Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Կարեւոր Հանդիպում. Մանրամասները Չեն Հաղորդում

$
0
0

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

1024leonidmardirosyanԵւ այսպէս, Դեկտեմբերի 8ի ուշ երեկոյեան, Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի (ԱԳՆԽ) 23րդ նիստի շրջանակներում, կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդեանի եւ Էլմար Մամեդեարովի հանդիպումը:

Պէտք է նշել, որ հանդիպումից դեռ շատ առաջ այն բազմաթիւ մեկնաբանութիւններով է «պատուել»՝ կապուած ինչպէս նրա անցկացման հնարաւորութեան, այնպէս էլ բովանդակութեան հետ: Ինտրիգը (մեքենայութիւնը-Խմբ.) կայանում էր նաեւ նրանում, որ արդէն ԵԱՀԿ ԱԳՆԽ աշխատանքի օրերին ադրբեջանական կողմը հաղորդել էր, թէ արտաքին գործերի նախարարների մակարդակով (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆր-անսիա, Հայաստան եւ Ադրբեջան) 3+2 ձեւաչափով հանդիպումը չի կայացել: Ադրբեջանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը շտապել է դրանում մեղադրել Երեւանին, յայտարարելով, որ «Հայաստանի ապակառուցողական քաղաքականութեան ու հանդիպումներից խուսափելուն ուղղուած նրա ջանքերի արդիւնքում» չի յաջողուել կազմակերպել նախարարների հանդիպումը 3+2 ձեւաչափով: Ընդսմին՝ ի հաւաստումն իր խօսքերի, նա որեւէ փաստարկ չբերեց: Կարելի է ասել, Հաջիեւն անյարմար դրութեան մէջ է յայտնուել, քանի որ պատճառը, ինչպէս յայտնի դարձաւ, պարզունակ էր. ԱՄՆ պետքարտուղար æոն Քերին պարզապէս պէտք է Համբուրգից աւելի շուտ մեկնէր, այդ պատճառով հանդիպումը չկայացաւ յայտարարուած ձեւաչափով: Եւ պաշտօնական Բաքուն ստիպուած էր խոստովանել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, այնուամենայնիւ, կայացաւ՝ Նալբանդեանն ու Մամեդեարովը մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ գործնական ընթրիքին: Սա՝ ինչ վերաբերում է բուն հանդիպման կազմակերպման շրջադարձերին:

Շատ աւելի կարեւոր է, ի հարկէ, միջնորդների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցութիւնների բովանդակութիւնը: Խոստովանենք՝ այդ առումով տեղեկատուութիւնը բաւականին սուղ է. հանդիպման մանրամասները չեն պարզաբանւում: Յայտնի է թերեւս միայն այն, որ Էդուարդ Նալբանդեանը հանդիպումը կարեւոր է համարել: Այդուհանդերձ, մեծ հաւանականութեամբ կարելի է ենթադրել, որ հանդիպմանը քննարկուել են ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման առանցքային հարցեր՝ ընդգրկուած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատուիրակութիւնների ղեկավարների՝ նոյն օրն ընդունուած յայտարարութեան մէջ: Իսկ նրանում առաջին հերթին խօսւում է այն մասին, որ յայտարարութեան հեղինակները վճռականօրէն դատապարտում են ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքները: «Մենք նաեւ տեղեակ ենք ս.թ. Ապրիլին մարտի դաշտում իրականացուած դաժան յանցագործութիւնների համար մեղադրանքներին ու ամենավճռական կերպով քննադատում ենք դրանք», այնուհետեւ ընդգծւում է փաստաթղթում: Ու թէեւ միջնորդները, «դիւանագիտական ժանրի օրէնքներ»ի համաձայն, դարձեալ ձեռնպահ մնացին ուժի կիրառման ու իրականացուած դաժան յանցագործութիւնների կոնկրետ մեղաւորին մատնանշելուց, բոլորին, ովքեր զբաղւում են ղարաբաղեան հիմնահարցով, պարզ է՝ ում են հասցէագրուած կոչերը: Հակառակ հակամարտութեան գօտում լարուածութեան ապրիլեան սրման համար մեղքը հայկական կողմի վրայ բարդելու Ադրբեջանի ջանքերի, բոլորին յայտնի է, որ հէնց նա է լայնամասշտաբ ագրեսիա (յարձակում-Խմբ.) նախաձեռնել Արցախի դէմ ու իրականացրել բազում վայրագութիւններ ինչպէս զինուորականների, այնպէս էլ քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչի հետ կապուած՝ կան փաստացի ապացոյցներ:

Մինսկի խմբի համանախագահների միւս կարեւոր ուղերձը հանդիսանում էր Վիեննայի (ս.թ. Մայիսիի 16) եւ Սանկտ Պետերբուրգի (ս.թ. Յունիսի 20) գագաթնաժողովների արդիւնքներով համատեղ յայտարարութիւններում շարադրուած պայմանաւորուածութիւնները կատարելու պահանջը: Ինչպէս յայտնի է, այդ պայմանաւորուածութիւնները նախատեսում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելութեան ընդլայնում եւ կողմերի շփման գծում հետաքննութիւնների անցկացման մեխանիզմի ստեղծում: Ընդ որում, հարկ է շեշտել, որ նշուած պայմանաւորուածութիւնների կատարումն արդէն առաջին անգամ չէ միջնորդների կողմից դիտարկւում որպէս բանակցութիւնների վերակենդանացման կարեւոր պայման, ինչն ընդգծւում է եւ նրանց ներկայ յայտարարութեան մէջ. «Այդ առաջարկները պէտք է իրականացուեն կարգաւորման շուրջ բանակցային գործընթացի անյապաղ վերսկսման հետ միասին»: Դարձեալ յայտնի է՝ ում է հասցէագրուած այդ կոչը. Ադրբեջանը, ի տարբերութիւն Երեւանի ու Ստեփանակերտի, մինչ օրս հրաժարւում է կատարել վիեննեան եւ սանկտպետերբուրգեան պայմանաւորուածութիւնները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջխաղացման համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Մինչդեռ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովը հէնց այնտեղ՝ Համբուրգում, յայտարարել է, որ նախկինում ձեռք բերուած պայմանաւորուածութիւններին հաւատարիմ մնալը բոլոր բարդ խնդիրների՝ ներառեալ լեռնայինղարաբաղեան հակամարատութեան, լուծման բանալին է: Նոյն ոգով արտայայտուեց Եւրամիութեան արտաքին հարցերի եւ անվտանգութեան քաղաքականութեան գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ով յոյս յայտնեց՝ կապուած «Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների կատարման» հետ:

Արդեօք Ադրբեջանն ականջալուր կը լինի՞ միջազգային միջնորդների կոչերին: Աւելի շուտ՝ ոչ, քան՝ այո, եւ նման եզրայանգման համար հիմք է ծառայում պաշտօնական Բաքուի դիրքորոշումը, որը բանակցութիւնների գործընթացում պահանջում է ամէն ինչ ու միանգամից: Տպաւորութիւն է ստեղծւում, որ Ադրբեջանը չի ցանկանում ինչ որ հարցի շուրջ պայմանաւորուածութեան գալ, քանի որ պատրաստակամութիւն չի յայտնում վիեննեան եւ սանկտպետերբուրգեան համաձայնութիւնների իրագործման հարցում, ինչը, ինչպէս արդէն նշուել է, պարտադիր պայման է բանակցութիւնների շարունակման համար: Հետաքրքիր է՝ ինչպէ՞ս է նա պատրաստւում լուծել իրեն յուզող հարցերը, եթէ ինքն իսկ խոչընդոտում է բանակցութիւնների վերսկսմանը: Ակնյայտ է, որ Ադրբեջանի իշխանութիւնները, որի նախագահը օրերս հերթական անգամ հնչեցրեց իր յաւակնութիւնները Հայաստանի տարածքի, այդ թւում՝ Երեւանի նկատմամբ, մտադիր չէ հրաժարուել հակամարտութեան լուծման ռազմական ճանապարհից: Ինչպէս եւ ակնյայտ է հետեւեալը՝ միջնորդները պէտք է վճռականութիւն ու հետեւողականութիւն ցուցաբերեն, որպէսզի Ադրբեջանին հարկադրեն յարգել միջազգային իրաւունքն ու ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները: Հակառակ դէպքում ապրիլեան պատերազմի կրկնայանցանքը բացառուած չէ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles