ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Մի քանի օր առաջ լրացաւ Ադրբեջանի նախաձեռնած ապրիլեան քառօրեայ պատերազմի տարելիցը, որը յանգեցրեց մարդկային մեծաթիւ զոհերի:
Զինուած ուժերի շփման գծի ողջ երկայնքով ծաւալուած մարտական գործողութիւնները զգալիօրէն յետ շպրտեցին ադրբեջանա–ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը, որն առանց այդ էլ չէր առանձնանում արդիւնաւէտ դինամիկայով: Ու եթէ Ռուսաստանը՝ որպէս խաղաղարար գործընթացի մոդերատոր (վարիչ, ուղղիչ-Խմբ.), ակտիւ ջանքեր չգործադրէր մարտերը դադարեցնելու համար, սպառնալիքի տակ կը յայտնուէր ողջ Հարաւային Կովկասի տարածաշրջանի կայունութիւնը: Ինչպէս յայտնի է, Մոսկուայի միջնորդութեամբ ձեռք է բերուել ռազմական գործողութիւնները դադարեցնելու վերաբերեալ համաձայնութիւն, այնուհետեւ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից անց են կացուել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների գագաթնաժողովներ՝ ձեռք բերուած հրադադարը յուսալիօրէն ամրապնդելու նպատակով: Այս ամէնն ամենայն ակնյայտութեամբ մատնանշում է միջազգային միջնորդների շահագրգռուածութիւնը կայունութեան պահպանման ու բանակցութիւնների շարունակման համար պայմաններ ստեղծելու հարցում:
Այս խնդրի հրատապ ու առաջնահերթ լինելու մասին ինքնին խօսում է այն փաստը, որ գործնականում «ապրիլին» յաջորդած ողջ տարուայ ընթացքում ինչպէս Մինսկի խմբի համանախագահները, այնպէս էլ միջազգային հեղինակաւոր կառոյցների ներկայացուցիչները խօսում էին հակամարտութեան գօտում կայունութեան պահպանման անհրաժեշտութեան ու ապրիլեան արիւնալի իրադարձութիւնների կրկնութեան անթոյլատրելիութեան մասին: Ու զարմանալի չէ, որ քառօրեայ պատերազմի տարելիցը միջնորդների համար եւս մի առիթ էր՝ յիշեցնելու նրա դասերի ու լարուածութեան նոր սրացման վտանգաւորութեան մասին: Այսպէս, ԵԱՀԿ գործող նախագահ, Աւստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը ողբերգական տարեթուի նախօրէին հանդէս եկաւ յայտարարութեամբ, որում մէկ տարի առաջ տեղի ունեցած բախումներն անուանեց ամենասարսափելին վերջին երկու տասնամեակների ընթացքում: «Դա այն բանի ապացոյցն է, թէ որքանով է պատերազմը վտանգի ենթարկում խաղաղարար ջանքերը: Ներկայումս կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողութիւններից, որոնք կարող են խախտել հրադադարի ռեժիմը: Բոլոր կողմերը պէտք է կատարեն իրենց պարտաւորութիւնները, խստօրէն հետեւեն միջազգային հումանիտար յանձնառութիւններին: Ոչ մի պարագայում չի կարելի արդարացնել ռազմական յանցագործութիւնները», ասւում է փաստաթղթում:
Չնայած այս յայտարարութեան դիւանագիտական չէզոքութեանը, իրազեկ մարդկանց հասկանալի է՝ ում է առաջին հերթին հասցէագրուած հրադադարի ռեժիմը չխախտելու, ստանձնած պարտաւորութիւնները կատարելու ու ռազմական յանցագործութիւնները չարդարացնելու կոչը: Հասցէատէրը մէկն է՝ Ադրբեջանի իշխող ռեժիմը, որն արդէն աւելի քան 20 տարի անընդմէջ խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը, հրաժարւում է կատարել սեփական միջազգային պարտաւորութիւններն ու հերոսացնում հայ զինծառայողներին գլխատող իր ռազմական յանցագործներին: Պէտք է ասել՝ մօտաւորապէս նոյն ոգով արտայայտուեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ պետութիւնները: Որպէս եզրայանգում՝ թէ՛ ԵԱՀԿ գործող նախագահի, թէ՛ բոլոր միջնորդների կողմից հրամայականօրէն հնչեցուեց այն միտքը, որ ադրբեջանա–ղարաբաղեան հակամարտութիւնը ռազմական լուծում չունի:
Տարօրինակ կը լինէր, եթէ Ադրբեջանը նոյնպէս չարձագանգէր ապրիլեան իրադարձութիւնների տարելիցին: Ինչպէս եւ տարօրինակ կը լինէր, եթէ նրա բարձրագոյն ղեկավարութեան յայտարարութիւնները տարահունչ չլինէին միջազգային միջնորդների յայտարարութիւնների ընդհանուր տոնայնութեան հետ, ովքեր կոչ էին անում հիմնախնդիրը լուծել բացառապէս խաղաղ ճանապարհով: Նախագահ Ալիեւի սնապարծ յայտարարութիւններին ծանօթանալն անմիջապէս արթնացրեց Կռիլովի յայտնի առակի Վասկա կատուի հետ կապուած յիշողութիւնը, որտեղ բեղաւոր հերոսը «լսում է ու շարունակում ուտել»: Մի խումբ զինծառայողների հետ հանդիպմանը Ալիեւը յայտարարեց, որ ապրիլեան մարտերի ժամանակ Ադրբեջանը ցուցադրեց իր ռազմական ներուժի մի փոքր մասը միայն. «Հակառակ դէպքում քարը քարի վրայ չէր մնայ»: Եւ ընդգծեց, որ այդ մարտերը… պէտք է ներառուեն ռազմական դասագրքերի մէջ: Ոչ աւել, ոչ պակաս: Մի խօսքով, ինչպէս եւ նախկինում՝ սուր է ճօճում, սպառնում նոր պատերազմով: Թւում է՝ բոլորովին մոռացել է, որ այն ժամանակ, ճակատում չհասնելով ցանկալի արդիւնքի ու վախենալով ԼՂՀ պաշտպանութեան բանակի հակահարուածի արդիւնքում ջախջախումից, դիմել է ռուսական կողմին՝ հրադադար հաստատելու հարցում օգնելու խնդրանքով: Տեղին է խօսել այն մասին, որ Ալիեւի ե՛ւ խելքն է կարճ, ե՛ւ յիշողութիւնը:
Բազմիցս ենք նշել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան այդպիսի ճչացող մեծամտութիւնը նաեւ միջազգային միջնորդների անվճռական գործողութիւնների արդիւնք է: Ցինիզմը նրանում է, որ նման ռազմաշունչ յայտարարութիւններ Ալիեւն իրեն թոյլ տուեց նոյն այն օրը, երբ ԵԱՀԿ գործող նախագահը դիմել էր հակամարտութեան կողմերին խաղաղութեան կոչով: Էլ ի՞նչ է սա, եթէ ոչ՝ ապտակ: Սակայն, որպէսզի այդ խաղաղութիւնն իրականութիւն դառնայ, միջնորդները, նախեւառաջ, պէտք է հասնեն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերուած համաձայնութիւնների իրաւաբանական ամրագրմանը, ինչի մասին դեռեւս անցեալ տարի խօսել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի՝ Համբուրգում անցած 23րդ նստաշրջանին: Ի դէպ, այս միտքն իր յայտարարութեան մէջ արտայայտել է նաեւ ԵԱՀԿ ղեկավար Սեբաստիան Կուրցը, ով նշել է, թէ «ԵԱՀԿ նախագահութիւնը պատրաստ է իր ներդրումն ունենալ վիեննեան եւ սանկտպետերբուրգեան հանդիպումների ժամանակ կողմերի ձեռք բերած համաձայնութիւնների կատարման հարցում», որոնք, ինչպէս յայտնի է, նախատեսում են հակամարտող կողմերի շփման գծում մշտադիտարկման համակարգի ներդրում եւ միջազգային միջնորդների քանակի ընդլայնում: Կարծում ենք, «Վիեննա»ի ու «Սանկտ Պետերբուրգ»ի կենսագործումը միջնորդների արժանի պատասխանը կը դառնար ադրբեջանական ապտակին: