ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԷՍԵԱՆ
Ադրբեջանը յայտնուել է քաղաքացիական պատերազմի եզրին: Արդէն ակնյայտ է, որ Ալիեւ-Փաշայեւներ տանդեմին խիստ անհրաժեշտ է սահմանային լարուածութիւնը՝ իր իշխանութիւնը ոչ միայն կայունացնելու, այլ արդէն՝ գոնէ պահելու համար: Տարածաշրջանային զարգացումների ազդեցութեան տակ Ադրբեջանում աճում է յեղաշրջման վտանգը, որի հեղինակները կարող են լինել ինչպէս Արեւմուտքից, այդպէս էլ՝ նոյնիսկ Անկարայից ու Ռիադից: Ներկայումս թէ՛ Սաուդեան Արաբիայի եւ թէ Իսրայէլի համար շահեկան է Իրանի հիւսիսային սահմանին մօտ լարուածութեան ստեղծումը: Անկարայում էլ փորձում են վրէժխնդիր լինել Բաքուից՝ իր ներքին քաղաքականութեանը միջամտելու համար: Բնական է, որ որպէս միջոց կարող են օգտագործուել Ի. Ալիեւից եւ «Բաքուի կլանից» դժգոհ «նախիջեւանցիները» եւ «երազները» (Երեւանից եւ Հայաստանի այլ մարզերից գաղթած ադրբեջանցիներ), որոնք վտանգ են ներկայացնում Ալիեւի ու նրա նոր դաշնակիցների համար:
Դեռ Մարտին իշխանութեան բարձրագոյն պաշտօնին բերելով իր տիկնոջը՝ Իլհամ Ալիեւը փորձում էր ձերբազատուել նախիջեւանեան կլանի եւ «երազներ»ի ազդեցութիւնից: Վերջիններս գրեթէ 24 տարի ղեկավարում են Ադրբեջանը՝ 1992ին «գահընկէց անելով» ոչ միայն Մամեդեարովին, այլ նաեւ «Ազգային ճակատ»ի ղեկավար Ալիեւ-Էլչիբէյին: Միայն Հէյդար Ալիեւը կարողացաւ համաձայնութեան գալ այդ խմբաւորման հետ եւ յայտնուել իշխանութեան ղեկին: Նրանց արտօնութիւններն այնքան մեծ են, որ ոչ միայն չեն մուծում հարկեր, այլ նաեւ չեն ծառայում զինուած ուժերում: Միաժամանակ՝ նրանց ձեռքում ոչ միայն ֆինանսական մեծ միջոցներ են, այլ նաեւ՝ զինուած ստորաբաժանումներ, որոնք կարող են օգտագործել նոր յեղաշրջման համար: Եւ պատահական չէ, որ ԱՀ ԿԳ նախարարն է դեռ ապրիլին յայտարարել, որ «Ղարաբաղեան փախստականները ոչ միայն հարկ չեն մուծում, այլ նոյնիսկ չեն ցանկանում ծառայել հայրենի բանակում»: Սա նախանշան էր…
Արդէն Փետրուարին, երբ հեռացուեց «նախիջեւանեան կլանից» տրանսպորտի ամենաազդեցիկ նախարար Զիա Մամեդովը, պարզ դարձաւ, որ Ալիեւը պատրաստւում է ձերբազատուել իր հօր նախկին դաշնակիցներից, թէեւ կար նաեւ փոխհամաձայնութեան գալու հնարաւորութիւն: Սակայն Իլհամ Ալիեւը չէր ների, որ դեռ 2016թ. Ապրիլին այդ կլանը փորձել էր երկրում ռազմական յեղաշրջում իրականացնել՝ օգտուելով, որ նախագահը ԱՄՆում էր: Բնական է, որ այստեղ խառն էր նաեւ Անկարայի մատը, քանի որ Ի. Ալիեւը, թէեւ արտաքուստ սատարում է Էրդողանին, բայց իրականում՝ համագործակցում է թուրք ընդդիմադիր Ֆաթուլլահ Գիւլենի եւ նրա կողմնակիցների հետ: Աւելին՝ ապացուցուել է ադրբեջանական «Socar» ընկերութեան մասնակցութիւնը յուլիսեան յեղաշրջման փորձին, որին հետեւեցին թուրքաբնակ մի շարք յայտնի ադրբեջանցիների ձերբակալութիւնները, այդ թւում՝ Ի. Ալիեւի մերձաւորներից:
Այսպիսով՝ Էրդողանը պատրաստւում է վրէժխնդիր լինել նախիջեւանեան կլանի միջոցով, իսկ Ալիեւը ամրապնդում է իր եւ Բաքուի կլանի՝ Փաշայեւների դիրքերը, կամաց–կամաց պատրաստուելով հակայեղաշրջման: Իր տիկնոջը բերելով առաջին փոխնախագահի պաշտօնին՝ նա կարողացաւ սահմանադրութեամբ հնարաւորութիւն տալ նախագահ ընտրուելու իր որդուն՝ սահմանելով 18 տարեկանը որպէս թեկնածուների գրանցման շեմ: Ապրիլի սկզբներին նա հրաման ստորագրեց «Արտակարգ եւ ռազմական իրավիճակի մասին» օրէնքում փոփոխութիւնների մասին, որով սահմանափակում է մի շարք ազատութիւններ եւ ազատ ընտրական գործընթացի հնարաւորութիւնը: Մայիսի վերջերին եւ Յունիսի սկզբներին «հայկական վհուկների որսը» եւ ադրբեջանական յայտնի գործիչների ձերբակալութիւնները ոչ այլ ինչ էին, եթէ ոչ յեղաշրջումը կանխելու փորձ, որի մասին յայտարարուեց օրեր անց: Ի. Ալիեւի գործողութիւններն արագացրին Մերձաւոր Արեւելքում անկանխատեսելի դարձող իրավիճակային փոփոխութիւնները: Ադրբեջանի ղեկավարութիւնը լրջօրէն պատրաստւում է վատագոյն ցանկացած սցենարի:
Իլհամ Ալիեւը ձգտում է վերջնականապէս լուծել «նախիջեւանեան կլանից» ազատուելու հարցը: Նրա ծրագրերի մէջ չեն մտնում լայնածաւալ ռազմական գործողութիւնները Արցախում, ոչ էլ ինչ-որ տարածքային հարցեր: Միակ խնդիրը սահմանադրօրէն իր դիրքերի ամրապնդումն է: Իսկ դրա համար նրան պէտք է արիւն, գոնէ սահմանին, որպէսզի երկրում յայտարարուի արտակարգ իրավիճակ: