Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Եւրասիականութեան Մեր Ընկալումը

$
0
0

0000VEM-header4

ՎԷՄ

 

Ռուս ժողովրդի ողջ ապագան կախուած է նրանից, թէ կը յաջողուի՞ արդեօք նրա մէջ յաղթահարել ոչ քրիստոնեայ Արեւելքը, թաթարական տարերքը…

ՆԻԿՈԼԱՅ ԲԵՐԴԵԱԵՒ

 

Ներկայումս յետխորհրդային տարածքում Ռուսաստանի ղեկավարութեամբ ծաւալուող ինտեգրացիոն գործընթացների «քաղաքակրթական հովանոցը» համարուող Եւրասիականութեան դոկ-տրինը (վարդապերտութիւնը, սկզբունքը-Խմբ.) հիմնւում է որոշակի արժեհամակարգի ու գաղափարախօսութեան վրայ, որոնց ձեւաւորման եւ անցած ուղու քննութիւնը կարեւոր է նաեւ Հայաստանի ու հայութեան համար:

Որպէսզի յստակ լինի մեր վերաբերմունքը այդ դոկտրինի հանդէպ, կարեւոր է իմանալ, թէ ինչ են այսօր հասկանում Ռուսաստանում «Եւրասիականութիւն» ասելով, որքանով են համապատասխանում նման պատկերացումները ռուս ժողովրդի քաղաքակրթական էութեանը, եւ ինչու են դրանք մատուցւում յետխորհրդային տարածքի երկրներին:

«Եւրասիականութիւն» ասելով՝ անցած հարիւրամեակի ռուս քաղաքական միտքը հասկացել է 1920ական թուականներին ռուս-վտարանդիական միջավայրում ձեւաւորուած եւ զարգացման երեք յաջորդական հանգրուաններ անցած այն գաղափարախօսութիւնը, որն իշխան Ն. Տրուբեցկոյի ժամանակներից մինչեւ Ն. Գումելեով եւ Ա. Դուգին, աշխարհագրական հարեւանութեան հիմքի վրայ քաղաքակրթական ընդհանրութիւններ է փնտռում Ռուսաստանի եւ իր ասիական հարեւանների՝ հիմնականում թուրքական երկրների ու ժողովուրդների միջեւ: Վերջիններիս հետ Ռուսաստանի ճակատագրի խաչաձեւման իրողութիւնները եւ անծայրածիր տափաստաններին բնորոշ կենցաղի որոշ ընդհանրութիւնները դիտարկելով որպէս ռուսների ու թուրքական ժողովուրդների փոխադարձ ինտեգրման համար անհրաժեշտ հոգեհարազատութեան վկայութիւններ՝ Եւրասիականութիւնը յամառօրէն շրջանցել է իր ուրոյն պատմութիւնն ունեցող ռուսական քաղաքակրթութեան հիմնային արժէքները՝ հետեւեալ անվիճելի իրողութիւնները.

ա.- Քրիստոնէութեան ընդունումից մինչեւ Մոսկովեան տէրութեան ձեւաւորումը ռուսական մշակոյթը զարգացել է ուղղափառ հաւատի հիմքի վրայ՝ ստեղծելով արեւելաքրիստոնէական ժողովուրդներին բնորոշ համադրական արժեհամակարգ:

բ.- Պետրոս Մեծի ու նրան յաջորդած հզօր տիրակալների շնորհիւ ստեղծագործաբար իւրացնելով պետականաշինութեան ու մշակոյթի արեւմտեան փորձը՝ Ռուսաստանը վերածուել է մի ուրոյն քաղաքակրթութեան, որի ներսում Արեւմուտքն ու Արեւելքը ոչ թէ հակադրուել, այլ լրացրել են միմեանց:

գ.- Ճշմարտութեան իր դարաւոր որոնումը արդարութեան գաղափարի հետ միասնութեան մէջ դիտակելու՝ «Պրաւդա» գաղափար-սկզբունքի միջոցով հաստատելով բարոյական ու հոգեւոր արժէքների գերակայութիւնը՝ 19րդ դարի վերջերին եւ 20րդ դարի առաջին տասնամեակներին այդ ինքնատիպ քաղաքակրթութիւնը, ի դէմս դոստոեւսկիների ու տոլստոյների, չայկովսկիների ու չեխովների, կանդինսկիների ու մալեւիչների, առաջատար դիրքեր է գրաւել համաեւրոպական մշակոյթի անդաստանում: Սա է Ռուսաստանն իբրեւ ուրոյն մշակոյթ ու քաղաքակրթութիւն, որը վաղուց յայտնի է մեզ ու նաեւ՝ համաշխարհային գիտութեանը, եւ այս առումով յայտնագործութիւն անելու կարիք չկայ:

Ու քանի որ մեզ՝ հայերիս, ի սկզբանէ հոգեհարազատ է եղել Արեւմուտքին ու Արեւելքին բնորոշ հիմնարար արժէքների համադրութեան ու սինթեզի հիմնախնդիրը, 19րդ դարից սկսած՝ մենք ոչ թէ պարտադրանքով, այլ գիտակցաբար իւրացրել ենք ճշմարտութեան ու արդարութեան միասնութեան վրայ հիմնուած ռուսական գաղափարապաշտ ոգին՝ հիմք դնելով Հայաստանի քաղաքական վերածնունդը դարբնած հերոսական ու զոհառատ հայ ազատամարտին ու նրա ծնունդ Հայաստանի առաջին Հանրապետութեանը: Ուստի պատահական չէ, որ Հայոց պետականութեան ակունքներում կանգ-նած ուժի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հիմնադիր սերունդը նոյնպէս խորութեամբ ընկալել էր արեւելաքրիստոնէական, բիւզանդական արմատներ ունեցող այս արժեհամակարգը:

Կարեւորելով ռուս մտածողների կողմից մարդկութեանը փոխանցուած նման արժէքները՝ մենք չենք կարող անտարբեր մնալ մեր դաշնակից երկրի քաղաքական վերնախաւի մի մասի ներկայ գաղափարաքաղաքական որոնումների հանդէպ, որոնք ԽՍՀՄ փլուզումից յետոյ բուն ռուսական մշակութային մեծ ժառանգութեան շարունակականութիւնն ապահովելու եւ Արեւմուտքի ու Արեւելքի ձեռքբերումների նոր համադրութիւնն իրականացնելու փոխարէն աստիճանաբար դիմաշրջուել են Արեւմուտքից, խրամատաւորուել են սեփական պատեանի մէջ ու թեքուել դէպի Արեւելք՝ որդեգրելով 20րդ դարի 20ական թուականներին ռուս վտարանդիական միջավայրում ձեւաւորուած Եւրասիականութեան քաղաքական դոկտրինը եւ այն սպասարկող գաղափարախօսութիւնը:

Լինելով ոչ թէ Ռուսաստանի քաղաքակրթական ընտրութեան արտայայտութիւնը, այլ ներկայ հանգրուանում նրա աշխարհաքաղաքական դիմադրողականութեան ապահովման գործիքը, Եւրասիականութիւնը՝ որպէս գաղափարախօսութիւն, այսօր էլ պահպանել է իր ձեւի ու բովանդակութեան ակնյայտ հակասութիւնը: Նրանում ինչպէս 20րդ դարի 20ական թուականներին, այնպէս էլ այսօր բացակայում է իր անուան զոյգ բաղադրիչներից առաջինը՝ Եւրոպան:

Եւ դա պատահական շեղում չէ, այլ Եւրասիականութեան ձեւաւորման դարաշրջանից մնացած վերապրուկ, որը բխում է 1920ական թուականներին ռուս-վտարանդիական մտքի կողմից որդեգրուած՝ ներփակ պատմամշակութային տիպերի (Ն. Դանիլեւսկի), մշակոյթների (Օ. Շրենգլեր), իսկ յետագայում՝ քաղաքակրթութիւնների (Ա. Թոյնբի) մասին յայտնի տեսութիւնից: Պատմութեան ամբողջականութեան համադրոյթը կասկածի տակ դնելու նման փորձը դեռեւս 1920ականներին լուրջ հակահարուածի է արժանացել ժամանակի խոշորագոյն ռուս մտածող Նիկոլայ Բերդեաեւի կողմից: «Եթէ գոյութիւն չունի մարդկութիւնը՝ որպէս հոգեւոր միասնութիւն եւ իրականութիւն, ապա քրիստոնէութիւնն անհնար է, եւ ամէն իմաստից զուրկ է աստուածակերպութիւնը եւ մեղքի թողութիւնը», գրում էր Ն. Բերդեաեւը 1925 թուականին: Արեւմուտքի հետ համաքրիստոնէական միասնութեան ժխտման վրայ հիմնուած, բոլշեւիկաեւրասիական այս դիմաշրջման հիմքում ընկած ատելութիւնն արեւմտեան քրիստոնեայ աշխարհի հանդէպ ռուս քրիստոնեայ Ն. Բերդեաեւի կարծիքով՝ «…մեղք է ու մարդասպանութիւն, արեւմտեան ժողովուրդների հոգու ժխտում, նրանց կեանքի եւ փրկութեան աղբիւրների մերժում»: Ելնելով դրանից՝ նա եւրասիականներին մեղադրում էր ռուսական ազգային գաղափարը, ռուսական համամարդկայնութիւնն ու համաշխարհայնութիւնը՝ Դոստոեւսկու ոգին, ժխտելու մէջ:

Երբ եւրասիականները մի կողմ էին նետում Վլ. Սոլովեովի ու Ֆ. Դոստոեւսկու կողմից յստակօրէն բանաձեւուած ռուսական ազգային գաղափարն ու զբաղւում ասիական հեթանոսութեան քարոզով, Ն. Բերդեաեւի համար ակնյայտ էր դառնում, որ «…նրանց հոգեհարազատ է ոչ թէ ռուսականը, այլ ասիականը, արեւելեանը, թաթարականը, մոնղոլականը՝ ռուսերէնով: Ակներեւաբար, Չինգիզ Խանին նրանք գերադասում են Ս. Վլադիմիրից» (ընդգծումը մերն է- Գ. Խ.):

1920ական թուականներին Ն. Բերդեաեւի կողմից ասուածը բաւարար է հասկանալու համար, թէ ինչ էր Եւրասիականութիւնը Ռուսաստանի համար նախկինում, որպէսզի դրա հիման վրայ պարզենք, թէ ինչ դերակատարութիւն է նրան վերապահուած այսօր: Քանի որ այն բխում է ոչ թէ ռուսական ուրոյն քաղաքակրթութեան էութիւնից, այլ աւելի զօրեղ հակառակորդ Արեւմուտքին դիմակայելու համար դաշնակիցներ փնտռելու ընթացիկ նպատակադրումից, աւելի քան ակնյայտ է, որ Եւրասիականութիւնը արդի Ռուսաստանի արժէքային ընտրութիւնը չէ, այլ արտաքին քաղաքական դոկտրինի գաղափարախօսական շղարշը: Դրա վառ վկայութիւնն է այն իրողութիւնը, որ ռուսների մեծ մասը ներկայումս պատկերացում անգամ չունի իր համար օտար այս գաղափարների մասին:

Պարզապէս Ռուսաստանի արդի քաղաքական վերնախաւը յամառօրէն փորձում է վերականգնել նախկին կայսրութիւնը գոնէ իր ասիական մասով, որտեղ հիմնականում բնակւում են թուրքալեզու ժողովուրդներ: Ուստի Եւրասիականութեան քաղաքական դոկտրինը, որը 1994 թուականից որդեգրել է նաեւ Ղազախստանի առաջնորդ Ն. Նազարբաեւը, ծառայեցւում է այդ ընթացիկ-քաղաքական խնդրի լուծմանը: Այսինքն՝ ռուսական ազգային տեսլականը, որի հիմնաքարերից մէկը բիւզանդական աւանդոյթի շարունակականութեան վրայ հիմնուած «Երրորդ Հռոմի» գաղափարն է, եւ այն սեփական զինանշանի վրայ ամրագրած երկգլխանի արծիւը, գիտակցաբար դրւում է մի կողմ: Այն ժամանակաւորապէս փոխարինելով Եւրասիականութեանը բնորոշ պարզունակ ասիականութեամբ՝ Ռուսաստանը խրամատաւորւում է աւելի զօրեղ հակառակորդի յանդիման՝ փորձելով վարել ինքնուրոյն արտաքին քաղաքականութիւն:

Ուստի սեղմուելով նման հակադիր խրամատների միջեւ՝ նրա դաշնակից Հայաստանն արժէքային առումով այսօր յայտնուել է փակուղային երկընտրանքի առջեւ, քանի որ ի դէմս Ռուսաստանի՝ գտնում է Եւրոպային հակադրուող ասիականութիւնը, իսկ ի դէմս Արեւմուտքի՝ մշակոյթները համահարթեցնող համաշխարհայնացումի ծաւալման տեսքով դրսեւորուող աշխարհիկութեան գրոհը: Ակնյայտ է, որ նման պայմաններում կատարուելիք ցանկացած ընտրութիւն Հայաստանին ու հայութեանը տանում են դէպի արժէքային փակուղի: Սրանք հաւասարապէս մեր արժէքները չեն, եւ սրանցից հաւասար հեռաւորութեան պահպանումը ինքնութեան պահպանման խնդիր է: Ռուսաստանում մենք այսօր չենք գտնում դոստոեւսկիական ու չեխովեան հոգեհարազատութիւնը, իսկ Արեւմուտքում աշխարհիկացմամբ համահարթեցուող քրիստոնէական քաղաքակրթութիւնը հազիւ է շնչում: Նման կեղծ երկընտրանքների հայաստանեան ներքաղաքական թատերականացումները մեզ աւելի են շեղում մեր բուն նպատակից՝ սեփական երկրում սեփական քաղաքակրթական աւանդոյթին հոգեհարազատ միջավայր ձեւաւորելու առաջադրանքից:

Բայց խորքային բնոյթ ունեցող այն քաղաքական, տնտեսական ու հոգեւոր-մշակութային գործընթացները, որոնք այսօր ծաւալւում են ողջ Եւրասիա մայրցամաքում, յուշում են այն մասին, որ մեր արտաքին համարկման դաշտի ձեւաւորումն ընթացքի մէջ է: Եւրոպայում, իսլամական թափանցման դէմ ուժեղացող պայքարում սկսում է բիւրեղանալ նոր՝ հոգեւոր եւրոպականութիւնը, իսկ Ռուսաստանում ծաւալւում են սեփական մշակոյթի քրիստոնէական արմատներին վերադառնալու գործընթացներ: Այսինքն՝ հոգեւոր Եւրոպան ու հոգեւոր Ռուսաստանը ներկայումս ձգտում են ձեւաւորել այն կորուսեալ համաքրիստոնէական ընդհանրութեան դաշտը, որն այսօր ձեւախեղուած է համաշխարհայնացմանը բնորոշ ծայրայեղ աշխարհիկութեամբ եւ դրան հակադրուող Եւրասիականութեան քաղաքական դոկտրինի՝ մեզ համար խորթ ու օտար նպատակներով:

Դեռեւս 20րդ դարի 20ական թուականներին կանխագուշակելով ներկայումս «գլոբալիզացիա» անուանումը ստացած ունիվերսալիստական դարաշրջանի ծն-ունդը՝ Ն. Բերդեաեւն իրաւացիօրէն նկատել էր, որ դրանով նոր պայմաններ են ստեղծւում՝ հոգեւոր ճգնաժամը յաղթահարելու եւ «… Ռուսաստանի՝ որպէս համաշխարհային պատմութեան երկու հոսանքն իր մէջ միաւորող Արեւելք-Արեւմուտքի մեծն աշխարհի համաշխարհային առաքելութիւնը…» շարունակելու համար: Մենք այսօր գտնւում ենք այդ կանխագուշակման իրականացման առաջին հանգրուանում, երբ Եւրոպան փնտռում է իր քրիստոնէական արմատները, իսկ ատլանտիզմի գրոհին դիմակայելու համար Եւրասիականութեան (իրականում՝ ասիականութեան) պատեանի մէջ պարփակուած Ռուսաստանը կեղծ ընդհանրութիւններ է որոնում Չինգիզ խանի ժառանգների միջավայրում:

Մենք նման «Արեւմուտք» կամ նման «Արեւելք» չենք ճանաչում: Մեր Արեւելքը քրիստոնեայ Արեւելքն է, որի համար միանգամայն հասկանալի է, թէ ինչու է Ռուսաստանի նախագահն այցելում Աթոն կղզու յոյն հոգեւորականներին՝ բիւզանդական կայսրերի գահին նստելու համար: Եւ նման քաղաքակրթական ընդհանրութեան տեսանկիւնից միանգամայն օրինաչափ է, երբ տարիներ շարունակ Ադրբեջանին զէնք վաճառելուց յետոյ, Ռուսաստանն այսօր վերյիշում է նաեւ իր պատմական առաքելութիւնը Արեւելքի քրիստոնեայ ժողովուրդների հանդէպ եւ է՛լ աւելի հզօր զինատեսակներ է մատակարարում Հայաստանին: Քանզի մենք ոչ թէ ղըրղըզների կամ ղազախների նման սոսկ «Եւրասիայի բնակիչներ» ենք, այլ Ռուսիայում քրիստոնէութեան ընդունման ժամանակներից՝ Ս. Վլադիմիրի եւ նրա հայազգի տիկնոջ՝ Սուրբ Աննայի պսակադրութեան պահից սկսած՝ քաղաքակրթական խորքային ընդհանրութեան վրայ հիմնուող հարազատներ:

Եւրասիան մեզ համար պարզապէս տարածք չէ՝ ոմանց նման անասունների հօտեր պահելու եւ դրանց հետ միասին բազմանալու համար: Եւրասիան մեզ համար նաեւ միլիոններով հաշուըւող բանակներ պահելու ու կայսերական սահմաններ ձեւաւորելու միջավայր չէ. մենք այդպիսի հնարաւորութիւն չունենք: Եւրասիան մեզ համար մշակութային անանց արժէքներ ստեղծելու եւ մեզանից աւելի յետամնաց ժողովուրդների մէջ տարածելու հնարաւորութիւն է:

Չնայած անկախ պետականութեան բացակայութեանը՝ որպէս Արեւելքում կուլտուրտրեգերական առաքելութիւն իրականացնող ժողովուրդ, մենք դարեր շարունակ մշակոյթ ենք տարածել ասիական տափաստաններում՝ հիւսիս-արեւելքում հասնելով մինչեւ քոչուորական ղըրղըզների վրանները՝ Իսիկկուլ լճի եզրին, իսկ Արեւելքում ու հարաւ-արեւելքում՝ Չինաստանի ու Հնդկաչինի ափերը: Խորհրդային ներփակ կենսակերպի պայմաններում անգամ մենք Կենտրոնական (Միջին) Ասիայի գրեթէ բոլոր հանրապետութիւնների պետականութեան ու մշակոյթի հիմքերն ենք դրել՝ նրանց պետական ինստիտուտների, դասական ե-րաժշտութեան ու արդի ճարտապետութեան ձեւաւորման ա-կունքներում կանգնած տաղանդաւոր հայորդիների միջոցով:

Ուրեմն Եւրասիականութեան մեր ընկալումը խորապէս մշակութային բնոյթ ունի, եւ նրա հիմքը կազմող արժէքների յստակեցման ներկայ հանգրուանում, երբ մեզ սխալմամբ առաջարկւում է «քաղաքակրթական ընտրութիւն» կատարել «ծովի» ու «ցամաքի» միջեւ, մենք պէտք է խուսափենք այդ փարախներից մէկն ու մէկում պարփակուելու հեռանկարից: Նման առաջարկները վաղաժամ են ու վտանգաւոր, որովհետեւ դրանցով քողարկւում ու շրջանցւում է արժէքային ընտրութեան հիմնախնդիրը:

Երբ աշխարհաքաղաքական հաշ-ուարկներով առաջնորդուող նորագոյն հեթանոսութեան զոյգ տարատեսակների՝ ատլանտիզմի ու Եւրասիականութեան դիմակայութեան մէջ տրորւում է հոգեւորի սրբութիւնն ու նրա հանդէպ հաւատը, մենք իրաւունք ունենք պարփակուելու մեր հոգեւոր պատեանում ու սպասելու մի կողմից՝ քրիստոնեայ Արեւմուտքի ու քրիստոնեայ Արեւելքի, իսկ միւս կողմից՝ քրիստոնէութեան ու իսլամի նոր երկխօսութեանը:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles