ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Image may be NSFW.
Clik here to view.Մէկ տարի առաջ՝ Ապրիլի 5ին, Մոսկուայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետերը պայմանաւորուեցին դադարեցնել Ապրիլի 2ից արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ծաւալուող ռազմական գործողութիւնները: Դրանք պատմութեան մէջ մտան որպէս ապրիլեան քառօրեայ պատերազմ:
Ցածր սաստկութեամբ ռազմական գործողութիւնները շարունակուեցին մինչեւ Ապրիլի 28ը: Այդ մարտերում հայկական կողմը 100ից աւելի զոհ ունեցաւ՝ ինչպէս խաղաղ բնակչութեան, այնպէս էլ ԶՈՒ շարքերում: Հակառակորդի վերահսկողութեանն անցան Արցախի պաշտպանական գծի հիւսիս-արեւելեան եւ հարաւային ուղղութեամբ երկու ազդեցիկ յենակէտեր, այդ հատուածներում ադրբեջանական կողմը մի քանի հարիւր մետրօվ առաջխաղացում ունեցաւ:
Այդ դրամատիկ, բայց նաեւ հերոսական դրուագներով իրադարձութիւններին մէկամեայ հեռաւորութիւնից սթափ հայեացք նետելով՝ կարելի է վստահ ասել, որ թէեւ 1994թ. հրադադարի հաստատումից ի վեր սա ամենավտանգաւոր սրացումն էր, բայց դասական իմաստով այն պատերազմ չէր: Իրականում քառօրեայ այդ մարտերով հայկական բանակի զինուորներն ու սպաները, յետոյ՝ նաեւ կամաւորականները, սխրանքի, անանձնական նուիրման եւ ինքնազոհողութեան աներեւակայելի օրինակներ ցոյց տալով, կանխեցին հայկական պաշտպանական առաջնագիծը ճեղքելու եւ հիմնական հարուածային ուժերի ներխուժումն ապահովելու գոր-ծոութիւնը: Քառօրեայ մարտերը կարճաժամկէտ կտրուածքով կանխեցին վերահաս լայնամասշտաբ պատերազմը, տապալեցին բանակցային գործընթացում բէկում մտցնելու եւ լուծում պարտադրելու լծակ ստանալու՝ Բաքուի պլանները: Այս տեսանկիւնից, չնայած ցաւալի զոհերին, տարածքային կորուստներին, «քառօրեայ պատերազմը» հայկական կողմի համար մեծ չափով յաղթական էր:
Ադրբեջանի ունեցած միակ շօշափելի առաւելութիւնը հոգեբանական էր. մի քանի հարիւր մետր առաջխաղացումը բարձրացրեց հասարակութեան՝ դեռեւս Արցախեան պատերազմից ընկճուած մարտական ոգին եւ ինչ-որ առումով դարձաւ անտրամաբանական մեծ կորուստներն արդարացնելու միջոց: Մինչդեռ քառօրեայ պատերազմը հայկական կողմի համար լուծեց մի քանի մարտավարական խնդիրներ.
- Հակառակորդի մօտ ջարդեց հայկական բանակի անմարտունակութեան, բարոյալքուածութեան մասին կարծրատիպը, ինչպէս նաեւ ձեւաւորուած խոր համոզմունքը, թէ սպառազինութեան հաշուին ունակ է մէկ հարուածով ծնկի բերել հայկական կողմին: Ադրբեջանի իշխանութիւնները եւ հասարակութիւնը հասկացան, թէ ինչ է արժենալու նոր պատերազմի սանձազերծումը:
- Ձախողուած այդ յարձակումը թոյլ տուեց բացայայտել եւ չէզոքացնել առաջնագծում ու պաշպանութեան ամբողջ համակարգում եղած թոյլ օղակները, հասկանալ հակառակորդի մարտավարական առանձնայատկութիւնները:
- Ադրբեջանը կորցրեց, այսպէս կոչուած, «անակնկալի էֆեկտը»: Այդ մեթոդն այլեւս չի աշխատելու: Դրանում Ադրբեջանը թերեւս լիովին համոզուեց այս տարուայ Փետրուարի 25ին արցախեան ճակատում երկու ուղղութիւններով իրականացրած ներթափանցման անյաջող եւ իր համար մարդկային մեծ կորուստների յանգեցրած փորձերից յետոյ:
- Դրդեց հայկական կողմին վերջապէս քայլեր ձեռնարկել ռազմական տեխնոլոգիական արդիւնաբերութեան ստեղծման, ներքին ռեսուրսների զօրաշարժի են-թարկման փիլիսոփայութեան վրայ խարսխուած «ազգ-բանակ» կոնցեպցիան (գաղափարը-Խմբ.) գործարկելու ուղղութեամբ: Մուլտիպլիկատիւ (բազմապատկող-Խմբ.) էֆեկտով այն կարող է ազդել բոլոր կենսական ոլորտների զարգացման վրայ:
- Հասարակութեանը, յատկապէս՝ լրատուադաշտին սովորեցրեց՝ ինչ է հիբրիդային (խառնածին-Խմբ.) պատերազմը, բարձրացրեց զգօնութիւնը՝ (հակառակորդի տեղեկատուական մանիպուլեացիոն (ձեռնավարական-Խմբ.) թակարդներում չյայտնուելու առումով, սովորեցրեց ռազմաճակատային լրատուութեան հետ աշխատելու նրբութիւնները: Բանակի բաց տեղեկատուական քաղաքականութեան պայմաններում սա կարեւոր ձեռքբերում է՝ ոչ միայն տեղեկատուական անվտանգութեան, այլեւ տեղեկատուական «յարձակման» առումով: Այդ պատերազմից յետոյ բանակը հասարակութիւնից էլ աւելի կտրելու՝ Ադրբեջանի քաղաքականութեան պատճառով հայկական ԶԼՄներն ու պաշտօնական աղբիւրներն ադրբեջանցիների համար ենթագիտակցօրէն դառնում են աւելի արժանահաւատ, քան սեփական պետութեան, պաշտպանական գերատեսչութեան տեղեկատուական պրոդուկտը (արտադրանքը-Խմբ.): Իսկ դա Ադրբեջանի հասարակական տրամադրութիւններն աւելի կառավարելի դարձնելու միջոց է:
- Ադրբեջանը մեծ հաշուով կորցրեց ԼՂ կարգաւորման գործընթացում պատերազմի շանտաժային խաղաքարտն օգտագործելու հեռանկարը: Չնայած ներկայիս փորձերին՝ այն այլեւս ո՛չ հայկական կողմի եւ ոչ էլ միջնորդ երկրների վրայ չի ազդում: Ադրբեջանն ապացուցեց, որ արցախեան հարցը ռազմական ճանապարհով լուծելն իր համար նոյնքան բարդ է, եթէ՝ ոչ աւելի, քան բանակցութիւններով: Ապրիլեան ձախողման պատճառով Բաքուն պատերազմական շանտաժի (սպառմալիքի-Խմբ.) կիրառման առումով կորցրեց այնպիսի կարեւոր դաշնակցի, ինչպիսին Ռուսաստանն է: Նոր յարձակում, որն այս անգամ իսկապէս կարող է մեծամասշտաբ պատերազմի յանգել, Մոսկուան թոյլ տալ չի ցանկանում:
- Այդ «պատերազմով», յատկապէս՝ դրա ընթացքում խաղաղ բնակիչների, գերեվարուած հայ զինծառայողների նկատմամբ իրականացրած գազանային յանցագործութիւններով Ադրբեջանը հասաւ նրան, որ ամրապնդեց միջազգային հանրութեան համոզմունքն Արցախն Ադրբեջանի ենթակայութեանը վերադարձնելու անթոյլատրելութեան հարցում:
- Ամրապնդեց հայկական կողմի բանակցային դիրքերը: Արդէն 2016թ. Մայիսից ակնյայտ դարձաւ, որ հայկական կողմը փաստացի հրաժարւում է դրանց շուրջ բանակցութիւններից՝ դնելով հրադադարի լիակատար վերականգնման նախապայմանը: Ադրբեջանն ի վիճակի չէ դա կատարել, որովհետեւ դրանով էլ աւելի կ՛ամրապնդի առկայ ստատուս քուոն: Արդիւնքում՝ գործընթացը մտել է կատարեալ փակուղի, որի պատասխանատուն է համարւում Բաքուն՝ հէնց ապրիլեան յարձակման արկածախնդրութեան պատճառով: Ստեղծուել է մի վիճակ, երբ Ադրբեջանը ոչ պատերազմ սկսելու «թոյլտուութիւն» է կարողանում ստանալ, ոչ էլ՝ արդիւնքի հասնել բանակցութիւններով:
Չնայած այս ամէնին՝ «ապրիլեան պատերազմ»ը, որն աւելի ճիշդ կը լինի անուանել ապրիլեան քառօրեայ հերոսամարտ, երկարաժամկէտ հեռանկարում չի կանխել հնարաւոր մասշտաբային նոր պատերազմը: Դրա հաւանականութիւնը հիմա նոյնքան մեծ է, որքան անցած տարուայ Ապրիլի 6ին: Բայց այդ հերոսամարտը լուծեց ամենակարեւորը՝ ցոյց տուեց, որ այս երկրում ապրող մարդը կարող է չլինել լաւ քաղաքացի, թերանալ լաւ պետութիւն կառուցելու գործում, բայց ամբողջ էութեամբ հայրենապաշտ է եւ հայրենապաշտպան: Ապրիլեան հերոսամարտն իրականում հայ հասարակութեանը հանեց ապրիլեան պատերազմի յաղթանակների դափնիների վրայ լեթարգիական քնի վիճակից: