«ԹԵՐԹ»Ի ԶՐՈՅՑԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՌԻՉԱՐԴ ՀՈԳԼԱՆԴԻ ՀԵՏ
ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Կը ցանկանայի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերադառնան բանակցային սեղանի շուրջ եւ ձեռնամուխ լինեն խաղաղութեան գործընթացի յետագայ քայլերի շուրջ կառուցողական երկխօսութեան», ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացում իր սպասումների մասին այսպէս ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Tert.am-ի հետ զրոյցում:
ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ըստ ձեզ՝ հիմա ի՞նչ փուլում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացը: Ի՞նչ խնդիրներ ու առաջընթաց կայ այստեղ:
ՌԻՉԱՐԴ ՀՈԳԼԱՆԴ.- Խաղաղութեան գործընթացը, ցաւօք, 2016թ. երկրորդ կէսին ձեւաւորուած որոշ հնարաւորութիւններ չօգտագործեց: Անհրաժեշտ է, որ կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ եւ ծաւալեն իրական ու կառուցողական երկխօսութիւն: Վստահութեան ձեւաւորման ու բանակցային գործընթացը առաջ տանելու համար նաեւ անհրաժեշտ է 2016թ. Վիենայի եւ Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում ձեռք բերուած համաձայնութիւնների լիարժէք իրականացումը:
ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Որպէս ամերիկացի համանախագահ՝ ի՞նչ պարտաւորուածութիւն էք վերցրել ձեզ վրայ, ինչպիսի՞ն կը լինի ձեր մօտեցումը կարգաւորման գործընթացում:
ՌԻՉԱՐԴ ՀՈԳԼԱՆԴ.- Ինձ համար պատիւ է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկեան համանախագահը: Ես մտադիր եմ ընթանալ ամերիկեան նախորդ համանախագահների հետքերով ու շարունակել նոյն նուիրուածութեամբ աշխատել՝ օգնելու տարածաշրջանում տեւական խաղաղութեան ու կայունութեան հաստատման ջանքերին: Այս խնդրին ես արդէն տասնեակ տարիներ հետեւում եմ, ուզում եմ նաեւ աւելացնել, որ իմ դիւանագիտական գործունէութեան զգալի մասն անցել է յետխորհրդային տարածքում: Ես գիտեմ, որ այս խնդրի իրական կարգաւորման համար կը պահանջուի քաղաքական կամք ու առաջնորդում բոլոր ներգրաւուածների կողմից: Վերջնական նպատակը խաղաղութիւնն ու բարեկեցութիւնն է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:
ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Սահմանում լարուածութեան ստեղծման համար հակամարտող կողմերը մշտապէս մեղադրում են միմեանց: Հայկական կողմը երբեմն մեղադրում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ լարուածութիւններից յետոյ ոչ հասցէական գնահատականների համար: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կը մեղադրուի իր ակնյայտ ոտնձգութիւնների համար: Դուք ի՞նչ կարծիք ունէք դրա վերաբերեալ:
ՌԻՉԱՐԴ ՀՈԳԼԱՆԴ.- Ինչպէս Յունուարի 9ին նշեցին համանախագահները, կողմերը պէտք է դադարեցնեն փոխադարձ մեղադրանքները եւ ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ տեղում իրավիճակը կայունացնելու համար: Ես հասկանում եմ, որ ուժեղ զգացմունքները յանգեցնում են փոխադարձ մեղադրանքների, սակայն փոխադարձ մեղադրանքները խնդրի լուծում չեն: Բոլոր ներգրաւուածների համար պէտք է լինի միայն մի նպատակ, այն է՝ գտնել լուծումներ, որոնք կը յանգեցնեն խաղաղութեան ու բարեկեցութեան տարածաշրջանի ողջ ժողովրդի համար:
ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Կ՛ուզէի ձեր կարծիքն իմանալ՝ ի՞նչ սպասենք այս տարի ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացում:
ՌԻՉԱՐԴ ՀՈԳԼԱՆԴ.- Ես կ՛ուզենայի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերադառնան բանակցային սեղանի շուրջ եւ ձեռնամուխ լինեն խաղաղութեան գործընթացի յետագայ քայլերի շուրջ կառուցողական երկխօսութեան: Ես գիտեմ, որ իմ գործընկեր ռուս եւ ֆրանսիացի նախագահները լուռ, դիւանագիտական ճանապարհով եռանդագին աշխատելու են, որպէսզի դա տեղի ունենայ: