ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Որեւէ երկրի հզօրութիւն մի շարք բաղադրիչներ ունի, որոնք կապակցուած են, պէտք է գործեն ներդաշնակօրէն, եւ որոնցից որեւէ մէկի խափանումը կարող է արգելակել կամ վնասել միւսների աշխատանքը կամ առնուազն թերի դարձնել երկրի զարգացման ուղղուած ցանկացած ծրագիր եւ գործառոյթ: Այդ բաղադրիչների շարքում առաջնային նշանակութիւն ունի տնտեսութիւնը, որն իր հերթին ենթադրում է նախապայմաններ, որոնց շարքում առաջնային կարեւորութիւն ունի երկրի տարածքը: Երբ Հայաստանը ձգտում է իր բնական սահմաններին վերադառնալ, ապա ո՛չ միայն այն պատճառով, որ այն արդարութեան հարց է, այլեւ մէկ այլ պարզ տրամաբանութեամբ է առաջնորդւում, այն է՝ բաւականաչափ տարածք ապահովելով առաւել բնական հարստութիւններ, մեծաքանակ բնակչութիւն եւ այդ բնակչութեան թուին համապատասխան բանակ եւ ազգային անվտանգութիւն ունենալ: Հայաստանը տարածքային անբաւարարութիւն ունի: Եւ այդ է պատճառներից մէկը, որ երկրները ոչ միայն սեփական տարածքն ու հարստութիւնն են օգտագործում, այլեւ ձգտում են ընդարձակել իրենց տարածքը, երկրի սահմաններից դուրս գտնել նիւթական այլեւայլ աղբիւրներ, հնարաւոր դարձնելով այն գաղութացման կամ նուաճումների միջոցով: Տիրելով այս կամ այն երկրին, նրանք կեղեքում են այդ երկրների նիւթական կարողականութիւնը, մարդուժը, հարստանում են նուաճուած երկրների հաշուին եւ կառուցում են իրենց արտաքին քաղաքականութիւնը, այն առաւելագոյն ձեւով ի սպաս դնելով սեփական երկրի շահերի, կարողանում են պահել մեծաթիւ բանակ, ապահովում են իրենց քաղաքացիների բարձր կենսամակարդակը: Որեւէ երկրի հանդէպ մի այլ երկրի կողմից հողային զաւթումները, բնակչութեան աղքատացումը, արտագաղթի խրախուսումը, նպատակադրուած են իրականացնել թիրախ դարձած երկրի թուլացումը, երկրի կախուածութեան ուժեղացումը, երբեմն՝ պետականութեան կորուստը: Աշխարհի քաղաքական բեմում բարձր է հնչում այն երկրների ձայնը, որոնք հզօր տնտեսութիւն ունեն, եւ որին առընթեր՝ հնարաւորինս անկախ արտաքին քաղաքականութիւն, նուազ կախուածութիւն եւ ազգային անվտանգութիւն:
Այս բոլորը, որ վերաբերում է նիւթականին, միայնակ չի գործում, իրեն զինակից ունի հոգեւոր դաշտը, որ մեծ նշանակութիւն ունի մատնանշուած գործողութիւնների իրականացման համար: Եւ աշխարհի բոլոր երկրները այս կամ այն չափով այս վարքագծի իրականացնողներ են, իսկ եթէ իրենք են նմանօրինակ վարքագծի ենթակայ, ապա յայտնւում են կախեալ վիճակում, դառնում արբանեակային երկրներ, առաջին հերթին ծառայելով իրենց իշխող երկրների շահերին, քան՝ սեփական: Պատմութիւնն ի սկզբանէ նման բազմաթիւ օրինակներ է տրամադրում:
Գաղութացուած եւ ստորակայութիւն ունեցող երկիրն, անշուշտ, դիմակայում է իր կարողութիւնների սահմաններում, բայց նրա դիմադրողականութիւնը շատ աւելի բարձր է լինում, երբ իր կողքին ունենում է իր մշակոյթը՝ իր հոգեւոր աշխարհի զինակցութիւնը, եւ պատահական չէ, որ նուաճողները մեծ ուշադրութիւն են յատկացնում իրենց մշակոյթը հնարաւորինս տարածելուն, միւս կողմից գործի են դնում նուաճուած երկրներին ներշնչելու ստորադաս եւ թոյլ լինելու զգացումը, նաեւ մշակութային ստորակայութիւնը: Առաջնագիծ է մղւում տիրապետողի լեզուն, իսկ ենթակայ երկրի լեզուն ենթարկւում է հալածանքի, ստորացման, արգելքի եւ պատժի, դրանով կտրելով ժողովրդին իր անցեալից, ուստի եւ՝ ուժից: Մէկ անգամ անկում ապրելով, ժողովուրդները սկսում են տարակուսանք ապրել, չհաւատալ սեփական արժանիքներին եւ ուժին: Հայ ժողովրդի պատմութիւնը ցայտուն օրինակներից է, թէ ինչպէս ամբողջական անկումի մէջ գտնուող հայութիւնը թմբիրի երկարատեւ պատմական ժամանակաշրջան բոլորեց, մինչեւ իր զարթօնքի շրջանին հասնելը՝ ընդհուպ ուշ միջնադար: Ցեղասպանութեան այլեւայլ միջոցներին առընթեր, Թուրքիան հետեւողականօրէն հոգեսպանութիւն իրականացրեց, առանցքային եղաւ լեզուասպանութիւնը, նաեւ լեզուի ոլորտին սերտօրէն առնչուող տեղանունների եւ անձնանունների աղարտումը, որոնց միջոցով խարխլուեց հայութեան դիմադրողականութիւնը: Սխալ ուղղութեամբ ենք ընթանում, երբ մտածում ենք կամ քարոզներով ստիպում են մեզ մտածել, թէ Հայոց Ցեղասպանութեան միակ մեղադրեալը պետութիւնն է, բայց ո՛չ թուրք ժողովուրդը, մինչդեռ պետութիւն եւ ժողովուրդ գործում են միասնաբար:
Նոյնիսկ այն դէպքում, երբ որեւէ երկիր անկախութեան է տիրանում եւ միջազգային ճանաչման արժանանում, աշխարհի գերիշխող պետութիւնները շարունակում են ընկճել ժողովուրդներին ո՛չ միայն տնտեսապէս եւ քաղաքականապէս, այլեւ՝ հոգեպէս: Շարունակում են կիրառուել հոգեբանական գրոհի ու ներշնչանքի տարբեր ձեւեր, հրապարակ են նետւում զանազան, այսպէս կոչուած արժէքներ, եւ դրանք հակադրւում ազգային արժէքներին, հաւատացնելով, թէ վերջիններս արդէն հնացած են եւ առաջադէմ չեն:
Հայութեան պարագայում մեզ վաղուց եւ լրջօրէն ներշնչել են մի շարք գաղափարներ, որոնք իրականութեան հետ քիչ կապ ունեն կամ ընդհանրապէս կապ չունեն: Շրջանառութեան մէջ են դրուել ներշնչանքի մի քանի տեսակներ. մեզ ասում են, որ Հայաստանը փոքր եւ թոյլ երկիր է, առանց յիշելու, որ այն փոքրացուած եւ թուլացուած երկիր է, ոչ միայն մեր, այլեւ հէնց այլոց սխալ, անհեռատես եւ տմարդի քաղաքականութեան պատճառով. այն փոքր չի եղել եւ թոյլ չի եղել, այլ եղել է նուազ ուժեղ իրեն շրջապատող երկրների համեմատութեամբ: Ներշնչում են, որ Հայաստանը աղքատ երկիր է, մինչդեռ այդպէս չէ. որ միասնական չենք, շատ դաւաճաններ ենք ծնում: Գործի են դրւում հոգեպէս ընկճելու հին ու նոր միջոցներ, որոնք այնուամենայնիւ գործում են:
Վերջապէս, մեզ իրենց արբանեակը դարձնելու համար, ներշնչում են շատ վտանգաւոր եւ տարածուն մի միտք, որ Հայաստանը շրջապատուած է թշնամի երկրներով եւ բարեկամներ չունի, մեզ անընդհատ պահելով սարսափի եւ մեկուսացուած լինելու հոգեվիճակում: Հայաստանը ունի մօտիկ ու հեռաւոր բարեկամներ, մի՛շտ է ունեցել, եւ տարօրինակ կը լինէր, եթէ չունենար, որովհետեւ այն երբեք թշնամական կեցուածք չի ունեցել իր դրացիական կամ հեռաւոր յարաբերութիւններում, եւ հայը, որտեղ որ հանգրուանել է, կամայ թէ ակամայ, իր լաւագոյնը ի սպաս է դրել հիւրընկալ երկրի զարգացման աշխատանքին:
Ասուածի վկայութիւնն է այն փաստը, որ 1915թ. Հայոց Ցեղասպանութիւնից փրկուած հայութիւնը ապաստան գտաւ եւ բարեհաճ վերաբերմունքի արժանացաւ աշխարհի շատ երկրներում՝ Արեւելեան ու Արեւմտեան Եւրոպայի երկրներից մինչեւ Արաբական աշխարհ: Եւ նաեւ այդ բազմաթիւ բարեկամների շնորհիւ է ապրում այսօրուայ Սփիւռքը: Այլ հարց է, եւ պէտք է կարողանալ տարանջատել մէկը միւսից, որ նոյն այդ բարեկամ երկրները, իրենց շահերից ելնելով, կարող են ոչ հայանպաստ պահուածք ունենալ, մնալ բարեկամ, առանց դաշնակից դառնալու: Յայտնի է, որ երբեմն թշնամիներն են դաշնակցում: Միւս կողմից մեզ հրում են մեր միակ իրական եւ անփոփոխ թշնամուն՝ Թուրքիային բարեկամական ձեռք մեկնելու ուղին, այն էլ՝ ծանրագոյն զիջումների գնով:
Պէտք է յիշել նաեւ, որ աշխարհում բոլոր պետութիւնները մենակ են գործում, դաշնակցելով այս կամ այն երկրի հետ, վարելով համապատասխան արտաքին քաղաքականութիւն՝ համահունչ իրենց ազգային շահերին ու անվտանգութեան: Վերցնենք ցանկացած երկիր, նոյնիսկ գերհզօր երկիր, եւ կը տեսնենք, որ նրանք ունեն շատ թշնամիներ, որոնց կողքին նաեւ՝ դաշնակիցներ, եւ գրեթէ ոչ մէկ բարեկամ: Պետութիւնները միշտ խուսափում են յատկապէս հզօր հարեւաններ ունենալուց, այն համարելով հնարաւոր վտանգ իրենց համար: Որեւէ հզօրացող երկիր ակամայ դառնում է թիրախ մօտիկ ու հեռաւոր երկրների համար, երբեմն պատճառ դառնում պատերազմների:
Պէտք է միշտ դաշնակիցներ որոնել ու գտնել, հեռու մնալով միայնակութեան զգացումից եւ գործել՝ յենուելով սեփական ուժի վրայ: Ինչպէս անձինք, ազգերն էլ բարոյական միայնակներ են: Շեշտը պէտք է դնել Հայաստանի աշխարհագրական դիրքի, հայ ժողովրդի մտաւոր ու բարոյական ուժի վրայ, ընդգծել մեզ եւ այլոց համար, որ նա այսօր փոքր, բայց աննշան ու անկարեւոր երկիր չէ: Մենք դա պարտաւոր ենք եւ կարող ենք անել:
Եթէ ուզում ենք լիանկախ Հայաստան եւ հայութիւն ունենալ, պէտք չէ առաջնորդուենք աջից ու ձախից հնչող գնահատականներով, այլ ինքնաճանաչումի եւ ինքնարժեւորման օգնութեամբ ուժերի ճիշդ հաշուարկ կատարենք, պէտք է կարողանանք դուրս գալ մեզ պարտադրուած ներշնչանքների սարդոստայնից եւ երբեք չմտածել, որ արծիւների ու բազէների բազմութեան մէջ մենք ճնճղուկ ենք, այլ հաւատալ, որ արծիւ ենք, իսկ արծիւները մենակ են թռչում: