականութեան դէպքում կարող է կրկնուել ոչ միայն կլոր ամեակներին, այլ իւրաքանչիւր տարի:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles