ՇՈՂԻԿ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Բոլորիս յայտնի է, որ հայերի գոյութեան կարեւոր նախապայմաններից մէկը դարեր շարունակ եղել է հայոց լեզուն: Այն, որ մենք՝ հայերս, տեսել ենք Ցեղասպանութիւն եւ ունեցել ենք մեծ կորուստներ, սակայն շարունակել ենք տոկալ եւ գոյատեւել՝ մեր անզուգական հայոց լեզուի շնորհիւ է: Սակայն այսօր, չգիտես ինչու, մարդիկ կարող են մոռանալ պատմութիւնը եւ կոխկռտելով մեր գանձերը, ինչպիսին լեզուն է, քայլեն առաջ:
Հայ կարելի է տեսնել աշխարհի շատ տարբեր անկիւններում, եւ այդ անկիւններից մէկը Լոս Անջելեսն է: Այստեղ ապրում են աշխարհի տարբեր կողմերից արտագաղթած հայեր, որոնք ունեն իրենց ապրած վայրին համապատասխան բարբառներ: Սակայն Հայաստանում էլ ապրում են հայեր, որոնք չեն փայլում հայերէնի իմացութեամբ, այնուհանդերձ դա ոչ մէկին իրաւունք չի վերապահում հրապարակաւ հայոց լեզուն աղաւաղելու:
Լոս Անջելեսի հասարակական շատ վայրերում կամ կազմակերպութիւններում պատերին փակցուած են անգլերէն գրութիւնների հայերէն թարգմանուած տարբերակները, որոնք մարդկանց ուղղորդելու փոխարէն, ապակողմնորոշում են իրենց քերականական սխալներով: Մէջբերում եմ՝ «Խնդրում ենք չը պահել վերելակի դուռը», կամ «Եթէ այս ինֆորմացիան չէք հասկանում, հաճեցէք կապնուել ձեր գաւառի պաշտօնեային, իրաւունք ունէք առանց վճարման թարգմանիչի ծառայութեանց, որ ձեզ կը տրուի գաւառի կողմից»:
Այն անձը, որը կարծել է, որ ինքը հայերէն խօսել գիտի եւ յանձն է առել թարգմանել վերը նշուած նախադասութիւնը, չարաչար սխալուել է: Մէկ այլ թիւրիմացաբար թարգմանուած նախադասութիւն. «Ուղղակի գնացեք DPSS-ի գրասենեակ անձամբ դիմելու համար: Հակառակ դէպքում ձերCalWorks-ի կամ GR-ի դիմումնագրի գործընթացը կարող է տեւել մինչեւ 30 օր եւ ձերMedicali դիմումնագրի գործընթացը կարող է տեւել մինչեւ 30 օր»: Այդ երբուանից է սեռական հոլովով դրուած «ձեր» դերանունը իրեն յաջորդող բառի հետ, այն էլ անգլերէն տառերով, գրւում միասին, կամ ինչու դիմումնագիր, եթէ ոչ դիմում: Միւս սխալները չեմ նշում, քանի որ բաւական երկար ժամանակ կը պահանջուի դրանք լուսաբանելու համար:
Յստակօրէն կարելի է ասել, որ նման ապակողմնորոշող թարգմանութիւնները պէտք է շտկել ամէն ձեւով, քանի որ հայոց լեզուն՝ մեր գոյութեան սկիզբը, այսօր կարող է ինչ որ «թարգմանչի» թեթեւ ձեռքով դառնալ անարժէք: Ահա թէ ինչու նրանք, ովքեր չեն տիրապետում հայոց լեզուին, աւելի համեստ պէտք է գտնուեն եւ չփորձեն թացը չորի հետ խառնել, նոյնիսկ փոխարէնը որեւէ գումար ստանալու դէպքում: Իսկ հեռուստացոյցից հայերէնը մաքուր պահելու ամպագոռգոռ կոչեր անող հեռուսընկերութիւնները պէտք է հետեւեն իրենց աշխատակիցներին եւ նոյն ձեւով այն անհատ անձանց կամ կազմակերպութիւններին, որոնք գովազդում են իրենց ծառայութիւնները եւ ապրանքները, կամ էլ (Քիմի ականջը կանչի) իբր «ռէալիթի շօու» են անում եւ բացի մաքուր խօսքից ու շնորհքից ամէն ինչ ցոյց են տալիս:
Հետեւաբար, վերը նշուած անձինք պէտք է եթերի էթիկայի եւ խօսելաձեւի հանրագիտարան կարդան, նախքան իրենց եւ հայերէնը հրապարակաւ խայտառակելը: Այս հարցը վերաբերում է հայոց լեզուն տիրապետող կամ հայոց լեզուին տեղեակ իւրաքանչիւր հայի: Սակայն հարց է առաջանում, ո՛վ է պատասխանատու այս ամէնի համար: Կազմակերպութիւնների ղեկավարնե՞րը, որոնք հայերէն չգիտեն եւ հիմնւում են իրենց աշխատակցի իմացած հայերէնի վրայ, թէ այն հայ աշխատողները, որոնք որոշակի գումարի դիմաց թարգմանչական ծառայութիւններ են մատուցում, աղաւաղելով հայոց լեզուն:
Խօսքս կ՛ուզէի ամփոփել հանճարեղ Պարոյր Սեւակի խօսքերով. «Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը յանուն մարդկութեան: Այդ լեզուի խնամքը, անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ»: