ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Հայաստանի պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը պաշտօնական այցով նախորդ մի քանի օրերին գտնւում էր Իրանում, որտեղ նրան ընդունեցին բաւական բարձր մակարդակով: Նախկինում Իրանի հետ նմանատիպ փոխայցեր եղել են, սակայն այս այցը տարբերւում է մի քանի առումով:
Նախ՝ Ռուսաստանից, Յունաստանից եւ Վրաստանից յետոյ այցելելով Իրան՝ Սարգսեանը գծում է «ռազմաքաղաքական այն քարտէզը», որը ոչ միայն Երեւանն ընդունում է որպէս բարեկամական, այլեւ՝ որին առանցքային դեր է վերապահում իր պաշտպանունակութեան բարձրացման, այդ ոլորտում արտաքին համագործակցութեան եւ յատկապէս՝ տարածաշրջանային անվտանգութեան ապահովման առումով: Բարձր մակարդակի ընդունելութիւնը, որին արժանանում է Հայաստանի պաշտպանութեան նախարարը քարտէզն ընդգրկող երկրներում, վկայում է, որ Երեւանի այդ ուղերձն ընկալւում է:
Երկրորդ՝ այս այցը տեղի է ունենում, ըստ էութեան, մի կողմից անցած Դեկտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած այցի, միւս կողմից՝ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուի՝ Ադրբեջան կատարած այցի ֆօնին: Երեւանը եւ Թեհրանը նաեւ պաշտպանական ոլորտում մերձեցումն ընկալում են որպէս Նեթանեահուի այցի եւ փաստացի Բաքու-Թել Աւիւ ռազմաքաղաքական տանդեմի (լծակից զոյգի-Խմբ.) ձեւաւորման փորձի հակադարձում:
Թեհրանը նախկինում երբեք ռազմական ոլորտում Հայաստանի հետ գործակցելու՝ առանձնապէս ընդգծուած ձգտումներ չի ցուցաբերել: Դա պայմանաւորուած է եղել Ադրբեջանի հետ յարաբերութիւններին չվնասելու ցանկութեամբ: Նեթանեահուի այցով խախտուեց այդ մօտեցման հիմքը: Յատկապէս՝ հեռահար խոցման հրթիռային, հակաօդային պաշտպանութեան համակարգերով, հետախուզական նշանակութեան անօդաչու թռչող սարքերով Ադրբեջանին սպառազինելը Թեհրանն ընկալում է որպէս Իսրայէլի կողմից իր թիկունքում հարուածային ռեսուրսներ կենտրոնացնելու ռազմավարական քայլ:
Նոյն կերպ՝ Երեւանն այդ տանդեմը դիտարկում է որպէս Իսրայէլի կողմից տարածաշրջանում ռազմական հաւաարակշռութիւնն Ադրբեջանի օգտին փոխելու նախաձեռնութիւն, որի առաջնային թիրախը Հայաստանն է: Այդ սպառնալիքները ստիպում են Երեւանին եւ Թեհրանին՝ մտածել ջանքերը համատեղելու եւ հակակշռման մեխանիզմներ մշակելու ուղղութեամբ: Հէնց այս համատեքստում կարելի է ընկալել Իրանի պաշտպանութեան եւ զինուած ուժերի աջակցման նախարար Հոսէյն Դեհղանիի՝ ԼՂ հիմնահարցի կապակցութեամբ արած այն յայտարարութիւնը, որ հակամարտութիւնը չի կարող ռազմական լուծում ունենալ, եւ որ Թեհնրանն ամէն ինչ կ՛անի դրա համար:
Սա ուշագրաւ յայտարարութիւն է: Մինչեւ հիմա Իրանը չի թաքցրել, որ ԼՂ հարցում պաշտպանում է Ադրբեջանի տեսակէտը: Թեհրանը դա գործնականում հաստատել է հրապարակային յայտարարութիւններով, Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան շրջանակում մի քանի անգամ ԼՂ հիմնահարցին վերաբերող՝ Ադրբեջանի հեղինակած յայտարարութիւնները ստորագրելով: Այս իմաստով ռազմական գործողութիւնների բացառման եւ դրա համար ամէն ինչ անելու՝ Դեհղանիի յայտարարութիւնը պէտք է ընկալել որպէս դիրքորոշման մասնակի վերանայման ցուցադրական դրսեւորում:
Որ Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցութիւնը խորացնելը Իրանի համար ոչ թէ նեղ ոլորտային ընդգրկում ունի, այլ տարածաշրջանային ռազմաքաղաքական կոնկրետ (յստակ-Խմբ.) նպատակներ է հետապնդում, վկայում է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ æաւադ Զարիֆի եւ Ազգային անվտանգութեան խորհրդի գլխաւոր քարտուղար Ալի Շամխանիի՝ Վիգէն Սարգսեանին ընդունելու եւ նրա հետ տարածաշրջանային անվտանգութեանն առնչուող հարցեր քննարկելու իրողութիւնը:
Երրորդ՝ իհարկէ, այս գործակցութիւնն առայժմ խիստ սաղմնային կարելի է համարել: Սարգսեանի հետ բանակցութիւններից յետոյ համատեղ ասուլիսի ընթացքում Իրանի պաշտպանութեան նախարարն ակնարկել է, որ այցելելու է Հայաստան: Այդ այցի ընթացքում էլ, թերեւս, կ՛որոշակիանայ պաշտպանական ոլորտում կոնկրետ համագործակցութեան օրակարգը, տարածաշրջանային անվտանգութեան ապահովման համատեղ մեխանիզմների բնոյթը:
Խնդիրն այն է, որ կողմերն առայժմ տեղեակ չեն միմեանց պոտենցիալի մասին եւ ներսից ծանօթանալու խնդիր ունեն: Իրանը չունի այնքան զարգացած ռազմաարդիւնաբերական համակարգ, որը կարող է հետաքրքրել Հայաստանին՝ որպէս քիչ, թէ շատ մատչելի ռուսական սպառազինութեան այլընտրանք՝ թէ՛ գնի եւ թէ՛ որակի առումով: Իրանն ինքն ունի սեփական զինուած ուժերը արդիականացնելու խնդիր եւ Ռուսաստանին է դիտարկում որպէս ժամանակակից զինտեխնիկայի հիմնական մատակարար: Վերջին շրջանում Իրանը Ռուսաստանից ստացել է, մասնաւորապէս, U-300 եւ «Տոր» զենիթահրթիռային համակարգեր, ուզում է ձեռք բերել նաեւ հրազէնային միջոցներ:
Չնայած դրան՝ Հայաստանն ու Իրանն ունեն պաշտպանական որոշ ենթաոլորտներում համագործակցութեան պոտենցիալ (կարողութիւն, կարելիութիւն-Խմբ.): Խօսքն առաջին հերթին վերաբերում է ռազմական ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների (արհեստագիտութեան-Խմբ.) վրայ հիմնուած համատեղ նախագծերին: Չպէտք է մոռանալ, որ ապրիլեան պատերազմից յետոյ Իրանն անհանգստացած է Ադրբեջանում իսրայէլական արտադրութեան ժամանակակից հետախուզական եւ հարուածային ԱԹՍների առկայութիւնից: Իսկ Հայաստանում հիմա բաւականին յաջող փորձեր են արւում դրանք վնասազերծող տեխնոլոգիաներ մշակելու ուղղութեամբ: Այդ փորձերը լայն արտադրական պրոցեսի վերածելու համար Հայաստանը լուրջ ներդրումների կարիք ունի: Եւ Իրանը կարող է այդ խնդիրը վերցնել իր վրայ, թէկուզ՝ համատեղ ձեռնարկութիւններ ստեղծելու նպատակով: Երեւանը, կարծես, լուրջ է վերաբերւում այդ հեռանկարին: Եւ պաշտպանական նախագծերի իրականացման մասնագիտացում ունեցող Թեհրանի «Մալեք Աշթար» համալսարան, նաեւ պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու ուղղուածութիւն ունեցող «Իրանի էլեկտրոնային արդիւնաբերութիւն» ընկերութիւն Վիգէն Սարգսեանի պատուիրակութեան այցերը դրա մասին են խօսում:
Հայկական կողմը նաեւ փորձում է հասկանալ, թէ ի՞նչ կարող է առաջարկել իրանական կողմը: Այնպէս որ՝ ՀՀ պաշտպանութեան նախարարի այս այցը մի կողմից Հայաստան-Իրան յարաբերութիւնները նոր ռազմաստրատեգիական մակարդակ տեղափոխելու, միւս կողմից՝ «հետախուզական» կարեւոր նշանակութիւն ունէր: Մնում է, որ դրանք առարկայական, շօշափելի արդիւնքներ արձանագրեն: