ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
Շատ շուտով 2016 թուականը կ՛անցնի պատմութեան գիրկը:
Ի՞նչ նշանակութիւն ունեցաւ այն ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման տեսանկիւնից: Արդեօք ԵԱՀԿին, որի հովանու ներքոյ անցնում է բանակցային գործընթացը, յաջողուե՞ց առաջընթացի հասնել: Անցնող տարում այս եւրակազմակերպութիւնը ղեկավարել է Գերմանիան, որն ի սկզբանէ նշել էր, որ ԵԱՀԿում իր նախագահութեան ընթացքում առաջնահերթ ուշադրութիւն չի դարձնի ղարաբաղեան հակամարտութեանը: Դա, աւելի շուտ, բացատրւում էր նոր մարտահրաւէրների ի յայտ գալով՝ կապուած մերձաւորարեւելեան ճգնաժամի հետ, որը դէպի Եւրոպա ներգաղթեալների հսկայական հոսք էր առաջացրել: Ու քանի որ միջազգային հանրութեանը պէտք չէ լարուածութեան եւս մէկ օջախ, 2016 թուականին միջնորդները հիմնականում մտադիր էին ջանքերը կենտրոնացնել մեր տարածաշրջանում կայունութեան պահպանման վրայ:
Դժբախտաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չյաջողուեց լուծել եւ այս խնդիրը: Ինչպէս յայտնի է, Ապրիլի սկզբին Ադրբեջանը շփման ողջ գծի երկայնքով սանձազերծեց լայնամասշտաբ ռազմական գործողութիւններ, որոնք յանգեցրին բազմաթիւ մարդկային զոհերի: Հնարաւոր է, Բաքուն ցանկանում էր օգտուել այն առիթից, որ միջազգային հանրութեան՝ այդ թւում եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ուշադրութիւնը կենտրոնացուած է Սիրիայի իրադարձութիւնների վրայ, եւ փորձել հիմնախնդիրը լուծել ուժային ճանապարհով: Քառօրեայ պատերազմը յաջողուեց կանգնեցնել, բայց արդեօք դա կարելի է գերմանական նախագահութեան ակտիւում գրանցել: Ու թէեւ Դեկտեմբերի 8ին Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 23րդ նիստի շրջանակներում Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, խօսելով Ուկրաինայի արեւելքում առկայ ճգնաժամի ու լեռնայինղարաբաղեան հակամարտութեան մասին, յայտարարել է, թէ ԵԱՀԿն կանխել է այդ հակամարտութիւնների անցումը բացայայտ պատերազմի, այդուհանդերձ, հարկ է նշել, որ ադրբեջանա-ղարաբաղեան վերջին պատերազմի դադարեցման գործում գլխաւոր վաստակը, այնուամենայնիւ, Ռուսաստանինն է:
Ադրբեջանի ապրիլեան ռազմական գործողութիւնների արդիւնքում նախկինում էլ ակտիւ դինամիկայով (աշխուժութեամբ-Խմբ.) աչքի չընկնող բանակցային գործընթացը բաւականին յետ շպր-տուեց: Ստեղծուած պայմաններում Մինսկի խմբի համանախագահներն ստիպուած էին ինտենսիֆիկացնել (սաստկացնել-Խմբ.) իրենց ջանքերը: Շտապ կարգով կազմակերպուեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներ Վիեննայում (Մայիսի 16) եւ Սանկտ Պետերբուրգում (Յունիսի 20), որտեղ գլխաւորապէս քննարկւում էին շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ներդրման ու ԵԱՀԿ դիտորդական առաքելութեան ընդլայնման վերաբերեալ հարցերը՝ որպէս հակամարտութեան գօտում կայունութեան ապահովման կարեւոր բաղադրիչներ: Կարծում ենք, Վիեննան որպէս հանդիպման վայր ընտրելը պատահական չէր. ըստ երեւոյթին, Աւստրիային՝ որպէս ԵԱՀԿ յաջորդ նախագահի, աստիճանաբար խաղի մէջ էին ընդգրկում:
Միանշանակ կարելի է պնդել, որ միայն հակամարտութեան գօտում արդիւնաւէտ վերահսկողութեան հաստատմանն ուղղուած միջոցների գործնական իրականացումը կարող է ազդակ հաղորդել բուն բանակցային գործընթացին: Ամենեւին կասկածի տակ չդնելով հակամարտութեան գօտում լարուածութիւնը նուազեցնելու եւ պատերազմի վերսկսումը թոյլ չտալու Գերմանիայի մտադրութիւնների անկեղծութիւնը, այնուամենայնիւ, նշենք, որ նա չի կատարել իր գլխաւոր խոստումը, այն է՝ ԵԱՀԿում նախագահութեան շրջանում ներդնել շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմը: Բայց արդիւնքների բացակայութեան մէջ կարելի՞ է մեղադրել Բեռլինին ու միջազգային միջնորդներին՝ ընդհանրապէս: Հազիւ թէ: Գլխաւոր պատճառներից մէկը, որ մինչ օրս չի յաջողուել ներդնել այդ մեխանիզմը, բնականաբար, Ադրբեջանի հրաժարուելն է վիեննեան եւ սանկտպետերբուրգեան պայմանաւորուածութիւնների իրագործումից, ինչը հաստատում է լարուածութեան սրմանն ու հակամարտութեան ուժային լուծմանը միտուած ուղեգիծը այսուհետ եւս շարունակելու նրա մտադրութիւնը: Պէտք է ասել՝ Համբուրգն ամրագրեց հետաքննութեան մեխանիզմի գործադրման պարտադիր լինելու վերաբերեալ Մինսկի խմբի դիրքորոշումը, ինչն իր արտացոլումն է գտել նրա համանախագահների համատեղ յայտարարութեան մէջ: Եւ այստեղ առանձնայատուկ կարեւորութիւն է ձեռք բերում իրենց խաղաղարար նախաձեռնութիւնները կեանքի կոչելու միջնորդների կարողութիւնը: Այդ հարցին, ի դէպ, ուշադրութիւն է դարձրել եւ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, ով Համբուրգում տեղի ունեցած մամուլի ասուլիսին նշել է, որ «անհրաժեշտ է կեանքի կոչել այն յայտարարութիւնները, որոնք անում ենք»: Ու յաւելել, որ պէտք է ամէն ինչ անել, որպէսզի բանակցային գործընթացը երկրորդ շնչառութիւն ստանայ:
Արդեօք Վիեննային կը յաջողուի «երկրորդ շնչառութիւն» հաղորդել կարգաւորման գործընթացին: ԵԱՀԿ ապագայ գործող նախագահ՝ Աւստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը «Արմէնպրեսին» տուած հարցազրոյցում յայտարարել է, որ ԵԱՀԿում նախագահութեան շրջանում Աւստրիան կը կենտրոնանայ երեք ուղղութիւնների վրայ՝ տարածաշրջանային հակամարտութիւններ, արմատականութեան դէմ պայքար եւ վստահութեան վերականգնում: Սակայն որոշակի թերահաւատութիւն կայ նրանում, թէ, արդեօք Վիեննան կը կարողանա՞յ կեանքի կոչել ազդարարուած մտադրութիւններն ու անել աւելին, քան Բեռլինը: Քանի որ անգամ քաղաքական այնպիսի ծանրաքաշ, ինչպիսին Գերմանիան է, չկարողացաւ լուրջ առաջընթացի հասնել ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում, ինչի համար Ադրբեջանի մեղքով այսօր իրական նախադրեալներ չկան: Այսպէս թէ այնպէս, ԵԱՀԿ աւստրիական նախագահութեանը յաջողութիւն մաղթենք խաղաղարար գործընթացում: Յամենայն դէպս, ԵԱՀԿ ապագայ գործող նախագահը յստակ պատկերացում ունի հակամարտութեան ռազմական սրման վտանգաւորութեան շուրջ: «Մէկ բան միանշանակ է՝ հակամարտութեան լուծման ռազմական ճանապարհ չկայ», ընդգծել է Կուրցը՝ նշելով, որ ռազմական բռնութեան նոր դրսեւորումը կարող է ճակատագրական լինել: Ու եթէ 2017 թուականին Սեբաստիան Կուրցին՝ որպէս ԵԱՀԿ գործող նախագահի, յաջողուի գոնէ փոխել Ադրբեջանի անիմաստ-անզիջում դիրքորոշումը եւ հասնել վիեննեան ու սանկտպետերբուրգեան պայմանաւորուածութիւնների կատարմանը, դա արդէն կարելի կը լինի Աւստրիայի դիւանագիտութեան ակտիւում գրանցել: