Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Չընկնել Ադրբեջանի Վտանգաւոր Թակարդը

$
0
0

0621azeritrap

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջան են այցելել անցած շաբաթուայ վերջին՝ այդ երկրի զինուժի իրականացրած սադրիչ գործողութիւններից անմիջապէս յետոյ: Դրանց հետեւանքով հայկական կողմը 4 զինծառայող կորցրեց:

Հայկական կողմին ծանր կորուստներ պատճառելու սադրանքն ուղղուած էր աւելի շատ ՄԽի դէմ: Նպատակն էր ցոյց տալ, որ թէեւ վերջին շրջանում իր նկատմամբ միջնորդների գործադրած միակողմանի ճնշումներին, իր պահանջներից, պատերազմի շանտաժի իր մարտավարութիւնից հրաժարուելու միտք չունի: Դա հաստատեց նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Համանախագահների՝ Բաքւում գտնուելու ժամանակ նա յայտարարել է, թէ Ադրբեջանը երբեք չի հրաժարուելու իր տարածքային ամբողջականութեան սկզբունքից, եւ եթէ բանակցութիւնները չլուծեն այդ հարցը, իրենց բանակը պատերազմի միջոցով կը վերադարձնի կորցրած տարածքները: Բացի դրանից՝ Բաքուն հերթական չպլանաւորած (չծրագրուած-Խմբ.) մինչեւ 23 հազար զինուորական, 120 միաւոր տանկ եւ զրահամեքենայ, 180 հրթիռա-հրետանային համակարգ եւ անօդաչու թռչող սարքեր ներառող խոշորածաւալ զօրավարժութիւններն է սկսել հէնց այն օրը, երբ ՄԽ համանախագահները գտնուել են Բաքւում: Սա խօսուն ուղերձ է նրանց հասցէին եւ պատասխան համանախագահների՝ վերջին հասցէական յայտարարութիւններին:

Դրանից բացի՝ ամէն անգամ Բաքուն հէնց համանախագահների՝ հակամարտութեան գօտի այցելութեան շրջանում է շփման գծում սրում իրավիճակը՝ փորձելով լուծել երկու հիմնական խնդիր: Առաջին՝ ցոյց տալ, որ ՄԽ ձեւաչափը վերածուել է անկայունութեան հիմնական աղբիւրի, ի զօրու չէ վերահսկել իրավիճակը, կանխել հնարաւոր պատերազմը եւ երաշխաւորել խաղաղ բանակցային գործընթացը, այսինքն՝ որ ՄԽ ձեւաչափը սպառել է իրեն: Երկրորդ՝ սադրել հայկական կողմին, որ դիմի պատժամիջոցների, որոնք կարող է ներկայացնել իբրեւ նախայարձակ գործողութիւններ եւ ստիպել համանախագահներին՝ փոխել Բաքուին աստիճանաբար աւելի ու աւելի որոշակի ագրեսոր եւ հրադադարի ռեժիմի խախտման հիմնական պատասխանատու ճանաչելու՝ ներկայիս ուղեգիծը:

Այս ֆոնին, չնայած հանրային ներքին լուրջ դժգոհութիւններին, հակահարուած հասցնելու հարցում հայկական Զու զսպուածութիւնն այս անգամ թւում է ռացիոնալ: Նախ՝ համանախագահների վերջին յայտարարութիւնները լիարժէք բխում են հայկական կողմի շահերից եւ ամրապնդում համոզմունքը, որ Ադրբեջանն ինքն իրեն գցել է դիւանագիտական փակուղու մէջ, որից դուրս գալու ցանկացած փորձ նոր յաղթաթուղթ է տալիս հայկական կողմին: Ի պատասխան համանախագահների այցին՝ նման սադրիչ գործողութիւնների գնալը եւս այդ պատային դրութեան դրսեւորումներից է, որը մատնում է հակառակորդի յուսահատութիւնը: Այս պայմաններում արդարացուած չէր կարող լինել համանախագահների՝ Բաքու այցելութեան շրջանում, հապշտապօրէն պատժիչ համարժէք կ՛ամ անհամարժէք գործողութիւնների դիմելով, կորցնել այդ յաղթաթղթերը եւ հիմքեր տալ համանախագահներին՝ կրկին վերադառնալ կողմերի միջեւ հաւասարութիւն դնելու՝ նախկին անհեթեթ եւ վնասակար մօտեցմանը:

Երկրորդ՝ Ադրբեջանում ստեղծուած է այնպիսի սոցիալ-տնտեսական իրավիճակ, որը յղի է ցանկացած պահի այդ երկիրը քաոսի վերածելու հեռանկարով: Ադրբեջանական բոլոր խոշոր բանկերը կանգնած են սնանկացման եզրին, նաւթի գների անկման տեւական շարունակումն Ադրբեջանին կարող է պարզապէս դեֆոլտի (պարտազանցութեան, պարտաւորութեանց թերացումի-Խմբ.) ենթարկել: Բանակը, անվտանգութեան համակարգը, դիւանագիտական կորպուսը ալիեւեան ռեժիմի դէմ կոնսոլիդացուելու (ամրապնդուելու-Խմբ.) գրեթէ բացայայտ գիծ են որդեգրել: Այս իրավիճակում Ադրբեջանի իշխանութիւնները միակ ելք կարող են ունենալ՝ շփման գծում լարուածութիւնն արհեստականօրէն մեծացնելով՝ ստեղծել մասշտաբային պատերազմի իրատեսականութեան պատրանք, որով կը զսպեն ներհասարակական ու ներքաղաքական դժգոհութեան ալիքը եւ իրենց շուրջը կը կոնսոլիդացնեն հասարակութեանը: Որեւէ պարագայում ալիեւեան ռեժիմին չպէտք է առիթ տալ իր թուլացած դիրքերը վերականգնելու համար օգտագործել պատերազմի վտանգը, այսինքն՝ զգացմունքներին տուրք տալով, տաք որոշումներ կայացնելով՝ ընկնել խուճապի մատնուած ալիեւեան ռեժիմի մանիպուլեացիոն (ձեռնավարական, խարդախ-Խմբ.) թակարդը: Մանաւանդ, որ ակնյայտ երեւում է, որ Ադրբեջանը պատրաստ է, համանախագահողների՝ իր տարածքում գտնուելու հանգամանքն օգտագործելով, պատասխանել հայկական կողմի հապճեպ գործողութիւններին:

Չպէտք է պատահական համարել, որ մարդկային վնաս հասցնելու սադրիչ յարձակումները տեղի ունեցան մեկնարկելիք լայնածաւալ զօրավարժութիւններից անմիջապէս առաջ: Նման պրովոկացիաների (գրգռութիւններու-Խմբ.) ֆոնին այդ քանակութեամբ մարդկային կոնտինգենտի (զինուորական ուժի-Խմբ.) եւ զինտեխնիկայի ներգրաւմամբ զօրավարժութիւններն աւելի շատ նմանւում են հարուածային ուժերի կենտրոնացման: Այն ցանկացած պահի կարող է շփման գծի ուղղութեամբ յարձակման փորձի ձեռնարկման վերածուել:

Այս գործօնները ստիպում են իսկապէս շատ աւելի սառնասիրտ լինել եւ պատժիչ, նոյնիսկ՝ կանխարգելիչ գործողութիւնների դիմելու համար աւելի նպատակայարմար պահ ընտրել: Սա ենթադրում է սպասել՝ մինչեւ կուտակուած զօրքերի ցրումն ու վերադարձը ելման դիրքեր եւ տարածաշրջանից համանախագահների հեռանալը:

Սա պատերազմից խուսափել կամ փախչել չի նշանակում: Իրականում նոր պատերազմը շատ աւելի իրատեսական է թւում, քան բանակցային գործընթացում ճեղքում մտցնելը: Խնդիրը ներկայիս դիւանագիտական առաւելութիւնները չկորցնելն է, պատժիչ օպերացիայի իրականացման պատեհ պահին սպասելը: Այն, որ նման գործողութիւնները անխուսափելի են, կասկածից վեր է: Ադրբեջանը միայն այդ լեզուն է հասկանում, ինչի մասին վկայեց այս տարուայ Փետրուարի 25ին իրականացուած դիւերսիոն (խոտորիչ ներթափանցում-Խմբ.) յարձակումների ջախջախումից եւ լուրջ մարդկային կորուստներ կրելուց յետոյ դիւերսիոն ներթափանցումների մարտավարութիւնից հրաժարուելը: Վաղուց եկել է նրան նաեւ նռնականետներ ու ականանետներ կիրառելու մտքից հրաժարուել ստիպելու ժամանակը:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles