Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ (ՄԻԺԻ) ՀԿԻ ՀԻՄՆԱԴԻՐ, ՔԱՂԱՔԱԳԷՏ, ԻՐԱՒԱԲԱՆ ԱՐՄԻՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆԻ ՀԵՏ

$
0
0

«Իբրեւ Ժողովուրդ Եւ Պետութիւն Փակուղու Առաջ Ենք»

Վարեց՝ ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Տիկին Առաքելեան, քաղաքական առկայ իրավիճակը՝ ընդդիմութեան գրեթէ չգոյութիւնը, քաղաքական դաշտի լճացումն ինչի՞ հետեւանք է՝ ըստ ձեզ:
ԱՐՄԻՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Մեզանում հասարակաշինութեան եւ պետականաշինութեան իմաստով պրոցեսները շատ են դանդաղում, այսինքն մենք ունենք մի, այսպէս ասած, հասարակութիւն, որն ընտրութիւնից ընտրութիւն է առիթ տեսնում փոփոխութիւնների՝ զուտ ընտրութիւնների միջոցով, իսկ միջընտրութիւններ՝ այդ 4-5 տարուայ ժամանակաընթացքում, դժբախտաբար, արդիւնաւէտ ռազմավարութիւններով ու մեխանիզմներով չի աշխատում, եւ դա վերաբերում է թէ՛ քաղաքացիական ոլորտին, թէ՛ քաղաքական կուսակցութիւններին, ինչպէս նաեւ պետական կառավարման համակարգին: Իսկ այդպէս հնարաւոր չէ զարգացնել ազատ ու արդար պետութիւն ու համակեցութեան մոդելներ ամրապնդել: Զուտ ընտրութիւններով հնարաւոր չէ իրավիճակ փոխել, եթէ կայացած ու զարգացած չեն քաղաքական ու քաղաքացիական մշակոյթը, ինստիտուտներն ու մեխանիզմները՝ մի կողմից (պետական կառավարման համակարգի ինստիտուտների ու մեխանիզմների մասին է խօսքը, որոնք պիտի աշխատեն սահմանադրական ու իրաւական գերակայութեան սահմաններում եւ կատարեն իրենց պարտաւորութիւնները, որ այդպիսին չէ ներկայում): Միւս կողմից՝ հիմնական եւ կենսական է հանրութեան ու հասարակութեան բազմազան ինստիտուտների ու մեխանիզմների դերակատարութիւնը, որոնք պիտի ինքնակազմակերպուեն, կայանան ու ընդունակ դառնան սահմանադրականութեան արժեհամակարգից ու իրաւական դրոյթներից ելնելով՝ ինտենսիւ (կենտրոնացած-Խմբ.) հետեւողական ու բանիմաց ձեւակերպեն իրենց շահերն ու պահանջատիրութիւնը եւ կենսագործեն ու նուաճեն գործնականում իրենց բազմազան իրաւունքները եւ իրացնեն իրենց պարտաւորութիւնները: Նրանք պիտի զարգանան ու կոնսոլիդացուեն (համախմբուէն-Խմբ.) իրենց իմացութեան ու փորձի մէջ՝ իրապէս ուղղորդելու ու զսպելու ու հաշուի կանչելու պետական կառավարիչներին եւ նրանց պարտադրելու, որ ըստ սահմանադրութեան կատարեն իրենց պարտաւորութիւնները: Այս է պետականաշինութեան գիտակից ուղին:
Մեր հասարակութեան մէջ զանազան սոցիալական խաւերը, ինչպէս օրինակ՝ աշխատաւորներ, կանայք, ազատմարտիկներ, երիտասարդներ, արուեստի գործիչներ, արհեստաւորներ, պետական ծառայողներ եւ այլն՝ շատ թոյլ են իրենց շահերի ինքնագիտակցութեան, ինքնակազմակերպման ու պահանջատիրութեան գործունէութեան իմաստով, արհմիութիւններից սկսած մինչեւ տարբեր հասարակական ու քաղաքացիական ինստիտուտներ ու մեխանիզմներ իրական հզօրացման հարց ունեն՝ իմացութեան ու փորձի կոնսոլիդացման եւ յետոյ հորիզոնական սոլիդարական կոալիցիաներ (զորակցական համախմբումներ-Խմբ.) ու ցանցեր կերտելու իմաստով: Մենք դեռ այդտեղ չենք եւ այս հրամայականի դէմ յանդիման ենք, որպէսզի իրական դրական համակարգային փոփոխութիւններ կարողանանք ստեղծել: Եթէ յիշէք՝ Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարը, որոշ հանգրուանից յետոյ լուրջ սահմանափակումների հանդիպեց՝ պայքարը մինչեւ իր իրական աւարտին հասցնելու եւ պետական հաշուետուութեան ու պատասխանատուութեան իրական նախադէպ կերտելու իմաստով: Այդ սահմանափակումներից կենսականը հէնց վերոյիշեալ քաղաքացիական հասարակութեան թերզարգացուածութեան՝ մանաւանդ զանազան սոցիալական խմբերի չկազմակերպուածութեան եւ հետեւաբար չմասնակցութեան հիմնախնդիրն էր: Պայքարը չընդլայնուեց ու չկոնսոլիդացուեց: Սոցիալական զանազան խաւերը, չլինելով իրաւագիտակից ու ինքնակազմակերպուած, չեն մտնում պրոցեսների մէջ, եւ այդտեղ չեն ընդարձակւում ու չեն ինտենսիւանում իրաւապաշտպանութեան ու հասարակական ու քաղաքացիական պահանջատիրութեան պրոցեսները: Իսկ հասարակաշինութեան ու պետականաշինութեան այս գործընթացները զուտ ընտրութիւնից ընտրութիւն աշխատանքով չի լինում, այն էլ զուտ դժգոհութեան ու պոռթկումային յուզական տեխնոլոգիաներով՝ կարճամիտ ու կարճատես, որ սնանկ ու ուժասպառ հակասահմանադրական քրէաօլիգարխիկ համակարգը ճեղքելու ու արմատական կերպարանափոխելու փոխարէն նպաստում է այդ համակարգին շունչ տալուն ու վերակենդանացնելուն: Այդպէս էլ պատահեց կրկին այս վերջին ընտրութիւնների 10 ամիսների ընթացքում:
Այդ պատճառով էլ այսօր, մենք, իբրեւ ժողովուրդ եւ պետութիւն, որոշ չափով փակուղու առաջ ենք կանգնած: Ընտրութիւնները աւարտուեցին ըստ գերիշխող համակարգի խաղի կանոնների: Մարդիկ յոյս ունէին որ փրկուելու են, սակայն այդ փոփոխութիւնները չեն տեսնում: Անօրինականութիւնները շարունակւում են առաւել ուժգնացած տեմպերով, եւ մարդիկ աւելի ծանր հոգեկան իրավիճակում են յայտնւում: Յոգնել են, եւ հաւանաբար համբերութեան բաժակն էլ լցւում է: Քանի քաղաքացիական ինքնահզօրացման ու ինքնակազմակերպման մշակոյթն, ինստիտուտներն ու մեխանիզմները թոյլ են, եւ մարդիկ իրենց ուշադրութիւնն ու էներգիան այդ ուղղութեամբ չեն կենտրոնացնում եւ յոյսը ընտրութիւններով «պատրաստի» փրկման միջոցով են տեսնում, իսկ միւս կողմից՝ իշխող համակարգն իր էութեամբ ու սպառման լոգիկայից (տրամաբանութիւնից-Խմբ.) ելնելով՝ անարդարութիւն ու անօրինականութիւնը չափ-սահման անցնում ու անզսպելի սանձարձակութեան է հասցնում, մարդիկ արտագաղթում են, փրկութիւնը տեսնում են ուրիշ տեղ, ոչ իրենց մէջ, ոչ իրենց ինքնագիտակցութեան ու ինքնակազմակերպման մէջ: ՀՀ սահամանադրական պետականութեան հիմքը քաղաքացիութիւնն է, իսկ քաղաքացիութեան մշակոյթն ու գիտակցութիւնն այն է, որ դու տէր կանգնես քո իրաւունքներին, իրականում նուաճես այդ իրաւունքները ու կատարես քո պարտաւորութիւններն ընտրածդ հայրենիքում ու համաձայնուած համակեցութեան արժեհամակարգի ու մոդելների, այսինքն՝ սահմանադրականութեան սահմաններում հաշուի կանչես ու պատասխանատուութեան ենթարկես քո հանրային ու պետական ծառայողներին: Այս սկզբունքներն ու մեխանիզմները պէտք է աշխատեցնել, ուրիշ կերպ չկայ պետականութեան կերտման համար:
Ներկայիս, մեր կազմակերպուած օջախները՝ թէ՛ քաղաքական ոլորտում կուսակցութիւնները, թէ՛ քաղաքացիական ինստիտուտներն ու համախմբումները դանդաղում են: Պատշաճ ազդումն ու արդիւնաւէտ ռազմավարութիւնների մշակումն ու կիրառումը, ստեղծագործականութիւնը, իմացութեան ու փորձի կոնսոլիդացումը՝ թէ՛ առանձին, թէ՛ միասին դանդաղում են: Վերարտադրւում են միեւնոյն ակցիաները ու միեւնոյն մարդիկ ու նաեւ աւելի մրցակցութեան ոգով, քան համախմբման ու համագործակցութեան, որ շատ բացասական է ազդում քաղաքացիական ու իրաւական պետականաշինութեան զարգացման գործում: Այո, կան տարբեր մօտեցումներ՝ մարդիկ ասում են՝ չէ՛, պէտք է խփենք ջարդենք, ինքնադատաստան տեսնենք. դա մի մօտեցում է, բայց դա չի յանգեցնի սահմանադրական քաղաքացիական ու իրաւական պետականաշինութեան: Այո, կարող են որոշակի մարդկանց սպանել, վերացնել, բայց դա չի ստեղծում իրաւագիտակից ու համարձակ, ու պահանջատէր հասարակութիւն, որն անպայման վերածնելու է նմանօրինակ այլանդակ անօրէններ կրկին ու կրկին, քանզի դա կրկին «փրկչի ֆենոմեն»ն է նաեւ՝ մէկը գալիս մաքրում է «չարին ու վատին», բայց ինքը՝ քաղաքացին չի կերտւում, ինքը չի հզօրանում, որպէսզի տէր կանգնի իր իրաւունքներին եւ չթողնի վերարտադրուեն անօրինականութիւններն ու անարդարութիւնները: Այո կան եւ դեռ կը լինեն սոցիալական պոռթկումներ, եւ դա կարող է տանել բռնի բախումների, բայց չի բերի համակարգային փոփոխութեան, եթէ չեն զարգանում վերը նշածս մշակոյթի ու գիտակցութեան վրայ մշակուած արդիւնաւէտ ռազմավարութիւններ եւ ինքնակազմակերպուածութիւն, ստեղծագործականութիւն, ազատ ու հաւասար համագործակցութեան ոգի ու գործելաոճ:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Հասարակութեան մի ակտիւ զանգուած, այո՛, պարբերաբար բողոքի իր ձայնն է բարձրացնում, բայց չէ՞ք կարծում, որ մէկ այլ՝ բաւականին մեծ հատուած, հիասթափուած է նաեւ ընդդիմութիւնից: Ի՞նչ փոփոխութիւններ են անհրաժեշտ ստեղծուած իրավիճակից դուրս գալու համար:
ԱՐՄԻՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Չգիտեմ՝ ինչ տեսակ հիասթափութիւն է: Գիտէք, ինստիտուտները եթէ չեն գործում ըստ իրենց առաքելութեան, նկատի ունեմ ցանկացած ինստիտուտ՝ դա կարող է լինել պետութիւն, եկեղեցի, արհմիութիւն կամ կուսակցութիւն, ՀԿ եւ այլն, եթէ իր առաքելութիւնը նա չի արդարացնում՝ արդէն իմաստազրկւում է: Հայ իրականութեան մէջ կուսակցութիւնները որոշ չափով իմաստազրկուել էին վերլուծաբանների տեսանկիւնից, բայց հիմա այնպէս է, որ հասարակութիւնը եւս չի տեսնում, թէ դրանք ինչի համար են անհրաժեշտ: Երբ մի բանի իմաստ չես տեսնում‘ դա յուսախաբութեան հարց չէ, այդ արդէն ոչինչ չի ներկայացնում քեզ համար: Հիմա խնդիրն այն է, որ իրենց սրբութիւններ դարձրած կուսակցութիւնները, եթէ ուզում են մի բան անել, պէտք է հասկանան իրենց առաքելութիւնն ինչումն է: Եթէ Հայաստանի անկախութիւնից ի վեր որեւէ կուսակցութիւն չի կարողանում սոցիալական խաւեր ինքնակազմակերպի, սահմանադրականութեան ու քաղաքացիութեան քաղաքական մշակոյթ ու հանրային ոլորտ զարգացնի, կա՛մ հիմնական հասարակայնութեան, կա՛մ պետական մակարդակի հարցեր լուծի, ուրեմն իր գոյութեան իմաստն էլ ինչո՞ւմն է:
ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Հայաստանում ցանկացած կուսակցութիւն իրեն կայացած է զգում, երբ «ճանաչում» է ստանում դրսից, եւ կապ չունի՝ Արեւմուտքից, թէ Ռուսաստանից: Սա Հայաստանի համար խնդիր չէ՞, ըստ ձեզ:
ԱՐՄԻՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Որովհետեւ իրենց արմատները չեն աճում ժողովրդի ու հասարակութեան մէջ. կուսակցութեանը մարդիկ անդամագրւում են ոչ թէ գաղափարների համար, այլ անդամագրւում, որ տեսնեն ինչ գործնական շահ ունեն, իսկ կուսակցութեան արժէքը դրանում չէ, կուսակցութիւնը բարեգործական կազմակերպութիւն չէ, կուսակցութիւնը պէտք է արժեհամակարգ ունենայ, քաղաքականութեան մշակոյթ ձեւաւորի ու ժողովրդի պահանջատիրութիւնը քաղաքական իմաստով ձեւաւորի ու լուծման յանգեցնի: Սա չի կատարւում որեւէ ձեւով, ոչ էլ այդ իմաստով զարգանում են, նրանք դարձել են ինքնանպատակ ու փոքրաթիւ մարդկանց շահերն արտայայտող ու պաշտպանող խմբակներ: Նրանց յենարանը լինում է դրսից կախուած լինելը, քանզի իրենց ժողովրդի վրայ հաշիւ չեն անում, նրան որպէս ամբոխ են օգտագործում, երբ պէտք է, եւ հէնց այդքան: Ֆորմալ դեմոկրատիա (ձեւական ժողովրդավարութիւն-Խմբ.) են խաղարկում Հայաստանում: Իսկ այդպէս չի լինի, կուսակցութիւնը պէտք է ունենայ իր գաղափարախօսութիւնը, իր ժողովրդական բազան եւ յստակ ու արդիւնաւէտ կազմակերպուած կերպով ու սահմանադրականութեան սահմաններում քաղաքականութիւն մշակի ու ժողովրդի սահմանադրական իրաւունքների ու շահերի իրականացման կամուրջ հանդիսանայ:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Այդուհանդերձ, դրսի ազդեցութիւնը Հայաստանի ներքաղաքական իրադարձութիւնների վրայ, մանաւանդ՝ վերջին շրջանում, բացասական չէ՞:
ԱՐՄԻՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Մենք առանձին մոլորակներում չենք ապրում, ամէն մէկս միւսից ազդուած ենք, բայց խնդիրը նրանում է, թէ քաղաքականութիւնը եւ շահառու խումբը որտեղ են գտնւում: Ֆորմալ, ինքնանպատակ ու ինքնահարստացման պրոցեսներ են տեղի ունենում թէ՛ պետական կառավարման ինստիտուտներում, թէ՛ կուսակցութիւններում: Դա աննորմալ է բառիս բուն իմաստով: Կարեւորն այն է, որ քաղաքացիական համախմբումները կարողանան թելադրողի դեր խաղալ, հիմա միակ վտանգն այն է, որ իրենք էլ չընկնեն ինքնանպատակ ու մրցակցային խմբակային մշակոյթի ու գործողութիւնների մէջ ու վերարտադրեն պետական ու կուսակցական համակարգի արատները: Եթէ դա տեղի ունեցաւ, մենք էլի մի քանի տարի յետ ենք ընկնելու, ես դա չեմ ուզում լինի, վստահ եմ, որ կը լինեն ուժեր, որ կը սթափուեն եւ կը կարողանան ճիշդ ռազմավարութիւններով սահմանադրական արժեհամակարգի սահմաններում իրական պահանջատիրական պետականաշինական գործունէութիւն ծաւալել: Ես այդ ուղով եմ շարունակում աշխատել: Ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ուրիշ ժողովուրդներ էլ այդպէս են ազատ, արդար ու սոլիդար պետութիւն զարգացնում, եւ ոչ թէ զուտ իրար մերժելով, իրար սպանելով ու հայհոյելով: Կարեւոր է ընկալել ու կենսագործել ներգործուն քաղաքացիութիւնն ու սահմանադրականութիւնը՝ իբրեւ ազատ, արդար ու սոլիդար իրաւական պետութեան կերտման երաշխիք:

«Առաջին լրատուական»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles