ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Ես սպասում եմ… Անհամբեր սպասում եմ այն օրուան, երբ մանկուց ի վեր իմ մէջ ծիլ տուած ատելութիւնը մի օր հրաշքով կը վերանայ, եւ կը կարողանամ այս աշխարհից հնարաւորին չափով մաքուր հեռանալ: Չէ՞ որ, ինչպէս ասում են, ատելութիւնը հէնց կրողին է առաջին հերթին վնասում: Ճիշդ է, ատելութիւնն այդ բաւականաչափ ձեւափոխուել է իմ մէջ, ուղղորդուելով բազմութիւններից դէպի մի պետական ապարատի ժխտողականութիւ-նը…
Դեռ շատ վաղ հասակում հասկացայ, որ եթէ խելօք չմնամ, ինձ կը փախցնեն նրանք ու կը սպանեն: Ինչո՞ւ պիտի սպանէին, ի՞նչ կարող էի արած լինել, որ 3 կամ 4 տարեկան երեխային փախցնէին ու սպանէին: Մամի (տատիկիս մամի էի կանչում մինչեւ նրա կեանքից հեռանալը, չգիտեմ որտեղից էի հնարել այդ բառը), թուրքը մեր հարեւա՞նն է, հարցրեցի հերթական անգամ, երբ ասաց, եթէ հաց չուտես, թուրքերը քեզ կը փախցնեն: Մամին ոչինչ չասաց այդ օրը, հաւանաբար կռահելով, որ սրտիս շատ մօտ էի ընդունել նրա նախազգուշացումը: Աւելի մեծ տարիքում պատմում էր, թէ ինչպէս Մալկարայից գաղթելու ճանապարհին մի փոքրիկ, կիսամեռ վիճակում աղերսել էր, թէ իր մահից յետոյ իրեն հասանելիք մի կտոր հացը իրենց հետ անապատում գտ-նուող մի ընտանիքի չտան, քանի որ նրանք «չար մարդիկ էին»: Այդ փոքրիկը ինչո՞ւ պիտի մահանար: Ինչո՞ւ էին նրան ու ընտանիքին անապատ քշել: Պատկերներն այս ու բազմաթիւ այլ դրուագներ ինձ ու իմ նմանների մէջ կարծրացել, ձեւաւորուել, ու ապրում էին: Դպրոցական տարիներին ուսուցիչներիս ու ընտանիքիս ջանքերով հասկացայ, թէ ովքեր են թուրքերը, որտեղ են ապրում, որտեղից են եկել: Այդ տարիներին ի վիճակի չէի պատկերացնել, թէ թուրքերի հետ մէկտեղ նոյնքան մեղաւոր են եղել քրդերը, գերմանացիներն ու անգլիացիները, ֆրանսիացիք ու այլոք, եւ վերջապէս՝ իրենց քթից այն կողմ չտեսնող հայերը: Գուցէեւ այս վերջինները առաւել մեղաւոր են եղել, քանի որ մատնել են միմեանց, իսկ խելացիները չեն կարողացել կանխազգալ ահագնացող բօթը, որ պիտի աշխարհի երեսից ջնջէր ու տանէր միլիոնաւոր մարդկանց, այդ թւում նաեւ Լեւոն պապիկիս…
Ասում են, Լեւոնի հայրը Թուրքիայում առաջին մեքենավարն է եղել: Երբ ֆրանսիացիները Թուրքիայում կառուցել են առաջին երկաթգիծը, Լեւոն պապիս հայրն է գնացել Փարիզ, սովորել այն ժամանակուայ համար խիստ բարդ այդ մասնագիտութիւնը, ու վերադարձել, վարելով առաջին գնացքը այդ երկրում: Իսկ նրա հայրը նշանաւոր ոսկերիչ է եղել, կարողացել է թրքական ոսկին այնպիսի հմտութեամբ վերարտադրել, որ տարիներ շարունակ չեն կարողացել տարբերակել, թէ որն է իսկականը, իսկ որը՝ կեղծուածը: Երբ նրան ձերբակալել են, կանգնեցնելով դատարանի առաջ, նա կարողացել է մահապատժից խոյս տալ պնդելով, թէ «…ամբողջ Եւրոպան Թուրքիային խաբում է, թող մի հայ էլ փորձի Եւրոպային խաբել»: Նրան բանտարկել են մի քանի տարով, բայց թուրք դատաւորին շատ է դուր եկել պատասխանը, ու նրան ազատ են արձակել: Թուրքիային խաբել են… Է քե՞զ ինչ, Լեւոնի հայր, թող խաբէին որքան որ ուզում էին: Նրա նման քանի քանիսն են Թուրքիայում շէնքեր ու ապարանքներ կառուցել, թատրոն ստեղծել, արուեստի տարբեր բնագաւառներ զարգացրել, արհեստներ ծաղկեցրել: Լաւ, շատ լաւ, եթէ այդտեղ էիր ծնուել, միթէ՞ չէիր տեսնում, որ ապրելու համար այնքան էլ բարենպաստ չէր ընդհանուր իրավիճակը: Իսկ միգուցէ սխալւո՞ւմ եմ, միգուցէ չափազանց բարենպա՞ստ էր, քանի որ մարդիկ ապրում էին, աշխատում, հարստութիւն դիզում, ուրիշի երկիրը ծաղկեցնում: Իսկ ո՞ւր էր մեր երկիրն այն ժամանակ: Մի փոքր ծայրամաս, մեծ արքայութեան հարաւային անկիւնում… Ծայրամասում ապրող հայազգի տէր տիրակալները ինչի՞ մասին էին մտածում, բացի իրենց ստամոքսի, հարստութեան, ու հիւսիսային եղբօր (իմացիր՝ տիրոջ) յետոյքը համբուրելուց: Գուցէ ինձ հաղորդէք, թէ մի լուրջ ընդվզում եղե՞լ է արդեօք ինքնուրոյնութիւնը հաստատելու, որպէսզի յաղթանակից յետոյ աշխարհասփիւռ հայերը վերադառնային իրենց բոյնը, ու ԻՐԵՆՑ երկիրը շէնացնէին, ոչ թէ ուրիշի: Ցեղասպանութիւնը, ճիշդ է, 20րդ դարում բռնկուեց ու հասաւ իր գագաթնակէտին, իսկ դրա նախերգանքը 19րդ դարից էր սկսուել: Ո՞ւր էին խորաթափանց, հեռատես մարդիկ, ովքեր պիտի ծրագրեր կազմէին, որ 20րդ դարի առաջին չարագործութիւնը կանխուէր: Գիտեմ, որ ոմանք հիմա կը մտածեն, թէ որքան հեշտ եմ խօսում, 21րդ դարի իմ համեմատական ապահովութիւնից ետ նայելով, ու մեղադրանքներ շաղելով: Ինչո՞ւ Լեւոն պապիս հայրը չթքեց հէնց այն ժամանակ, 19րդ դարի վերջին, ու չհեռացաւ մի վայրից, որտեղ իր հայրենակիցներին էին կոտորել: Արդիւնքում կորցրեց իր որդուն, երբ նա վերջապէս որոշել էր ընտանիքին հեռացնել Մալկարայից:
Կարծեմ մի ակնարկի ընթացքում նշել եմ, թէ ինչպէս գաղթի ճանապարհին Լեւոն պապը որոշել էր ետ դառնալ, պնդելով, թէ իր ալրաղացը մոռացել էր բանալիով կողպել, ու խոստացել էր, թէ մէկ երկու ժամից կը միանար ընտանիքին: Սպասել էին մէկ երկու օր ճանապարհին, ու շարունակել այն, քանի որ Լեւոն պապը չէր վերադարձել: Տարիներ անց Արաքսի տատիկս տեղեկացել էր, որ իր ամուսնու սպիտակ նժոյգը տեսել էին ամենահաւատարիմ թուրք ծառայի տակ, ով յաղթական շրջել էր Մալկարայի փողոցներով: Լեւոնի դին առանց թաղելու լքել էին մի բլուրի վրայ…
Երբ մարդ են սպանում, ժամանակակից զարգացած երկրներում նրա հարազատներին հոգեբանական երկարատեւ օգնութիւն են ցոյց տալիս սովորաբար: Մի ամբողջ ազգի կէսից աւելին սպանուել է, եւ իրենց հարազատները, նրանց յետնորդները, ոչ մի տեսակի օգնութիւն չեն ստացել, ու յիշողութիւնն այդ ապրում է շատ շատերի մէջ, առանց ապաքինման: Ոչ միայն ապրելով, այն ուրիշ արահետներ է փնտռել արտայայտուելու, այլ ծանր, շատ ծանր հետեւանքներ է թողել, երբեմն շատերի համար անհասկանալի պոռթկումներով: Իսկ չարիքի ուրանալը վառելիք է լցնում առանց այդ էլ անմար կրակի վրայ:
Ես երազում եմ, որ մի օր հրաշքով, թէ յարատեւ կազմակերպուած աշխատանքի, խելքի, տօ թէկուզ հանգամանքների բերումով ոչ թէ աշխարհը, այլ յանցագործ պետութիւնը ստիպուած կը լինի հաշուի նստել, որ պէտք է մեղայ գալ զոհուածների, նրանց սերունդների առաջ: Ինչպէս երեւում է, դրա միակ հնարաւորութիւնը կարող է ապահովել անկախ Հայաստանն ու նրա կառավարութեան ջանքերը: Եւ չեմ կարող չհամաձայնուել ներկայ նախագահ Սարգսեանի այն յայտարարութեան հետ, որ վերջերս կատարեց Ֆրանսիայում, թէ մենք չունենք բնական հարստութիւններ, քարիւղ, եւ այլն, բայց ունենք Սփիւռք, եւ դա է հայերի հզօրութիւնը: Իսկ ինչպէ՞ս է այսօր Հայաստանը օգտագործում Սփիւռքի ներուժը: Վատ, շատ վատ, ու տկար ձեւով: Զբօսաշրջիկութիւնն ու ժամանակ առ ժամանակ կատարուող մեծ կամ փոքր նուիրատուութիւնները Սփիւռքի հնարաւորութեան 10 տոկոսն անգամ չեն օգտագործում: Ի՞նչն է խանգարում, որ համակարգուած ծրագիր իրականացուի: Աւելի ճիշդ, ո՞վ է խանգարում… Խանգարողներին անյապաղ պէտք է հեռացնել հեռու երկրներ, թող զխտկուեն իրենց թալանածը, միայն թէ չխանգարեն արդար ու ժողովրդավարական երկրի կառուցմանը: Քանի որ միայն անարատ, անբիծ հեղինակութեան տէր մարդիկ կարող են հանրայինը վեր դասել րոպէական շահից, ու պահանջատիրութեան հեռատես, համակարգուած, ու խելացի ծրագիր մշակել: Այլապէս, որքան էլ երիտասարդութիւնը Սփիւռքում հայրենասէր լինի, չի կարողանալու նոյն ուժգնութեամբ շարունակել հետեւողական պահանջը, որ վերջապէս պատասխան տրուի Ցեղասպանութեան համար:
Սփիւռքի ներուժը անսպառ չէ. այն ենթակայ է աշխարհաքաղաքացու տեսլականի ազդեցութեան, որի հետեւանքները, յուսով եմ, պատկերացնում էք:
Երբ նոր էի ժամանել Լոս Անջելես, մի շատ յարգարժան իրանահայի հետ ինձ բախտ վիճակուեց հանդիպել: Զրոյցի ընթացքում նա կարծիք յայտնեց, որ մենք ընդամէնը մէկ սերունդ կարող ենք հայ պահել մեզնից յետոյ, օտարութեան մէջ, երկրորդը եթէ հայ մնայ, երջանիկ կը լինենք, երրորդի մասին խօսելն անգամ անիմաստ է, ասաց: Խորթ թուաց ինձ միտքն այդ, քանի որ նոր էի եկել Հայաստանից, ու ընկճուեցի ինչ որ տեղ: Դառը