ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Նորից Յունուար է: Ու յիշողութիւնը նորից տեղափոխում է մեզ 1990թ. Յունուարի Բաքու, որտեղ 27 տարի առաջ այս օրերին տեղի ունեցան իրենց դաժանութեամբ ու վայրագութեամբ աներեւակայելի իրադարձութիւններ:
Յունուարի 13-19ը ադրբեջանական մայրաքաղաքում շարունակւում էր արիւնալի գինարբուքը, որի ընթացքում անողոքաբար սպաննուեցին հարիւրաւոր անմեղ մարդիկ ու վտարուեցին Ադրբեջանի կէսմիլիոնանոց բնիկ եւ, չափազանց կարեւոր է նշել, պետականութիւն կերտած հայկական բնակչութեան վերջին ներկայացուցիչները: Ու թէեւ այդ սեւ շաբաթից արդէն աւելի քան քառորդ դար է անցել, ողբերգութիւնն այդ դեռ շարունակում է ցաւով արձագանգել հայ ժողովրդի հաւաքական յիշողութեան մէջ, նրանց սրտերում, ովքեր անձամբ են վերապրել այն, մեր բոլոր հայրենակիցների, ովքեր ընկալեցին այն որպէս սեփական ողբերգութիւն:
Մեր ժողովրդի գիտակցութիւնը չի կարող հաշտուել այդ հրէշաւոր յանցագործութիւնների հետ: Գոնէ նրա համար, որ Ադրբեջանի իշխանութիւնները մինչ օրս չեն ապաշխարել հայկական բնակչութեան զանգուածային սպանութեան ու տեղահանման համար, որոնք միջազգային իրաւունքի կողմից միանշանակ որակւում են որպէս ցեղասպանութիւն: Իսկ այն, որ հայկական ազգաբնակչութեան՝ որպէս էթնոսի նկատմամբ Ադրբեջանում իրականացուած բռնարարքները ցեղասպանութիւն էին, կասկած չի յարուցում: Դա մատնանշում է, առաջին հերթին, յանցագործութիւնների կազմակերպուած ու պլանաւորուած բնոյթը՝ իրագործուած բացառապէս ազգային պատկանելութեան հողի վրայ:
Այսօր պաշտօնական Բաքուն 1990ի Յունուարի իրադարձութիւնները փարիսեցիաբար ներկայացնում է զուտ որպէս… անկախութեան համար ադրբեջանական ժողովրդի ժողովրդավարական շարժում, որը ճնշուեց խորհրդային ռեժիմի կողմից: Աւելին, Յունուարի 20ին, որն Ադրբեջանում «սեւ» է անուանւում, այստեղ աւանդոյթի համաձայն կը մեծարեն արիւնալի ողբերգութեան «հերոսներին», ովքեր անխղճօրէն սպաննել ու վտարել են Բաքուի հայերին, որոնց ձեռքերով կառուցուել է այդ քաղաքը: Ընդ որում, ողբերգութեան 27ամեայ վաղեմութեան իրական զոհերի մասին խօսք անգամ չի լինի, ինչն ամենեւին զարմանալի չէ, քանի որ այսօր Ադրբեջանում ազգայնամոլութեան ու այլատեացութեան գաղափարախօսութեամբ դաստիարակւում է ադրբեջանցիների արդէն նոր սերունդ:
Կան անհերքելի փաստեր՝ լիիրաւ պնդելու, որ Ադրբեջանը ցեղասպան պետութիւն է։ Յունուարեան ջարդերն ու Բաքուի հայերի կոտորածը դարձան Ադրբեջանի ղեկավարութեան կողմից անցկացուող հակահայկական բազմամեայ քաղաքականութեան բարձրակէտը: Անկախ նրանից, թէ պատմական այս կամ այն շրջանում ով է գլխաւորում իշխանութիւնը՝ մուսաւաթականները, կոմունիստները, այսպէս կոչուած, Ժողովրդական ճակատի դեմոկրատները, ովքեր հայկական ջարդերի գլխաւոր կազմակերպիչներից ու իրագործողներից էին, կամ ներկայիս բացայայտ ռասիստական ռեժիմի ներկայացուցիչները, ովքեր պատերազմ են սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դէմ ու չեն հրաժարւում ղարաբաղեան հիմնախնդրի ուժային լուծումից: Այս քաղաքականութեան հիմքում արմատական ուղղուածութիւն ունեցող ազգայնամոլութիւնն է, որը հարիւրամեակի ընթացքում այդպէս էլ փոփոխութիւն չի կրել, իսկ մեր օրերում վերաճել է բացայայտ ֆաշիզմի:
«Ողբերգական ու դառը իրականութիւնը նրանում է, որ դեռեւս խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում հայերի հանդէպ խտրականութեան քաղաքականութիւն էր վարւում, իսկ ԽՍՀՄ գոյութեան վերջին տարիներին՝ ղարաբաղցիների ազգային-ազատագրական պայքարի համապատկերին, Ադրբեջանի իշխանութիւններն արդէն դիմեցին ցեղասպանական քաղաքականութեան», նշել էր Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Օտտօ Լիվխտենհարդը: Նրա խօսքով, Ադրբեջանի պետական քաղաքականութիւնը ենթադրում էր բնակչութեան շրջանում հայերի նկատմամբ ատելութեան ձեւաւորում ու խորը արմատաւորում, ինչի դրսեւորումը դարձան Սումգայիթի, Բաքուի եւ այլ վայրերի սահմռկեցուցիչ իրադարձութիւնները:
Վերյիշենք պատմութեան ողբերգական իրադարձութիւնները, որոնք դարձան Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնների երկար շղթայի օղակները, շղթայ, որ սկիզբ է առնում 20րդ դարի արշալոյսին: 1905ին, 1918ին՝ Բաքւում, 1920ին՝ Շուշիում, 1988ին՝ Սումգայիթում, Կիրովաբադում ու Բաքւում, 1990ին՝ դարձեալ Բաքւում: Պաշտօնական Բաքուի յանցաւոր քաղաքականութիւնը շարունակուեց եւ 21րդ դարում, ինչն իր արտացոլումը գտաւ հրադադարի ռեժիմի մշտական խախտումների ու դիվերսիոն գործողութիւնների մէջ, ինչի արդիւնքում զոհւում են հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք: Ադրբեջանական իշխանութիւնների ռասիստական էութեան ցինիկ դրսեւորումը դարձաւ ԼՂՀի դէմ անցած տարուայ ապրիլեան ագրեսիան, որի ընթացքում զինծառայողներն ու խաղաղ քաղաքացիները ենթարկուեցին հրէշաւոր կտտանքների ու անարգանքի: Ձեռագիր, որ յատուկ է «Իսլամական պետութիւն» ահաբեկչական յայտնի կազմակերպութեանը: Ու եթէ աշխարհը ցնցուեց ԻԼԻՊի բարբարոսական գործողութիւններից եւ որոշեց վերջ տալ այդ չարիքին, ապա Ադրբեջանի դէպքում նոյն այդ աշխարհը մինչ օրս քար լռութիւն է պահպանում:
Հէնց դրանում է կայանում 1990ի Յունուարի ողբերգութիւնը: Անգամ աւելի քան քառորդ դար անց այն ժամանակուայ չարագործութիւններն այդպէս էլ չստացան միջազգային հանրութեան իրաւական, քաղաքական ու բարոյական արժանի գնահատականը: Նման անտարբերութիւնը, ի հարկէ, Բաքուի իշխանութիւններին խրախուսում է նոր յանցանքների, ինչը հաստատեցին վերը յիշատակուած յետագայ իրադարձութիւնները: Ժամանակն ապացուցեց, որ Ադրբեջանը բոլորովին մտադիր չէ գիտակցել իր մեղքն ու պատասխանատուութիւնը, աւելին՝ նա չի հրաժարւում Լեռնային Ղարաբաղն ուժի ճանապարհով զաւթելու գաղափարից՝ նրա բնակչութեան հանդէպ նոր ցեղասպանութիւն իրականացնելու համար:
Կարծում ենք, տուեալ հանգամանքը պէտք է հասկանան եւ ուշադրութեան առնեն ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում ներգրաւուած քաղաքական գործիչներն ու պետութիւնների ղեկավարները եւ, ամէնից առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆն ու Ֆրանսիան: Նրանք վաղուց արդէն պէտք է գիտակցեն, որ ներկայ պայմաններում երկու ժողովուրդների պատմական հաշտեցմանն ուղուած կոչերը բոլորովին անիմաստ են: Իսկ մենք պարտաւոր ենք սրբութեամբ պահելու մեր հարիւրաւոր հայրենակիցների յիշատակը, ովքեր դարձան Ադրբեջանի իշխանութիւնների յանցաւոր քաղաքականութեան զոհերը: Միաժամանակ՝ անհրաժեշտ դասեր քաղել մեր պատմութիւնից, որպէսզի այնպիսի ողբերգութիւններ, ինչպիսին Բաքուինն է, չկրկնուեն: