Խ. ՄԵԼԵՔԵԱՆ
Image may be NSFW.
Clik here to view.Համբերութի՜ւն քեզ, ընթերցող, քանի որ նորից ու նորից եմ փորձութեան ենթարկելու, թէ արդեօք վերը նշուածից քեզ մօտ մնացե՞լ է, թէ առանց զգալու, շատերի պէս դուք էլ նախապատուութիւնը տալիս էք հակիրճ մտքին: Այն դէպքում, զինուէք համբերութեամբ ու չէ՛ք զղջայ…
Փողը մեզ փորձում է ժամանակ առ ժամանակ: Դնում մեզ իրավիճակների մէջ, որոնցից հետագայում կա՛մ պիտի խայտառակօրէն ամաչենք, կա՛մ պիտի հպարտանանք, եթէ խիղճ ու արժանապատուութիւն ունենք:
1991 թուական, Լոս Անջելես. Հայաստանից ժամանածների մի զգալի մասը կա՛մ ոսկերչական բիզնեսներում էին աշխատում, կա՛մ էլ… երաժշտութեամբ զբաղւում: Քանի որ երկրորդ բնագաւառում աւելի մեծ հնարաւորութիւն ունէի «զիս դրսեւորելու», որոշեցի փորձել: Նոր տարուայ շեմին զանգահարեց համայնքում մի շատ յայտնի երգիչ ու խորհուրդ տուեց մէկ այլ՝ ոչ պակաս յայտնի երգչի հետ «գործ»ջ գնալ. «250 դոլար է խոստացել, գնա՛, աչքդ չի հան»ջ, ասաց: 39 աստիճան տաքութեամբ վեր կացայ ու գնացի: Ծանօթացայ խմբի տղաների հետ. որոշեցինք, թէ ի՛նչ պիտի նուագէինք: Ամբողջ երեկոն նուագեցինք… Ժամը 2ի կողմն էր, երգիչը յայտարարեց. «Դէ՛, ժողովուրդ ջան, Ձեր Նոր Տարին շնորհաւոր, մենք էլ գնանք մեր ընտանիքներին շնորհաւորենք»: Հաւաքեցինք գործիքները. երգիչը մեկնեց մի քանի թղթադրամ ու ասեց. «Մերսի՛ ախպերս, էլի կը կանչեմ եթէ գործ լին»ջ:
Գոհունակութեամբ գրպանս դրեցի փողը՝ ուրախանալով, որ շաբա՛թն եմ 120 դոլար աշխատում, ապա մէկ օրուայ համար 250ը մի ամբո՛ղջ կարողութիւն է… Յետոյ ներքին ձայնս ինձ յուշեց՝ «հաշուի՛ր փողը»: 200 դոլար էր… Շուռ եկայ ու հարցրեցի երգչին.
– Էս ինչքա՞ն է:
– Խի՞, քի՞չ եմ տուել,- զարմացա՛ւ:
Ներքին ձայնս յուշեց դարձեալ, ու ես պատասխանեցի.
– 300 դոլար չէի՞ր խոստացել:
– Ախպե՛ր, 250 էինք պայմանաւորուել,- անկեղծ վրդովուեց նա:
– Դէ՛ հիմա մի լաւ հաշուի, մատներո՛վ,- ձայնս նկատելի ցածրացնելով՝ բայց խստօրէն նետեցի,- ինչի՞ 200 տուեցիր։
Ձայն չհանեց, աւելացրեց եւս 50 դոլար ու մեղմօրէն խնդրեց.
– Գնանք ապարատուրան հաւաքենք, դնենք մեքենան:
– Բարի գիշեր բարեկամնե՛ր,- ասեցի ու յիշեցի, թէ ինչպէ՛ս էր իմ լաւ ընկերներից մէկը ձեռ առնելով երգում՝ «Բարի գիշեր բարեկամներ, ձեր ցաւը տանեմ, մենք գնում ենք դուք մնում էք…» երգը:
Տուն էի գալիս չափազանց հիասթափուած: Ջերմութեանս չէի նայի, ու հաստատ մինչեւ վերջին րոպէն հաւասարաչափ կ՛աշխատէի միւսների հետ, եթէ չփորձէր ՔՑԵԼ… Ուտել, Քցել, Ուրանալ… Յետոյ յիշեցի երեւանեան մի այլ դէպք, որ բնոյթով տարբեր էր նշուած «էպիզօդ»ից, բայց նորից մարդու կարող էր խիստ վրդովուեցնել:
Երգիչ Համօն զանգահարեց. «Խա՛չ ջան, էս շաբաթ գործի ենք, բասիստ ա պէտք»: Բաս-կիթառ չունէի, քանի որ սովորական կիթառ եմ միշտ նուագել։ «Ոչի՛նչ, մի հատ կիթառ, մի հատ էլ ուժեղացուցիչ վերցրու, արի՛, իմ գործը չի, մի յայտնի կլարնետիստի գործն է», ասաց Համօն:
Լաւ յարաբերութիւնների մէջ էինք Համոյի հետ: Շա՛տ բարի: Եկաւ Շաբաթ օրը: Մի խեղճուկրակ ուժեղացուցիչ, մի կիթառ վերցնելով՝ ուղեւորուեցի դէպի երկաթուղային կայարանից ոչ հեռու լիճը: Փեսայի տան շքամուտքի առջեւ հանդիպեցի «կլարնետիստին»… տարիքով մարդ էր, շատ ճանաչուած՝ ե՛ւ ռաբիզների, ե՛ւ դասական երաժիշտների շրջանակներում:
– Տղա՛յ ջան, 250 ռուբլի կ՛աշխատես, եթէ լաւ լինի՝ էլի՛ կ՛աւելացնեմ:
– Շատ ուրախ եմ, վարպե՛տ,- ասացի:
Նուագեցինք մինչեւ գիշերուայ 1ը: Ոչ մի կոպեկ չէին տուել դեռ, ու մտքումս արդէն ելք էի փորձում գտնել, թէ կլարնետիստից ինչպէ՛ս պիտի փող վերցնէի, երբ իրենք արդէն ոչինչ չեն աշխատել: Մի գուցէ կ՛ասեմ՝ վարպե՛տ, այս անգամ անվճար թող լինի, քանի որ դո՛ւք էլ փող չէք աշխատել…։ Ժամը 1ին հարսը վեր կացաւ պարելու: Գետինը աշնանային տարբեր գոյներով ծածկուեց, ամենափոքր տրցակը՝ 25անոցների կապոցն էր, իսկ գերակշռողը 100անոցներն էին: Գետինը բարձրացաւ մօտաւորապէս կէս մետր, գուցէ մի փոքր էլ աւելի… Մարդիկ գրպաններից առանց հաշուելու թափում էին թղթադրամներն ու անկեղծ հրճուանքով շնորհաւորում էին հարսին ու փեսային, նրանց հարազատներին: Համոյի աչքերը փայլում էին: Օդի մէջ կարողանում էր հաշուել փողերը։ «40 հազարն անցել ա, հաստա՛տ», առանց թաքցնելու իր հրճուանքը՝ բացականչեց երգի դադարի ընթացքում: «250 ռուբլի խոստացել են, լաւ լինելու դէպքում էլ՝ կ՛աւելացնի… 4 հոգով ենք գնացել «գործի», գոնէ մի 1000 կը տայ…», ինքս ինձ սաւառնում էի երկնքում՝ մտածելով, թէ ի՛նչ պիտի անէի անսպասելի հարստութեանս հետ:
Փողերը հաւաքեցին՝ լցնելով 2 ճամպրուկի մէջ, ու փոխանցեցին կլարնետիստին: Ժամը 3ի մօտ, վարպետը մօտեցաւ ինձ. «Ապրե՛ս, շատ լաւ նուագեցիր, էս էլ քո փողը», ասեց ու ինձ տուեց թղթադրամները: Առանց հաշուելու՝ գրպանս դրեցի, ու հրճուանքից փայլելով՝ շնորհակալութի՛ւն յայտնեցի: Երբ շուռ եկայ, գրպանիցս հանեցի թղթադրամները… Ուղի՛ղ 250 ռուբլի էր… Վարպետը կանգնեցրեց ինձ. «…հա՛, էկող շաբաթ էլ ենք գործի, էլի՛ նոյն պայմաններով»: Ոչինչ չասացի ու հեռացայ:
Երկուշաբթի օրը արդէն ոչ թէ Համօն, այլ վարպետը զանգահարեց.
– Ուզում եմ յիշեցնեմ, որ Շաբաթ գործի ենք:
– Չգիտե՛մ, վարպետ, կարող է զբաղուած լինեմ,- ասացի:
– Ա՛յ տղայ, մարդիկ ամի՛սն են 200 ռուբլի ստանում, ուրախանում, էս ի՞նչ ես ասում… մի խօսքով՝ Շաբաթ գործի՛,- հաստատուն ու խրոխտ ձայնով փոխանցեց ու կախեց:
Եկաւ Ուրբաթ օրը: Հարսանիքների եռուն շրջանն էր, կարծեմ Ապրիլ ամիսն էր: Գիշերուայ 9ի մօտ վարպետը նորից զանգեց.
– Վաղը ապարատուրադ կը վերցնես ու կը գաս օպերա:
– Վարպետ, չե՛մ կարող, գործի են կանչել,- ասացի՛, բայց ոչ մի գործ էլ չկար:
– Ո՞վ է կանչել,- հարցրեց:
– Ի՞նչ կապ ունի, թէ ո՛վ,- ասացի,- 500 ռուբլի փող են խոստացել, պիտի գնա՛մ:
– Ա՛յ տնաքանդ, կիթառիստին ո՞վ ա 500 ռուբլի տալիս, հօ չե՞ս գժուել…
Ճիշդ էր ասում, «շուկան» շատ լաւ գիտէր, 200 կամ 250 ռուբլի էին տալիս, մեծ մասամբ էլ հարսանքատէրերին տեղեկացնում էին, թէ «4 կամ 5 հոգով ենք գալու, ամէն մէկին 700 ռուբլի, իսկ մնացածը…», դէ գիտէ՛ք արդէն, թէ կիթառիստներին որքա՛ն էին տալիս:
Անցան տարիներ… Երկար ու ձիգ մաքառումներից յետոյ, ինքս ինձ գտայ աշխարհում ամենաազնիւ, ամենալաւ մասնագիտութիւններից մէկում՝ ուսուցչութեան բնագաւառում: Ուրախ էի, որ ստիպուած չէի երաժշտութեամբ փող վաստակել: Երաժշտութիւնը ինձ համար մնաց որպէս մի անհասանելի երազ, որին միչեւ օրս փայփայում, գուրգուրում եմ, ու եւս մէկ անգամ լոյս աշխարհ գալու դէպքում՝ հաստատ կը կենտրոնանամ ձիրքս աւելի յղկելու, երաժշտական ուսում ստանալու վրայ: Այս կեանքում, սակայն, այսպէս ստացուեց, ու հաւատացէ՛ք, դժգոհ չեմ ճակատագրի նման շրջադարձից:
2004 թուականն էր… 13 տարի բացակայելուց յետոյ՝ Երեւան էի մեկնել, դպրոցական արձակուրդների ժամանակ: Ամէն օր թիւ 114 հարազատ դպրոցս էի գնում, ձեռքով շոյում էի տուֆակերտ, արդէն մաշուած պատերը, յիշում էի ընկերներ Դալլաքեանին, Յարութիւնեանին, Սարգսեանին, Մարինասեանին եւ միւսներին, յիշում էի իմ ներկայ ու անցեալ, այդ թւում նաեւ՝ վաղամեռիկ ընկերներին: Մի երկու անգամ էլ մի կուշտ լաց եմ եղել դպրոցիս դրան մօտ: Մի ծեր կին մօտեցաւ.
– Տղա՛յ ջան, ինչի՞ կարիք ունես,- հարցրեց:
– Երանի՜ իմանայի, մայրի՛կ ջան,- պինդ գրկեցի նրան,- դո՛ւք ինչի կարիք ունէք, ի՞նչ կարող եմ անել ձեր համար,- հարցրեցի:
– Է՜հ, տղա՛ս, չես կարող օգնել, տղաներս դրսում են, ամուսինս էլ չկայ, մնացել եմ մենակ,- գլուխը կախեց:
20 դոլարանոցը մեկնեցի՝ ասելով.
– Մայրի՛կ, ձեզ համար մի բան գնէք, խնդրո՛ւմ եմ:
Աչքերը այնպէ՛ս ոլորեց վրաս եւ յետ քաշուեց:
– Հազա՜ր ներողութիւն, մայրի՛կ ջան,- ասելով՝ գրկեցի նրան, յետոյ հեռացայ…
Սովորաբար թիւ 114 դպրոցից յետոյ շարունակում էի ճանապարհս դէպի Կինօ Մոսկուա: Հացի խանութից երկու խմորեղէն, մի բաժակ թէյ էի գնում, վճարում էի բոլոր թարմ օրաթերթերի համար, Կինօ Մոսկուայի առջեւի կրպակից ուղեւորւում էի դէպի հրապարակի կողքի այգին եւ ընկնում էի երանութեան գիրկը… Մի օր, հացի խանութի դրան առջեւ տեսայ «վարպետի՛ն»: Անյագ ցանկութիւն առաջացաւ գլխումս բարեւելու նրան, հրաւիրելու մի տեղ ու մի լաւ պատիւ տալու, յետոյ էլ հարցնելու. «… Վարպե՛տ, էդ ո՞ր մարդիկ 200 ռուբլի աշխատավարձ էին ստանում, 40 հազար ռուբլի մի օրուայ մէջ ստանալու դէպքում՝ ինչը՞ խանգարեց քեզ, որ 22 տարեկան ջահելին ասէիր՝ տղա՛յ ջան, էս իմ խոստացած 250ը, էս էլ 750 ռուբլի, գնա՛, քէ՛ֆ արա»: Բայց չմօտեցա՛յ: Ստանիսլաւսկու թատրոնի մօտ կանգնած՝ նայում էի իրեն: Առաւօտեան ինն էր, քաղաքում շատ մարդ չկար: Վարպետն էլ կանգնեց, ու ասես հայեացքիս մագնիսականութեան արդիւնքում շրջուեց իմ ուղղութեամբ: Ուշադիր զննում էինք իրար… մեզ բաժանում էր Աբովեան փողոցը: Չէ՛, մեզ բաժանում էր մի ամբո՛ղջ համաստեղութիւն: Լուռ խօսում էինք միմեանց հետ: Զառամեալ ծերունի էր արդէն, ու դժուա՛ր թէ ինձ յիշեր: Արդեօք ի՞նչ մտածեց, երբ խոստացաւ, թէ՝ «250 կը տամ, իսկ եթէ լաւ լինի՝ կ՛աւելացնեմ»: Մի գուցէ յոյս ունէր 100 հազա՞ր ստանալ, եւ այդ դէպքո՞ւմ պիտի աւելացնէր…
Այս պատմութիւնները յիշելով էր, որ «Sears» հանրախանութում 1000 դոլար գտայ գետնից, ու մի երկվայրկեան ծանրութեթեւ անելուց յետոյ՝ վերադարձրեցի դրամը վաճառող աղջկան, ով ապշած երեսիս էր նայում, թէ՝ էս յիմարն ո՞վ է: Երկրագնդի բնակչութեան մի զգալի մասը ինձ ու իմ նմաններին ծաղրում է: Ես դրանց համար գոյութիւն չունե՛մ: Հակառա՛կն էլ ճիշդ է: Փողը լաւ բան է, բայց պէտք չէ թողնել, որ ա՛յն քեզ ծախսի…