ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Image may be NSFW.
Clik here to view.Օգոստոսի վերջին մենք արդէն անդրադարձել էինք ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆի արդէն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի եզրափակիչ մամուլի ասուլիսին, որը տեղի էր ունեցել Օգոստոսի 23ին Վաշինգտոնում եւ առնչւում էր ղարաբաղեան կարգաւորման խնդրին: Ինչպէս յայտնի է, ամերիկացի դիւանագէտը լրագրողներին ներկայացրեց ադրբեջանա¬ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման 6 տարրեր, որոնք վերաբերում են նրա առանցքային հարցերին՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակին, տարածքներին ու փախստականներին, անվտանգութեանը: Սակայն յայտնի է եւ հետեւեալը՝ այս տարրերը, փաստօրէն, իրենցից ներկայացնում են Մադրիդեան սկզբունքների պարաֆրազ (մեկնութիւն, երկայնաբանութիւն, տողատակի իմաստ-Խմբ.), որոնց հիման վրայ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսած 2007 թուականից առաջարկում են գտնել ադրբեջանա¬ղարաբաղեան հակամարտութեան լուծումը: Ի դէպ, պարոն Հոգլանդի յիշատակած տարրերի մէջ նորոյթի բացակայութիւնը նշել են շատ փորձագէտներ ու քաղաքագէտներ, ինչպէս նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների պաշտօնական ներկայացուցիչներ, մասնաւորապէս՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
Թւում է՝ Ռիչարդ Հոգլանդի՝ որպէս դիւանագիտական նորոյթից զուրկ յայտարարութիւն, կարելի էր դիտարկել ինչպէս զուտ կարապի երգ՝ Մինսկի խմբի ամերիկեան համանախագահի պաշտօնից հեռանալուց առաջ, ու դրանով փակել թեման: Ըստ էութեան, այդպէս էլ կը լինէր, սակայն նրա արտայայտութիւնները գետը նետուած քարի պէս ջրի երեսին առաջացրին շրջանակներ, որոնք հասան մինչեւ Բաքու ու այնտեղի ղեկավարութեան կողմից ընկալուեցին որպէս որոշակի ուղերձ եւ գործելու ազդանշան: Հաւանաբար, պարոն Հոգլանդն ինքը մեծ զարմանք կ’ապրէր, տեսնելով, թէ պաշտօնական Բաքուի մօտ ինչ ոգեւորութիւն է յարուցել իր ելոյթը Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրոյցի ժամանակ:
Մինչդեռ, ԱՄՆ նախկին միջնորդի կողմից յայտնի սկզբունքներն ընդամէնն արտաբերելը, թող որ անգամ որոշ նրբութիւններով, Ադրբեջանում յարուցեց ոչ միայն հիացմունքի հասնող ոգեւորութիւն, այլեւ՝ պատրանքներ: Այստեղ Հոգլանդի խօսքերն Ադրբեջանին բնորոշ (կարդայ՝ փարիսեցիական) ոճով մեկնաբանեցին իւրովի, դրանց մէջ տեսնելով ինչ¬որ ճանապարհային քարտէզ՝ մշակուած Վաշինգտոնի կողմից, ղարաբաղեան հիմնախնդիրը Բաքուին ձեռնտու ելքով լուծելու համար: Պատրանքային այս հիմքի վրայ էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութիւնը սկսեց կառուցել կարգաւորման սեփական ճարտարապետութիւնը, որը, բնականաբար, ի սկզբանէ անկենսունակ է: Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովը խանդավառութեան մոլուցքի մէջ յայտարարեց, որ եթէ Հայաստանն ընդունում է ամերիկացի համանախագահի կողմից նշուած սկզբունքները, ապա անհրաժեշտ է սկսել սուբստանտիւ, ասել է թէ՝ առարկայական, բովանդակալից բանակցութիւններ՝ մանրամասները քննարկելու նպատակով: Ընդ որում, կարեւոր է նշել, որ Ադրբեջանը սուբստանտիւ բանակցութիւնների առարկայ համարում է միայն ու միայն «հայկական զօրքերի դուրսբերումն Ադրբեջանի օկուպացուած տարածքներից՝ այս սկզբունքների եւ կոնկրետ ժամանակացոյցի համաձայն»: Ահա՜ թէ ինչ: Միթէ արդէն ժամանակացո՞յց էլ ունեն:
Մամեդեարովին բաւականին կծու ձեւով հակադարձեց Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան ղեկավար Էդվարդ Նալբանդեանը, ով յայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է թօզ փչել միջազգային հանրութեան աչքերին: Եւ իր ադրբեջանցի պաշտօնակցին հասցէագրեց միանգամայն օրինաչափ հարց՝ իսկ ի՞նչ է, վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած նախագահների մակարդակով 20 եւ արտաքին գործերի նախարարների մակարդակով աւելի քան 4 տասնեակ հանդիպումները բովանդակութիւնից զո՞ւրկ էին: Մեր հերթին մենք էլ հետեւեալ ոչ պակաս օրինաչափ հարցադրումն անենք. իսկ ի՞նչ է, սուբստանտիւ բանակցութիւնները ենթադրում են միայն զօրքերի դուրսբերման հարցի քննարկո՞ւմ, որն Ադրբեջանը դիտարկում է որպէս առաջին քայլ: Պատասխանի փոխարէն ներկայացնենք Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի խօսքերը՝ Բաքուի իշխանութիւններին ոգեւորութիւն պատճառած Հոգլանդի յայտարարութեան նրա մեկնաբանութիւնից. «Այս սկզբունքները բանակցութիւնների առարկայ են, մէկը միւսից աւելի կարեւոր չէ, չկայ որեւէ նշան, որ մէկն աւելի շուտ պէտք է կեանքի կոչուի, քան միւսը, դրանք բոլորը միասնական մի փաթեթի մաս են կազմում»: Այլ խօսքով՝ չկայ սկզբունքների որեւէ աստիճանակարգ, ինչը փորձում է շահարկել Ադրբեջանը՝ ձեռնածութիւն անելով հասարակական կարծիքի հետ: Կարծում ենք՝ Ռիչարդ Միլզին, ով, ինչպէս եւ Հոգլանդը, նոյնպէս ներկայացնում է ամերիկեան դիւանագիտութիւնը, Բաքուի իշխանութիւնները պէտք է հաւատան:
Իսկ մենք կրկին վերադառնանք սուբստանտիւ բանակցութիւններին: Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրատապ օրակարգում նոյն այդ բովանդակալից բանակցութիւնների համար գործնականում մէկ առարկայ կայ՝ 2016թ. Մայիսին եւ Յունիսին կողմերի շփման գծում հրադադարի ռեժիմի վերահսկման արդիւնաւէտ մեխանիզմի (մեքենակառոյցի-Խմբ.) ներդրման ու միջազգային դիտորդների առաքելութեան ընդլայնման վերաբերեալ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերուած համաձայնութիւնների կենսագործումը: Առանց այդ հարցերի լուծման, որն ուղղուած է ներկայիս չափազանց վտանգաւոր իրավիճակի ապասրացմանը, բանակցութիւնները շարունակելը զուրկ է որեւէ իմաստից: Իսկ նշանակում է՝ էլ աւելի զուրկ է ողջամտութիւնից պաշտօնական Բաքուի ներկայ վարքագիծը, որը, հակառակ բանակցային գործընթացի տրամաբանութեանը, արգելափակում է վիեննեան եւ սանկտպետերբուրգեան համաձայնութիւնները, բայց միաժամանակ շարունակ պնդում սուբստանտիւ բանակցութիւնների մասին, ընդ որում՝ միայն իրեն յուզող հարցերը քննարկելու համար: Իլիւզիայի թատրոն, ոչ աւելին…
ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ՝ «Ազատ Արցախ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիր