Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Յատուկ Միջնորդների Համար

$
0
0

9c219e5aff53fb03f1e0c55eed7fd254_L

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի

 

Երկուշաբթի օրը Բաքու կատարած այցով աւարտուեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը, ովքեր աւելի վաղ՝ Յունիսի 10ին եւ 12ին, եղան համապատասխանաբար Երեւանում եւ Ստեփանակերտում: Ինչպէս եւ խոստացել էին միջազգային միջնորդները, այցի արդիւնքներով տարածուեց նրանց համատեղ յայտարարութիւնը: Բացառուած չէ, որ յայտարարութեան տեքստը պատրաստուած էր նախօրօք, յետոյ, սակայն, նրանում սրբագրումներ մտցնելու կարիք եղաւ՝ պայմանաւորուած ԼՂՀ եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում հերթական զինուած միջադէպերով: «Սրբագրիչի» դերում հանդէս եկաւ Ադրբեջանը, որը բառացիօրէն համանախագահների Բաքու կատարուելիք այցի նախաշեմին՝ Յունիսի 16ին եւ 17ին, դարձեալ կոպտօրէն խախտեց հրադադարի ռեժիմը, ինչի արդիւնքում զոհուեցին հայկական չորս զինծառայողներ: «Այդ իրավիճակն իր արտացոլումը կը գտնի այցի արդիւնքներով ընդունուած յայտարարութեան մէջ», ընդգծել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Նախքան դիտարկելը, թէ իրավիճակն ինչպէս է արտացոլուել յայտարարութեան մէջ, թոյլ տանք որոշ, ամենեւին ոչ լիրիկական (քնարերգական-Խմբ.) շեղում: Մէկ ամիս առաջ՝ Մայիսի 18ին, միջնորդներն ընդունեցին մէկ այլ յայտարարութիւն՝ կապուած ադրբեջանական ուժերի կողմից ԼՂՀ պաշտպանութեան բանակի ռազմական տեխնիկայի հրթիռային հրետակոծման հետ, որտեղ միջադէպի մեղաւոր է անուանւում Ադրբեջանը: Այդ յայտարարութիւնն իր հասցէականութեան համար հայ հանրութեան որոշ շրջանակներում եթէ ոչ էյֆորիա (գերերջանկութիւն-Խմբ.), ապա, առնուազն, որոշակի ոգեւորութիւն է յարուցել, որ միջնորդները, հակամարտութեան կողմերի գործողութիւնները գնահատելիս, իբր, հեռանում են հաւասարութեան արատաւոր սկզբունքից: Մինչդեռ հիացական արձագանգների համար առանձնայատուկ պատճառներ, խոստովանենք, չկային էլ, քանի որ Ադրբեջանը չէր էլ թաքցնում, որ հէնց ինքն էր հրթիռային հարուածի նախաձեռնողը, եւ առնուազն տարօրինակ կը լինէր, եթէ անգամ այս պայմաններում միջնորդները կատարուածի մէջ մեղադրէին երկու կողմերին:

Այժմ վերադառնանք համանախագահների՝ տարածաշրջանային այցի արդիւնքներով ընդունուած յայտարարութեանը: Այն, ըստ էութեան, հաստատեց, որ միջնորդներն այնքան էլ հեռու չգնացին վերը յիշատակուած հաւասարութեան պրակտիկայից (սովորութենէն-Խմբ.): Խորը անհանգստութիւն յայտնելով հրադադարի ռեժիմի վերջին խախտումների առնչութեամբ, որոնք բերեցին շփման գծում հերթական զոհերի, նրանք Ադրբեջանի ղեկավարութեանը յորդորեցին խուսափել իրավիճակի յետագայ սրացումից: Համանման կոչով համանախագահները դիմեցին նաեւ Հայաստանի եւ Արցախի ղեկավարութեանը: Եթէ մի կողմ դնենք որոշ նրբութիւններ՝ կապուած դիւանագիտական ձեւակերպումների ու նրանց կոչի հասցէատէրերի հերթականութեան հետ, ապա, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ համանախագահները վերադառնում են իրենց ելակետային դիրքին: Ըստ էութեան, դա Բաքւում հաստատեց նաեւ ռուսաստանցի միջնորդ Իգոր Պոպովը, ով ընդգծել է, որ «մեր վերջին յայտարարութիւնը հասցէագրուած էր երկու կողմերին»:

Եւ իզո՛ւր: Այն պարզ պատճառով, որ շատերի (ենթադրում ենք՝ եւ հէնց միջնորդների) համար ակնյայտ է, որ հայ զինծառայողների զոհուելու պատճառ դարձած զինուած սադրանքն իրականացրել է Ադրբեջանը: Դրա համար պաշտօնական Բաքուն ունի մի քանի պատճառներ՝ ինչպէս ներքաղաքական, այնպէս էլ արտաքին քաղաքական բնոյթի: Նրա համար, փաստօրէն, միեւնոյնն է՝ միջնորդների հնչեցուած յայտարարութիւնները հասցէակա՞ն, թէ՞ հաւասարութիւն պահպանող բնոյթ ունեն, որոնք, ինչպէս ցոյց են տուել Ադրբեջանի ագրեսիւ (յարձակողական-Խմբ.) գործողութիւնները, ի զօրու չեն որեւէ կերպ ազդելու նրա դիրքորոշման վրայ եւ համապատասխանաբար իրավիճակի կայունութիւն ապահովելու հակամարտութեան գօտում: Զինուած սադրանքներն ալիեւեան ռեժիմի համար արտաքին քաղաքականութեան գործիք են, այսպէս ասած, շանտաժի եւ սպառնալիքների դիւանագիտութիւն, որ կոչուած է Ադրբեջանի համար ապահովելու ղարաբաղեան կարգաւորման հարցում իր նպատակներին հասնելը:

Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանն Իլհամ Ալիեւի արտայայտութիւնները կասկածի տեղ չեն թողնում, որ շփման գծում լարուածութեան վերջին սրացումն Ադրբեջանը կապել էր յատուկ միջնորդների՝ Բաքու կատարուելիք այցի հետ: Ինչպէս յայտնի է, Ադրբեջանը դժգոհ է կարգաւորման ընթացքից եւ անընդհատ պնդում է ստատուս քուոյի փոփոխութեան անհրաժեշտութեան մասին, բնականաբար՝ իր համար ձեռնտու ելքով: Ադրբեջանական եւ հայկական զօրքերի շփման գծում վերջին միջադէպերը վկայում են ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանն ուղղուած բանակցութիւններն արագացնելու անհրաժեշտութեան մասին, յայտարարեց Ալիեւը: Աւելի շուտ՝ արտաբերեց անմեղ գառան կերպարանքով, որն այդ միջադէպերի հետ ոչ մի կապ չունի: Աւելին, լկտիօրէն դրանցում մեղադրեց հայկական կողմին. «Ադրբեջանը հաւատարիմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը: Սակայն ձեր տարածաշրջանային այցի նախօրէին Հայաստանը դարձեալ զինուած սադրանք է ձեռնարկել շփման գծում»:

Օրինաչափօրէն հարց է ծագում՝ եթէ հրադադարի ռեժիմը խախտում է հայկական կողմը, այդ դէպքում ինչո՞ւ է Ադրբեջանը հակառակւում շփման գծում միջնորդների առաջարկած զինուած միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ներդրմանը: Չէ՞ որ տրամաբանօրէն հէնց ինքը պէտք է խորապէս շահագրգռուած լինի այդ հարցում:

Խոստովանենք՝ այդօրինակ հարցեր ալիեւեան ռեժիմին պէտք է ուղղեն Մինսկի խմբի համանախագահները: Բայց… Ստեղծուած պայմաններում հազիւ թէ արժէ պատրանքներ փայփայել ու յոյսեր կապել, մասնաւորապէս, միջազգային միջնորդների եւ, առհասարակ, միջազգային հանրութեան հետ: Խաղաղութեան կոչերը, ում կողմից էլ դրանք հնչեցուած լինեն, Բաքուի համար դատարկ հնչիւն են մնում: Բոլոր ժամանակներում նման ագրեսորների հետ խօսում էին բացառապէս ուժի լեզուով, որը նրանց համար շատ էլ հասկանալի է: Այլ խօսքով՝ ԼՂՀ պաշտպանութեան բանակը, ինչպէս դա տեղի է ունեցել 1991-94թթ. ռազմական արշաւի ժամանակ, ինչպէս եւ յետպատերազմական շրջանում, ստիպուած է շարունակել նմանատիպ «զրոյց» վարել Ադրբեջանի հետ՝ ցանկացած սադրանքի դիմաց նրան տալով ոչ միայն համարժէք, այլեւ անհամաչափ պատասխան: Կարծում ենք՝ դա բխում է նաեւ միջնորդների իսկ շահերից, ովքեր հազիւ թէ շահագրգռուած են նոր մեծ պատերազմի մէջ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles