Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱԼՈՒՄԵԱՆ
Արգենտինացի (արգենտինահայ-«Ակունք») լրագրողը յայտնում է, որ Ստամբուլում, Ամասիայում, Դիարբեքիրում, Բաթմանում, Թունջելիում (Դերսիմ-«Ակունք») եւ Մուշում իր կատարած ուսումնասիրութիւնների ժամանակ ուշագրաւ դիպուածների է հանդիպել: Օրինակ՝ 1915թ. դէպքերի (Հայոց Ցեղասպանութեան-«Ակունք») ժամանակ Ամերիկա փախած ընտանիքի՝ Բալուում մնացած անդամները մահմեդականութիւնն են ընտրել, եւ նրանց մէջ անգամ իմամներ կան: Նոյն ընտանիքի՝ ԱՄՆ փախած անդամների միջից էլ արքեպիսկոպոս է դուրս եկել:
Արգենտինացի լրագրող Աւետիս Հաջեանի՝ Թուրքիայում կատարած ուսումնասիրութիւնների առաջին հանգրուանը Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասն է (առաւելապէս հայերով եւ այլ ազգային փոքրամասնութիւններով հոծ բնակեցուած թաղամաս Ստամբուլում-«Ակունք»):
Այստեղ հայ գնչուների հաւաքատեղի հրուշակեղէնի խանութում մի տարեց հայի՝ «Դու ո՞վ ես, ճանաչո՞ւմ ես Թուրքիան» հարցին հանդիպած Հաջեանն ինքն իրեն խոստովանում է, որ առանձնապէս լաւ չի ճանաչում այդ երկիրը: Սակայն հայերն էլ ներառեալ՝ ոչ ոք Թուրքիայում չգիտի, թէ իրականում ով է ինքը, եւ ովքեր՝ իր նմանները: Ըստ սոյն հրապարակման, որում նշւում է, թէ Թուրքիայում առկայ է «գաղտնի հայեր» անուամբ յայտնի մի խորհրդաւոր փոքրամասնութիւն, շուրջ մէկ դար իրենց իրական ինքնութիւնը թաքցրած մարդկանց մեծ մասը՝ հիմնականում թուրքի կամ քրդի ինքնութեամբ, ապրում է երկրի արեւելեան նահանգներում՝ դաւանելով իսլամի սուննիական եւ ալեւիական հաւատքը: Այնուամենայնիւ, յատկապէս Բաթմանի Սասուն գաւառի գիւղերում բնակուող մի փոքրիկ հանրութիւն շարունակում է պահպանել քրիստոնէութիւնը:
ՀԱՅԵՐԸ ԳԱՂՏՆԻ
ԿԵԱՆՔ ԵՆ ՎԱՐՈՒՄ
Հաջեանը շեշտելով, որ գաղտնի հայերի ստոյգ թիւը ոչ ոք չգիտէ, պատմում է, թէ ինքը ականատես է եղել, որ բազմաթիւ գաղտնի հայեր վախենում են բացայայտել իրենց արմատները, ապա՝ փոխանցում Բալուում բնակուող մի գաղտնի հայի հետեւեալ խօսքերը. «Թուրքիան դեռեւս վտանգաւոր տեղ է հայերի համար»: Զանազան ինքնութիւններով ապրող գաղտնի հայերը խուսափում են նաեւ բացայայտօրէն հայի ինքնութեամբ ապրող հայ քաղաքացիների հետ առնչուելուց: Գաղտնի հայերը յարաբերութիւններ չեն հաստատում նաեւ օտարների հետ: Հաջեանը նաեւ յայտնում է, որ թէեւ գաղտնի հայերի մի մասի պապերը կամ նախնիներն ընդունում են, որ իրենք հայ են, եւ թուրք ու քուրդ հարեւանների կողմից որպէս հայ կամ «գեաւուր» անուանւում, սակայն նրանք մերժում են իրենց ինքնութիւնը, ոմանք էլ, չնայած ընդունում են իրենց իրական արմատները, սակայն այդ տեղեկութիւնը թաքցնում են իրենց զաւակներից: Հաջեանը նշելով, թէ բոլորովին էլ հեշտ չէ հասկանալ, թէ ով է գաղտնի հայ, բերում է զանազան օրինակներ: Այսպէս՝ Ամասիայի վերջին հայը հանդիսացող եւ ըստ քրիստոնէական հաւատքի դաստիարակուած ու Հրանտ Դինքի հետ նոյն դպրոցն աւարտած Ռաֆել Ալթընջըն, մուսուլման դառնալով, ամուսնացել է մի թուրք աղջկայ հետ եւ իր դստերն էլ դաստիարակել որպէս թուրք: Ալթընջըն տարիներ յետոյ դեռ նոր է ընդունում իր հայութիւնը: Մուշի գիւղերից մէկում ապրող Ժազօ Ուզալն այն դէպքում, երբ ձմեռը Ստամբուլում անցկացնելիս եկեղեցի է գնում, ամռանը գիւղ վերադառնալուց յետոյ խստօրէն պահպանում է իսլամի բոլոր օրէնքները, այդ թւում՝ Ռամադանի պահքը:
«ՍՈՒՆՆԻ ԼԻՆԵԼՈՒՍ
ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՉԻ ՍՏԻՊՈՒՄ ԻՆՁ ԱՒԵԼԻ ՔԻՉ ՀԱՅ ԶԳԱԼ»
Միւս կողմից դիարբեքիրցի փաստաբան Մեհմեդ Արքանը մինչեւ 7 տարեկան մեծանում է՝ առանց իմանալու, որ իր ընտանիքը հայ է: Մինչեւ որ իր հետ նոյն թաղամասում բնակուող քուրդ ընկերոջ հետ վէճի է բռնւում, որի ժամանակ էլ տեղեկանում այդ մասին: Երբ հօրը ճշմարտութիւնն է հարցնում, վերջինս ասում է, որ դա ճիշդ է, սակայն որդուն յորդորում է ոչ մէկին չասել դրա մասին: Արքանը պատմելով, որ մինչեւ 1960ականների վերջը տուեալ շրջանի հայ գիւղացիները զինուած են եղել՝ իրենց ապրանքը քրդերի ձեռքն ընկնելը եւ վերջիններիս կողմից երիտասարդ աղջիկներ առեւանգելն արգելելու համար, եւ որ ժամանակ առ ժամանակ թէժ ընդհարումներ են գրանցուել, ասում է. «Մինչեւ 10 տարի առաջ բոլորից թաքցնում էինք մեր ինքնութիւնը, բայց Դիարբեքիրում հայ լինելն այլեւս վտանգաւոր չէ», եւ որպէս օրինակ մատնանշում Ս. Կիրակոս եկեղեցու վերականգնումը: Արքանը հաւելում է, որ իր սուննի լինելու եւ նամազ անելու փաստն իրեն չի ստիպում աւելի քիչ հայ զգալ:
ՆՈՅՆ ԸՆՏԱՆԻՔԻՑ ՄԷԿՆ
ԻՄԱՄ Է ԴԱՐՁԵԼ, ՄԻՒՍԸ՝
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ
Պատահում են դէպքեր, երբ գաղտնի հայութիւնն անսպասելի վերակերպումների է յանգեցնում: Օրինակ՝ 1915թ. մազապուրծ՝ Բալուի Բագին գիւղում ապրող Օգասեան տոհմը, ԱՄՆ գաղթելով, բնակութիւն է հաստատել Ռոդ Այլենդում: Արտերում բռնի կերպով աշխատեցնելու նպատակով մի քուրդ աշիրեթի ղեկավարի կողմից առեւանգուած ընտանիքի կրտսեր որդուն՝ Գրիգորին, աղան յետագայում, տակաւին փոքր տարիքում, ամուսնացնում է որբ Զերմանի հետ: Երկուսն էլ, Բալուի մի գիւղում հաստատուելով, իսլամ են ընդունում եւ թուրքական անուններ ստանում: Մինչեւ իսկ հաջի են գնում միասին: Տարիներ անց ԱՄՆում ապրող ազգականները կապ են հաստատում Գրիգորի եւ Զերմանի հետ: Ներկայում Գրիգորի եւ Զերմանի թոռներից մէկը Խարբերդի մի մզկիթում իմամ է, իսկ երկրորդ սերնդից նրանց զարմիկը՝ Օշական Չօլոյեանը, դարձել է Նիւ Եորքի հայ եկեղեցու արքեպիսկոպոս:
Հաջեանն իր յօդուածում յայտնում է, որ գաղտնի հայեր կան նաեւ Թունջելի նահանգում եւ վերջինիս շրջակայքում, եւ նշում, որ ինքը Սասունում մի դէպքի է ականատես դարձել: Բաթմանի Սասուն գաւառի գիւղերից մէկից, որտեղ ինքը բնակութիւն էր հաստատել, հաջի են գնում Ռաման լեռան վրայ գտնուող մի սրբատեղի: Երբ հայերի քարաւանից 6-7 տարեկան մի աղջկայ՝ մէջքին գցուած սպիտակ պարկը քամուց ծածանւում է, մի հայկական խաչ է երեւում: Դա նկատած լրագրողը մօտենում է լուսանկարելու: Դէմքը վզնոցով ծածկած մանկամարդ աղջիկը հետեւեալ պատասխանն է տալիս լրագրողի՝ «Հա՞յ ես, ընտանիքումդ հայեր կա՞ն» հարցին. «Մենք մուսուլման ենք»:
ՍՂԵՐԴԻ ՀԱՅԵՐԸ
19րդ դարի առաջին կէսին Սղերդ այցելած եւրոպացի միսիոներների նօթերում նշուած է, թէ այստեղի կենտրոնի բնակչութեան մէկ երրորդը մուսուլման է, իսկ երկու երրորդը՝ ոչ մուսուլման (հայ, նեստորական, հրեայ), եւ որ բոլոր ժողովուրդները համատեղ ապրել են՝ առանց խնդիրների: Ներկայում Սղերդում եւ շրջակայքի գիւղերում առկայ են մեծ ու փոքր 13 եկեղեցիների եւ վանքերի աւերակներ: Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ ռուսները 1915թ. Յուլիսին հաշուարկներ էին անում Բիթլիսը (Բաղեշ-«Ակունք») գրաւելու ուղղութեամբ, Սղերդի վալին ռուսական զաւթման դէմ միջոցներ ձեռնարկելու նպատակով մի գործողութիւն է ձեռնարկում Սղերդում եւ շրջակայքում ապրող ոչ մուսուլմանների դէմ: Սոյն գործողութեան արդիւնքում յատկապէս թալանւում եւ աւերւում են նահանգի կենտրոնում գտնուող Հոլանիյէ, Հանդեւիս գիւղերը եւ Դէյրի եկեղեցիները, վանքերը: Նոյնիսկ ասում են, թէ հրկիզուել են Դէյր վայրում գտնուող Մոր Եաքուփ վանքի 30 հազար հատոր գրքերը: Զինուորները հետեւում են կոտորածից փախած՝ սոյն նեստորական վանքի արքեպիսկոպոս Ադդէյ Սերին եւ սպանում նրան ներկայիս Էրուհի Թանզըհ (Քաւաքէօզիւ) գիւղում, որտեղ նա թաքնուել էր: Բանաստեղծ եւ գիտնական Ադդէյ Սերը յայտնի է 1905թ. Եւրոպայից բերած իր օգնութեամբ, որը հաւասարապէս բաժանուել է Սղերդի չքաւորներին՝ առանց տարբերութիւն դնելու քրիստոնեաների եւ մահմեդականների միջեւ: Բազմաթիւ հայ եւ նեստորական ընտանիքներ կա՛մ աքսորւում են, կա՛մ սպանւում, կա՛մ էլ բռնի կրօնափոխւում: Քրդերը բռնի մահմեդականացածներին «մըսըլմենի» են անուանում, այսինքն՝ մուսուլմանիկ, եւ դեռեւս որոշ ընտանիքներ կրում են այդ մականունը: Հարկադրուած կերպով մահմեդականացածները ժամանակի ընթացքում մէկական «կրօնապաշտ» քաղաքացի են դարձել, եւ առկայ են վախից իրենց ու իրենց հաւատքը թաքցրած հայեր ու նեստորականներ: Բաւականին մեծ է նրանց թիւը, ովքեր իրենց մուսուլման արաբ կամ քուրդ համարելով՝ ապրում են՝ բանից անտեղեակ: Դա է պատճառը, որ Սղերդում բազմաթիւ արաբներ կամ քրդեր ասում են, թէ իրենց մայրերը կամ տատերը հայկական ծագում ունեն:
* Անատոլիա- Արեւմտեան Հայաստան)
«ԱԿՈՒՆՔ»