ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Անցած շաբաթ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ըստ աւանդոյթի, կառավարութեան նիստ անցկացրեց:
Ու թէեւ այն նուիրուած էր 2017թ. առաջին եռամսեակի սոցիալ-տնտեսական զարգացման արդիւնքներին ու առաջիկայ խնդիրներին, Ալիեւը, դարձեալ ըստ աւանդոյթի, իր ելոյթում չշրջանցեց նաեւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը:
Ընդհանրապէս հարկ է նշել, որ այս համատեքստում յիշեալ նիստին շատ բան էր «աւանդական»՝ Հայաստանին ապակառուցողականութեան մէջ մեղադրելը, ԵԱՀԿ Մինսկի խմբին կրաւորա-կանութեան համար յանդիմանելն ու Երեւանի վրայ ճնշում գործադրելու նրան ուղղուած կոչը, միջազգային կառոյցների երկակի չափանիշներից բողոքելը եւ, իհարկէ, պաշտօնական Բաքուի դիրքորոշման անփոփոխ լինելու հաստատումը, որի համար «տարածքային ամբողջականութեան սկզբունքը բանակցութիւնների թեմա չի հանդիսանում»: Ալիեւի կանխադրոյթների այսպիսի մի «ջենտլմենական հաւաքածու», որը գործնականում ամէն տարի նրա մի ելոյթից միւսն է անցնում: Ու այս հաւաքածուի առանցքային արտայայտութիւնն է՝ «բանակցային գործընթացում մեր դիրքորոշման մէջ որեւէ փոփոխութիւններ չկան ու չեն կարող լինել»:
Պէտք է ասել, որ Ալիեւի ելոյթը, ինչպէս միշտ, համեմուած էր ստի բաւականին մեծ չափաբաժնով: Տպաւորութիւն էր ստեղծւում, որ Ալիեւը այնքան էլ բարձր կարծիքի չէ կառավարութեան անդամների իմացական կարողութիւնների մասին, որոնք ընդունակ չեն ճշմարտութիւնը կեղծիքից տարբերել: Միթէ՞ մեղադրելով Հայաստանին այն բանում, որ նա, իբր, «բոլոր ուժերով փորձում է արգելափակել բանակցային գործընթացը, բոյկոտել այն», Ալիեւն իսկապէս համոզուած է, որ իր նախարարները չեն իմանում, թէ ով է իրականում խաթարում միջազգային միջնորդների ջանքերն ու հանդիսանում շփման գծում չդադարող զինուած սադրանքների նախաձեռնողը: Սակայն, Աստուած նրանց հետ, նախարարները երեւում է, արժանի են իրենց նկատմամբ ցուցաբերուած նման ստորացուցիչ վերաբերմունքի: Բայց չէ՞ որ Ալիեւի ելոյթը հասցէագրուած է ոչ միայն նրանց ու Ադրբեջանի հասարակայնութեանը, այլեւ միջազգային կառոյցներին ու նախեւառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնց նա, ինչպէս արդէն նշուել է, կոչ է անում ուժեղացնել Հայաստանի վրայ ճնշումը: Ու այս դէպքում նա յոյսն ինչի՞ վրայ է դրել: Նրանց անիրազեկութեա՞ն: Ով-ով, բայց համանախագահները յստակ գիտեն, որ հէնց Ադրբեջանն է շարունակ խախտում հրադադարի ռեժիմը, որ հէնց նա է 2016թ. ապրիլեան պատերազմի հեղինակը, ինչն էլ, ըստ հէնց Ալիեւի արտայայտութեան, արգելափակել է բանակցային գործընթացը, ինչի կապակցութեամբ նա հիմա կոկորդիլոսի արցունքներ է թափում:
Ալիեւը կը դաւաճանէր իրեն, եթէ, դարձեալ աւանդոյթի համաձայն, չդիմէր ինչպէս հայկական երկու կողմերին, այնպէս եւ միջազգային հանրութեանը շանտաժի ենթարկելուն: «Ադրբեջանն օրէցօր դառնում է աւելի ուժեղ, ամրապնդւում, աճում է մեր քաղաքական, ռազմական, տնտեսական ներուժը, ու վաղ թէ ուշ մենք կը հասնենք այդ հարցի լուծմանն այնպէս, ինչպէս մենք ենք ցանկանում» արագ անդրադարձ, յայտարարել է նա: Նրան կրկնեց արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովը, ով հէնց այդ նոյն օրերին Վարշաւայում կայացած «Արեւելեան գործընկերութեան» երկրների ԱԳՆ ղեկավարների նիստին յայտարարեց, որ Բաքուն իրեն իրաւունք է վերապահում բոլոր հնարաւոր միջոցներով վերականգնել տարածքային ամբողջականութիւնը: Ադրբեջանի ղեկավարութեան այս խօսքերում կայ անթաքոյց սպառնալիք՝ հիմնախնդիրը լուծել ուժային ճանապարհով:
Նման յայտարարութիւնները, որոնք, ի դէպ, արւում են ոչ առաջին անգամ, հանդիսանում են հակամարտութեան կարգաւորման միջազգային հիմնարար երեք սկզբունքներից մէկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի ուղղակի խախտում: Հաւասարապէս եւ հակասում են Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնախնդիրը բացառապէս խաղաղ ճանապարհով կարգաւորելու բազմաթիւ կոչերին: Օրերս հրապարակուած ԵԱՀԿ գործունէութեան 2016թ. զեկոյցում ասւում է, որ չնայած լարուածութեան աճին եւ բանակցային գործընթացում սահմանափակ առաջընթացին, կազմակերպութիւնը շարունակում է պնդել, որ անհրաժեշտ է աշխատել հակամարտութեանը խաղաղ եւ տեւական լուծում տալու ուղղութեամբ: Ընդսմին, ընդգծւում է, որ Գերմանիան՝ որպէս ԵԱՀԿում համանախագահող երկիր, անմիջապէս արձագանգել է Լեռնային Ղարաբաղում ապրիլին սկսուած ռազմական գործողութիւններին եւ հրաւիրել Մշտական խորհրդի արտակարգ նիստ:
Նման օպերատիւութիւնը, իհարկէ, գովելի է: Այնուամենայնիւ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ադրբեջանի ռազմատենչ յայտարարութիւնների ու ընդհանրապէս նրա վարքագծի նկատմամբ Մինսկի խմբի արձագանգը ոչ համազօր է: Չէ՞ որ գլխաւորը, այնուամենայնիւ, իրավիճակին օպերատիւ արձագանգելը չէ, այլ այն, որ արձագանգն այդ ամրագրուած լինի յստակ գործողութիւններով՝ ուղղուած նոր պատերազմ թոյլ չտալուն ու արդիւնաւէտ բանակցութիւնների համար պայմանների ստեղծմանը: Ահա եւ ԵԱՀԿ Մշտական խորհրդի յիշատակուած նիստին Գերմանիան՝ որպէս կազմակերպութեան նախագահ, կոչ է արել իրագործել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները: Սակայն նոյնիսկ գրեթէ մէկ տարի անց Մինսկի խմբի համանախագահներին չի յաջողւում հասնել նրան, որ Ադրբեջանը կատարի այդ պայմանաւորուածութիւնները: Այստեղ է նաեւ թաքնուած պատասխանն այն հարցի, թէ ով է իրականում տորպեդահարում (տապալում-Խմբ.) բանակցային գործընթացն ու միջնորդների որոշումները:
Միթէ՞ Բաքուի ռեժիմի կողմից միջազգային իրաւունքը երեսպաշտօրէն վկայակոչելը, հակամատութեան խաղաղ կարգաւորմանը հաւատարիմ լինելու մէջ հաւաստիացումը կարող են ինչ-որ մէկին մոլորութեան մէջ գցել Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականութեան իրական նպատակի վերաբերեալ, որը հանդիսանում է Անկարայի պանթիւրքական քաղաքականութեան բաղկացուցիչ մասը Հարաւային Կովկասում: Պաշտօնական Բաքուի յարձա-կողապաշտ քաղաքականութիւնը, որը լկտիաբար խեղաթիւրում է հակամարտութեան էութիւնը եւ դրա կարգաւորման մեթոդոլոգիան, ինչպէս նաեւ աղաւաղում է միջազգային իրաւունքն ի հաճոյս սեփական շահերի, իր մէջ պարունակում է հակամարտածին ներուժ: Հիմնախնդիրը բաւականին լուրջ է, որպէսզի միջազգային հեղինակաւոր ատեաններն ու նախեւառաջ ՄԱԿը, որը պատասխանատու է աշխարհի անվտանգութեան համար, չբաւարարուեն միայն ընդհանուր, ոչինչ չպարտադրող կոչերով: