ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Ինքնաճանաչումը կարեւոր է ինչպէս անհատների, այնպէս էլ ազգերի պարագայում եւ որի միջոցով կարելի է գնահատել սեփական ուժերն ու կարողութիւնները եւ յենուած դրանց վրայ, ապահովել զարգացում եւ առաջընթաց:
Ինքնաճանաչումը ներհուն եւ երկարատեւ գործընթաց է. այն ենթադրում է պատմական որոշակի շրջանների բոլորում եւ հնարաւորութիւն է տալիս տեսնել սեփական բացերն ու աշխատել դրանց հնարաւոր չէզոքացման եւ բարեփոխման ուղղութեամբ:
Ինքնաճանաչումին անպայմանօրէն պէտք է հետեւի ինքնակատարելագործումը: Ազգերն անցնում են պատմական զարգացման փուլերով եւ այդ ճանապարհին ունենում են վերելքներ ու վայրէջքներ, ձեւաւորում իրենց նկարագիրը: Միաժամանակ, նկարագիրը կարող է խեղումների ենթարկուել եւ հեռանալ իր սկզբնական վիճակից: Նման ձեւափոխութիւնների պատճառ կարող է լինել զանազան անբարենպաստ պայմանների առկայութիւնը, որի վատագոյն օրինակը օտար տիրապետութեանց, նամանաւանդ դժնդակ, տիրապետութեանց, ենթարկուելն է:
Եթէ խօսքը վերաբերում է հայ ազգին, ապա այս դէպքում նկարագրի ձեւախեղումը կատարուել է շարունակաբար, դաժանօրէն եւ, յաճախ, միտումնաւոր:
Որպէս ազգ, այլ մարտահրաւէրներին առընթեր, կանգնած ենք ինքնամաքրման եւ վերականգնումի պարտաւորութեան առջեւ: Սակայն անհրաժեշտ է նախ ունենալ սկզբնական անաղարտ նկարագրի պատկերը. այսինքն՝ ինչպիսին էինք անցեալում եւ ինչպիսին ենք այսօր:
Անտարակուսելի է, որ հայ ազգի պատմութիւնը բնականոն ընթացք չի ունեցել, որն աներկբայօրէն ժխտական անդրադարձ է ունեցել նրա բնաւորութեան վրայ, աղարտել է այն, ձեւախեղել ու այլափոխել: Ուստի, երբ խօսում ենք մեր թերացումների ու բնաւորութեան անցանկալի կողմերի մասին, չպէտք է մոռանանք վերոնշեալ կարեւոր հանգամանքը: Հայ ազգի այսօրուայ նկարագիրը բաւականին հեռու է իր նախնական պատկերից: Եթէ պատկերաւոր համեմատութիւն կատարենք, ապա այն նման է մեր ճարտարապետական գեղեցիկ, սակայն, աւերակուած շինութիւններին: Պէտք է ընդունենք, որ միայն մենք կարող ենք ինքնամաքրման ուղիով վերափոխել ինքներս մեզ: Օտարները՝ թշնամի թէ բարեկամ, չեն կարող խորանալ պատճառների մէջ, դրա շարժառիթն ու ցանկութիւնը չունեն. նրանք միայն կարող են պախարակել եւ դատել մեզ, ելնելով մեր այսօրուայ ներկայացրած պատկերից:
Իշխանական համակարգեր կարող ենք եւ պէտք է փոխենք, բայց այն առաւելագոյն արդիւնքը կարող է տալ այն դէպքում միայն, երբ անհատապէս վերափոխուած եւ վերականգնուած կը լինենք, հին հայրենիքի եւ նրա հին ժողովրդի պատկերին հանգոյն:
Որպէս աւարտ, մէջբերենք դեռեւս 1910թ. ասուած Յովհաննէս Թումանեանի խօսքը.
«…. Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ, զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմութիւնը: Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ: Իսկ ամէն կենդանի գոյութիւն, որ ոտնատակ է ընկնում, եթէ չի մեռնում, այլանդակւում է, դառնանում ու փչանում: Էսպէս է բնութեան օրէնքը:
Արդ, եթէ մենք ունենք ազգային իմաստութիւն, հոգու արիութիւն եւ առողջ բնազդներ,անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիւանդութեան առաջ եւ չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, եւ դրա դէմ կռուելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք եւ մեր սրտերում, եւ աշխարքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտութիւնը: Ապա թէ էդ փրկարար գիտակցութեան կը հետեւեն ինքնակատարելագործութեան բարձր ցանկութիւնն ու ազնիւ գործը:
Ուրիշ ճանապարհ չկայ, ներսից է լինելու հաստատ փրկութիւնը, որովհետեւ ներսից ենք փչացած»: