Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

«Մենք Մեզ Ծառայել Չգիտենք»

$
0
0

 

ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ

 

scan0014Հայը միշտ փայլել է իր քաջութեամբ, ազնուութեամբ, աշխատասիրութեամբ եւ խելքով, ինչպէս նաեւ օտարին օգտակար հանդիսանալու եւ իր անձը զոհելու պատրաստակամութեամբ: Իհարկէ, դրանից օգտուել են նաեւ ուրիշները: Պատմական զանազան  աղբիւրներ հաստատում են, որ հնում, արտերկրի տարբեր օջախներում հաստատուած հայերը ճանաչուած են եղել վաճառականութեան եւ առեւտրի ասպարէզում ունեցած իրենց փայլուն  կարողութիւններով, որոնք ի սպաս դնելով օտարին, կատարել են քաղաքակրթութեան միջնորդի դեր: Հայերը ճանաչուած են եղել, որպէս քաջ, խելացի, աշխատասէր, ժուժկալ կերպով ապրող եւ ստեղծագործ մտքի տէր մարդիկ, ովքեր յաճախ, իրենց արժանիքները ծառայեցրել են օտարի շահերին: Այս առումով, հետաքրքրական են  Բ. Ուլուբաբեանի պատմական ուսումնասիրութիւններից մէկում յայտնուած հետեւեալ տողերը, ուր հեղինակը մէջբերում է կատարել  ժամանակի յայտնի ճանապարհորդ Տուրնֆորի մտքերից. «Հայերը ճանաչուած են եղել որպէս աշխարհի ամենաջանասէր ժողովուրդներից մէկը, որի բարձր արժանիքները հիմք դարձան նրա տիրապետողների տնտեսական ու քաղաքական զարգացման համար»: Նշուած է նաեւ պատմական այն փաստը, որ իր ժամանակին պարսից Շահ Աբաս արքան խելացիօրէն  օգտուելով հայերի արժանիքներից, կարողացել է հարստացնել իր պետութեան գանձարանը:

Ի հաստատումն վերոնշեալ հատ-ուածի բովանդակութեան, կարեւոր ենք համարում վկայակոչել մեր մեծագոյն պատմավիպասանի՝ Րաֆֆիի հանրայայտ «Դաւիթ Բէկ» վէպից մի հատուած, ուր Դաւիթ Բէկի ընկեր Ստեփանոս Շահումեանը հետեւեալ նամակով յորդորում է նրան՝ թողնել վրաց արքունիքը եւ վերադառնալ Հայաստան, առաջնորդելու համար հայոց ազատագրական պայքարը. նա գրում է. «Արեւելքից հեղեղի նման եկած բոլոր բարբարոսութիւնների արշաւանքները թափել են իրանց անգթութիւնը Հայաստանի վրայ եւ անցել: Բայց հայը, միամիտ հայը, միշտ մնացել է հաւատարիմ, միշտ անձնուէր եւ միշտ զոհաբերուող դէպի օտարը: Նա թողել է իր տան գործը, մոռացել է իր ցաւերը եւ օտարի տան հոգսն է  հոգացել: Նա թողել է իր երկրի աւերակները եւ օտարի համար պալատներ է կանգնել: Նա մոռացել է իր խորտակուած գահն ու գաւազանը եւ օտարի դրօշի փառքն է բարձրացրել: Մի՞թէ այդ բոլորը դու չտեսար մեր պատմութեան մէջ. ահա դրանումն է մեր գլխաւոր հիւանդութիւնը: Մենք մեզ ծառայել չգիտենք»:

Աւելի քան տեղին եւ ճշմարտացի  են հնչում այս տողերը: Երբեմն պէտք է վերստին անդրադառնալ մեր անցեալին եւ օգտուել անցեալի դասերից: Այո, ինչպէս ասուած է՝ մենք մեզ ծառայել չգիտենք: Անկախութեան քսանվեց տարիների ընթացքին փոշիացան հանքային եւ բնական պաշարները, մեր բարոյական արժեքները, անկում ապրեց մեր մշակոյթը:

Աշխարհատարած հայկական համայնքներում զգալի է ներկայութիւնը հռչակ եւ հարստութիւն ձեռք բերած հայ անհատների, որոնք եթէ հայրենիքում լինէին, եւ իրենց նիւթական պաշարները, գիտական միտքն ու փորձառութիւնը խելացիօրէն ներդնէին հայրենի տնտեսութեան  վերականգնման գործում, ապա այսօր կ՛ունենայինք  բարգաւաճ եւ հզօր երկիր: Հզօր, նախ եւ առաջ իր զարգացած տնտեսութեամբ, որպէս միակ երաշխիքը պետականութեան հզօրացման:

Լիայոյս ենք, որ Հայաստանի Հանրապետութեան նորակազմ կառավարութեան ղեկավարները իրենց օրակարգի կիզակէտը կը դարձնեն ամենակարեւորը՝ Հայաստանի եւ Սփիռքի ողջ ներուժի համատեղ ջանքերով ստեղծել տնտեսութեան զարգացման համապարփակ ծրագիր եւ երկիրը դուրս հանել այս անել վիճակից:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles