ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Յուլիսի 11ին Բրիւսէլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնութեամբ կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդեանի եւ Էլմար Մամեդեարովի հանդիպումը: Հայաստանի ԱԳՆ մամլոյ ծառայութեան հաղորդմամբ, հանդիպմանը շարունակուել են լեռնայինղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները: Համանախագահները խնդրեցին երկու երկրների նախագահներին փոխանցել այս տարուայ ընթացքում գագաթնաժողով կազմակերպելու վերաբերեալ իրենց առաջարկը: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց Նիւ Եորքում ՄԱԿի Գլխաւոր ասամբլիայի շրջանակներում ԱԳՆ ղեկավարների յաջորդ հանդիպման անցկացման շուրջ:
Հարկ է նշել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցել է շփման գծում իրավիճակի հերթական կտրուկ սրման համապատկերին, որի նախաձեռնողը դարձեալ ադրբեջանական կողմն էր, որը դրանից ուղիղ մէկ շաբաթ առաջ՝ Յուլիսի 4ին, օգտագործել է համազարկային կրակի ռէակտիւ համակարգեր: Բնականաբար, այս հանգամանքը չէր կարող չանդրադառնալ նախարարների բանակցային օրակարգի բովանդակութեանը, եւ միանգամայն օրինաչափ է, որ Էդուարդ Նալբանդեանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման ու այդ նպատակով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրագործման անհրաժեշտութիւնը: Յայտնի է, որ հակամարտութեան գօտում լարուածութեան նուազումը հայկական երկու կողմերի ու Մինսկի խմբի համանախագահների կողմից դիտարկւում է որպէս բանակցային գործընթացի առաջխաղացման պարտադիր պայման: Այս ամէնը, սակայն, ինչպէս ասում են, բարի ցանկութիւնների ոլորտից է, քանի որ Ադրբեջանը հրաժարւում է վերը նշուած համաձայնութիւնների կատարումից:
Ստեղծուած իրավիճակում միամտութիւն կը լինէր բրիւսելեան հանդիպումից ինչ-որ շօշափելի արդիւնք ակնկալել: Թերեւս դրական կարելի է համարել միայն նման հանդիպման իսկ փաստը, որը լաւ թէ վատ թոյլ է տալիս պահպանել բանակցային գործընթացը, գուցէ եւ ՄԱԿի Գլխաւոր ասամբլիայի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների երկխօսութեան յաջորդ փուլի անցկացման մասին պայմանաւորուածութիւնը: Թէեւ արդէն հիմա կարելի է մեծ համոզուածութեամբ արձանագրել, որ նման աննախանձելի ճակատագրի կ՛արժանանայ եւ նիւեորքեան հանդիպումը, եթէ այն կայանայ: Պատճառը դարձեալ նոյնն է՝ Բաքուն մտադիր չէ քաղաքակիրթ ճանապարհով, ողջամիտ փոխզիջումների հիման վրայ լուծել հակամարտութիւնը՝ յամառօրէն պնդելով հայկական կողմից միակողմանի զիջումների մասին: Լարուածութեան ռազմական սրացումները, ղարաբաղեան դիրքերը պարբերաբար հրետակոծելը՝ ծանր սպառազինութեան կիրառմամբ, վաղուց դարձել են ադրբեջանական տարբերակով դիւանագիտութեան գլխաւոր բաղկացուցիչը: Ալիեւեան ռեժիմը, յոյսը դնելով ուժային ճնշման եւ մեծ պատերազմի սպառնալիքով ռազմական շանտաժի վրայ, այդկերպ փորձում է ազդել ինչպէս Մինսկի խմբի համանախագահ երկրների, այնպէս էլ Երեւանի ու Ստեփանակերտի վրայ: Պէտք է նկատել, որ այս ասպարէզում Բաքուն դեռեւս ոչնչի չի հասել ու հազիւ թէ հասնի, սակայն դա նշանակում է, որ իրավիճակը պատերազմի սահմանագծին պահելու այդօրինակ քաղաքականութիւնը նրա կողմից այսուհետ եւս կը շարունակուի: Չնայած նրան, որ Մինսկի խմբի համանախագահները Բրիւսէլում դարձեալ միանշանակ ընդգծեցին հակամարտութեան խաղաղ կարգաւորման այլընտրանք չունենալը եւ հրադադարի ռեժիմը խստօրէն պահպանելու անհրաժեշտութիւնը:
Ադրբեջանի դիրքորոշման մէջ, ըստ էութեան, ոչ մի նոր բան չկայ, ուստիեւ Բրիւսէլում գլխաւորապէս լարուածութեան նուազեցմանը միտուած բանակցութիւնների անարդիւնաւէտութիւնը հեշտութեամբ կարելի էր կանխատեսել: Նախարարների հանդիպման նախօրէին Ադրբեջանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն արտայայտուել էր այն ոգով, թէ առանց Ադրբեջանի այսպէս կոչուած օկուպացուած (գրաւուած-Խմբ.) տարածքներից հայկական զօրքերի դուրս բերման լարուածութեան վերացման խնդիրը չի լուծուի: Այլ խօսքով, ուղիղ տեքստով հաստատել է, որ հէնց Բաքուն է հանդիսանում լարուածութեան աղբիւրը, եւ այդ դերից նա մտադիր չէ հրաժարուել: Արդէն Բրիւսէլից յետոյ Ադրբեջանի նախագահ Ալիեւը փաստօրէն հերթական ռազմաշունչ ուղերձն է յղել միջազգային միջնորդներին: Հանդէս գալով կառավարութեան նիստին, նա յայտարարել է, որ «մենք գնում ենք նոր զինատեսակներ, ամենաժամանակակից տեխնիկան, եւ այսօր ի վիճակի ենք ոչնչացնելու ցանկացած թիրախ օկուպացուած հողերում»: Ալիեւին չէր խանգարի յիշել բումերանգի յայտնի յատկութեան մասին, որն ունակ է չափազանց զգայուն հարուած հասցնելու այն մարդու ճակատին, ով նետել է այն:
Բայց, վերադառնանք բանակցութիւններին: Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեան նման ռազմատենչ մոլուցքի պայմաններում ինչպէ՞ս են համանախագահները պատկերացնում խաղաղարար գործընթացի առաջխաղացումը: Չէ՞ որ ալիեւեան ռեժիմն առաջին անգամ չէ ապացուցում իր անբանակցունակ լինելը՝ առաջ քաշելով հայկական երկու կողմերի համար բացարձակապէս անընդունելի պայմաններ: Բաքուի իշխանութիւններն անմեղսագիտակ, ոչ համարժէք բանակցային գործընկերոջ տպաւորութիւն են թողնում, որը, հակառակ առողջ տրամաբանութեանն ու ողջամտութեանը, յամառօրէն իրենն է պնդում: Առաջարկելով այսպէս կոչուած սուբստանտիւ (շօշա-փելի-Խմբ.) բանակցութիւններ, որն Ադրբեջանի կողմից ընկալւում է որպէս զուտ սեփական խնդիրների լուծման միջոց, Բաքուն փաստօրէն խեղաթիւրում է կարգաւորման գործընթացի էութիւնը ու դրանով իսկ այն դարձնում անհեռանկար: Քանզի ակնյայտ է, որ քաղաքական հարցերի լուծման համար վերջնագրի եւ ռազմական շանտաժի լեզուն անընդունելի է: Ինչպէս ակնյայտ է նաեւ հետեւեալը՝ որպէսզի փոխուի Ադրբեջանի դիրքորոշումը, փոփոխութիւն պէտք է կրի նաեւ միջնորդների ներկայ դիրքորոշումը՝ ձեռք բերելով անհրաժեշտ կոշտութիւն: