ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Բաքուն Մոսկուային գործարք է առաջարկում:
Մենք արդէն բազմիցս անդրադարձել ենք 2014թ. Յուլիսին ադրբեջանական դիւերսիոն (խափա-նարարական-Խմբ.) խմբի չէզոքացման ու ԼՂՀ դատարանի կողմից խմբի անդամներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիեւի՝ համապատասխանաբար ցմահ եւ 22 տարուայ ազատազրկման դատապարտուելու թեմային: Ինչպէս յայտնի է, երրորդ դիւերսանտը՝ Հ. Հասանովը, ձերբակալման պահին դիմադրութիւն է ցոյց տուել ու ոչնչացուել: Յիշեցնենք, որ Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների առաջադրանքով խումբը ներթափանցել է ԼՂՀ տարածք դիւերսիոն-հետախուզական եւ լրտեսական գործողութիւններ իրականացնելու համար, կատարել է մի շարք ծանրագոյն յանցանքներ՝ սպանելով երկու քաղաքացիների, այդ թւում՝ 17ամեայ պատանու: Գործնականում յանցագործների ձերբակալումից անմիջապէս յետոյ պաշտօնական Բաքուն սկսեց միջոցներ ձեռնարկել հասնելու դիվերսանտների ազատ արձակմանը՝ այդ նպատակի համար գործի դնելով ստի ու զեղծարարութիւնների իր ողջ զինանոցը, մարդասպաններին ներկայացնելով որպէս անմեղ պատանդներ: Ընդ որում, ադրբեջանական իշխանութիւնները նրանց ազատելու հարցում օգնութեան խնդրանքով դիմել են անգամ միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւնների ու երեւելի քաղաքական գործիչների, մասնաւորապէս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչներին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Միեւնոյն ժամանակ անտեսելով այն փաստը, որ «պատանդները» բռնուել էին զէնքները ձեռքին, որ գործած յանցանքների մէջ նրանց մեղքը դատարանի կողմից ապացուցուել է համոզիչ փաստերի ու վկայութիւնների, ինչպէս նաեւ հէնց դիւերսանտների խոստովանական ցուցմունքների հիման վրայ: Բնականաբար, Բաքուի ռեժիմի բոլոր այս «փրկարարական» ճիգերն անօգուտ էին:
Ու թէեւ Ադրբեջանի քարոզչական կեղծագիրը մէկ անգամ չէ, որ պսակազերծուել է, կարելի էր չկասկածել, որ Բաքուն չի դադարեցնի, այսպէս կոչուած, պատանդների հետ կապուած իր կեղտոտ ներկայացումը: Օրերս Ադրբեջանում դարձեալ փորձեցին վերակենդանացնել Ասկերովի ու Գուլիեւի ազատման հարցը: Իշխանութիւնների բարձրախօսի դերում հանդէս են գալիս ալիեւեան ռեժիմին հպատակ ԶԼՄները, մասնաւորապէս՝ «haqqin» բաւական յայտնի պորտալն իր խոտելի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւի հետ միասին, ով, այսպէս ասած, եղած-չեղածով ծախուել է նախագահի ընտանիքին: Մեդիա տարածութեան մէջ ի յայտ եկան հրապարակումներ, որոնցում հեղինակներն առդիմում են Ռուսաստանին՝ հաւասարութեան նշան դնելով Բելառուսի կողմից Ադրբեջանին յանձնուած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ու Ասկերովի միջեւ, ով, իբր, ՌԴ քաղաքացի է՝ պահանջելով պաշտպանել նրա շահերը: Չցանկանալով նկատել այն ապշեցուցիչ տարբերութիւնը, որ Լապշինի ձեռքերը, որի ողջ «մեղքը» միայն Արցախ այցելելու մէջ է, ի տարբերութիւն ադրբեջանցի դիւերսանտի, արիւնոտ չեն:
Այսպէս, այս շաբաթ ադրբեջանական ԶԼՄները նման հարցումով դիմել էին Ռուսաստանի ԱԳՆին: Դատելով Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան Տեղեկատուութեան ու մամուլի բաժանմունքի փոխտնօրէն Ա. Կոժինի պատասխանից՝ այստեղ բաւարար պատկերացում ունեն այն մասին՝ ով է իրականում Ասկերովը: Այս մասին խօսում է եւ դիւանագէտի՝ ադրբեջանցիներին հասցէագրուած հաստատական հարցը. ինչ-որ մի ձեւով նա անցել է չէ՞ աչալրջօրէն վերահսկուող շփման գիծը: «Զգացուած ենք Ռուսաստանի քաղաքացիների շահերի պաշտպանութեանն ուղղուած մեր աշխատանքի հանդէպ ադրբեջանական ԶԼՄների չթուլացող ուշադրութեամբ», ոչ առանց հեգնանքի նկատել է Ա. Կոժինը: Եւ իր մեկնաբանութիւնն աւարտել խելամիտ խորհրդով. «Եթէ ադրբեջանական ԶԼՄները, ներառեալ՝ կիսապաշտօնական յայտնի ինտերնետ-պորտալ «haqqin»ը, անկեղծօրէն մտահոգուած են Իլհամ Ասկերովի ճակատագրով, ապա, ամէնից առաջ, պէտք է դադարեցնել նրա գործի շուրջ քարոզչական աղմուկը»: Բայց Բաքւում, ինչպէս միշտ, քամահրում են նման կոչերը, շարունակելով իրենց գիծը տանել՝ խիստ համահունչ պաշտօնական ստայօդ քարոզչութեան թեզիսներին (ճառերու-Խմբ.): Եւ արդէն չեն փորձում անգամ թաքցնել, որ Մոսկուայի վրայ ճնշում գործադրելու նպատակով բարձրացուած ազերպրոպի (Ատրպեճանական քարոզչական մեքենայի-Խմբ.) հերթական ալիքի հետ կը ցանկանային առաջ քաշել Լապշինին Ասկերովի հետ փոխանակելու գաղափարը:
Բաքուի եւս մի կեղծագիր՝ նոյն այդ շարքից: Երկուշաբթի օրը Ադրբեջանի գերիների, պատանդների ու անյայտ կորած քաղաքացիների հարցերով պետական յանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Սամեդովը յայտարարել է, թէ «որպէս պատանդ Լեռնային Ղարաբաղի տարածքում պահուող Իլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիեւի ազատման ուղղութեամբ տարուող աշխատանքը շարունակւում է»: Ու դարձեալ Ադրբեջանին բնորոշ պահելաձեւով բաց թողեց հերթական սուտը՝ հաղորդելով, թէ, իբր, դատապարտուած դիւերսանտների մօտ ի յայտ են եկել ինքնազգացողութեան հետ կապուած որոշակի խնդիրներ: ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանը կտրականապէս հերքել է Ադրբեջանի Պետյանձնաժողովի տուեալ պնդումը, ընդգծելով, որ Բաքուի նման պահուածքը ահաբեկչութեան դրսեւորում է այդ մարդկանց հարազատների նկատմամբ: Նրա խօսքով, հէնց որ դատապարտեալների մօտ առողջական ինչ-որ խնդիրներ են առաջանում, նրանց անյապաղ ցուցաբերւում է բժշկական օգնութիւն: Ի դէպ, մամուլում բազմիցս է ի յայտ եկել տեղեկատուութիւն առ այն, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի աշխատակիցները, ովքեր սիստեմատիկաբար (համակարգուած ձե-ւով-Խմբ.) այցելում են Ասկերովին ու Գուլիեւին, արձանագրել են, որ նրանց առողջական վիճակը գոհացուցիչ է: Ու նաեւ՝ թէ՛ Ասկերովը, թէ՛ Գուլիեւը խոստովանել են, որ չեն սպասել ԼՂՀ իշխանութիւնների կողմից նման մարդասիրական վերաբերմունք իրենց նկատմամբ:
Եզրակացնելով՝ կարելի է ասել, որ ձախողուած դիւերսանտների գործով Ադրբեջանի հերթական մկան եռուզեռը ձեռնարկուել է նրա համար, որպէսզի Մոսկուային շանտաժի (սպառնալիքի-Խմբ.) ենթարկելու միջոցով հասնեն այն բանին, որ վերջինս ճնշում գործադրի Հայաստանի ու Արցախի վրայ՝ այդ մարդասպաններին ազատ արձակելու նպատակով: Բաքուն փաստօրէն Մոսկուային գործարք է առաջարկում՝ որպէս վճար առաջարկելով Լապշինին: Ապարդիւն ջանքեր: Ռուսաստանն իրազեկուած է այդ քրէական գործի մասին ու հազիւ թէ ցանկանայ արատաւորել իրեն կեղտով, իսկ աւելի ճշգրիտ՝ արեամբ: Բայց ամենագլխաւորը՝ Արցախի իշխանութիւնները, որի քաղաքացիները դարձան Ադրբեջանի յանցաւոր գործողութիւնների զոհերը, երբեք չեն գնայ նման գործարքի: Մարդասպանների դատավճիռը վերանայման ենթակայ չէ: