ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍԵԱՆ
Մեր Հայրենիքը՝ մեր այսօրուայ Հայքը, Հայաստանը, Հայաստանի Հանրապետութիւնը: Մի բարձր տեղ կանգնես՝ սահմանները կ՛երեւան:
Բարձրանում էինք Մայրավանք՝ մեծ ու փոքր: Ուշ, վառվռուն աշուն էր: Խիստ թեք լանջով բարձրանում էինք գիհիների անտառը: Բարձրանալիս ստեպ-ստեպ շուռ էինք գալիս ու նայում հետ. ամէն քայլի հետ հորիզոնը մեծանում էր, մի նոր դար, մի նոր հազարամեակ էր բացւում մեր աչքերի առջեւ: Հայկական հրաշք գիւղերը, կանաչ այգիները, գոյնզգոյն ծառերը, շէկ սարերը, հեռւում Գեղամայ լեռնաշղթան՝ ձիւնապատ գագաթներով, Աժդահակի գոռոզ ու խոժոռ հայեացքի ներքոյ: Ամէն քայլի հետ բացւում էր մի դար: Գեղամայ լեռների ժայռապատկերներն էին գծւում մտքումս՝ խանձուած ու պիրկ, հազարամեակների հեսանով ողորկուած քարերին. չէ՜, բոլորովին էլ փոքր չէ Հայրենիքը:
Երբ պիտի արդէն մտնէինք գիհիների անտառը, բացուեց Մասիսը…: Աժդահակը խեղճացաւ, լռեց, գլուխը կախեց: Մասիսը՝ հայի սիրտը՝ դրուած աշխարհի վրայ, եւ հայը մեծ Մասիսով աշխարհն է սիրում, փոքրով՝ իրեն:
Գիհիները՝ իրենց ֆանտաստիկ ծուռումուռ բներով, առասպելական արմատներով, որոնք մերկ ժայռերի միջով սուզուել էին հողի մէջ: Թուաց՝ այս մի գիհին ես եմ ու վաղուց եմ այդտեղ, հիմա եկել եմ ինքս ինձ այցի:
Չէ՜, մեր Հայրենիքը խորք ունի, իջնում է դէպի երկիր եւ բարձրանում երկինք, եւ անչափելի է մեծութիւնը նրա:
Մայրավանքը տեսանք հեռուից. անչափ դժուար էր գնալը, բայց այդ գնալը ճշմարիտ աղօթքի պէս էր, դժուար, եւ սրտաբուխ աղօթք էր, եւ ճանապարհը սէր էր բացում, եւ Հայրենիքը այդ ճանապարհով լցւում էր մեր մէջ:
Յիշեցի, թէ ինչպէս եմ տարիների հետ մեծացել, ու ինչպէս է մայրս փոքրացել տարիների հետ: Սեւանը, որն ինձ համար դարձեալ մայր է, դարձեալ փոքրացել է. յիշեցի, որ գրել եմ՝ «Լիճ ես թէեւ, իմ Սեւան, բայց իմ սրտում դու ե՜ւ ծով ես, ե՜ւ ովկիանոս անսահման»: Յիշեցի, թէ ինչքան է նա մերը, յիշեցի նրա սէրը: Յիշեցի Արցախի Դադիվանքն ու Գանձասարը. կէսգիշերին երկնքով մէկ ցոլացող խորհրդաւոր լոյսերի յեղեղը, յիշեցի Նախիջեւանի Օձասարի լանջին լաւաշ թխող պապին ու տատին: Մինչեւ հիմա այդ լաւաշի բոյրը իմ ռունգերում է, ինչպէս որ նրանց աչքերում կը լինի տասը հայ տղաներիս պատկերը՝ յանկարծ կարծես երկնքից յայտնուած նրանց տան շեմին: Հիմա նրանք դրախտում կը լինեն, բայց, կարծում եմ, նրանց աչքերում մենք դեռ կանք:
Չէ, մեր Հայրենիքը փոքր չէ: Իջնենք Խոր վիրապ: Ամէն մի աստիճան մեզ ներքեւ է տանում մի դար: Հասնում ենք ամենախաւար զնդանը, որտեղ լոյսն էր, որը նաեւ, ցաւօք, հրդեհ էր եւ լափում էր մեր մատեանները եւ անցեալը:
Հասանք Մայրավանք: Խարխլուած, մի կերպ ինքն իրենից բռնած՝ կանգնած է հազարամեակների վրայ. ի՞նչ անի, ապրել է պէտք: Ես տեսայ, որ Կանադա երկրից Հայաստան եկած այս շիկահեր փոքրիկը՝ Կոմիտասը, ես եմ, որի հետ քայլեցի այս ճամբով՝ խրախուսելով ու քաջալերելով նրան, մէկ-մէկ՝ զայրանալով, մէկ-մէկ՝ քնքշանքով, մէկ-մէկ՝ խաղալով:
Չէ՜, փոքր չէ մեր Հայրենիքը. Կանադայից մինչեւ Մայրավանք, Սթոունհենջից մինչեւ Քարահունջ, Երուսաղէմից մինչեւ Խոր վիրապ:
Իջնում ենք, վերադառնում ենք Մայրավանքից, մեզ հետ իջնում են, մեզ հետ գալիս են հազարամեակներն ու գիհիները, գոյնզգոյն տաք աշունը, պարմանիների ու պարմանուհիների սրտների խլրտոցները. ամէն ինչ գալիս է մեզ հետ, մեր սրտերի մէջ է Հայրենիքը:
«9րդ հրաշալիք», «ՎԱՍ»