ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խոշորացման գործընթացները, որոնք տեղի են ունենում դաշինքների ձեւաւորման կամ մէկ կուսակցութեան մէջ մանրերի տարրալուծման տեսքով, հետապնդում են մի պարզ նպատակ՝ անցնել խորհրդարան եւ առնուազն ստանալ այնքան մանդատ, որ հնարաւոր դառնայ Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան (ՀՀԿին) զրկել բացարձակ մեծամասնութիւնից, իշխանութիւնից: Այդ հնարաւորութիւնը կը ստեղծուի նոյնիսկ ոչ թէ այն դէպքում, եթէ որեւէ ուժ 54 տոկոս քուէ ստանայ, այլեւ այն դէպքում, եթէ կարողանան թոյլ չտալ ՀՀԿին՝ ստանալ 49 տոկոսանոց արդիւնք: Այդ դէպքում ընդդիմադիրներն իրենք կարող են կօալիցիա ձեւաւորել, ԱԺ մեծամասնութիւն ունենալ եւ կառավարութիւն ձեւաւորել: Պրոցես (գործընթաց-Խմբ.), որն ինքնին իշխանափոխութիւն է:
Ակնյայտ է, որ եթէ նման արդիւնք ստանալն իրատեսական չհամարուէր, ներկայիս դաշինքամանիան դժուար թէ նման ծաւալներ ունենար: Իսկ այդ իրատեսականութիւնը պայմանաւորուած է երկու գործօնով: Առաջինը նախորդ տարի կայացած՝ Գիւմրու եւ Վանաձորի Տեղական ինքնակառավարման մարմիններու (ՏԻՄ) ընտրութիւններն էին, որոնք, ըստ նոր ընտրական օրէնսգրքի, կայացան գրեթէ այն ընթացակարգով, որը պէտք է գործի խորհրդարանական առաջիկայ ընտրութիւնների դէպքում: Հէնց այդ պատճառով էին ի սկզբանէ դրանք համարւում ԱԺ ընտրութիւնների «մակետը» կամ փորձարկումը: Իսկ ինչի՞ յանգեցրեց այդ փորձարկումը՝ որ Գիւմրու աւագանիում ՀՀԿն մեծ դժուարութեամբ կարողացաւ մեծամասնութիւն կազմել, իսկ Վանաձորում իրավիճակն այնքան բարդ է, որ աւագանիում խմբակցութիւններ ձեւաւորած ուժերից երեքի միաւորման արդիւնքում արդէն ամիսներ շարունակ հնարաւոր չի դառնում աւագանու նիստեր հրաւիրել: Այսպիսի պատկեր հնարաւոր չէր անգամ երեւակայել նախկին Սահմանադրութեան եւ ընտրական նախկին օրէնսգրքի պարագայում: Եւ այս արդիւնքը հասկանալի դարձրեց, որ թէեւ խորհրդարանական կառավարման համակարգը նաեւ որոշակի վտանգներ է պարունակում, բայց այն լուծում է պահի ամենակարեւոր խնդիրներից մէկը՝ տալիս է համակարգ փոխելու հնարաւորութիւն:
Երկրորդ գործօնը ՀՀԿից որոշակի ռեսուրսային (միջոցներու-Խմբ.) արտահոսքն է, որը նրա հաւանական մրցակից ուժերը որակում են իբրեւ իշխանական բեւեռի դիրքերի թուլացում: Չափազանց անառողջ տարրեր պարունակող այդ գործընթացը եւս ուղղակի խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու «կողմնակի էֆեկտներից» (հետեւանքներէն-Խմբ.) է: Բանն այն է, որ 2018ից վերանում է քաղաքական իշխանութեան երրորդ՝ մինչ այժմ եղած ամենաուժեղ բեւեռը՝ նախագահի ինստիտուտը: Չի լինելու ուժային այն կենտրոնը, որը, անկախ նրանից, թէ ԱԺում քաղաքական ուժերի ինչպիսի յարաբերակցութիւն կը ձեւաւորուի, կը մնայ քաղաքականութեան թելադրողն ու իշխանութեան իրական կրողը: Սա համարձակութիւն է տալիս անգամ իշխանութեան թեւի կենտրոնախոյս ուժերին կամ անհատներին՝ տեղափոխուել նաեւ այլ դաշտեր:
Բացի դրանից, ԱԺում մօտ 20-30 տոկոսով նուազում է պատգամաւորական տեղերի թիւը: Դա ոչ միայն ընտրութիւններին մասնակցող ուժերի միջեւ է մեծացնում մրցակցութիւնն ամէն տեղի համար, այլեւ առաջին հերթին այդ ուժերի թիմերում (խումբերուն մէջ-Խմբ.)՝ ցուցակի անցողիկ տեղերը զբաղեցնելու եւ ռեյտինգային կարգով առաջադրուելու համար: Եւ պարզ է, որ բոլորի ախորժակը բաւարարել հնարաւոր չի լինելու, ինչից էլ առաջանալու է դժգոհների, «խաղից դուրս» մնացողների որոշակի զանգուած՝ յանգեցնելով իշխանութիւնից արտահոսքի:
Ամէն ինչ առաջին հայեացքից թւում է օրինաչափ: Սակայն իրականում ստեղծուել է պարադոքսալ մի իրավիճակ: Սահմանադրական նոր կարգի, կառավարման նոր մոդելի ստեղծած այս հնարաւորութիւններից ամենակատաղի ձեւով փորձում են օգտուել այն անհատներն ու ուժերը, որոնք ընդամէնը մէկ-մէկուկէս տարի առաջ նոյն կատաղութեամբ դէմ էին արտայայտւում սահմանադրական փոփոխութիւնների նախաձեռնութեանը, խորհրդարանական համակարգի ներդրմանը: Օրինակ՝ ներկայումս դաշինք ձեւաւորող «Համախմբում» կուսակցութեան ղեկավար Վարդան Օսկանեանը 2015ին 10 պատճառ էր բերում, թէ ինչու չի կարելի Սահմանադրութեան նոր խմբագրութեանը կողմ լինել, որոնց թւում առաջինը համոզուած պնդումն էր, թէ «այս ամէնն արւում է մէկ մարդու, մէկ քաղաքական ուժի՝ իշխանութիւնը պահելու յաւակնութիւնները բաւարարելու համար»: Այս տեսակէտը ատամներով պաշտպանում էր նաեւ ներկայումս միւս դաշինքային բեւեռը կառուցող Գագիկ Ծառուկեանը՝ յայտարարելով, թէ երկիրը ոչ թէ սահմանադրական փոփոխութիւնների կարիք ունի, այլ սոցիալ-տնտեսական համակարգային փոփոխութիւնների: Նոյն տեսակէտն ունէին «Ելք» դաշինքի մէջ մտած «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետութիւն» կուսակցութիւնները, անգամ՝ խորհրդարանական համակարգի ներդրումն իր ծրագրային համոզմունքը համարող նախկին ՕԵԿը կամ ներկայիս «Հայկական վերածնունդը», որի լիդերը (առաջնորդը-Խմբ.) հիմա յայտարարում է, թէ իրենք ԱԺ ընտրութիւններում յաղթանակ տանելու, ասել է թէ՝ իշխանութիւն ձեւաւորելու ամենափայլուն շանսերն ունեն:
Բայց պարադոքսն անգամ իրենց համար մերժելի փոփոխութիւնների «պտուղներից» օգտուելու՝ այս «խիստ սկզբունքային» ուժերի ինքնամոռաց ձգտումները չեն, այլ այն, որ նոյնիսկ հիմա չեն ուզում խոստովանել, որ սխալուել էին, եւ որ հէնց նոր համակարգն է տալիս Հայաստանում համակարգային իշխանափոխութիւն իրականացնելու՝ գուցէ միակ իրական հնարաւորութիւնը՝ անկախ նրանից, թէ «համակարգային»ի տակ ով ինչ է հասկանում: Դրանք այն ուժերն են, որոնք ՀՅԴին՝ ըստ էութեան, քաղաքական ներկայիս դաշտում խաղացող միակ ուժին, որը, նոյնիսկ իշխանութեան մէջ մտնելով, քաղաքական դիւիդենդներ (շահաբաժին-Խմբ.) կորցնելու գնով գնաց խորհրդարանական համակարգի ներդրման՝ իր սկզբունքային ծրագրային նպատակի իրականացմանը, մեղադրում էին ՀՀԿական իշխանութեան վերարտադրումն սպասարկելու մէջ: Հիմա այդ տղերքին մնում է հարցնել՝ ինչպէս հասկանալ՝ դուք է՞լ էք այդ գործին լծուել, թէ ձերը մի ուրիշ տեսակի սկզբունքայնութիւն է, որը սնւում է ամենամատչելի աղբիւրից՝ պոպուլիզմից, եւ որն իր ձեռքերը տաքացնում է այլոց, տուեալ դէպքում՝ ՀՅԴի վառած կրակին:
Հիմա ձեր այդ «սկզբունքայնութի՞ւնը» աւելի շատ մօտեցրեց ձեր ցանկալի իշխանափոխութիւնը, տուեց այդ յոյսը, թէ այն, ինչի անհրաժեշտութիւնը շեշտում էր ՀՅԴն եւ ինչի յետեւից գնաց: