Դ. Մ.
Ժողովրդական բացայայտ, իսկ այժմ երեւի թաքուն կրքերը հանդարտեցնելու նախանշանները ակներեւ են դարձել երէկուայ՝ (Երկուշաբթի, 8 Յունուարին) օրէնսդիր, գործադիր, դատական իշխանութիւնների եւ անվտանգութեան ու իրաւապահ մարմինների միջեւ կայացած համատեղ նիստի ընթացքում բարձրաձայնուած յայտարարութիւններում:
Շուրջ 70 ձերբակալեալի ազատ արձակման, ֆիլտրացուած (զտ-ուած-Խմբ.) սոցցանցերի (ընկերային ցանցերու-Խմբ.) վերագործարկման, ռադիօ-հեռուստատեսութեան կազմակերպութեան լրատուական ծրագրերի վերանայման գծով նոր քաղաքականութեանց մշակման եւ այլեւայլ խնդիրների մասին համատեղ խորհրդակցական նիստում յայտարարութիւններին զուգահեռ՝ խորհրդարանի եւ միջամուխ միւս մարմինների կողմից մի շարք թանկացումների (բենզին, ձու, երկրից ելքի տուրք եւ այլն…) առկախումը թերեւս միտուած են հէնց վերոգրեալ կրքերի հանդարտեցմանը…:
Ժողովրդական խաղաղ ցոյցեր ու հաւաքներ անցկացնելու մնայուն վայր ճշդորոշելու Թեհրանի Քաղխորհրդի (աւագանիների) առաջարկն էլ թէեւ վերոգրեալների շարքին կարելի է դասել, բայց պարզ է, որ լոկ դրանով չէ, որ ժողովուրդ-իշխանութիւն փոխյարաբերութիւններին ինստիտուցիոնալ (համակարգային-Խմբ.) կերպարանք է հաղորդւում… խնդիրը, կարծում ենք հիմնականում կայանում է նրանում, որ առհասարակ Իրանի հասարակա-քաղաքական շրջանակներում կուսակցականացման աւանդոյթը խորթ է եղել կամ էլ կայացածութեան հոլովոյթ չի ապրել…: Սա, անշուշտ առանձին քննարկելիք թեմա է:
Մինչ այդ, սակայն, ժողովրդական արդարացի յոյզերին, պահանջներին եւ առաւել եւս՝ կրքերին բաւարարութիւն տալու կոչուած եւ հէնց այդ նպատակին ծառայելու համար ժողովրդի կողմից ընտրուած իշխանութիւնները պէտք է օր աւուր եւ առաւել քան երբեւէ կանոնակարգեն-մշակեն եւ որ կարեւոր է՝ դիւրացնեն նոյն ժողովրդի հետ յարաբերուելու, խորհրդակցել-քննարկելու առիթներն ու պատեհութիւնները:
Այլապէս՝ ժողովրդական զանգուածները եւ առաջին հերթին՝ երիտասարդ, ուսանող, գործազուրկ եւ անկարող ու սոցիալ-տնտեսապէս խոցելի խաւերը նման պատեհութիւնները կ՛որոնեն այսպէս ասած՝ ինստագրամային կամ թելեգրամային փոխյարաբերութիւններում, խորթանալով ու հեռանալով պետական-պաշտօնական հաւաստիքներից…:
«ԱԼԻՔ»