ՍՕՆԱ ՔՈՉԱՐԵԱՆ
«Ասպարէզ».- Վերջերս աշխատանքային այցով հիւրաբար մեր մօտ կը գտնուէր Վրաստանի Հանրային կապերու ինստիտուտի Լրագրային բաժինի ուսանողուհի Սօնա Քոչարեան, որուն
կատարած թղթակցութիւնը կը ներկայացնենք ստորեւ.
«Մօտ 50 տարի առաջ մտադրուեցի ամէնօրեայ հայկական դպրոց հիմնադրել: Այդ ժամանակ պետական դպրոցի ուսուցիչ էի, երբ մի օր հասկացայ, որ օտար երեխաներին դասաւանդելու փոխարէն կ՛ուզենայի ամէն առաւօտ հայկական դպրոց մտնել: Շատերը թերահաւատօրէն էին մօտենում իմ այդ գաղափարին, բայց ես յամառ գտնուեցի», յիշում է Գաբրիել Ինջեջիկեանը՝ Միացեալ Նահանգներում առաջին հայկական կրթօջախի հիմնադիրը:
Մի քանի տարուայ նախապատրաստական աշխատանքներից յետոյ, 1964 թուականի Սեպտեմբերի 14ին, 12 աշակերտներով բացուեց Լոս Անջելեսի Ֆերահեան վարժարանը: Առաջին ուսումնական տարուայ աւարտին դպրոցը 48 աշակերտ ունէր, իսկ մի քանի տարուայ ընթացքում նրանց թիւը հասաւ 4-5 հարիւրի: Հիմա դպրոցը մօտ 600 աշակերտ ունի:
Այսօր Լոս Անջելեսում գործում են մէկ տասնեակից աւելի հայկական մասնաւոր դպրոցներ: Ինջեջիկեանը ցաւով նշում է, որ վերջին 20 տարիների ընթացքում այստեղ ընդամէնը մէկ հայկական դպրոց է աւելացել, փոխարէնը՝ մի քանիսը փակուել են:
«Երբ տեսայ, որ հայկական դպրոցներում ուսման վճարները գնալով բարձրանում են, իսկ աշակերտների թիւը՝ պակասում, մէկ այլ միտք ծնուեց. հիմնադրել պայմանագրեալ («չարթերային») դպրոց, որտեղ երեխաները հայերէն կը սովորեն: 1990 թուականին թողեցի աշխատանքս Ֆերահեան վարժարանում, շուրջս համախմբեցի ինձ գաղափարակից մի խումբ մարդկանց եւ միասին սկսեցինք աշխատանքներ տանել նման դպրոց բացելու ուղղութեամբ: Մի քանի տարի անց դիմում գրեցինք ու մեզ յաջողուեց արտօնագիր ստանալ», պատմում է Ինջեջիկեանը:
Յիշում է, որ սկզբնական շրջանում ամէնամեծ դժուարութիւնը աշակերտներ հաւաքելն էր: Այդ նպատակով շատ յայտարարութիւններ են տուել, հանդէս են եկել հայկական հեռուստատեսութեամբ: Ի վերջոյ, սրանից երեք տարի առաջ նրանց ջանքերով Լոս Անջելեսում բացուեց «Արարատ»ը՝ առաջին պայմանագրեալ դպրոցը, որտեղ ուսուցանւում է հայերէնը: Սկզբում դպրոցը միայն մէկ մասնաշէնք ունէր, եւ այնտեղ երեխաները կարող էին ուսում ստանալ մինչեւ երրորդ դասարան: Հիմա արդէն «Արարատ»ն ունի նաեւ երկրորդ մասնաշէնքը: Այս երեք տարիների ընթացքում դասարանների թիւն աւելացուել է, եւ այժմ դպրոցն աշակերտներին ուսուցում է մինչեւ հինգերորդ դասարան:
Վահէ Բուջեկեանը, ով առաջին տարին է, ինչ ստանձնել է «Արարատ» դպրոցի տնօրէնի պարտականութիւնները, նշում է, որ ապագայ ծրագրերից ամենաառաջնայինը դպրոցում վեցերորդ դասարան աւելացնելն է:
«Այս պահին աշակերտների թիւը մօտ 310 է, թէեւ մեր դպրոցը կարող է 350 աշակերտ ունենալ: Դպրոցը մեծ պահանջարկ ունի, սակայն ոչ բաւարար տարածք ունենալու պատճառով աշակերտների թիւը պակաս է: Միւս տարի երկրորդ մասնաշէնքում երկու նոր դասարան է բացուելու, եւ արդէն կը կարողանանք 350 աշակերտի տեղաւորել», խոստանում է Բուջեկեանը:
Դպրոցում հայերէնն ուսուցանւում է շաբաթական երեք ժամ: Եւս մէկ ժամ աշակերտներն ուսումնասիրում են իսպաներէն լեզուն: Այդ պատճառով էլ դպրոցում, թէեւ ոչ շատ, բայց կան նաեւ օտարազգի աշակերտներ:
Դպրոցում հանդիպեցի եւ զրուցեցի թէ՛ հայ, թէ՛ օտարազգի ծնողների հետ: Գոհ են նախ եւ առաջ դպրոցի ապահոված կրթութեան մակարդակից: Ուրախ են, որ անվճար հիմունքներով կարող են իրենց երեխաներին հայկական կրթութեամբ ապահովել: Որպէս առաւելութիւն նշում են նաեւ այն հանգամանքը, որ դպրոցը փոքր է, դասարաններում աշակերտների թիւը նոյնպէս շատ չէ, հետեւաբար ուսուցիչները իւրաքանչիւր երեխայի անհատական մօտեցում են ցուցաբերում: Ինչպէս նշում են ծնողներից մի քանիսը՝ «Դպրոցում ընտանեկան մթնոլորտ է տիրում»:
Անվճար կրթութիւն ապահովելուց բացի դպրոցը մասնաւոր հայկական դպրոցների համեմատ ունի եւս մէկ առաւելութիւն. այստեղ կարելի է ընտրութիւն կատարել՝ սովորել արեւելահայերէն, թէ արեւմտահայերէն: Դպրոցի աշակերտների եւ նրանց ընտանիքների մեծ մասը նախընտրում են արեւելահայերէնը, բայց կան նաեւ արեւմտահայերէն սովորող աշակերտներ: Երեխաները հիմնականում գերադասում են սովորել այն լեզուն, որով խօսում են իրենց ընտանիքներում:
«Արարատ» դպրոցի տնօրէնի կարծիքով հայ երեխայի դաստիարակութեան հարցում մասնաւոր դպրոցների առաւելութիւնն այն է, որ այնտեղ հայերէնի դասաժամերն աւելի շատ են՝ շաբաթը հինգ օր: Մէկ այլ առաւելութիւն է
համարում այն, որ մասնաւոր դպրոցների դասացուցակներում ներառուած են կրօնի եւ հայ ժողովրդի պատմութեան դասեր: Պատճառն այն է, որ մասնաւոր դպրոցներն աւելի ազատ են իրենց դասացուցակները կազմելիս, մինչդեռ պայմանագրեալ դպրոցները պարտաւոր են իրենց դասացուցակները համապատասխանեցնել Լոս Անջելեսի միացեալ դպրոցների շրջանի (LAUSD) կողմից սահմանուած որոշակի չափորոշիչներին: Վերը նշուած պատճառներից դատելով՝ Բուջեկեանը համոզուած է, որ մասնաւոր հայկական դպրոցները միշտ էլ պահանջարկ կ՛ունենան:
Մերտինեան հայ աւետարանական դպրոցի տնօրէն Լինա Արսլանեանը նոյնպէս կարեւորում է իր խօսքով «հայ երեխայի քրիստոնէական եւ հայեցի դաստիարակութիւնը»: Պատմում է, որ իրենց մօտ իւրաքանչիւր աշակերտի օր աղօթքով է սկսւում: Նոյնչափ կարեւորում է իրենց դպրոցում հայոց լեզուի ամուր հիմքերը:
«Երբ աշակերտները մեր դպրոց են ընդունւում, առաջին անձը, ում հետ ամուր կապ է հաստատւում, հէնց հայերէնի ուսուցչուհին է: Ու քանի որ մեր դպրոցը ութամեայ է, յետագայում՝ աւագ դպրոց փոխադրուելիս, մեր աշակերտների հայերէնի պաշարն այնքան մեծ է, որ որեւէ դժուարութեան չեն հանդիպում», ասում է Արսլանեանը:
Երկրորդ տարին է, ինչ նա ստանձնել է դպրոցի տնօրէնի պաշտօնը: Սակայն մինչ այդ էլ շուրջ 15 տարի աշխատել է նոյն դպրոցում: Յիշում է, որ այն տարիների համեմատ իրենց դպրոցում էլ, ինչպէս միւս հայկական դպրոցներում, աշակերտների թիւը պակասել է: Համոզուած է, որ պատճառը մէկն է՝ ֆինանսական խնդիրները:
«Ծնողները չեն ուզում իրենց երեխաներին հանել հայկական դպրոցներից, բայց երբեմն ստիպուած են լինում», ասում է նա:
Թէեւ դպրոցի հոգաբարձութիւնը փորձում է աջակցել՝ երկրորդ կամ երրորդ երեխայի դէպքում զեղչեր տրամադրելով, բայց որոշ դէպքերում դա էլ բաւարար չէ: Մերտինեան դպրոցում ուսման վճարը իւրաքանչիւր երեխայի համար տարեկան 6200 դոլար է, որը բաժանւում է 10 ամիսների միջեւ: Եւս 600 դոլար է պահանջւում գրանցման եւ 100 դոլար դպրոցի հրատարակութիւնների համար: Դասագրքերը դպրոցն աշակերտներին անվճար է տրամադրում: Արսլանեանը նշում է, որ որոշ հայկական դպրոցներում ուսման վարձն աւելի բարձր է:
Մերտինեան դպրոցի տնօրէնը ողջունում է պայմանագրեալ դպրոցների բացման գաղափարը եւ ցաւով խոստովանում, որ իրենց դպրոցից էլ մի քանի աշակերտներ «Արարատ» դպրոց են տեղափոխուել: Ամէնաառաջնային պատճառներից մէկն այն է, որ երկու դպրոցներն էլ գտնւում են նոյն շրջանում՝ Վեն Նայսում:
Մերտինեան դպրոցում 3րդ դասարանից բարձր աշակերտների համար ընդունելութիւնն անցկացւում է քննութեան միջոցով: «Արարատ» դպրոցում ընդունելութիւնը տեղի է ունենում վիճակահանութեամբ: Շատերն են դիմում, սակայն դպրոց են ընդունւում առաւել յաջողակները:
Լոս Անջելեսում հայ երեխաների կրթութեան այլընտրանք են Շաբաթօրեայ եւ Կիրակնօրեայ դպրոցները:
Հեղինէ Դեմիրճեանը երեք երեխայ ունի՝ երկու տղայ, մէկ աղջիկ: Երեքն էլ սովորել են հանրային ամերիկեան դպրոցում եւ միաժամանակ շաբաթօրեայ հայկական դպրոց են յաճախել: Տղաները վաղուց են աւարտել, իսկ աղջիկը՝ իննամեայ Լիլիթը չորրորդ դասարան է: Շաբաթօրեայ եւ կիրակնօրեայ դպրոցներում վճարները մատչելի են: Հեղինէն ամսական 30 դոլար է վճարում իր երեխայի կրթութեան համար: Նա պատմում է, որ Լիլիթին հայկական շաբաթօրեայ դպրոց տարաւ երկու տարի առաջ: Սկզբնական շրջանում հայոց լեզուն սովորելու դժուարութիւնների պատճառով աղջիկը մի քանի անգամ փորձել է հրաժարուել հայկական դպրոցից, բայց մայրը թոյլ չի տուել:
«Հիմա արդէն գրել ու կարդալ գիտի: Դեռ շատ վարժ չի, բայց ես էլ չեմ շտապում: Թող դանդաղ սովորի», ասում է Հեղինէն: Նա կարեւորում է, որ շաբաթօրեայ դպրոցում երեխային չեն ծանրաբեռնում, դասերը երեք ժամ են տեւում:
Լոս Անջելեսում կան թէ արեւելահայերէն, թէ արեւմտահայերէն սովորեցնող շաբաթօրեայ եւ կիրակնօրեայ հայկական դպրոցներ: Հեղինէն իր երեխաների համար ընտրել է արեւելահայերէնը: Այդ լեզուով են խօսում նաեւ տանը:
Այդուհանդերձ, կնոջը դուր չի գալիս, երբ երեխաները տանից դուրս՝ ընկերների հետ հաղորդակցւում են անգլերէնով: Երբեմն նկատողութիւն է անում, բայց դա լուծում չէ:
Նոյն մտահոգութիւնն ունի նաեւ «Արարատ» դպրոցի հիմնադիր Գաբրիէլ Ինջեջիկեանը: Ասում է, որ դասերից յետոյ կամ զբօսանքների ժամանակ երեխաները անգլերէն են խօսում: Բայց նրա խօսքով, իրավիճակը նոյնն է նաեւ մասնաւոր դպրոցներում: Ամէն դէպքում փորձում են երեխաներին հնարաւորինս հայ դաստիարակել: Ինջեջիկեանի եւ «Արարատ» դպրոցի աշխատակազմի յաջորդ նպատակը մէկ այլ պայմանագրեալ դպրոցի ստեղծումն է: Այս մտադրութեան շօշափելի արդիւնքների մասին խօսել հնարաւոր կը լինի 2-3 տարի անց: