ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Ինքնաճանաչողութեան եւ ինքնարժեւորման գործընթացները կարեւոր են ինչպէս անհատի, այնպէս էլ ազգի պարագայում. դրանք հնարաւորութիւն են տալիս համալիր պատկերացում ունենալ սեփական կարողութիւնների մասին, գնահատել դրանք եւ ճշդել դրանց սահմանները: Այլ խօսքով, այս բոլորը հիմք է դառնում, այս պարագայում, եթէ խօսքը գնում է ազգի մասին, երկրի համար ապագայ ապահովող ծրագիր մշակել, պետութեան եւ ժողովրդի համատեղ ընդգրկուածութեամբ ու համագործակցութեամբ:
Հայաստանի եւ հայ ազգի պարագայում պատմական դէպքերի դասաւորումը մեզ թոյլ չի տուել լիուլի կատարել ինքնաճանաչողութեան եւ ինքնարժեւորման եւ այս երկուսից բխած մեր ինքնութեան սրբագրումն ու նրա բնական պատկերի վերականգնումը: Ներկայ պայմաններում, երբ փոքրիշատէ կարողացել ենք ինքնահաստատում կատարել, բայց միաժամանակ մնացել ենք մեր ինքնութեան անյարիր ապրելակերպի մէջ, կարեւոր է դառնում սրբագրումի կէտը: Պէտք է նախ հաստատել, որ մենք ազգովի հեռացել ենք մեր նախնական ազնիւ ու մաքուր պատկերից, որպէս հետեւանք մեր դժբախտ պատմութեան: Այս իրողութեան ընկալումը շատ կարեւոր է, որովհետեւ միայն այդ դէպքում է, որ ցանկութիւն պիտի ունենանք հաւաքական ջանքերով վերականգնել ազգային մեր դիմանկարը՝ սրբագրումի ճանապարհով: Մենք այսօր ազգովի ծարաւի ենք արդարութեան, յաճախ ենք հնչեցնում այդ գաղափարը, եւ այդպէս չէինք վարուի եւ չէինք ունենայ արդարութեան այդ սուր զգացումը, եթէ ազնիւ ու արդար եղած չլինէինք մեր պատմութեան վաղ ժամանակներում: Առ այսօր մենք արդար վաստակ ենք ասում, նաեւ՝ արդար հաց ու նոյնիսկ՝ իւղ: Սա է կեանքի մեր ըմբռնումը՝ արդար ապրել եւ արդարութիւն տեսնել ամէն ինչում: Սա միայն պատիւ է բերում մեզ եւ տալիս երաշխիք, որ մենք կը յաղթահարենք մեզ հանդէպ գործուած անարդարութիւնը եւ կը վերականգնենք մեր ազգային նկարագիրը, կը սրբագրենք մենք մեզ ու անկումներից վեր կը բարձրանանք: Մե՜նք պէտք է կատարենք այդ մէկը, ուրիշներ ո՜չ հետաքրքրուած են մեր անկման պատճառներով, ո՜չ կարող են օգնել մեզ այդ հարցում, ո՜չ էլ թերեւս շահագրգռուած են օգնելու, որովհետեւ որքան բարոյապէս խարխուլ է ազգի շէնքը, այնքան դիւրին է այդ ազգից օգտուելը՝ բարեկամների, իսկ այն խորտակելը՝ թշնամիների համար:
Հայ ազգի շիտակութեան եւ ուղղամտութեան բազմաթիւ ապացոյցներ եւ վկայութիւններ ունենք, եւ միայն պատմութեան չարաշուք ու յաճախ անբացատրելի ոլորաններում ուղեկորոյս մեր ընթացքն է, որ բերել ու հասցրել է մեզ այսօրուայ վիճակին: Տնտեսական ու քաղաքական անբարեյոյս վիճակը, մեր մտայնութեան մէջ սրսկուած փող եւ հարստութիւն կուտակելու, պերճանքի մէջ ապրելու անյագուրդ տենչը լաւ տեղ չեն առաջնորդում եւ շեղում են մեր ազգային աշխարհահայեացքից, պատուով ապրելու մեր սկզբնական առաքինազարդ ուղուց:
Ետադարձ մի հայեացք նետենք պատմութեան եւ տեսնենք, որ նոյնիսկ հայ վաճառականութիւնը եղել է ազնիւ ու պարկեշտ: Յայտնի է վաճառականի մասին Յ. Պարոնեանի բնորոշումը, թէ «մեծ վաճառական մըն ես, աւելորդ է ըսել, թէ մեծ խաբեբայ մըն ես»: Սակայն, ահա թէ ինչ են գրել հայ վաճառականութեան մասին օտարները դարեր առաջ: Մէջբերումները պատմաբան Բ. Ուլուբաբեանի մենագրութիւնից են եւ իրենց կարգին քաղուած են այլ աղբիւրներից (տես՝ Բագրատ Ուլուբաբեան, «Ոսկէ Շղթայ», Երեւան, 1979թ.):
Վկայաբերուած է, թէ ֆրանսիացի փիլիսոփայ եւ մանկավարժ Ժ. Ժ. Ռուսօն իր դէմ եղած հալածանքից խուսափելու համար հայ վաճառականի զգեստ էր կրում, որովհետեւ հայ վաճառականը վստահութեան հոմանիշ էր: Ստորեւ մի քանի մէջբերում հայ վաճառականի մասին.
18րդ դարի գերմանացի փիլիսոփայ Ի. Կանտ. «Հայերի մէջ տիրապետում է մի առանձնայատուկ առեւտրական ոգի….: Դա ցոյց է տալիս առանձնայատուկ ծագումն այդ խելոք ու աշխատասէր ժողովրդի, որն ուղղութիւն վերցնելով հիւսիս-արեւելքից դէպի հարաւ-արեւմուտք՝ անցնում է համարեայ ամբողջ հին աշխարհը եւ կարողանում է արժանանալ սիրալիր ընդունելութեանը բոլոր այն ժողովուրդների, որոնց մօտ նրանք լինում են: Դա ապացուցում է նրանց բնաւորութեան գերազանցութիւնը»:
Ուղեգիր Եոհան Հարրիս. «…նրանք տարածուած են հանուր Արեւելքում, արտակարգօրէն մեծ առեւտուր են վարում Ռուսաստանում…: Մի խօսքով, նրանք առեւտրի մէջ հրեաների չափ նշանաւոր են: Սակայն նրանց համբաւին անհունապէս նպաստող կէտը առեւտրի իրենց եղանակն է եւ միջնորդի իրենց գործելակերպը, որ իրենց նկարագիրը նուազագոյն չափով իսկ չի խաթարել, որովհետեւ նրանք ժիր են, համեստ ու ինքնաբաւական, գոհանում են համեստ շահով եւ ծառայում են հաւատարմութեամբ, եղբօր նման սիրում են իրար եւ ամէն կերպ աշխատում են օգտակար լինել այն երկրներին, որոնցում հաստատւում են կարճ կամ երկար ժամանակով»:
Հայ վաճառականութեան մասին հիացական տողեր ունեն գրած ֆրանսիացի ճանապարհորդներ Տուրնֆորը եւ Տաւերնիէն, բնութագրելով հայ վաճառականին որպէս ջանասէր, խնայող եւ ժուժկալ: Այս մասին ընդարձակ քաղուածքներ է կատարել բանասէր Յարութիւն Քիւրտեանն իր «Նիւթեր Հայ Վաճառականութեան Պատմութեան Համար» աշխատութեան մէջ:
Եթէ հայ վաճառականն է այդպիսին եղել, ապա պէտք է ենթադրել, որ նոյնքան եւ աւելի պարկեշտ ու ազնիւ է եղել ժողովուրդն իր ամբողջութեան մէջ: Այս հանգամանքը պէտք է մեզ ուժ տայ վերանայելու եւ սրբագրելու մեր ազգային նկարագրին խորթ ու օտարամուտ գծերը, մնալ հաստատուն ու անվկանդ, բնաւ անձնատուր չլինելով այն գաղափարին, թէ աշխարհն ու ժամանակները փոխուել են: Մենք հոսանքին հակառակ թիավարելու դարաւոր փորձ ունենք, անելանելի վիճակներից անսպասելիօրէն դուրս գալու զարմանալի օրինակներ կան պատմութիւնից մեզ փոխանցուած: Ամէն անգամ, երբ զգետնուած ենք եղել, եւ թուացել է, թէ ելք չկայ, մենք կարողացել ենք անհաւատալի թռիչք գործել՝ զարմանք պատճառելով ինքներս մեզ ու այլոց:
Հաւատանք, որ հայ ազգը մտքի եւ հոգու բոլոր ուժերի պրկումով մէկ անգամ էլ կը կարողանայ սաւառնել դէպի վեր ու դէպի բարձունք: